Երբ չես կանգնում արհեստավորների գլխին, հետո պետք է սեփական գլխիդ խփես, որ որևէ բան տանդ վերանորոգման գործընթացում սրտովդ չի եղել: Արենը կատարյալ սպիտակ էր ուզում տեսնել բնակարանի պատերը, սպիտակ, ինչպես դպրոցականի վերնաշապիկը: Ոչ թե մոխրագույնի բաց երանգների համադրությամբ սպիտակ, այլ հոգեհանգստյան դիակի պես ճերմակ պատեր էր ուզել Արենը, իսկ փոխարենը ստացել էր գորշավուն անճոռնի մի բան: Անհանդուրժելի է, երբ կողքինները չեն կիսում պերֆեկցիոնիզմդ: Ստիպված պետք էր սեփական ուժերով միջոցներ ձեռնարկել: Առանց հապաղելու գնելով մի նոր դույլ լատեքսային ներկ և ներկագլան ՝ Արենը շտապ գործի է անցնում, որպեսզի շտկի արհեստավորների դալտոնիզմի արդյունքը: Խոզանակն այսկողմ-այնկողմ քսմսելով՝ նա հասկանում է, որ միայն վատթարացնում է պատերի՝ առանց այն էլ հարամված գունային տեսքը, ինչի հետևանքով հրաժարվում է իր իդեալիստական նկրտումներից և համակերպվում իրողության հետ:
Արենի անեծքին են արժանանում նաև բեռնակիրները, ովքեր կահույքը տեղադրելիս մի երկարավուն քերծվածք են թողնում մանրահատակին: Դա դեռ ոչինչ. կահույքի դասավորությունն ու առհասարակ բնակարանի ինտերիերը, որն, ի դեպ, ինքն էր նախագծել, աշխատողների հեռանալուց հետո Արենին զայրացրեցին, քանզի ինչ-որ բան դուր չէր գալիս իրեն: Ո՞րն էր այն մանրուքը, որ վրիպել էր երիտասարդի ուշադրությունից. միգուցե միջանցքում չափից շատ տեղ զբաղեցնող պահարա՞նը: Արենին 20 րոպե հարկավոր եղավ, որպեսզի ուժերը գործի դնելով՝ պահարանը տեղափոխի միջանցքից ննջասենյակ, 15 րոպե, որպեսզի տեղափոխի ննջասենյակից հյուրասենյակ, ու ևս 20 րոպե, որպեսզի պահարանը ետ բերի իր սկզբնական տեղը՝ միջանցք: Հյուրասենյակի սեղանը պետք է դրված լիներ ուղիղ, բայց արի ու տես՝ մի փոքր աջ է թեքվել: Աչք ծակող այդ թերությունը շտկելուց հետո Արենը բոլոր կողմերից զննում է սեղանը և հանդարտվում միայն այն ժամանակ, երբ սեղանը դառնում է անթերի ուղիղ: Ննջասենյակի պատին հպված երկու կոմոդները նույնպես չեն վրիպում Արենի ուշադրությունից: Նա մերթ առաջ է բերում դրանք, մերթ դարձյալ հպում պատին, մերթ առաջ բերում, մերթ հպում պատին, այդպես գրեթե 10 րոպե, մինչև դռան շեմից վերջնական նայելուց հետո չի համոզվում, որ կոմոդների տեղը մահճակալի կողքին է: Գրասեղանը գրապահարանից 32 սանտիմետր հեռավորության վրա էր, այն դեպքում, երբ դրանց միջև տարածությունը պետք է լիներ ճիշտ 30 սանտիմետր: Ուղղելով այդ անճշտությունը՝ Արենն անմիջապես մետրով չափում է ու, տեսնելով իր ուզած 30 սանտիմետրը, խաղաղվում:
— Հեռախոսիդ զարյադկան լցվել ա, հանում եմ,- ասում է նրան մայրը՝ Հասմիկը, երբ մի քանի օր անց գալիս է իրերի դասավորման գործում որդուն օգնելու:
— Ձեռ չտա՛ս,- ննջասենյակից բղավում է Արենը:
— Բայց արդեն 100 տոկոս լցվել ա:
— Թող 10 րոպե էլ մնա:
Ինչպես ուխտագնացության մեկնող հավատավորը, ով աղոթքաբանելուց հետո հստակ նպատակով ճամփա է ընկնում՝ Արենի պարագայում նույնպես գրեթե ամեն ինչ պետք է հարթ ընթանար: Նա սիրում էր հարթությունն ու անսայթաքությունը: Պետք է ամեն ինչ լիներ այնպես, ինչպես ինքն էր նախագծել, հակառակ դեպքում կվերանար ապրելու մոտիվացիան, որը կայուն էր մնում միայն երիտասարդի համառության շնորհիվ:- Մաքիավելին… save… ի ցույց դրեց իրական քաղաքական գործչի… save… և պետության ղեկավարի իդեալի չափանիշները… save,- ասես ինքն իրեն հաշիվ տալով՝ անդադար բարձրաձայնում էր սեփական գործողությունները, Microsoft Office Word-ում գրեթե վայրկյանը մեկ save անելով և ամենայն զգոնությամբ հետևելով ձեռքի յուրաքանչյուր շարժին:
Արենը գրում և խմբագրում է մագիստրոսական թեզեր, կուրսային, ավարտական, ինչպես նաև գիտական աշխատանքներ: Դուրս մնացած լինելով համալսարանից՝ նա որոշել էր մեկ կրակոցով երկու նապաստակ խփել. ուսանողների աշխատանքներն ի կատար ածելով գումար վաստակել և դրա հետ մեկտեղ վրեժխնդիր լինել բուհից:- Ախր դու ո՞ր օրվա մենակ ապրողն ես,- հուզախռով ձայնով բացականչում է մայրը:
— Ձեռդ էն կողմ տար,- շտապ վրա է հասնում Արենն ու մոր ձեռքը քաշում գրասեղանին դրված և խզբզոցներով պատված թղթերի վրայից:
— Հա, լավ, էլ մի… սովորական թուղթ ա, հո ծննդյանդ վկայականը կամ անձնագիրդ չի՞, որ չես թողնում կպնենք…
— Գրասեղանիցս հեռու,- զայրանում է Արենը:
— Է՜հ… մեղք ես դու, լրիվ ձեռից գնում ես, ընդունակ չես հանգիստ ապրելու:
— Իմ թղթերին ձեռ մի տուր՝ աշխարհի ամենահանգիստ մարդը կլինեմ:
Արենը հինգ օր շարունակ օնլայն առաքումով է ապահովում իր նախաճաշը և ճաշը, իսկ ընթրիքը դուրս թողնում մենյուից՝ նախընտրելով պահպանել քաշը, որն առանց այն էլ նստակյաց կյանքի հետևանքով կարող էր ավելանալ: Նրա համար չափազանց կարևոր էր մարմնի կառուցվածքը, որը պետք է բնակարանի պես իդեալական լիներ: Վերջապես կարգավորելով նորերս գնված էլեկտրական գազօջախը, որից գլուխ չէր հանում՝ նա սկսում է տանը պատրաստել ուտեստները և, ինչպես դժվար չէ կռահել, լվանալիս գրեթե մեկ ժամ պրտել սպասքն ու խոհանոցային պարագաները՝ հասցնելով դրանք կատարյալ մաքրության: Աման-չամանի վրա գեթ մեկ բիծ անգամ չպետք է մնար:
Բնակարանից դուրս էր գալիս միայն աղբը թափելու և գնումներ անելու համար, իսկ վերադառնալիս պարտադիր պետք է մատով դիպչեր շքամուտքի պատին փակցված հայտարարությանը: Այնուհետև պետք է երկու անգամ բարձրանար — իջներ առաջին հարկի աստիճաններով, ինչից հետո նոր մտներ վերելակ և բարձրանար չորրորդ հարկ: Բնակարան մտնելուց առաջ պետք է ուղիղ մեկ րոպե հայացքը պտտեր այսկողմ-այնկողմ և մանրակրկիտ զններ շքամուտքի հատակը, որպեսզի տուն մտնելուց առաջ համոզված լիներ, որ գրպանից ոչինչ դուրս չի ընկել: Դուռը կողպելուց և տանը պատսպարվելուց հետո բանալին պետք է պարտադիր երեք անգամ պտտեր արդեն փակ կողպեքի մեջ, ապա դռան բռնակը նույնպես երեք անգամ իջեցներ ներքև: Վախենում էր խախտել երեք թիվը. Աստծո սիրած թիվն է, շառից-փորձանքից հեռու, չպատժի հանկարծ, եթե երիտասարդը սխալվի ու երեքի փոխարեն չորս անգամ ներքև իջեցնի բռնակը:
Ինչպես նախորդ օրերը, Արենն այդ մի օրն էլ անցկացնում է նոթբուքի ստեղնաշարը թակելով: Երբ պառկում է քնելու, փորձում է ցրել կպչուն մտքերը, որոնք բարբարոսական զորքերի պես նրա գիտակցության ներսն էին խուժում: «Աստված չկա, Աստված չկա». ափ սողոսկող ծովի հորձանուտի պես վրա էին տալիս այդ մտքերն ու կաշկանդում Արենին՝ ցրելով քունը: «Աստված կա, կա». կրկնում էր Արենը՝ փորձելով ընդդիմանալ իրեն չպատկանող անտանելի մտքերի հոսքին: Արդեն ուշ է. նման մտքերի համար Տիրոջ պատիժը հեռու չէր: Այժմ արդեն Արենի գլխում ծնունդ էին առնում այնպիսի պատկերավոր մտքեր, որոնք սարսուռ էին առաջացնում ամբողջ մարմնում: Արենի մայրը՝ կոտրված թևով, հայրը՝ վրաերթի ենթարկված: Եվ այդ ամենը՝ ոչ այլ ինչի, քան Աստծո գոյության մերժմանն առնչվող այդ կպչուն մտքերի հետևանքն էր, որոնք իրեն էլ չէին պատկանում, բայց Արարչի համար միևնույնն էր՝ ով է այդ մտքերի հեղինակը. աստվածամերժումը պատժվում է ամենախստագույն միջոցներով: Վեր կենալով անկողնուց՝ Արենը շնչակտուր ետուառաջ է քայլում սենյակում, մինչև դարձյալ չի պառկում՝ տրվելով տաժանակիր մտածմունքներին: Իսկ եթե դա իր միակ մեղքը չէ՞ր: Միգուցե պատժելի էր նաև հարազատներին լքելու և միայնակ կյանքն ընտրելու իր վաղեմի ցանկության իրականացումը: Բայց ի՞նչ մեղսագործություն կարող էր լինել միայնակ ապրելու մեջ: Մեծ մարդ ես. հո մի ամբողջ կյանք հորդ ու մորդ կպած չես լինելու: Ոչ, դա չէր կարելի իբրև հանցանք ընկալել, հանցանք էին միայն աստվածանարգ մտքերը, որոնց պատճառով Արարչի զայրույթի զոհը չդառնալու համար Արենը երեք անգամ «Հայր մերն է» մտքում արտասանում և ստանալով այդքան բաղձալի հոգևոր օրգազմը՝ նա ևս մեկուկես ժամ տրորվում է անկողնում, ապա վերջապես ցրում անցանկալի մտքերն ու հանձնվում քնի բարիքներին:
— «Ֆլորենցիայի պատմությանը» չե՛ք անդրադարձել,- առավոտ կանուխ Արենի քունը խաթարելով՝ զանգահարում և անմիջապես իր դժգոհությունն է հայտնում փիլիսոփայության բաժնի ուսանողուհին,- ախր… ախր ես Ձեզ ասել էի, որ… որ դրա մասին խոսեիք:
— Դուք ինձ ոչինչ չէիք ասել, Նելլի ջան, «Ֆլորենցիայի պատմության» մասին հենց նոր եմ Ձեզնից լսում:
— Բայց ախր տենց ո՞նց կլինի: Դա Մաքիավելիի ամենակարևոր աշխատություններից ա…
— Կարևոր աշխատություններից ա՝ կգրենք:
— Ե՞րբ, ախր նախապաշտպանությանն ընդամենը չորս ամիս ա մնացել, իսկ ես դեռ ղեկավարիս հետ էլ չեմ քննարկել վերջին փոփոխությունները:
— Քննարկե՛ք, ո՞վ ա Ձեզ խանգարում… անցած շաբաթ առաջին գլուխն ամբողջությամբ ուղարկեցի Ձեզ:
— Հա, բայց Ֆլորենցիայի… Ֆլորենցիայի պատմությունը…
— Կավելացնեմ Ձեր «Ֆլորենցիայի պատմությունը»,- ընդհատելով աղջկան՝ փորձում է զսպել իրեն ներքուստ խժռող մոլեգնությունը:- Էդ գիրքը,- ոչ մի կերպ չի լռում աղջիկը,- համարվում ա երկրների նախագահների դասագիրքը:
«Էդքան խելացի ես, ինքդ էլ վերցնեիր, գրեիր»,- մտածում է Արենը, բայց չի բարձրաձայնում մտքերը, քանզի ուսանողուհին դեռ չէր վճարել գումարի մյուս կեսը:
Հեռախոսազանգի ավարտից հետո Արենը երկու անգամ պարտադիր ստուգում էր՝ անջատվե՞լ է, արդյոք, զանգը, թե՞ ոչ: Նա անում էր դա նույնիսկ այն դեպքում, երբ սեփական աչքերով էր տեսնում սմարթֆոնի էկրանին՝ «Զանգը ավարտվեց»:
Շատ չանցած՝ դուռը թակում են: Դեռ չէր հասցրել Արենը նախաճաշել, երբ բացելով դուռը՝ տեսնում է հորը՝ Յուրիին, ով կարճահասակ, գիրուկ տղամարդ է՝ հնաձև ակնոցներով:
— Ինձ էլ թվաց՝ մի տասն անգամ սենյակից միջանցք ես գալու-գնալու, հետո նոր դուռը բաց անես,- քմծիծաղով ասում է հայրը: Անուշադրության մատնելով հոր հեգնանքը՝ Արենը վերադառնում է հյուրասենյակ և նստում նոթբուքի առջև:- Մամադ անհանգիստ ա,- ասում է հայրը՝ ներս մտնելով և փակելով դուռը,- գոնե ուտելուդ հետևո՞ւմ ես:
«Արա դե սիկտիր էղի»,- մտքում ասում է Արենը, բայց անմիջապես մտովի ցրում այդ խոսքերը,- «ես տենց բան չեմ ասել… ես տենց բան չասեցի, չասեցի»:
— Քո հետ եմ… չե՞ս լսում,- մոտենում է որդուն,- ասա տեսնեմ՝ ո՞նց ես, կարո՞ւմ ես ստեղ գիշերները քնես:
— Չեմ դժգոհում:
— Ե՞րբ ես ինստիտուտ գնալու:
— Ո՞վ ասեց, որ գնալու եմ:
— Ես ամբիոնում խոսացել եմ, դեկանի մոտ էլ եմ մտել, քո դեմ ոչ մեկ տրամադրված չի, պետք ա ընդամենը ներողություն խնդրես, էդքան բան:
«Գլուխ մի հարդուկի»:
— Լավ, տեսնեմ…
— Տեսնեմ-մեսնեմ չկա, հենց վաղը կգնաս, կակ ռազ աշխատանքային օր ա:
«Վայ մերը քունեմ»:
— Կմտածեմ:
— Ստեղ իմ հարցն էլ կա… Մի մոռացի, որ դու մենակ դասախոս չես վիրավորել, դու իմ կոլեգային ես վիրավորել, ինչի համար կարային հեշտ ու հանգիստ ինձ էլ հեռացնեին:
«Էլ մի նվնվա, աշխատավարձդ չեն ուշացնի»:
— Գիտեմ, պապ:
— Էնպես չի, որ Փիլիկյանը մի նենց բարի պտուղ ա… գիտեմ, ինքն էլ ա շատ համը հանել, բայց դե մեկ ա՝ դասախոս ա, հարգել ա պետք, վիրավորելը ո՞րն ա:
Արենը պատկերացնում է, թե ինչպես է վեր կենում տեղից, բռունցքի երկու հարվածով հատակին տապալում հորն ու ոտքով հարվածներ հասցնում վերջինիս որովայնին: Ապա վերցնում է սեղանի մոտ դրված աթոռներից մեկն ու նույնպիսի հարվածներով արյունլվա անում նրա դեմքը:
— Հա, պապ ջան:
— Դե վերջ, ուրեմն, վաղը ես տասնմեկից մինչև տասներկուսն անց կես դասի եմ, մեկի կողմերը կգաս ինստիտուտ, ես էլ ընդեղ կլինեմ, միասին կմտնենք դեկանի, իսկ հետո ռեկտորի մոտ,- ասում է հայրն ու ձեռքը սեղանին հենելով՝ պատահաբար դիպչում է Արենի հեռախոսին:
Հայրը չի հասցնում ձեռքը ետ քաշել, երբ Արենն այդ նկատելով՝ անմիջապես ջղաձգվում է.
— Չկպնե՛ս հեռախոսիս:
— Էլի նոպաներդ բռնեցի՞ն,- զայրանում է հայրը,- քեզ չասեցի՞ հանի մեջիցդ էդ անիմաստ նևրոզները:
— Իսկ կլինի՞ դու չասես՝ ես ինչ անեմ. մենակ ապրեմ, թե չէ, ինստիտուտ հետ գամ, թե չէ, աշխատեմ, թե չէ,- հունից դուրս գալով՝ փակում է նոթբուքն ու վեր կենում տեղից,- քո պատճառով ամեն երկրորդ քայլիս վրա կասկածում եմ:
— Չես ուզում՝ հետ չես գա ինստիտուտ, բայց աշխատանք գտնելու ենք, սենց բառադի վեր չես ընգնելու՝ կուրսային աշխատանքներ գրես: Իսկ մենակ ապրելը՝ հեն ա թողեցինք, էլ ի՞նչ ես ուզում:
Կրկին ընկնելով երևակայության գիրկը՝ Արենը պատկերացնում է, թե ինչպես է դուրս նետվում սենյակից՝ իր ետևից դուռն այնպես շրխկացնելով, որ հայրը կանգնած տեղում հանկարծակիի է գալիս: Այնուհետև վերադառնում է մարտական ատրճանակը ձեռքին և մի քանի կրակոցով սպանում հորը:
— Դատարկություն եմ ուզում… դրանից ավել բան ինձ պետք չի:
— Հեն ա գլխիդ մեջ կատարյալ դատարկություն ա տիրում, էդքան բան արեցինք քեզ համար՝ անշնորհակալի պես նորից ֆռռում մեզ ես մեղադրում,- մոտենում է Արենին և ձեռքը դնում նրա ուսին,- ախր ո՞նց չես հասկանում. դու ունիկալ գեն ես, քեզ էդքան պատմել եմ պապիդ մասին՝ ինչ տեսակ մարդ ա ինքը էղել:
«Թքած ունեմ իրա վրա»:
— Ինքն ինձ համար օրինակելի կերպար ա:
— Քո պապը շատ սիրված գրող ա էղել, քո վրա մեծ առաքելություն ա դրված՝ իրա աշխատանքը շարունակել,- կիսահուզված ձայնով հայտարարում է հայրը:
Հիմա էլ Արենը պատկերացնում է, թե ապտակում է հորն այնպես, որ ակնոցը վայր է ընկնում նրա դեմքից, ինչից հետո ոտքով տրորում, կոտրում է ապակիները:- Իսկ եթե ես չեմ ուզում ստեղծագործեմ, ու ընդհանրապես՝ արվեստն ինձ ձանձրացնում ա: Նախընտրում եմ իրականությունը, որտեղ կարիք չկա ինչ-որ բան հորինելու: Ու համ էլ՝ անընդհատ ինչ-որ մի բանի մասին մտածելու… Մտքերի անտանելի հոսքն ինձ սպանում ա, ուզում եմ ազատվեմ դրանից: Յուրին մոտենում է և փաթաթվելով որդուն՝ ասում.- Ինձ մոտ չստացվեց, դե, մեր ժամանակն արդեն անցել ա, հիմա ամբողջ հույսը ձեր սերնդի վրա ա: Ես քեզ հավատում եմ՝ քո մոտ կստացվի, դու մեծանուն մարդ ես դառնալու, մենակ թե մի հիասթափվի, դու մեծանուն մարդ ես դառնալու:
«Երբ որ փոքր էի, ինձ նույնությամբ ասում էիր, որ մեծանուն մարդ եմ դառնալու, իսկ ես հավատում էի: Երբ որ փոքր էի, ինձ նույնությամբ ասում էիր, որ մեծանուն մարդ եմ դառնալու, իսկ ես հավատում էի: Երբ որ փոքր էի, ինձ նույնությամբ ասում էիր, որ մեծանուն մարդ եմ դառնալու, իսկ ես հավատում էի…»:
«Արեն՝ սենց մի արա, Արեն՝ նենց արա, Արեն՝ պատիվդ բարձր պահի, Արեն՝ ուժեղ էղի, Արեն՝ Աստծով առաջնորդվի, որ Տերը քեզ պահապան լինի, Արեն, Արեն Արեն…». այս խոսքերը զանգի ղողանջների պես բարձրաձայն հնչում են տղայի ականջներում:
Նա հանկարծ նայում է պատուհանագոգին ու նկատում, որ ծաղկամանը ուղիղ մեջտեղում չի դրված: Կիսատ թողնելով հոր հետ զրույցը՝ նա անմիջապես մոտենում և մեջտեղ է բերում այն: Հայրը վերարկուի թևքով սրբում է աչքերում հայտնված արցունքներն ու պատրաստվում հեռանալ:
— Մամադ առավոտ ասում էր՝ գաս մեզ մոտ ճաշես, քեզ տեսնի՝ շատ կուրախանա: Ժամանակ ունենաս՝ արի:
Արենը բաց է անում դուռը, և հայրը հեռանում է: Տղան չի շտապում փակել դուռը, այլ լսում է շքամուտքի աստիճաններով ներքև իջնող հոր ոտնաձայները: Նրան թվում է, թե ինչ-որ բան մոռացավ ասել կամ անել: Նա նորից ներս է մտնում և վերցնելով հեռախոսը՝ ստուգում է՝ արդյոք հոր ձեռքի պատահական հպումից որևէ կարևոր տվյալ չի՞ ջնջվել սմարթֆոնի հիշողությունից: Նա ինքն էլ գիտեր, որ նման մտքերն անհեթեթ էին, և որ չէին կարող մեկ անզգույշ հպումից (առավել ևս, երբ հեռախոսի էկրանի կողպման համար ինքն անձամբ էր PIN կոդ սահմանել) նման կորուստներ լինել: Նա գիտակցում էր այդ մտածմունքների անիմաստությունը, բայց կպչուն մտքերը տզրուկների պես շարունակում էին ծծել նրա արյունը:
Իսկ եթե զանգե՞ր հորը: Բայց ի՞նչ պատրվակով զանգահարեր: Միգուցե իսկապե՞ս մոռացել էր ինչ-որ բան ասել նրան: Բայց ոչ, ամեն ինչ ասվել էր… ինչն էլ չէր ասվել, ուրեմն՝ այդպես է պետք եղել։ Լա՛վ, բա էլ ինչի՞ համար կարող էր զանգահարել հորը: Պատճառի բացակայությունը նույնպես պատճառ է։ Նա չէր հասկանում, թե ինչի համար էր զանգելու ու հենց այդ պատճառով էլ մատը դիպցրեց սենսորին, և զանգը գնաց։ Այդ աննպատակ արարքը կանխելու, բայց դրա հետ մեկտեղ այն ի կատար ածելու միտումով առաջնորդվող Արենը որոշում է զանգել և մեկուկես-երկու վայրկյան հետո անջատել, զանգել, անջատել, զանգել, անջատել, և այդպես՝ ճիշտ երեք անգամ (Սուրբ Երրորդություն), միայն թե՝ չուշացներ և նախատեսվածից ուշ չանջատեր հեռախոսազանգը, հակառակ դեպքում՝ հոր հեռախոսը կծնգա, և վերջինս կտեսնի, որ որդին զանգել է:
«Աստված… Աստվա…»,- հևիհև շնչելով մտքում արտասանում է Արենը, բայց անմիջապես ընդհատում իր մտմտանքը՝ փոխարինելով այն մեկ ուրիշ մտազբաղությամբ. «Աստծո անունը զուր տեղը մի… մի արտասանի, Աստծո անունը… Աստծո անունը զուր տեղը մի արտասանի»:
Արենը մոտենում է պատուհանին: Յուրին արդեն փողոցի մայթին կանգնած սպասում էր լուսակրի՝ կարմիրից կանաչ փոխվելուն: Արենը ճիշտ պահին էր անջատել առաջին հեռախոսազանգը, և հայրը ոչինչ չէր նկատել: Փորձեց ընդդիմանալ իր այդ անմիտ արարմունքների շարանին, բայց նույն պահին մարմնում անտանելի քոր զգաց, իսկ ճակատը պատվեց քրտինքով, և նա կարծեց, որ եթե հաջորդ երկու զանգը չկատարի՝ կարող է ինչ-որ շատ վատ բան լինել: Մատը նորից դիպցնելով սմարթֆոնի կոնտակտներում «Պապա» անվան կողքին երևացող լսափողի նշանին՝ Արենը կրկին զանգահարում է հորը և երկու վայրկյան անց անջատում զանգը: Բարեբախտաբար, այս մի անգամն էլ զանգը տեղ չհասավ: Հերթը հասավ երրորդ (Սուրբ Հոգի) զանգին: Երբ վառվում է լուսակրի կանաչ լույսը, Յուրին պատրաստվում է հատել փողոցը և դեռ մյուս մայթին չհասած՝ հեռախոսին զանգ ստանում: Արենը սխալ էր հաշվել վայրկյանները և երկուսի փոխարեն երեք վայրկյան հետո անջատել զանգը, ինչի հետևանքով այն հասցրել էր հնչել: Հայրը, շարունակելով քայլել, հանում է հեռախոսն ու տեսնում Արենի ընդհատված զանգը: Գլուխը թեքելով ու շենքի ուղղությամբ նայելով՝ նա չի նկատում աջ կողմից իր ուղղությամբ սլացող Honda-ն: Վրա հասնող ավտոմեքենայի ազդանշանից հետո Յուրին չի հասցնում կանգ առնել և ուժգին հարվածից, սաստիկ քամու ժամանակ գետնից պոկված տոպրակի պես, վեր է թռչում և նույնքան կտրուկ վայր ընկնում: Արենը նկատում է, որ թեպետ ծաղկամանը մեջտեղ էր բերված, բայց միևնույն է՝ դա իր ուզած մեջտեղը չէր…
***
Ծայրահեղ ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Յուրին մահանում է վերակենդանացման բաժանմունքում՝ այդպես էլ գիտակցության չգալով: Արենը միայն հետո է վերհիշում այն գիշերը, երբ դեռ մինչ ավտոպատահարը նա երևակայության մեջ բեմադրել էր հոր վրաերթի ենթարկվելն՝ ընկալելով դա իբրև ապագա հատուցումն իր ոչ միտումնավոր աստվածամերժման: Փաստորեն, հոր մահն իսկապես երկնային պատիժն էր, որի մեղավորը ոչ այլ ոք էր, քան հենց ինքը: Նա այն մեկն էր, ով չզսպելով մտքերի տարափը՝ աստվածանարգեց և չապաշխարեց սովորական «Հայր մեր»-ի արդեն ծեծված տողերով, որոնք իրենից առաջ միլիարդավորներն էին արտասանել:
Դեռևս մինչ քառասունքը, կանգնած լինելով հոր գերեզմանաթմբի մոտ, Արենը հիշում է կերպարվեստի պատմության դասախոս պարոն Փիլիկյանին, ում ինքը անվանել էր սովետական նավթալին ու Լենինի շուն, ինչի համար էլ հեռացվել էր բուհից: Մինչ այդ դեպքը նա միջանցքով քայլելիս պատահմամբ լսել էր, թե ինչպես է Փիլիկյանն ամբիոնի վարիչի հետ ունեցած իր զրույցի ժամանակ ասում Արենի հոր մասին, թե վերջինս չկայացած, անտաղանդի մեկն է, ում վրա բնությունը հանգստացել է տաղանդավոր հորից հետո: Այդ խոսքերից խիստ զայրացած էլ Արենն ասում է Փիլիկյանի երեսին այն ամենը, ինչ նախկինում միայն մտածել էր, բայց առիթ չէր եղել բարձրաձայնելու:
Վերհիշելով, թե ինչպես է պաշտպանել հարազատի պատիվը՝ Արենը չի սփոփվում, այլ կարծում է, թե ինքն է սպանել հորը՝ ենթագիտակցորեն ցանկանալով նրա մահը: Նա, ի վերջո, խոստովանում է ինքն իրեն, որ ոչ թե աստվածային պատիժը, այլ վրաերթի իր թաքնված տենչն է եղել մահվան գլխավոր պատճառը: Մայրը և հոր կողմի բարեկամությունն էլ իրենց հերթին էին սրում Արենի ինքնադատապարտումը՝ պնդելով, որ հերիք չէ տղան չարդարացրեց իր ապագայի հետ կապված հոր սպասելիքները, երբ վերջինս դեռ ողջ էր, դեռ մի բան էլ լրացուցիչ ծախսի տակ գցեց՝ ցանկանալով առանձին ապրել:- Հերդ քի՞չ բան էր քեզ համար արել, մի անգամ իրան շնորհակալություն չասեցիր,- հեծկլտում էր հորաքույրը:
Մի օր էլ սուրճի սեղանի շուրջ հորական տատի քույրն ասաց.
— Վերջը հորը գերեզման հասցրեց…- Արար-աշխարհ էրեխա ունի, մենակ ես եմ միշտ սենց տառապել,- ասում է մայրն՝ ի լրումն մյուս մեկնաբանությունների:
Ասես ձայն ձայնի տված՝ բոլորը մոռանում են Յուրիին օդ թռցրած Honda-ն: Հարազատների աչքերում Արենն է դառնում և՛ վրաերթի ավտոմեքենան, և՛ դրա վարորդը:
Արենն այլևս չէր ձգտում կատարելության: Իդեալին հասնելու իր ձգտումը նույնքան անկատար էր, որքան իր հայրը, ով կյանքի օրոք ամեն կերպ մղում էր որդուն դեպի անթերիություն: Նա վերջապես պատվեց այդքան բաղձալի թվացող դատարկության զգացումով ու դադարեց հավատալ Աստծուն, ինչի արդյունքում կպչուն մտքերը ետ նահանջեցին: Հոր հետմահու սպասումներն ապագայում ինչ-որ կերպ արդարացնելու տենչանքն ուրանալով՝ նա հրաժարվում է իր առջև երբևէ դրված բոլոր նպատակներից:
Այս ամենը գիտակցելով՝ նա մտնում է իր բնակարան և առաջին հերթին շուռ տալիս պահարանը, ապա կոտրում գրապահարանն ու պատռում գրքերը: Վերցնելով աթոռը՝ նա հարվածում և կոտրում է գրասեղանի փայտե ոտքերը, իսկ նոթբուքը վայր գցում ու տրորելով՝ ջարդուփշուր անում: Կուրսային և ավարտական աշխատանքներին առնչվող գրառումներով և նշումներով պատված թղթերն այրում է գազօջախի վրա ու հետևում, թե ինչպես է ծուխը տարածվում բնակարանով մեկ և ավելի գորշացնում պատերը, որոնք, թվում է, այլևս երբեք չեն դառնալու ճերմակ: Մոտենալով պատուհանագոգին՝ նա վերցնում է ծաղկամանն ու վայր գցում պատուհանից: Այն քիչ էր մնում ընկներ մի ծերունու գլխին, բայց, բարեբախտաբար, շրխկում է գետնին և փշրվում:
— Տենց լավ չի, հորդ քցի…,- բղավում է ծերունին:
Գլուխը բարձրացնելով՝ Արենը տեսնում է այն փողոցը, որտեղ հայրը վրաերթի էր ենթարկվել: Ամեն ինչ, կարծես, նույնն էր մնացել. հետիոտնային անցումը, լուսակիրը, գովազդային վահանակը: Բացակայում էր միայն հայրը, ում ինքն այլևս կարիք չէր ունենա սպանելու:
Այդ առթիվ կարելի էր մի լավ երեկույթ կազմակերպել. չէ՞ որ դատարկությունը չպետք է զուգորդվի լքվածությամբ: Զանգահարելով նախկին կուրսեցիներին, ինչպես նաև զուգահեռ կուրսերից ում ճանաչում էր կամ ում մինչ ինստիտուտից դուրս մնալը հեռվից հեռու գիտեր՝ Արենը մի քանի ժամում իր բնակարանը լցնում է քեֆչիների հոծ բազմությամբ: Նա անգամ չի հասցնում տունը կարգի բերել, մյուս կողմից՝ դրա կարիքն էլ չկար, նախկինում իրեն գրավում էր բնակարանի կատարյալ կոկիկությունը, սակայն թափթփվածությունն էլ կարող է իդեալական լինել:
Ուտելիքն ու խմիչքն՝ օնլայն առաքումով, իսկ մինչև վերջ քոքած տեխնո երաժշտությունը՝ դինամիկներով, որոնք ապահովեցին կուրսեցիները: Այդպիսով, երգ, պար, քեֆ, ուրախությունը սկսվում է երեկոյան 10-ին և շարունակվում մինչև լուսաբաց: Այդ ընթացքում Արենը խմելուց և պարային անփույթ շարժումներ անելուց զատ՝ տրվում է բաքոսական գերագույն վայելքին՝ ձեռք բերելով իր առաջին սեռական փորձը պատառոտված գրքերի վրա, որոնք նա այդպես էլ թողել էր կոտրված գրապահարանի կողքին: Մի լավ բավարարվելուց հետո նա վերադառնում է հյուրասենյակ, որն արդեն ծառայում էր իբրև պարային հրապարակ: Եվս երկու բաժակ շամպայն, գինի, օղի իրար ետևից ագահորեն կոնծելուց հետո նա էպիլեպտիկի պես ցնցվում է տեխնո-ռիթմերի ներքո՝ կուրորեն ենթարկվելով երաժշտության կամքին: Մի քանի րոպե անց փսխում է հատակին: Գրեթե ոչ ոք, բարեբախտաբար, չի տեսնում կամ պարզապես ուշք չի դարձնում, քանի որ պարողներից և թռվռացողներից ոչ մեկը սթափ չէր: Ընդդիմանալով գլխապտույտին՝ Արենը փորձում է պահել հավասարակշռությունը և մի քանի վայրկյան անց նորից է փսխում: Ի տարբերություն մյուսների՝ նրան դեռ պակասում էր պրակտիկ փորձը…