Հաղորդագրություն եկավ` քաղաքը փախչում է, լոզոտ շուրթերի արանքում մարդը փախչում է: Մի բերանից մյուսն անցնող թուքը փախչում է: Շնորհանդես էր: Գրքի: Փախչող քաղաքի: ՆՓԱԿ-ի բակում: «Մելամաղձ» արձանի դիմաց: Որպեսզի օրիգինիալ լինի շնորհանդեսի մասին գրվող տեքստը, պիտի ՓԱԽՉԵԼ բառը քիչ օգտագործես:
Յոգուրտ խմել-կարդալով, ահա` ծիծեռնակները փախել, եկել տատու մազերի մեջ ձագ են հանել: Հետո, երբ «շպիլկան» քթին մարդու տեսքով տորթն ուտելիս նայեցի` գրքի էջերը փախած ծիծեռնակներ դարձան: Հովհաննես Թեքգյոզյանն ասում է` լեռան վրա փախած Հիսուս կա: Հաստա՛տ կա:
Անտարեսի գրքերի վաճառողն արագ-արագ փողերը հաշվեց, մեկն էլ, հեռու մեկը` ծածուկ գիրք թռցրեց:
Ոտքերդ հեռացրու իրարից: Մեկն ապօրինաբար փախած գալիս է: Ու էլի Հովհաննես Թեքյոզյանը հայտարարում է`Մեր իրականության մեջ գրողը յալանչի է ու ծաղրածու, ու նա միշտ քայլում է բարակ ճոպանի վրայով, որն իրականում մեծ անդունդ է, և փորձում է չընկնել այդ անդունդը: Հենց այդ պահին էր, էլի թերթվեց գիրքն ու մոր հոտը հուշտ եղած եկավ-ծվարեց նրա ներսում: Հա՛: Մազերի հետ ուղեղն էլ էր անհետացել, այսինքն իրար հետ «գործագործ» էին խաղում:
Վեպում ամեն ինչ էնքան խնդալու ու հավանական էր, որ շատ արագ կարող էին փչել պահպանակներն ու… թռռռ, օդ… ծիծեռնակների հետևից: Ոտքերն էլ էնքան են փախած, որ ութոտնուկներ դառնում, անընդհատ: Իսկ ծաղրածուի դիմակի տակ դեմքը հայտնվում-անհետանում է պատկերային ռիթմի մեջ: Էէէ, մտածում ես` լավ, քաղաքից փախար, քեզանից ուր ես փախչելու, ընկեր: Թեքգյոզյանը վստահ է, որ արձանները խոսում են, թե՞ հակառակում էր վստահ: Ինչևէ: Գիրքը վաճառվում է քաղաքի փոքրաթիվ գրախանութներում:
Նառա Վարդանյան