«…ես բարձն եմ թափ տալիս՝
բառաչելով «դո՜ւ»
ծովերից այն կողմ, անծայրածիր,
մթում ամբողջ մարմնով
դիմագծերը քո
կրկնելով իբրև ցնորված հայելի»:
Իոսիֆ Բրոդսկի,
«Ոչմիտեղից՝ սիրով»

Ես չգիտեմ, թե ինչը ստիպեց ինձ վերադառնալ: Պատճառն ամենևին էլ Պերսեիդների աստղաթափը չէր, որը տեսնելու համար ինձ հետ այս խունացած քաղաք էին եկել ընկերներս: Նրանք ցանկանում էին բարձր բլուրների գագաթներից հետևել Պերսեիդների անձրևային հոսքին ու, ինչպես համամարդկային ավանդույթն է պահանջում, երազանք պահել: Ինձ համար անցել էր արդեն չգիտեմ, թե քանի հարյուր տարի, թվում էր՝ մոռացության եմ տվել հեռանալուս ցավագին պատճառը: Հիշողությանս մեջ աղոտ դեպքերի մեծամասնության էությունը մնացել էր այդ ժամանակներում, և ես երբեք չէի ուզենա կրկին վերադառնալ: Ինձ համար կյանքի այդ փուլը քուն էր մտել գիտակցության ինչ-որ շերտերում և դրանով էր թույլ տվել ապրելու իբրև մարդ: Սակայն այդ խոր քուն մտածն ուր որ է պիտի թմբիրից արթնանար՝ հիշեցնելով այն, ինչը եղել ու անցել էր վատ երազի պես: Վերադառնալուցս երեք օր հետո ես հեռվից տեսա նրան, դաշտում միայնակ կանգնած էր: Կարծես ստվեր լիներ: Հավանաբար լսել էր, որ վերադարձել եմ: Քարացած կանգնած էր, գլխարկը ծածկում էր աչքերը, բայց թեկուզ միլիարդ տարի անցներ՝ ես վստահ էի, որ կճանաչեի նրան: Երեսին գույն չկար, շուրթերը սառած էին: Բայց այդ տեսարանում ինձ համար ամենադաժանն այն էր, որ ես չէի կարողանում հասկանալ՝ նա՞ էր ինձ համար ավելի սարսափելի, թե՞ ես՝ նրա: Այնպես էր կանգնած, ասես ոտքերն արդեն արմատներ են տվել, աշունը եկել ու անցել է կողքով, սառնամանիքը դանդաղ ճզմել է կյանքը, բայց ինքն ինձ էր սպասել ու սպասում: Սակայն պատմությունս այստեղ պետք է կանգ առնի: Հասկանալու համար, թե ինչ է եղել, ես պետք է կրկին Թեսևսի պես ձեռքս վերցնեմ հիշողության կծիկն ու քանդելով գնամ դեպի լաբիրինթոսի խորքերը, որտեղ ինձ սպասում էր սահմռկեցուցիչ իրականությունը: Կարծում եմ`պետք է հենց այդտեղից էլ սկսեմ, մեր լաբիրինթոսից…
Լաբրինթոսը արգելված վայր էր, բայց շաբաթվա մեծ մասը մենք այնտեղ խաղեր էինք կազմակերպում: Իրականում սպիտակ, բարձր պատերով, ահռելի չափերի հասնող շրջանաձև մի կիսակառույց էր դա, որ մենք անվանում էինք լաբիրինթոս: Հայտնի չէ, թե ով էր կառուցել ու երբ, միայն գիտեինք, որ շինարարական աշխատանքները ստիպել էին դադարեցնել քաղաքի հոգևորականները, որոնք միահամուռ եկել էին այն եզրահանգման, թե կառույցը փակելու է դիմացի բլրակի փոքրիկ մատուռի լույսի ճամփան: Մենք այդ բարձր պատերն օգտագործում էինք այնպիսի խաղերի համար, ինչպիսին էր, օրինակ, լավայից փրկվելը: Պատկերացնում էինք, թե սենյակների միջով լավա է հոսում, երեխաներից ամենափոքրին նստեցնում էինք կենտրոնական պատին, որը համեմատաբար ավելի բարձր էր: Նա պետք է ամբողջ խաղի ընթացքում նստեր ու սպասեր մեզ, որպեսզի գնայինք ու փրկեինք: Խաղը սկսում էինք աջ և ձախ կողմերից: Մագլցելով բարձրանում էինք բարակ ու նեղլիկ պատերի վրա և ցատկելով փորձում հասնել կենտրոն: Սակայն կենտրոնի ու մոտակա պատերի միջև հեռավորությունը շատ մեծ էր, և ցատկել կարողանում էին միայն տարիքով մեծերը, իսկ մյուսներն այդ համարձակ քայլին դիմելիս ընկնում էին, վնասում ծնկները, արմունկները կամ, ավելի վատ, դեմքը: Թերևս, փրկողի համար ավելի դժվար էր: Ըստ խաղի կանոնների՝ փրկողը պիտի նույն ճանապարհով ետ տաներ փրկվածին, որն էլ վերջում պետք է նրան հանձներ հաղթանակի պարգև սև քարը՝ օբսիդիանը: Մյուս խաղի համար «ոտք էինք գցում». երկուսով կանգնում էինք դեմ դիմաց ու իրար ետևից երեքական քայլ անելով՝ գալիս առաջ։ Ով բարձրանում էր մյուսի ոտքին՝ նա էլ հաղթում էր, իսկ պարտվողի աչքերը կապում էին, ու նա պետք է շոշափելով գտներ լաբրինթոսում թաքնված մյուս խաղացողներին: Խաղի կանոնների մեջ չէր մտնում պատերի վրա բարձրանալը, բայց ես ու Վիլը երբեմն դիմում էինք այդ խորամանկությանն ու վերևից փոքր քարեր նետում աչքերը կապված մեր ընկերոջ վրա: Առհասարակ, ահռելի գերիշխանության զգացողություն կար կանոնները խախտելու մեջ, ինչին ձգտում էինք բոլորս: Սակայն դա միշտ ճնշվում էր, խաղում՝ ուժեղների կողմից, կյանքում՝ մեծահասակների. չէ՞ որ նրանք էլ էին ուզում դա զգալ, բայց մեր միջոցով: Ես ու Վիլյամը նույն դասարանից էինք, իրար կողքի էինք նստում, օգնում էր ինձ տնային աշխատանքներում, միասին վիճում ու բարիշում: Դասերի ժամանակ մեզ հաճախ էին առանձնացնում խոսելու պատճառով, պատժում: Ես վաղուց էի հասկացել, որ պետք է միշտ ուժեղի կողմից լինել, այդպես ավելի ապահով էր, որովհետև երբեք չես կարող իմանալ, թե ով ինչպես է պատրաստվում իր գերիշխելու ցանկությունը բավարարել: Վիլին ոչ ոք չէր սիրում՝ ո՛չ դասարանում, ո՛չ էլ դպրոցում: Նա մշտապես խնդիրներ էր ստեղծում մյուսների համար, հատկապես՝ ուսուցիչների ու իր մոր: Հավանաբար պատճառն այն էր, որ իրեն ոչինչ դուր չէր գալիս, և նա դա բարձրաձայնում էր, իսկ երեխաներին առհասարակ արգելված էր բարձրաձայնելը: Վիլը ասում էր, թե բոլոր ուսուցիչները մեր կյանքում միշտ էլ բացասականի անքակտելի մասն են կազմում: Մեզ պոկում են բնական, մարդկային վիճակներից, փորձում ստրկացնելով փակել դասարաններում և սովորեցնել այն, ինչն անգամ իրենց պետք չէր: Ծնողներս արգելում էին շփվել նրա հետ՝ ասելով, թե վատ սովորությունների կծիկ է այդ տղան, և հետո՝ ես աղջիկ էի, ու ինձ «հարիր չէր նման ընկերներ ունենալը»: Հակառակ դրան՝ մի ինչ-որ հաճելի բան կար արգելքներին չտրվելու մեջ: Վիլն ասում էր, որ յուրաքանչյուր արգելք մեր անհատականությունը ճնշելու, չեզոքացնելու մի ձև է: Մենք պիտի շատ ավելին լինենք, քան այդ մարդիկ են ու իրենց արգելքները, սովորենք ամեն ինչ ու երբ մեծանանք՝ փախչենք այս քաղաքից: Ես չգիտեմ՝ մեր միջև ընկերությո՞ւն էր, թե՞ շատ ավելին: Ինձ դուր էր գալիս, երբ ճանապարհներն անցնելիս նա մեծի պես բռնում էր իմ ձեռքը, պաշտպանում բոլորից ու կիսվում իր գաղտնիքներով, իր ասած՝ տղայական, հերոսական պատմություններով: Ես որոշակիորեն հասկանում էի, որ ինձանից բացի ոչ ոք չէր տեսնում նրան այդպիսին: Այդ մարդու հետ իմ մեջ արթնանում էր սթափության զգացումից զերծ մի կեղծ բան, և աշխարհում եղած ամեն ինչ սկսում էր գրավիչ թվալ:
Այս տարվա գարնանը Վիլը ասաց, որ գաղտնի տեղ է հայտնաբերել ու ցանկանում է ինձ ցույց տալ: Հաջորդ օրը դասի գնալու փոխարեն միասին գնացինք իր, կարծես, նոր հայտնաբերած մայրցամաքը, որը քաղաքից դուրս էր գտնվում, և մենք պետք է երկար քայլեինք: Ես ոչ ոքի չէի ասել, թե ուր եմ գնում, ու այն վախից, թե ծնողներս կիմանան, սարսափում էի: Այդ վայրը նման էր մի տափաստանի, որն ասես դուռ լիներ անծայրածիր անտառի համար: Տափաստանում կոտրված, ժանգոտած ու մոռացված կարուսելներ կային: Վիլի հետ մոտեցանք այն մեկին, որը «Սատանայի անիվ» են անվանում: Կարուսելի նստատեղերի մի մասը կոտրված էր: Ուժեղ քամու դեպքում այդ հսկան դանդաղ, սարսափելի ճռռոցով պտտվում էր: Վիլն ինձ ասաց, որ սա հիմա իր ամենասիրելի տեղն է: Այստեղ ինքն ազատ է: Ես ամենայն ճշգրտությամբ հիշում եմ այդ օրը: Երբ մենք երկուսով, առավոտ կանուխ նստեցինք այդ կոտրված կիսանստարանների վրա և թույլ տվեցինք, որ քամին վերև բարձրացնի: Ըստ նրա՝ դա ճախրելու պես մի ազատություն է: Բայց հետո, երբ նկատեցինք, որ շատ ենք բարձրացել, ցատկեցինք, որովհետև երբեք պետք չէ հույս դնել քամու վրա: Չգիտես ինչու՝ ինձ թվաց, թե դա արդեն նաև իմ սիրելի վայրն է: Մենք այնտեղ շատ երկար չմնացինք: Փորձեցինք գործի դնել կարուսելներից յուրաքանչյուրը: Երբ հոգնեցինք՝ նստեցինք ճռռացող ճոճանակներին: Սկսեց անձրև կաթալ: Այդ պահին համակվեցի սրտաճմլիկ ու խղճալի մի զգացողությամբ, որի պատճառը Վիլն էր: Ես ուզում էի, բայց երբեք մինչև վերջ չէի նույնանում իմ ուղեկցողի հետ, և ազատությունն ինձ տրվում էր շատ կարճ ժամանակով: Վիլը ոտքերով ճիգ գործադրելով հրում էր արդեն ցեխոտ հողը՝ այդ կերպ արագացնելով ճոճանակի օրորը, որի անտանելի ճռռոցին մեր ականջներն արդեն սովորել էին: Նա ինձ ասում էր, որ պետք է հաճախ բաց թողնեմ իմ ներսի մարդուկին, որովհետև նա ամեն ինչ գիտի, ամեն ինչ փորձել է, նա ավելին է, քան ես:
Այդպես, անհասկանալի որոնումներով ու թափառումներով լի անցավ մեր գարունը: Իսկ հետո՝ նաև ամառը: Դա վերջին ամառն էր, որ ես անցկացրեցի քաղաքում, դա նաև վերջին ամառն էր, որ տեսա իմ Վիլյամին: Արձակուրդների ժամանակ ձեռք բերեցինք ընկերներ, որոնց հետ էլ ստեղծեցինք մեր լաբիրինթոսային խաղերը: Արդեն ունեինք արարողակարգ, որով սկսում էինք խաղերը: Մենք ամեն ինչ լավ մտածել էինք: Սակայն երկու մեծ արգելք կար. նախ` չէր կարելի գնալ լաբիրինթոս, որովհետև դա շատ վտանգավոր էր, երկրորդ՝ չէր կարելի խաղալ Վիլի հետ: Մենք թաքուն էինք կազմակերպում մեր խաղերը՝ օր օրի դրանց հնարքները կատարելագործելով, նորերը հորինելով: Այդ ժամանակ այնպես պատահեց, որ մեր թիմին միացավ մի նոր տղա՝ Դավիթը. նա տասնմեկ տարեկան էր, մեզանից երկու տարի փոքր: Դավիթին մեր ընկերական խումբ բերեց Վիլը: Նա մեզ ասաց, որ այսուհետ այդ տղան կլինի այն հերոսը, որին պետք է փրկենք, որի աչքերը կկապենք, ու նա կորոնի մեզ: Հրաշալի նորություն էր, քանի որ ոչ ոք չէր ուզում նստողի ու սպասողի դերում լինել և ոչ էլ աչքերը կապված փնտրել մյուսներին: Դա այնքա՜ն ձանձրալի էր: Դավիթը քիչ էր խոսում, համաձայնում էր յուրաքանչյուրի հրամանին, երևի չէր էլ գիտակցում, որ մյուսները նրան նույնիսկ ծաղրում էին: Թեև նա շատ ավելի լավն էր, գեղեցիկ ու մաքուր էր հագնվում, միշտ ժպտում էր, փորձում էր ցույց չտալ արցունքները, երբ վնասում էր ձեռքը կամ ոտքը:
Այդ օրվա խաղից հետո ես գնացի Վիլի տուն: Նա նոր դիսկեր էր գնել՝ հետաքրքիր արտասահմանյան երգերով: Խոստացել էր, որ վերջին հավանած երգը կմիացնի ինձ համար: Երկար փնտրեց ու գտավ, առանց անգլերեն իմանալու կրկնեց Styx-ի Boat On The River երգի բառերը, իսկ դրան հաջորդեց մի ֆրանսիական երգ, և մենք սկսեցինք խելագարի պես պարել: Այդ օրն իմ լավագույն հիշողություններից էր, որ մնաց Վիլից, հատկապես՝ Boat On The River երգով: Երբ պատրաստվում էի հեռանալ, ներս մտավ նրա մայրը, ոչինչ չասելով՝ բարկացած ապտակեց Վիլին: Դա վախեցրեց մեզ: Նրա մայրը հարևաններից լսել էր Վիլի նոր ընկերոջ մասին: Նա ասաց, որ Դավիթի հետ ընկերություն անելու լուրն ավելի մեծ հարված էր իր համար, քան ամուսնու դավաճանությունը: Կինը, լաց լինելով, խուճապահար քայլում էր, բացատրում էր մեզ, որ դա դավաճանության պես մի բան է իր համար: Հետո երկար լռեց, հավաքեց մտքերն ու արդեն հանգիստ ձայնով արգելեց մեզ շփվել այդ տղայի հետ, նույնիսկ խոստում կորզեց մեզանից: Ես չէի հասկանում, թե ինչու, բայց Վիլի պահվածքից երևում էր, որ նա ամեն ինչից տեղյակ է: Տուն գնալու ճանապարհին Վիլն ինձ ասաց, թե Դավիթը շատ լավ տղա է, ու նրա աչքերն իր հոր աչքերն են հիշեցնում, որ արդեն երկար տարիներ չեն էլ նայում իրեն: Դեպքին հաջորդող իրադարձություններն արագ զարգացան: Այդ շաբաթների ընթացքում նա հաճախ էր վիճում մոր հետ ու փախչում տնից, երբեմն էլ գիշերում անհայտ վայրերում: Ես աստիճանաբար ատելությամբ ու քենով էի լցվում Դավիթի նկատմամբ, ով հետզհետե դառնում էր բակի ամենասիրելի տղան, բոլորի ընկերն ու բարեկամը: Մի օր մայրիկիս հետ, գնումներ կատարած, տուն վերադառնալիս տեսա Դավիթին Վիլի հայրիկի հետ, ձեռքը բռնած, հեծանիվների խանութից դուրս գալիս: Դավիթն ինձ ձեռքով ողջունեց: Այդպես էլ նա բռնել էր Վիլի ձեռքը, երբ առաջին դասարան պետք է գար: Հաջորդ օրը Դավիթը մեր բակ եկավ նոր հեծանիվով ու ասաց, որ իրեն արգելել են հեծանիվը մյուսներին տալ, դա միայն իրենն է, և վախենում էր, որ այն կկոտրեն, իսկ այդ նոր մոդելի մասերից քաղաքում այլևս չեն գտնի: Խմբի տղաները միանգամից նրան վտարեցին ու արգելեցին մեզ հետ լաբիրինթոս գալ: Օրեր շարունակ Դավիթը մեզ թախիծով հետևում էր հեռվից: Վերջապես մի կողմ գցեց հեծանիվն ու եկավ խաղալու, բայց նրան չընդունեցին: Կարծեմ՝ այդ ժամանակ էր, որ երազ տեսա, թե, իբր, կռունկները թևերը բացած, երգելով, պար էին բռնել մեր լաբիրինթոսի շուրջը։ Նրանցից ամենափոքրը կանգնած էր կենտրոնական պատվի վրա, ու կտուցին կապված էր երկար, կարմիր պարանը։ Այդ կռունկն ամենասիրունն էր, նրա թևերն ամբողջությամբ ճերմակ էին: Կռունկների ամեն մի պտույտի հետ այդ մեկի վիզը կարմրում էր։ Արյունը հոսում էր փետուրների միջով ու թափվում պատերի վրայով, դառնում արյան ծով ու հոսում:
Մի անգամ, երբ օգոստոսն արդեն մոտենում էր ավարտին, Վիլի հետ գնում էինք լաբիրինթոս, և այդ ժամանակ Դավիթը մոտ վազեց ու ասաց, որ թաքուն կտա հեծանիվը քշենք, եթե մյուսներին համոզենք, որ իրեն կրկին մեր խումբ ընդունեն: Բակում միայն նա ուներ այդպիսի նոր ու ամուր հեծանիվ: Վիլն առաջարկեց այնպիսի տեղ գնալ, որ մեզ չտեսնեն, քանի որ տղային նույնպես խստիվ արգելված էր ընկերություն անել Վիլի հետ: Ես առաջարկեցի մեր սիրելի վայրը: Եվ մենք ճամփա ընկանք դեպի տափաստան: Տեղ հասանք ու համոզվեցինք, որ ոչ ոք չկա: Դավիթը Վիլին տվեց հեծանիվը, բայց, կարծես թե, դա նրան չուրախացրեց: Վիլը հեծանիվ քշել չէր ուզում և ղեկն ինձ մեկնեց: Ես էլ քշել չգիտեի, բայց շատ էի ուզում սովորել: Այդ պահին նկատեցի, որ նրանք միասին քայլում են դեպի «Սատանայի անիվը»: Երբ նրանք արդեն տեղավորվել էին փտած նստարաններին, ես մի կողմ գցեցի հեծանիվն ու վազեցի նրանց ուղղությամբ: Այդ օրվա մասին ես չեմ կարողանում մտածել առանց սարսափի: Անդադար փորձում եմ մտքումս իրերը դասավորել այնպես, որ դա տեղի չունենար: «Սատանայի անիվը» դանդաղ պտտվում էր, քամին այդ օրը սաստիկ էր, երկաթների ճռռոցն էլ՝ սովորականից ավելի անտանելի: Դավիթն ինձ նկատեց ու կտրուկ ոտքի կանգնեց, նրա ետևից՝ Վիլը: Մի պահ մեզ թվաց, թե անիվը ետ է պտտվում, բայց այն կանգնեց: Վայրկյան չանցած՝ Դավիթը բերանքսիվայր ընկավ, ու իմ հիշողության մեջ վառ մնաց Վիլի դեմքին նշմարվող նուրբ ժպիտը: Հետո քամին դադարեց ականջներումս սուլել, ճռռոցն ինձ չէր հասնում, խոտերը դադարեցին դողալ: Իսկ արյունը հոսում էր՝ հասնելով մաշված երկնագույն կոշիկներիս ծայրերին: Վիլը արագ իջավ, ու մենք վազեցինք դեպի քաղաք: Ամբողջ երեկո նրա սենյակում նստած, իբր, երգեր էինք որոնում, բայց այն, ինչ միացնում էր, չէր համապատասխանում մեր ներսի քաոսին: Վիլը սովորականից շատ տարբեր էր, բոլորովին այլ տեսք ուներ, և նրանից ինչ-որ հախուռն տագնապ էր հորդում: Արևն այդ օրը մայր մտավ սովորականի պես, իսկ հաջորդ օրը քաղաքում բոթը թնդաց: Իմ հեռանալու նախորդ օրը Դավիթի հեծանիվն ընկած էր մեր բակի խաղահրապարակի կենտրոնում. ասում էին, թե մայրն է բերել: Ոչ ոք այդպես էլ ձեռք չտվեց: Ծնողներիս վերջնական որոշմամբ մենք հեռացանք այդ քաղաքից, ու ես երկար ժամանակ օտարված մնացի այդ իրականությունից: Հիմա, ամբողջապես իմ մեջ խորասուզվելով, զգում եմ սարսափը, որը նորից գլուխ է բարձրացրել: Ես մոռացել էի իրեն, գուցե ինքն էլ՝ ինձ:
Ցավոք, այս տարի Պերսեիդների աստղաթափը չերևաց, հավանաբար՝ մռայլ եղանակի պատճառով: Ես ընկերներիս հետ երկու օրից ավելի մնացի բլրի գագաթին, քնեցինք վրաններում: Տուն վերադառնալիս էր, որ տեսա նրան. դա, անկասկած, Վիլն էր, թեև աչքերը չէին երևում: Հաջորդ օրը նա կրկին նույն տեղում կանգնած էր: Ընդառաջ եկավ ինձ ու ժպտաց: Մենք լուռ քայլեցինք դեպի այն տափաստանը, որտեղ նախկինում գտնվում էին կարուսելները: Վիլը պատմեց, որ այն դեպքից մեկ ամիս հետո բոլոր կարուսելները մետաղյա ջարդոնի են վերածել: Հիշեցրեց մեր միակ մատուռը, որի տանիքից ջուր էր կաթում։ Սկզբում բոլորը մտածում էին, թե դա սուրբ ջուր է ու չի վնասելու սրբավայրին, բայց տարիների ընթացքում պատերը մամռակալեցին, աղապատվեց տանիքը, ջուրը սկսեք կաթալ տարբեր տեղերից, ու վերջապես տանիքը փլվեց։ Ջրի հոսքը դադարեց, մնաց քարերի արանքում։ Մարդիկ մտածում էին, որ անգամ փլված մատուռից Աստված օրհնություն է ուղարկում։ Նրանք ջուր էին տանում, որպեսզի բուժվեին ու մաքրագործվեին։ Բարեբախտաբար, երբ նոր քաղաքապետ ընտրվեց, նա, ինչպես որ խոստացել էր, այդպես էլ վարվեց. կրկին ոտքի կանգնեցնել տվեց հավատքի տաճարը։ Նույն ծրագրի մեջ էր նաև մեր լաբիրինթոսը, բայց այն հիմնահատակ քանդեցին՝ վերածելով խաղահրապարակի: Շինարարական աշխատանքներին մասնակցել էր նաև Վիլի հայրը, ու հենց մեր լաբիրինթոսը քանդելու ժամանակ քար էր ընկել նրա վրա, ու մահացել էր:
Մենք քայլում էինք դանդաղ, տափաստանը արդեն քարքարոտ, օբսիդիաններով լի մի ամայի վայր էր դարձել, միայն կենտրոնական հատվածում ցայտաղբյուր էր դրված: Վիլը ասաց, որ սպասում էր ինձ, մենք, անկասկած, պետք է նորից հանդիպեինք: Պատմեց մեր քաղաքից, կարծես այնտեղ ոչինչ չէր էլ փոխվել: Երևի շուտով ես և նա, գուցե՝ միասին, ինչպես որոշել էինք նախկինում, ընդմիշտ կհեռանանք այստեղից: Օբսիդիանը, որը տարիներով կանգնած էր մեր կոկորդին, այժմ հնարավորություն ուներ դուրս թռչելու, ու մենք քայլում էինք երկար՝ զրուցելով հին ընկերների պես, չնկատելով, թե ինչպես ենք կորցնում քաղաք տանող միակ ճամփան: Գնում էինք դեպի մթամած անտառը: Դժվար է նկարագրել, թե որքան վայրի, դժնի ու մռայլ էր անտառն այդ, և ուր որ է պատրաստվում էր ձյուն տեղալ: Սահմռկեցուցիչ էր, հիշելն անգամ սոսկալի։ Դառնաշունչ ու ահեղ՝ մահվան պես…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն