Համարյա բոլոր տուրիստական կայքերում նշված է, որ Սոմալին ոչ տուրիստական երկիր է, ու խիստ վտանգավոր է այնտեղ գնալը: Որոշ տեղեր կարդացի, որ հավանականությունը շատ փոքր է, որ օտարերկրացին ողջ կմնա եւ տեղական հանցախմբերի ու գրոհայինների զոհ չի դառնա: Օդով ճամփորդելը վտանգավոր է, քանի որ եթովպական զինված ուժերի ռմբակոծումները դեպի Սոմալիի օդանավակայան հաճախ դառնում են պատճառ` թռիչքները հետաձգելու կամ հարկադրված վայրէջք կատարելու համար:
Ցամաքով նույնպես վտանգավոր է` ելնելով նրանից, որ կամ ճանապարհ չկա, կամ փակ է, կամ էլ` խիստ անանցանելի:
Բայց ես ուղեւորվում էի Սոմալի ոչ օդով, ոչ էլ ցամաքով. ես պատրաստվում էի Մասսաուայից դուրս գալ Կարմիր ծով, անցնել Բաբ Ալ Մանդաբի նեղուցը, հասնել Ադենի ծոց, այնտեղից էլ` Մոգադիշո` մայրաքաղաք:
Սա միայն իմ երեւակայության արդյունքն էր, իրականում այդ ճամփորդությունն առաջին հայացքից ե՛ւ վտանգավոր էր թվում, ե՛ւ անիմաստ: Սակայն հասկացա միայն այն ժամանակ, երբ դուրս եկա Կարմիր ծով ու հանդիպեցի մի տարօրինակ ծովագնացի` Աբդի Ազիզ Մուխթար անունով: Ծովագնացը (նա խնդրեց իրեն այդպես կոչեմ) իր փոքրիկ նավակով, որն ավելի նման էր տաշտակի, դուրս էր եկել ծով` ծովահեններ որսալու: Նրա ազգությունը չիմացա, չիմացա նաեւ, թե որ էթնիկական խմբին է պատկանում, միակ բանը, որ իմացա, Սոմալիի մասին հետաքրքիր տեղեկություններն էին: Ծովագնաց Աբդի Ազիզն անգլերեն համարյա չգիտեր, սակայն միանգամայն յուրահատուկ ձեւ էր գտել շփվելու համար: Նա փորագրական շատ սուր գործիք ուներ: Այդ գործիքով տարբեր պատկերներ էր նկարում փայտե բարակ տախտակների վրա:
Ես նրան հանդիպել էի այն ժամանակ, երբ ծովափ էի դուրս եկել: Կարմիր ծովն իսկապես հրաշալի էր: Ջուրը տաք էր, ու յուրահատուկ ջերմություն էր գալիս ընդերքից: Նրա նավակին երկու ընձառյուծներ էին պատկերված*1:
— Տեսնո՞ւմ ես այն բլուրները,- ասաց ծովագնաց Աբդի Ազիզը եւ ձեռքի տարօրինակ սարքով ցույց տվեց արեւելյան կողմը:
— Այո՛,- ասացի:
— Դահլաք կղզիներն են, ժամանակին այնտեղ ծովահեններ են ապրել:
— Իսկ հիմա՞:
— Հիմա ռաշիդներն են ապրում: Եթե մի քանի հարյուր տարի առաջ ապրեի բոլորին կոչնչացնեի,- նկարեց Աբդի Ազիզը տախտակին:
Նկարում մի քանի թնդանոթ ու ծովահեններ էին: Նա աջ մասում իրեն էր պատկերել, ձախում` ծովահեններին, մեջտեղում ծովն էր:
— Հիմա ծովահեն չկա,- ասացի:
— Կա: Մի քանիսին ոչնչացրել եմ, բայց եթե անգամ այստեղ չլինեն, Սոմալիլենդում հաստատ կլինեն:
— Պետք է այնտե՞ղ գնաք:
— Այո՛,- տախտակին Սոմալիի քարտեզը նկարեց:
— Ես էլ պետք է գնամ,- ասացի` նկատի ունենալով Սոմալին:
— Միասին կգնանք,- տախտակին ինձ եւ իրեն նկարեց. երկուսս էլ զենքերով կանգնած էինք նավակի մեջ ու ծովահենների նավերին էինք կրակում:
— Ոչ, ես չեմ եկել` մարդկանց սպանելու:
— Չսպանես, քեզ կսպանեն,- տախտակին նկարեց ինձ` սպանված վիճակում, կողքիս` երկու ծովահեն` զենքերով, բերանները բաց: Նրա նկարած ծովահենները նման չէին ինձ ծանոթ ծովահենների պատկերներին: Նրանք ավելի շուտ հանցախմբի անդամներ ասես լինեին` զինվորական հագուստով, ժամանակակից զենքով, գլուխները կտորով փաթաթած (մուսուլմանների պես), բերաններին էլ` ծխախոտ:
Աբդու Ազիզը շատ լավ էր պատկերում իր հերոսներին: Նա ոչ թե քանդակում էր, այլ կարծես նկարում: Ես ամեն անգամ մոտ տասը րոպե սպասում էի, մինչ պատկերում էր հերթական տեսարանը:
— Սա ծովահեն չէ, գրոհային է,- ասացի:
Տախտակին գրեց այդ օրվա ամսաթիվը ու կողքին նկարեց նույն գրոհայիններին:
— Այսօրվա ծովահեններն են,- ասաց:
Նստել էի նրա փոքրիկ նավակը, այն ճոճվում էր, բայց չէր շարժվում: Մենք արդեն մեկ ժամից ավելի զրուցում էինք: Օդում թռչուններ կային, որոնք անծանոթ էին ինձ: Նրանցից մի քանիսը ճայերի էին նման, սակայն կտուցները երկար էին ու սուր` ձկնկուլի պես:
— Ինչպե՞ս Սոմալի գնամ,- հարցրի:
— Ա՛յ այսպես,- ասաց ու նկարեց: Մինչ նա նկարում էր, ուշադիր նայում էի դեմքին, որը տարբերվում էր տեղացիներից: Նրա աչքերը մռայլ էին, ասես փառ իջած լիներ, իսկ մազերը` երկար ու կիսով չափ փակում էին դեմքը: Աբդու Ազիզը նկարը ցույց տվեց` այնտեղ ճանապարհ էր պատկերված` փոշոտ ճանապարհ, հեռվից մի քանի մեքենաներ էին գալիս: Մեքենաները վեցն էին` վեց բեռնատար, չէր երեւում թե ինչ են փոխադրում:
— Սա ի՞նչ է: Բեռնատարով գնա՞մ,- հարցրի:
— Ոչ,- ցույց տվեց նախորդ նկարը, ուր ծովահեններն ինձ սպանել էին:
— Չեմ հասկանում:
— Բեռնատարներում ծովահեններ են: Նրանք իրենց ճանապարհին ոչինչ եւ ոչ մեկին ողջ չեն թողնում, քեզ կսպանեն,- ասաց:
— Սա Սոմալիի հետ ի՞նչ կապ ունի:
Վերցրեց բեռնատարներով նկարն ու մեծ-մեծ տառերով վրան գրեց «Սոմալի»:
— Չեմ կարող չգնալ:
— Ուրեմն,- շարունակեց նկարել:
Նկարում պատկերեց ինքնաթիռ եւ Ջիբութիի քարտեզը:
— Գնամ Ջիբութի՞:
— Այո՛, այնտեղից էլ ինքնաթիռով Սոմալի: Բայց օդում…,- կրկին նկարեց:
Այս անգամ վայր ընկնող ինքնաթիռ էր:
— Ինքնաթիռը վա՞յր կընկնի,- հարցրի:
— Կարող է:
— Որտեղի՞ց գիտեք: Այստեղ նստած` ի՞նչ գիտեք, թե այնտեղ ինչ է կատարվում:
— Ես շատ բան գիտեմ:
— Օրինակ:
— Օրինակ, որ այնտեղ թիթեռներ չկան: Դա ծովահենների ամենաչսիրած բանն է:
— Ինչո՞ւ:
— Վախենում են:
— Թիթեռների՞ց:
— Այո՛: Նրանք մահից են վախենում: Թիթեռները թունավոր են, բայց, ցավոք, այնտեղ չկան:
Երբեք չէի լսել, որ թիթեռի թունավոր տեսակ կա. երեւի Աբդու Ազիզը մի բան շփոթում էր, թեեւ ո՞վ գիտե, միգուցե եւ կա:
Ես կարող էի եւս մի քանի ժամ մնալ նրա հետ, բայց շտապում էի. պետք է մինչեւ գիշեր հասնեի Սոմալի: Հրաժեշտից առաջ նրան հարցրի.
— Ի՞նչ է Ձեր ձեռքին,- ցույց տալով ձեռքի տարօրինակ սարքը:
— Հեռադիտակ է: Երբ սրանով հեռուն եմ նայում, ծովահեններ այնտեղ չեն երեւում: Ամեն ինչ գեղեցիկ է:
Ծովագնացը կրկին նկարեց: Այս անգամ նա ծովափ նկարեց, մարդկանց, թռչուններ, ծառեր, կենդանիներ:
— Այստեղ ամեն ինչ ուրախ է. ծովահեններ չկան, նրանք հօդս են ցնդել:
— Կտա՞ք նայեմ:
— Վերցրու՛:
Ոչինչ չերեւաց: Մթություն էր:
— Չի երեւում:
— Այդ սարքով բոլորը չեն տեսնում:
— Հրաժեշտ տվեցի Աբդու Ազիզ Մուխթարին եւ շարունակեցի ճամփորդությունս: Նա ինձ նվիրեց նկարներից մեկը, ուր ավազի վրայով, փոշի բարձրացնելով, վեց բեռնատարներ էին անցնում:
Երեկո էր, քայլում էի, չիմանալով, թե որտեղ եմ: Ենթադրում էի, որ շուտով Սոմալիում կլինեմ: Քամին խփում էր ետեւիցս` թեթեւացնելով ընթացքս: Ասես թղթե նավակ լինեի, որը քամու տակ աջ ու ձախ էր գնում` չունենալով երթուղի, չիմանալով, թե ուր է գնում:
Արդեն բավական ճամփորդել էի: Երբ փորձում էի հիշել, թե որտեղ եմ եղել, որ քաղաքներում ու գյուղերում, հիշողությունս խառնվում էր, շփոթում էի ամեն ինչ: Զգում էի, որ աստիճանաբար դառնում եմ «աֆրիկացի»: Միակ բանը, որ անհանգստացնում էր, տխուր եւ դաժան իրադարձություններն էին, որի ականատեսն էի դարձել այցելածս վերջին երկրներում: Լավ հասկանում էի, որ որքան շատ ուշադրություն դարձնեմ այդ ամենին, այնքան ավելի եմ ճնշվելու: Փորձում էի հնարավորինս քիչ տեսնել, քիչ նկատել, ուշադրություն չդարձնել: Աֆրիկան գնալով տխրում էր: Թեեւ այն ի սկզբանե տխուր էր, բայց այժմ, այն նման էր տխուր երեխայի, որը կորցրել է խաղալիքները եւ երբեք չի գտնելու:
Չէի ուզում Աֆրիկան այդպիսին տեսնել: Արդեն երեք տասնյակից ավելի երկրներ էի այցելել, տեսել էի ամեն ինչ, բայց, թվում էր, թե դեռ ինչ-որ բան չեմ տեսել: Ինչ-որ բան կա, որը կուրախացնի ամբողջ Աֆրիկան: Մտքերի մեջ ընկած` քայլում էի, երբ ինչ-որ մեկն ուսիս խփեց: Թվաց, թե քամին է, քիչ անց ավելի սուր ծակոց զգացի, վախենալով շրջվեցի. ետեւումս ձկնկուլի նման թռչունն էր: Մոտիկից այն շատ ավելի մեծ ու սարսափելի էր թվում, քան օդում: Թե ինչ էր կորցրել այդտեղ, չգիտեմ, բայց հաստատ ձուկ չէր փնտրում: Մի քանի անգամ կտուցը առաջ բերեց, փորձեց հարվածել, փախս տվի, հետո այն տարավ ավազի մեջ ու փայտփորիկի պես սկսեց փորել:
Մոտ 20 սմ փորեց, համարյա կտուցի կեսի չափ, հետո բերանը` այսինքն կտուցի ստորին մասը բացեց, ու միջից մի քանի ձուկ թափվեցին: Ձկները մանր էին: Ձկնկուլը, որն իրականում չգիտեմ, թե ինչ թռչուն էր, ծածկեց փոսն ու հեռացավ:
Շարունակեցի քայլել: Ինձ թվում էր, թե անընդհատ ետեւիցս թռչելով` գալիս է եւ ուր որ է կտուցով կհարվածի: Այդ միտքն էլ ավելի էր դանդաղեցնում ընթացքս:
Արդեն բավական քայլել էի, բայց Սոմալին այդպես էլ չէր երեւում: Արեւն աստիճանաբար մայր էր մտնում:
Կրկին մեջքիս ինչ-որ մեկը խփեց: Ջիբութիում այդպես եղել էր, այն ժամանակ փողոցային հարբեցող էր խփողը, այս անգամ նույնիսկ չէի կարող գուշակել, թե ով կարող է լինել: Թերեւս միակ միտքը, որ մտածեցի` կամ ձկնկուլն է, կամ` գրոհայինները: Եթե առաջինի դեպքում պետք է վազեի, ապա երկրորդից նույնիսկ ամենաարագ վազքը չէր փրկի: Շրջվեցի. ետեւումս մի ուղտ էր, որը ոտքով խփում էր մեջքիս: Ուղտին մի սեւամորթ էր նստած, որի արտաքինը շատ ավելի տարօրինակ էր, քան ուղտի` ոտքով խփելը: Սեւամորթը հաստ մորուք ուներ, որը բրդե գլխարկի էր նման, սեւ ակնոցներ, հագին սպիտակ վերնաշապիկ էր, սեւ փողկապ, սեւ տաբատ, որի միջնամասը պատռված էր: Ձեռքին ատրճանակ կար: Սեւամորթը ճաղատ էր, կամ լավ փայլուն սափրել էր գլուխը: Նա ուղտից իջավ ու ծանր քայլերով մոտեցավ ինձ:
— Բարի՛ գալուստ, լիարժեք Անկախ ու Ազատ Սոմալի,- վանկ առ վանկ ասաց, ասես արտասաներ: Հետո հրացանը վերալիցքավորեց: Այդ պահին արդեն երկրորդ անգամ մտածեցի, որ գիրքս անավարտ է մնալու: Ոտքերս, ձեռքերս, մարմինս` բոլորը փախան: Միայն ես մնացի կանգնած: Հավանաբար այսպես է լինում մահը` մտածում էի:
Սեւամորթը հրացանն իջեցրեց, պարանը գցեց ուսին եւ ակնոցը հանեց: Խոնավ ձեռքերը չորացրեց փողկապով ու ժպտալով վրաս նայեց: Փոքր-ինչ հանգստացա: Թեեւ այնքան լավ էի պատկերացրել մահը, որ այդ պահին պատրաստ էի նույնիսկ ինքնասպան լինել:
— Չե՞ք սպանում,- հարցրի` հույս չունենալով, որ կպատասխանի:
— Ոչ, — երջանիկ հայացքով ասաց:
— Անգլերեն գիտե՞ք:
— Իհարկե:
— Ինչո՞ւ չեք սպանում:
— Ինչո՞ւ սպանեմ: Պետք է սպանեի՞:
— Ինձ այդպես թվաց:
— Ոչ, ես մարդկանց չեմ սպանում:
— Հրացանն ինչի՞ համար է:
— Պաշտպանվելու:
— Ումի՞ց:
— Որ ասեմ ծովահեններից, կհավատա՞ք: Գրոհայիններից, իհարկե:
— Դուք ո՞վ եք: Լավ վախեցրիք ինձ,- ասացի:
— Ես սահմանապահ եմ:
— Երբեք չէի տեսել ուղտով ու փողկապով սահմանապահի:
— Երբեք չեք էլ տեսնի: Ես միակն եմ: Այսպիսի սահմանապահ չկա աշխարհում:
— Իսկ սահմանն ո՞ւր է:
— Քիչ առաջ անցաք:
— Որտե՞ղ էր նշված սահմանը:
— Ոչ մի տեղ:
— Այդ դեպքում ինչպե՞ս անցա:
— Հենց այդպես: Անցաք եւ վերջ:
— Բայց ոչ մի սահման չկար: Ո՛չ մի նշան, ո՛չ մի պաստառ, ո՛չ մի պատնեշ: Ցանկապատ նույնիսկ չկար: Դատարկ ճանապարհ էր միայն:
— Այո՛: Ճիշտ է: Եթե շատ եք ուզում, ահա պաստառը,- ծոցագրպանից մի թղթե կտոր հանեց` մոտ կես մետր երկարությամբ ու լայնությամբ: Բացեց: Պահեց գլխավերեւում: Թղթին գրված էր. «Բարի՛ գալուստ Լիարժեք Անկախ ու Ազատ Սոմալիի Հանրապետություն»:
— Եվ ի՞նչ,- ասացի:
— Սա էր սահմանի հայտարարությունը:
— Եվ ո՞ր սահմանն էր սա:
— Ցամաքային:
— Այստեղ ուրիշ սահմանապահ չկա՞:
— Ոչ: Երբեք չի եղել, այստեղ միակ սահմանապահը ես եմ:
— Որտեղի՞ց եկաք:
— Ձեր ետեւից:
— Բայց առաջին անգամ եմ Ձեզ տեսնում:
— Ես թաքստոց ունեմ, պաշտպանվելու համար է, երբ Ձեզ տեսա, հասկացա, որ Ձեզանից պաշտպանվելու կարիք չկա: Դրա համար եկա:
— Հիմա որտե՞ղ եմ:
— Լիարժեք Անկախ ու Ազատ Սոմալիում:
— Քաղաքից շա՞տ եմ հեռու:
— Ո՞ր քաղաքից:
— Որեւէ: Ես քաղաք պետք է գնամ:
— Ինչո՞ւ:
— Նախ ծարավ եմ, ջուր եմ ուզում գնել, հետո չեմ ուզում, ոչինչ չտեսած, հեռանալ:
— Բայց դուք ամենակարեւորն եք տեսել, որը ոչ ոք չի տեսել: Դուք լիարժեք Անկախ եւ Ազատ Սոմալին եք տեսել:
Անծանոթ սահմանապահը, որի հայտնվելը շատ կասկածելի ու տարօրինակ թվաց, այնպես էր խոսում, ասես` ես գտնվում էի մի երկրում, որն իրականում գոյություն չունի, կարծես Սոմալիի ու Ջիբութիի արանքում նոր պետություն էր ստեղծվել` «Լիարժեք Անկախ ու Ազատ Սոմալի» անունով:
— Այստեղ համարյա ոչինչ չկա, ամբողջը ճանապարհներ են ու ամայի տարածքներ: Ես այսպես չէի պատկերացնում Սոմալին,- ասացի:
— Իսկ ինչպե՞ս էիք պատկերացնում,- փոքր-ինչ կոպիտ տոնով ասաց,- երփներանգ ծաղիկներով, մարգագետիններով պատված, գեղեցիկ շինություններով ու փողոցներով հարուստ մի երկի՞ր, թե՞ ավերված ու մռայլ, քանդված ու խարխուլ շինություններով, վառված դաշտավայրերով, հիվանդներով ու դիակներով լցված փողոցներ: Սա իսկական Սոմալին է, ուր ոչինչ չկա, բայց խաղաղ է, ու ոչնչից վախենալ պետք չէ: Հիմա ամայի տարածքներ են, բայց հետո շատ շքեղ կլինի:
— Եթե խաղաղ է, հրացանն ինչի՞ համար է, քիչ առաջ ասացիք, որ գրոհայիններից եք պաշտպանվում, իսկ հիմա ասում եք` խաղաղ է:
— Այո՛, խաղաղ է, սա անկանխատեսելի դեպքերի համար է, այստեղ գրոհայիններ չեն գալիս, բայց ապահովության համար պաշտպանվելը չի խանգարի:
— Չասացիք` քաղաք ինչպե՞ս հասնեմ:
— Եթե Բերբերան նկատի ունեք, պետք է ասեմ, որ արդեն անցել եք: Եթե Հարգեյսան` ուրեմն հարավ-արեւմուտք պետք է գնաք, եթե Մոգադիշոն, ապա պետք է անդադար գնաք արեւելք ու հետո` հարավ, միգուցե մի քանի ամիս հետո տեղ հասնեք, եթե, իհարկե, ողջ մնաք: Ես ջուր կտամ: Եկե՛ք ինձ հետ իմ թաքստոց, այնտեղ հով է:
— Այդքան հեռո՞ւ է Մոգադիշոն:
— Իհարկե, այդ ի՞նչ է պետք այնտեղից, որ այստեղ չկա:
— Չգիտեմ:
— Ուրեմն եկե՛ք:
Սահմանապահը նստեց ուղտը, ինձ էլ ձեռքով կանչեց: Անկեղծ ասած, ոչ մի կերպ չէի համոզվում, ասես ծովագնացի տարօրինակ պատմությունը շարունակվում էր: Այդ ուղտավորը` սեւ փողկապով ու սպիտակ վերնաշապիկով, ավելի շուտ, տեսիլքի էր նման, քան իրական սահմանապահի: Սակայն այլընտրանք չունեի: Ամայության մեջ ավելի լավ էր զրուցել թեկուզ տեսիլքի հետ, հատկապես, որ նա հասկանում էր ինձ:
— Որտե՞ղ է Ձեր թաքստոցը,- հարցրի:
— Մի քանի կիլոմետր այն կողմ: Հեռու չէ: Շուտ կհասնենք:
— Անգլերեն որտեղի՞ց գիտեք:
— Այս երկրում բոլորը գիտեն:
— Բայց որքանով տեղյակ եմ, Սոմալիի պետական լեզուն սոմալերենն է ու արաբերենը:
— Ճիշտ է` Սոմալիի,- շեշտելով ասաց:
— Դուք ազգությամբ ի՞նչ եք:
— Սոմալիցի:
— Ուրեմն Դուք էլ պետք է իմանայիք սոմալերեն ու արաբերեն:
— Գիտեմ: Բայց այս երկրում օտարների հետ անգլերեն ենք խոսում:
— Քաղաքում իսկապես վտանգավո՞ր է,- հարցրի:
— Ես անվտանգ տեղ չգիտեմ այս մոլորակում:
— Ինչո՞ւ ինձանից փաստաթուղթ չպահանջեցիք:
— Ինչի՞ս է պետք:
— Եթե սահմանապահ եք, ուրեմն…
— Եթե ուրիշ սահմանից մուտք գործեիք, այնտեղ Ձեզ ներս չէին թողնի: Հազար անգամ կքննեին, տասնյակ փաստաղթեր կստուգեին: Բայց ինձ մոտ ամեն ինչ շատ ավելի խաղաղ է: Ժամանակն է, որ ազատ մտածենք:
Ուղտը դանդաղ էր քայլում, նա էլ էր իր տիրոջը թերահավատորեն նայում: Սահմանապահը, որը հատուկ չներկայացավ` վախենալով, որ կմատնեմ իրեն, ինձ խնդրեց մի քանի րոպեով մենակ մնալ ուղտի հետ, որ գնա` իր թաքստոցը կարգի բերելու: Նրա կարծիքով տգեղ է, երբ հյուր ես ընդունում` առանց նախապես պատրաստվելու:
Ես մոտ տասը րոպե սպասեցի: Թաքստոցն ինձ ծանոթ տեսք ուներ, նմանատիպ տնակներ ես տեսել էի Չադում, սակայն միայն արտաքինից էր նման: Ներսում փոս էր` մոտ 1,5 մետրանոց ու աստիճան: Քաղաքակրթությունից հեռու, աշխարհից կտրված մի վայր էր:
— Մի՛ զարմացիր, աչքդ սովոր է շքեղությանը,- ասաց սահմանապահը:
— Չեմ զարմանում, արդեն սովոր եմ,- ասացի:
— Նման բաները հիշողությունից դուրս չեն գալիս,- նա իջավ փոսն ու այնտեղից շարունակեց,- ուրախությունը շուտ է անցնում, բայց տխուր պահերը երկար են մնում,- ձեռքին մի կապրոնե շիշ ու երկու բաժակ բռնած` բարձրացավ փոսից,- վերցրու՛, խմի՛ր: Եռացրած է: Արեւի տակ է մնացել:
— Անվտա՞նգ է:
— Ես միշտ խմում եմ, սա հին ձեւ է, քանի որ հոսանք չկա, արեւի տակ ենք դնում, մի քանի օր մնում է, վնասակար մանրեներն իջնում են շշի հատակը, վերեւի մասը կարելի է խմել:
Խմեցի: Ավելի լավ էր` եւս մեկ օր ծարավ մնայի: Ջրից քիմիական համ էր գալիս:
— Ուրիշ հյուրասիրելու բան չունեմ:
— Կարիք չկա,- ասացի:
Սահմանապահը շիշը վերցրեց ու կրկին փոսն իջավ: Ինձ համար տարօրինակ էր, որ նա չէր հարցնում, թե ով եմ, ուր եմ գնում, ինչու եմ եկել: Նրան ավելի շատ հետաքրքրում էր իր կյանքը:
— Այստեղ ձկնկուլներ կա՞ն,- հարցրի:
— Այո, ամաչկոտ ձկնկուլները: Բայց այս կողմերում չկան:
— Ես տեսա այսօր մեկին: Նա հողի մեջ փոս փորեց, հետո բերանից մի քանի ձուկ թափեց փոսն ու ծածկեց այն:
— Հա՛, իմացա, հավալուսն է եղել: Այստեղ երկու տեսակ կա` վարդագույն պոչով եւ սպիտակ: Քո տեսածը սպիտակն է եղել:
— Հավալո՞ւսն:
— Այո՛: Մի զարմացիր, նա ձկներով է սնվում:
— Բայց հավալուսները կենդանի ձուկ են ուտում, չէ՞:
— Այո՛:
— Իսկ իմ տեսածը՝ ձկները թաղեց հողի մեջ:
— Բնական է,- բարձրացավ փոսից ու նստեց կողքս,- շատ սովորական սպիտակ հավալուսն է եղել, որը բնակվում է Սոմալիում: Տեսնո՞ւմ ես այս փոսը:
— Այո՛:
— Գիտես ի՞նչ է այնտեղ:
— Ի՞նչ:
— Իմ ունեցվածքը: Ինչ ունեմ, այստեղ է` փոսի մեջ: Պաշար եմ հավաքել:
— Հետո՞:
— Սոմալիում կենդանիներն էլ են այդ մասին մտածում: Հանկարծ ամեն ինչ կարող է փոխվել: Այստեղի կենդանիները շեղվել են էվոլյուցիայի բնական հունից:
Սահմանապահի ասածները փոքր-ինչ անմիտ էին թվում ու չափազանցված, բայց մյուս կողմից ես հիմք չունեի չհավատալու, քանի որ ինքս էի տեսել:
— Եթե ծառերն էլ հնարավորություն ունենային, գետնի տակ կաճեին,- ասաց:
— Ինչո՞ւ:
— Այդպես ապահով է:
— Իսկ թիթեռներ կա՞ն այստեղ,- հարցրի:
— Այդ մեկը չգիտեմ:
— Ինձ մի ծովագնաց պատմեց, որ այստեղ վայրի թիթեռներ չկան,- ասաց,- գրոհայինները վախենում են:
— Երեւի մոծակներին է նկատի ունեցել: Մոծակներ կան, բայց թիթեռների չեմ հանդիպել: Դա ի՞նչ նկար է:
— Ծովագնացն է նկարել: Նա ասաց, որ Սոմալին վտանգավոր երկիր է, ամենուրեք գրոհայիններ են («ծովահեններ» հատուկ չասացի), այստեղ էլ մի նկար է պատկերել: Վեց բեռնատար է:
Սահմանապահը երկար նայեց տախտակին, հետո հարցրեց.
— Երկինքը ներքեւում է նկարված:
— Հետո ի՞նչ:
— Նկարողը երեւի կույր է եղել:
Հանկարծ հիշեցի Աբդի Ազիզի մռայլ աչքերն ու հեռադիտակը:
Սահմանապահը լավ հյուրընկալեց ինձ, թեեւ շատ հարցեր այդպես էլ անպատասխան մնացին: Ես պետք է գնայի. շուտով գիշեր կլիներ, պետք է քաղաք հասնեի: Սահմանապահի խոսքերով, նա գիտեր բոլոր անվտանգ ու կարճ ճանապարհները, նա ցանկացավ ուղեկցել ինձ մինչեւ Հարգեյսա, բայց խնդրեց, որ իր մոտ գիշերեմ ու միայն առավոտյան ճանապարհ ընկնեմ, քանի որ գիշերով չափազանց վտանգավոր է:
Գիշերեցի նրա նեղ ու խոնավ մահճակալին: Առավոտյան ճանապարհ ընկանք: Մենք ուղեւորվեցինք դեպի հյուսիս-արեւմուտք, սահմանապահը, չգիտեմ որտեղից, ամենագնաց մեքենա էր ճարել: Ճանապարհին ոչինչ չասաց: Լուռ էր` իր ուղտի պես: Ես էլ չխոսեցի:
Սոմալի այցելությունս, հավանաբար, ամենադժվարն ու բարդն էր: Թեեւ մոտավորապես պլանավորել էի երթուղիս, բայց Սոմալիում ինձ ոչ մի տեղ գնալ չհաջողվեց. այն ասես փակուղի լիներ, որտեղ շատ դժվար է ներթափանցելն ու նույնքան դժվար` դուրս գալը:
Երբ տեղ հասանք, թեեւ դեռ պարզ չէր, թե Հարգեյսաից ինչպես եմ դուրս «սողոսկելու», սահմանապահն ասաց.
— Իրականում այս ամենի մեղավորը եղջյուրն է*2:
— Ի՞նչ եղջյուր,- հարցրի:
— Եղնիկի,- ծիծաղելով ասաց:
Միակ բանը, որ այդ պահին մտածում էի, Սոմալիից դուրս գալն էր:
Հրաժեշտ տվեցի նրան: Շոգ էր, արեւը երկնքում մենակ էր: Մի պահ թվաց, թե նա էլ է թաքստոց գտել, բայց լավ էր, որ այդպես չէր: Ճամփեզրին ժանգոտած մի ցուցանակ էր, վրան գրված էր` Սոմալիլենդ*3:
Հեռվում խորդուբորդ ճանապարհ էր, որի վերջը չէր երեւում: Հանկարծ ծուխ նկատեցի: Անիվների տակից վեր թռչող ավազահատիկներն էին: Քիչ անց մի բեռնատար տեսա, որին հաջորդեց եւս մեկը, հետո` մյուսը ու այդպես` վեց բեռնատար, որոնք իրար ետեւից եկան ու դիմացովս անցան: Բեռնատարներում զինված տղամարդիկ էին` նման Աբդի Ազիզ Մուխտարի պատկերած ծովահեններին:
Գրոհայինները բեռնատարի թափքում, գլխաշորերով փաթաթված, խիտ-խիտ նստել էին, զենքերն ամուր բռնել ու մեքենայի թափից ճոճվում էին: Նրանցից մեկն ինձ նկատեց, ժպտաց ու ձեռքով արեց…
Ծանոթագրություն
*1 Երկու ընձառյուծներ` դեմ առ դեմ կանգնած, ու նրանց միջեւ` ոսկե թագ, թագի մեջ` կապույտ ֆոնում, սպիտակ հնգաթեւ աստղ. Սոմալիի զինանշանն է: Մոտավորապես նմանատիպ պատկեր էր նկարված Աբդու Ազիզ Մուխտարի նավակին:
*2 «Աֆրիկյան եղջյուրը» աշխարհագրական տեղանվանում է: Ներառում է Եթովպիայի արեւելյան մասը, Էրիթրեան, Ջիբութին եւ Սոմալին, որը գտնվում է ամենաեզրային մասում: Եղջյուր բառը նաեւ կապվում է կոտոշի հետ` նկատի ունենալով բոլոր անհաջողություններն ու դժբախտությունները:
*3 Ինքնահռչակ պետություն է, որը գտնվում է Սոմալիի հյուսիս-արեւմտյան մասում` (Աֆրիկյան եղջյուրում*2): 1991թ. մայիսի 18-ին տարածաշրջանի բնակիչներն իրենց անկախ հռչակեցին: Սակայն ոչ մի միջազգային կազմակերպություն եւ պետություն չեն ճանաչել նրա անկախությունը:
Սոմալիլենդի տարածքը կազմում է շուրջ 134 հազ. կմ2, բնակչության թիվը` մոտ 3,5 մլն մարդ (2005թ.), Սոմալիլենդում բնակվում են սոմալիցիներ:
Բացի Սոմալիլենդից` Սոմալիում կան եւս մի քանի ինքնահռչակ տարածքներ, ինչպիսիք են` Մակհիրի նահանգը, Փանթլանդը, Գալմուդուգը եւ այլն: Բոլորը լարված հարաբերության մեջ են գտնվում Սոմալիի հետ: Երկրում ներքաղաքական պատերազմներն ու խռովությունները շարունակվում են մինչ այսօր:
Անկախությունից հետո (հունիսի 26` Անգլիայից, եւ հուլիսի 1` Իտալիայից 1960թ.) նախագահ Սաիդ Բարթեի գլխավորությամբ, Սոմալիում բռնությունները շարունակվեցին:
1991թ-ից ի վեր Սոմալին չունի գործող կառավարություն: Միջազգայնորեն ճանաչված կառավարությունը ղեկավարում է երկրի հարավի մի մասը` ներառյալ Բայդաբո քաղաքը: Սոմալին այժմ համարվում է խիստ անկայուն եւ վտանգավոր պետություն: