Վերջապես ես մոտենում եմ մահվանն այն զգացողությամբ, որ գիտեմ նրա մասին ամեն ինչ. միայն փորձն է պակասում:
Գրողները տեսնում են փողոցն անցնող ոտաբոբիկ մուրացկանին կամ ցնցոտիներով աղջկան, ու բառը պապանձվում է, ու իրենք են դառնում մրսող մարմին ու ծակծկվող ոտք ու նախապատրաստվում ինքնասպանության:
Տեսանելի, ներքին աշխարհների հաղորդակցության մեջ իրենց պատկերում ենք ռեզոնանս` հրումների, հպումների մեջ: Մենք հակված ենք մտածելու, որ նրանք
կարող են ամեն ինչ իմանալ: Մենք պահանջում ենք, որ ապագայի դեր կատարեն կամ հայտնեն` ինչ է կատարվում երկրագնդի հակառակ կողմում:
Երբեմն դա հնարավոր է:
Մեծ մասամբ` անհնար:
Երբեմն հակառակվում են Աստծուն, քանդում տարբեր աշխարհների հնարավոր գոյության կապը, խախտում խաղի կանոնները. ինքնասպանությամբ:
Ու հենց այդպես` գոնե սեփական կյանքի տնօրեն լինելու գայթակղությունը թույլատրում է նրա (Աստծու) հետ վարվել
ցանկացած կերպ ու հրճվանքից ծափահարել երկինքներին: Ինքնասպան գրողն արդեն մերժել է նրա գոյությունը:
Ու հենց այդպես` գրպաններդ քար լցնես ու կոշիկներդ գետում կորցնե՞ս, թե՞ սիրուհիների հետ կախվես պատշգամբներում, թե՞ քաղցից շաբաթներով արյուն փսխես, թե՞ ծավալվես գնացքի ռելսերի վրա, թե՞ պարկերը քաշես գլխիդ ու խեղդամահ լինես, թե՞ պատուհանագոգին կանգնես ու թևերդ բաց մարմինդ փորձությունների տանես, ու քեզ բարձրից թվա` ձեռքերդ ու ոտքերդ հաստատ ձգվում են
բոլոր ուղղություններով… Ասես ծուղակված չարի ու մահվան մեջ, ինչը պատկերա­սրահում ցուցադրված կտավն է, որի առջևով անցնում են… Յուրաքանչյուրն ի՞նչ է տանում պատկերասրահից: Ով կժխտի, թե ամեն ոք կտանի իրեն հասանելին, որ բոլորովին նման չէ կողքից ընթացողի զգացածին: Այստեղ երևույթի ճանաչողությունն անցնում է հենց մեր ներաշխարհով:
Աշխարհն առանց ինձ էլ է առաջ գնում: Ի՞նչ է ինձ պակասում,-ասում է նա: Էհ, Վիրջինիա, դե՛ հավաքիր իրերդ, գնում ենք… Նկարված մարդը հեռու տարածության վրա կարող է իսկական մարդ թվալ, գուցե գետը, ուր գնում ես, նկարո՞ւմ ես տեսել:
Տաքն ու ցուրտն ինձ համար այլևս նշանակություն չունեն, թեև հիշում եմ, նախորդ անգամ ամենասկզբում ինձ թվում էր` ցուրտ էր, սակայն այդ զգացումն արդեն անցել է:
Բա ձեռքերի ու ոտքերի բոլոր ուղղություննե՞րը…

Մահասիրություն և մարդասիրություն
Ամեն մեռել զիս իրեն հետ կը թաղե
Իբր ողջ կուլամ, իբրև մեռել կ՚ որդնոտիմ…
Եղիա Տեմիրճիպաշյան

Եվ նա, երերալով, հիվանդությունից սմքած, կմախքացած, գոտին պարանոցին է ամրացնում… Նրա գոտու կորագիծը պիտի փրկի իմ հուսահատությունը հայ գրականության ինքնասպանության վերաբերյալ:
Եղիան է. գիտության և բանաստեղծության կոչված Եղիան:
Կյանքի ու մահվան հարցը ծիծաղելի խոսք չէր, մտածումի սևեռակետն է և բառի տառապանք ապրելը նրա հոգեկան ու ստեղծագործական մղումն է: Նրա պատվին երեխաներ էին անվանակոչվում Եղիա:
Ս. Թագավոր եկեղեցու առջև, ցնցոտիների մեջ, թիթեղյա տուփը ձեռքին: Տեղի մուրացկանները դժգոհեցին, բայց խաղաղվեցին, երբ տուփում հավաքված դրամը տվեց իրենց: Դրանից հետո մաքուր հագնված` հյուր գնաց ու պատմեց մուրացկանի զգացածի և թշվառության տագնապի մասին:
Էլեն Լիսընը լուսանկարել տվեց դիակը1. մետաղե զարդարուն մահճակալում պառկած ճերմակ ժանեկազարդ անկողնում, ճերմակ հագուստով, մոմի լույսի տակ, խաղաղված, գեղեցիկ դեմքով: Տառապանքի նշան չկ
ա: Մահվան զգացումը, որ անպայման առաջանում է գրեթե բոլոր նման լուսանկարները տեսնելիս, այստեղ բացակայում է, նիրվանայական իմաստուն խաղաղություն, ուր սեթևեթում է հավերժական հանգիստը: Թեև տիկին Նիսընին մեծաշուք հուղարկավորություն էր կազմակերպել, այնուամենայնիվ, թաղեցին գերեզմանատան պատի տակ, քանի որ ԻՆՔՆԱՍՊԱՆ էր եղել (Սակայն անբախտ նրա դին// Պապի կողքին չդրին2):
Բանականությունը, սառը դատողությունը, տրամաբանվածությունը, անցումներն ու լուծումները Եղիայի գրականության մեջ որոշիչ չեն: Որոշիչն էմոցիոնալ լարվածությունն է, զգացումները, տրամադրությունները, երազանքները, տեսիլքները, որ պատրանքի ու իրականության եզրագիծն են:
Եվ Եղիան սեփական պոչը կուլ տված օձի պես պտտվեց իր մահվան շուրջը: Ատեց կարմիր այտերն ու ուղիղ քայլողներին: Գրասեր Ատոմը կամ Նիրվանայի հայր Եղիան:
Ամայի ծովափերից ու ցուրտ դիակներից վախենում է, որովհետև նրա նմանները տեսնում են ծովի հատակի խեղդված աղջկան ու ձուկ չեն ուտում և որովհետև ձուկն աղջկա ակնախոռոչներում թունելային զգացումով գնացել-եկել է, որովհետև, ծովը պղտորվում է… Հետո հայտնվում է մեծ լուսավոր դալիճն ու սկսվում է բարի գալուստ- հրաժեշտի դիմակահանդեսը: Ապա­կի­ների ետևից նրան են նայում կենդանիների աչքեր: Սար­սափում է: Վերջին անգամ նայել գոտու սկզբի կետին ու առաստաղին տեսնել ԱՉՔԸ:
Աստվածային:
Քրքրջում են կենդանիների աչքերը:
Բոլոր աչքերը մոտենում են:
Կամաց-կամաց մոտենում են:
Վերևից աչքերից վերմակը ծածկում է կապն այս աշխարհի հետ:
Եվ երբեմն գրելն ընդհատվում է նախադասության կեսից:
Չկենտրոնանալու արդյունք է: Հիմա հասկանում եմ, որ մի աշխարհից մյուսը մարդու անցման ժամանակ հանկարծակի հոգեդարձի աղմուկը կամ նույնքան հանկարծակի ծնված միտքը մարդուն կես ճանապարհից ետ են բերում:
Ես ուզում եմ, ինչքան էլ հեռու գնամ, այնուամենայնիվ վերադառնամ այն տեղը, որտեղից ճամփա եմ ընկել:

1.Լուսանկարի մի օրինակը պահպանվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
2. Թումանյան, Մարո:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն