Սիրելի՜ս մենք ատում ենք ամառը,
Դու ատելով ծով ես գնում,
Որ պատարագ մատուցես նրան:
Ես այստեղ խելագարվում եմ խնկարկված օդից,
Այդտեղ մաքրում ես ջրով քեզ ինձնից:
Ես կաղոթեմ այնժամ,
Երբ կփակվեն եկեղեցու դռները,
Կգնամ միայն, երբ ծովը զգա իմ կարիքը:
Դու խեղդվում ես օդում ցանկությունից,
Ծովի, եվ իմ բառերով խնկարկվելուց:
Բայց սիրելի՜ս,
Ես այս դամբարանում
Երեք ամիս չեմ դիմանա,
Ես կնեխեմ իմ ամրոցում:
Քո ծովածոցում դեղին է ծովը:
Ետ չգա՛ս հանկարծ կանաչով պատված:
Գիտե՞ս, սիրելիս, ես այդպես էլ
Չգնացի իմ թշնամու հետ հանդիպման,
Որովհետև կամ մահանալ
Կամ լեշ փռել ծովածոցին,
Եվ պատահմամբ հանդիպել քեզ,
Կապտականաչ ձեքերով:

Եվ սիրելիս,
Ես պաշտում եմ այս բառը,
Քանզի չսիրելու տեղը վաղուց միայնակ է:
Եթե հանդիպենք, ինչպես հարկն է,
Կգնանք այնտեղ, որ լրանա վերին հարկը
Քեզ հետ հիմա այնքան բարդ է
Տուն կառուցել առաջինում
Եվ լրջանալ վերջինի պես:
Երբ դրված է արդեն քարը
Եվ մարդիկ են բնակվում:
Բայց սիրելի՛ս,
Արի դրսում մենք մնանք,
Որ քեզ ինձ հետ ես կործանեմ`
Մի քիչ հետս հանգիստ մնամ:
Արի, որ ոգեկանչենք
Ձմռանն ու տանենք մեզ հետ,
Ուր որ գնանք,
Եվ ներսից մեզ նախանձենք,
Հարկերի մարդկանց դեմքով:
Նրանց ներսով կոտրենք,
Այն ինչ փշրվող է,
Մեզ հետ քայլող ձյան փաթիլով
Փափուկ թելով
Կտրենք մեր ներսի թելերը
Կապենք և վեր բարձրանանք,
Որ չփլվի վերջին հարկը:
Միայնությունից,
Անտեր տեղը
Անտեղ տիրոջը
Չխղճա
Եվ ժպիտով,
Եվ մկրատով
Կտրի նրան տանող թելը
Եվ ինձ պառկած քեզ ընծա տա:
Միայն թե երկու օրով:

Ա՜խ, սիրելիս,
Այնքան լիքն էր
Ներքև տանող այդ Ճամփան,
Ո՞վ է ասել, թե արագ է
Հասնում պահը հանդիպման
Չոր ասֆալտին:
Կյա՜նքն է արագ
Սիրելի՛ս,
Եվ այնքան կարճ,
Որ իմ կադրերի թիվը`
Վար ընկնելիս,
Բաց թողեցին կյանքիս ֆիլմը:
Միայն թե քեզ չտեսա:
Եվ ների՛ր ինձ,
Որ այս խոսքը ասելիս
Չմանրեցի քո առաջ
Պատկերները անցյալիս:

Էլ մի՛ հարցրու`
Ինչ եմ զգում
Այդքան հեռու գրելիս,
Քանզի խորթ է, սիրելի՛ս,
Ինձ այդքան մոտ զգացածը:
Քանզի արդեն խորթ են նրանք,
Ովքեր կորցրին զանգվածը
Ինձ հետ նժարին լինելու
Եվ ինձ վերև բարձրացրին
Ասելով, թե ծանր է քաշը:
Վեր բարձրացրին,
Իրենց գլխից
Եվ պտտեցրին
Փողոցով մեկ,
Ասելով, թե շատ էր մաշվել:
Բայց, սիրելի՛ս,
Մի՞ թե ապրելով այդքանը
Ես ջանացի միայն լցնել`
Ոտքով սեղմել
Թեթև կյանքը,
Որ ծանրանար ու գլորեր
Միայն վերև:
Ո՛չ սիրելիս,
Ես այդքան չէի նախատեսել
Ավազներով խաղալիս
Կամ արգանդում լողալիս
Այդքանը չէի մտածել,
Դրսի ձեռքով սիրվելիս:
Ինձ շոյելիս չէին զգացել
Ոտքի հարվածներս,
Որ ջանում էի հեռու պահել,
Ոչ թե կանչել
Խուլ ականջը:

Տե՛ս, խեղդում է ինձ այս հազը,
Ինչ-որ բաներ ասելով,
Բայց ո՞վ տարավ
Սիրելի՛ս,
Իմ ականջը
Իմ բառերը չլսելով:
Ներսի ձայնը նայում է ինձ
Ինչպես մենք և երկինքը,
Միայն հա՛զ ենք և մենք էլ,
Եվ թոքաբորբ մեր միտքը
Թույլ չի տալիս ինձ խոսել:
Կապույտ, ինչպես երկինքը,
Ներսիս ցավը խոսելով
Կորցրել է իր ձիրքը
Կեղծերի մոտ վազելով,
Սրան-նրան լափելով:

Ու՞ր է ծովը, սիրելի՛ս,
Որը խեղդվել էր իմ մեջ,
Եվ ատելով քո ամառը,
Խեղդեցի նաև իմը,
Որ չնայեր մերթ աչքերիս
Մերթ իր միակ սիրածին,
Որ չվերցներ սուր մի բան
Չպառկեր նրա կողքին:
Ձեռքիդ հացը դու՛րս շպրտիր,
Որ կտրվի մարդու լացը,
Նա գոռում է միտքը թաց է,
Հացը լափի մեջ մեռած է,
Միայն հեռու տար թասը,
Որ ուրիշի ուտելով
Չմարսվի ձեռքերիդ կեսը:

Ահա իմ առողջությունը
Այս տուփի մեջ սիրելիս,
Եվ իմ կյանքը անկափարիչ
Փռված երկրակեղևին:
Բայց սիրելի՛ս,
Ես հոգնել եմ
Սրա -նրա խոսքերից
Այս ու այն կողմ փախչելուց,
Եվ այն վախից, որ չարթնանա
Լռությունը իր քնից:
Դեղերը բեր, որ հաշվենք
Թվերով օրացույցի
Եվ իմ ափսոս օրերը,
Որ ջնջել էի կամովի:
Եվ իմ մռայլ օրերը,
Կարմրով օրացույցին
Սպասում էին իմ դատին
Եվ մի մեծ անակնկալ,
Կարմրատուփ տխրություն:
Դե՛, սիրելի՛ս
Գոնե մեկ բառ մի՛ ափսոսա,
Որովհետև քեզ տեսնելու
Ուրախ մտքից ես վերցրեցի
Մի կյանքակույտ նվիրելու:
Իսկ դեղե՛րը, սիրելիս,
Վաղուց լքել են տեղը,
Չհասնելով ուզածին`
Մոռացան իմ գլուխը:

Եվ պետք չէ հիասթափվել,
Քանզի մեր ծնունդը
Հիասթափություն է
Չլինելու կատարյալ փաստից:
Չնեղվելու, խեղճանալու
Փախչելու և դառնալու
Խորը վրիպումներից:
Քանզի կյանքը` սիրելիս,
Այնքան «բարի գտնվեց»,
Որ մեկ անգամ
Քո անունն իմ օրերում
Նույն տառերով չդաջեց:
Թե իմանայի, որ սա և նա
Հեռու ինձնից
Կամ շատ մոտ
Դու ես եղել և կլինես` սիրելիս,
Երբեք չէի վերադառնա
Չէի խաբվի հին գրչիս,
Այս դժոխքը չէի դառնա,
Չէի բացի դուռը մտքիս:
Քանզի գիտե՞ս, ես հոգնել եմ
Սրա-նրա խեղճ ծովից,
Ես կխեղդվեմ արևի տակ
Այստեղ-այնտեղ լող տալուց:
Այստեղ շնաձկները մեծ փորձ ունեն,
Կշտանում են
Քեզ հետ անցյալ կերտելուց:
Ես հոգնել եմ սրա — նրա ծով աչքերում
Ծարավ ու լուռ մնալուց:
Ես հոգնել եմ երկրագնդում
Սեփական ծով փնտրելուց,
Սեփականը լցնելուց,
Հին մարդկանց անուններով,
Շորերով ու դեմքերով,
Գրքերով, հայացքներով
Ես հոգնել եմ,
Այստեղ անծով խեղդվելուց:
Դու էլ, զգում ես սիրելիս,
Որ կապույտի իմ բաժինը
Բողոքում էր,
Խառն ու տաք գույներով
Ծովատուն կառուցելիս:


Բայց ու՞մ էր պետք,
Երբ ինձ կյանք ընծայեցիր,
Նոր ու ուժեղ գծերով,
Ինձ առանց քեզ թողնելով
Ինձ իմ առաջ կոփելով:
Եվ ու՞մ դեմ պատրաստեցիր,
Իմ շուրթերը առանց անունդ տալով:
Կյանքը կարճ է, սիրելիս,
Եվ կորցնելով քո տունը
Մտքերի ու իղձերի
Կորցրի նաև իմը,
Քո անունով ու ներսով:
Հիմա բարդ է, առանց քեզ
Գնալ թեկուզ սպանության,
Որովհետև իմ ձեռքերը` սիրելիս
Կապտականաչ մնացին
Քո անվան հիշողությամբ:
Ես գնում եմ, սիրելիս
Չգիտեմ` ուր, մենության,
Քանզի սուտ են մեկնումները:
Հրաժեշտն ու հակումները
Վաղուց իմ ներսում չկան:
Միայն շոյիր իմ սիրտը,
Կամ թույն լցրու,
Որ այս անգամ`
Քո անունը կրկնելուց
Չցավի իմ ծովի խորքը,
Կապտականաչ քո աչքերը
Այնտեղ փնտրել-չգտնելուց:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն