Գլուխ 1
Էգը թռավ բերանից, լվացած էմալների ճաքերից, մատնահետքերից, վիրավորանքից, կրքից, պտղաբերության անհրաժեշտությունից, մահվան անկարելությունից: Ոտքի բթամատերը կտրիչներով պահած` կսպասի այնքան ժամանակ, մինչև… Բայց աշխարհը կործանման վտանգի մեջ էր, դեռ չսաղմնավորված: Ուրեմն, անիմաստ է պահել էգին, էն էլ` կտրիչներով, էն էլ` ոտքի բթամատերին կանգնած:
— Վերջ:
— Ինչի՞ն:
— Կարոտելուն:
— Ինչի՞ համար:
— Մայրամուտը անրակի կոտրվածքով տեղափոխվեց հիվանդանոց:
— Ես… ես միայն ատամներով եմ համբուրվում: Հա, ներողություն խնդրելու սովորություն չունեմ, ինձ հրեշտակներն են դաստիարակել:

Սա տեսակ է: Դեռ հոր ամորձիներում չձևավորված իր կեսը գիտեր էս մասին: Գիտեր նաև մոր հետ ծնված այն ձվաբջիջը, որը պիտի հասունանար` հրեշտակաթև սերմի գրոհին դիմանալու ու պարտվելու համար: Երբ կառաջանա փրկվելու անհրաժեշտությունը, կծնվի սա` տեսակը` չհորինված ու մոռացված:
Մայրամոտ էներգիան կջանա որևէ պատմության հստակորեն զարգացող գիծ պահել, կձգտի պարզության, բյուրեղացման, խտախոսության: Ինչքա՜ն ավելորդ բառեր են ոչնչանում` ծնվելով: Բառը. սիրելի բառը…
Բառը քաղաքակրթության զարգացման պատմության ամենաանկեղծ կրիչն է, որին չհարգելը մեզ բերել հասցրել է այս օրվան, ոչ թե վաղվա: Դու կհիշես «ՍԵՐ» բառի նախահիմքը. ընդամենը մի պարզ հնչյուն էր, որով որսի էին գնում մեր բրդոտ պապերը:
Մեր բրդոտ պապերը սովորական «Հը՜»-ն ավանդեցին մեզ. բայց մինչ մեզ հասնելը, նա անցավ մի հսկա  (մեր խղճուկ տեսողության համար հսկա) ճանապարհ, տվեց, առավ, ու հիմա, մենք շա՜տ հանգիստ ասում ենք «Սեր», առանց մի վայրկյան զգալու, թե ինչ պատմություն, ինչքան տեղեկություն արտաշնչվեց միջավայր:
Շրջակա միջավայրի պահպանության համար կատաղի մարտեր մղվեցին. արդյունքում` հաղթեցին շրջակա միջավայրի պահապանները և սկսեցին պահպանել կատաղի մարտերից ավերված շրջակա միջավայրը:

Գլուխ 2
Անքնությունը գտնվում էր արևային հյուսակում, կրծոսկրը կրծելով: Նա մատնաթմբերով շոյում էր նրա շրջակա միջավայրը, որ պտտվի անքնության երկրորդ գլուխն ու երեխան քնի: Մատնաթմբերն ինչպես մոլորակներ էին դրսևորվում: Մոլորակներից կային դմբրած կոչվածները, կային ամենահոյակապներն ու կար մտածողը, որ հերթական միլիոներորդ պտույտից հետո գտավ պահն ու հրեշտակաթև սերմի նման մխրճվեց հյուսակի մեջ: Դմբրածները չիմացան, ամենահոյակապները հիացան, զարմացան ու նախանձեցին, իսկ մտածողն իր գործն էր անում: ՆԱ շարունակում էր պտտաշոյանքը` կորցրած մատնեմատով: Մտածողը ստանալով ուզածը, տալով իրեն տրվածը` վերադարձավ ուղեծիր: Ձևավորվում էր սաղմը` արտաքին մարսողության նման: Ձևավորվում էր պտուղն ու լսում Նրանից բոլոր քաղաքակրթությունների թվաբանական հարաբերակցության անհրաժեշտության պատվիրանները, էդքան էլ լավ չէր հասկանում, բայց զգում էր, որ մի բան էն չի: Հիշեց. նա մոռացել էր իր թևերը, իր հրեշտակային բմբլաբարձը, առանց որի քնել հնարավոր չի: Նա այլևս անքուն էր: Երեխան շուտով կծնվի: Մատնահետքի փոխելն անգամ չի խաբի նրան: Ես անքուն եմ: Չի օգնում անգամ սրտի անուղղակի մերսում` կրծոսկրին մոտ, անքնության դեմ:
Երեխան ծնվեց:
Շարունակելի…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն