Երբ քեզ լքեցի
ամենասառը ծովի ամենաթաց ավազի վրա,
ճանկռեցիր թևիդ տակ,
որ հիշես այդ օրը ընդմիշտ,
գոնե ցավը` անհասկանալի, թմրեցնող,
իսկ ես հայացքդ կհիշեմ.
ժպտում էիր ճանապարհին ինձնից սկսվող:

Երբ ինձ մոռացան
ամենաբարձր ծառի ամենաբարձր ճյուղին,
նայեցի ներքևում անվերջ փոքրացող մարդկանց
ու հավատացի, որ թևեր ունեմ,
և աշնանը տերևների հետ
սահուն հասա գետնին:
Իսկ ճյուղը ամենաբարձր ծառի
նայեց ինձ հարազատի պես,
ում հետ հորինել էր հարյուր երկինք,
հարյուր երգ չվող ամպերի մասին,
ու ժպտաց ճանապարհին մեր մեջ ձգվող
ու մարդկանց անվերջ փոքրացող:

Երբ թողեցինք նրան
նոր ներկված մոլորակի վրա,
որ հոտով, բնազդով գտնի մեզ կամ էլ կորչի,
նա չնայեց անգամ իմ ու քո ետևից
և գլխիկոր դուրս սահեց կտավից:
Նա դրեց կտավը՝ երկուսիս թևի տակ
ու հանդարտ,
ոչինչ չկորցնողի քայլվածքով,
հանդարտ,
ոչինչ չգտնողի հուսահատությամբ
մերկ փողոցներով,
մերկ ծառերի արանքով
համրաձայն
գնաց աղբանոց:

* * *
Դուռը փակել եմ վրադ ու հեռացել,
այսօր առավոտյան հիշեցի:
Դու երևի կերել ես արդեն
պատի բոլոր նկարները,
իրար վրա շարված գրքերի կազմերն ես կերել
(ամենահամեղ մասը վերջին տվյալներով)
ու դռներն ես կերել բոլոր.
ո՞նց պիտի հիմա դուրս գաս:
Ես դուռը կողպել եմ վրադ, բանալին տվել եմ քեզ
ու հեռացել եմ քեզ շատ լավ հայտնի ուղղությամբ:
Չեմ սպասել, որ կգաս,
չեմ ուզել, որ գաս,
ու չես եկել:
Կոստյումներս ես հերթով փորձել,
առաստաղը բարձր էր շատ
փողկապով կախվելու համար:
Գոնե պատերը մի կրծիր.
ոչինչ, որ տանիքը կընկնի վրադ,
ուղղակի լիքը դռներ կբացվեն,
ու չես իմանա՝ որով դուրս գալ:

* * *
Աշխարհն, այնուամենայնիվ, մի տախտակ է
ծուլորեն քայլող կրիայի վրա տարուբերվող,
ու պատերազմներ հաղթած,
ավարով վերադարձած ոտքերս
անդունդի վրա կախվել
ու չեն զարմանում:
Տախտակը կորացել,
իր հետ ապրող կրիայի ձևն է ընդունել
ու մոռացել է իր տախտակ լինելը:
Բայց ես հո գիտեմ,
որ վերջանում ես դու մի տեղ, աշխա՜րհ,
ու հետո միայն … կրիան է:

* * *
— Հուդան դո՞ւ ես,-
խոստովանություն սպասող անհամեստությամբ
շշնջաց տղան,
ու դու ուսերդ թոթվեցիր
քո ու Հուդայի
հերթական անպատշաճ նմանությունից:
— Հուդան դո՞ւ ես,-
հարցնելով պնդեց տղան՝
կոշիկներիդ մեջ անգամ
խոսքերի հաստատումը փնտրելով:

Տասներեքի մասին խոսելուց հետո
դու սովորաբար հիշում էիր նրան՝
ու թաց էին շորերը ջրերի միջով անցնելուց հետո,
ու տաք էր մարմինը նոր թխած հացի պես:
Տասներեքի մասին լռելուց հետո
սովորաբար կրկին գտնում էիր նրան՝
կրակի միջով անցավ՝ չայրվեց,
պատռեցի՝ դեռ կա,
խմեցի՝ չվերջացավ:
Ճանապարհը փշերով ծածկեցի,
որ չգտնի ինձ,
երկնքից արևը ջնջեցի՝ չարթնանա,
բայց հայտնվեց դիմացս՝
Հուդան դո՞ւ ես:

— Նա էր,- նետեց տղան
ձեռքերն առաջ պարզած ամբոխին,
ու սիրեցին իրար քսանինն արծաթ
իմ խորը, անհատակ գրպանում:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն