տեսիլք
(քեզ պարունակող քաղաքը)
ամառ կթափվի քեզ պարունակող
օտար քաղաքի արվարձաններում:
համառ ճանճը դարձյալ
փշաքաղված պարանոցիդ կնստի`
թրթռացող քներակիդ մոտ,
ուր մի ժամանակ չարացած համբույրիս
խարանն եմ թողել:
քեզ չի հետապնդի ոչ մի հուշ:
սենյակդ կբուրի մենությամբ
ու պոռնիկների հատուկենտ այցով,
հատորներով նաև,
որ պահածդ միակ կահկարասին են:
խառնամբոխով եռացող այս աշխարհում
ես մեկ այլ աշխարհ եմ ճանաչել,
այն մեկը, որ դու ես`
երկկեցությամբ վայրի
ու տարերային,
ցանկություններիդ խառնակ գրոհով
ու տեղատվությամբ:
ես մեկ այլ աշխարհ եմ ճանաչել,
որ ծայրեծայր ինձ պատեց
մարմնիս հետ սիրաբանող
մատներիդ միջով
ու կանչով աչքերիդ մեջ նստած Ծիր-Կաթինի:
դու հեռուներինն էիր…
դեռ երկար բառերդ պիտի հանգուցեմ իրար,
թողած պատառներդ երկինքների պես
իրար կարկատեմ,
որ լուսնի ամեն բոլորվելու հետ
ընդերքը չընկնեմ դիվահարի պես:
ես անդառնալիորեն կին եմ այլևս,
որ սովորեց սիրել այն ամենն, ինչ դու ես`
քո հարափոփոխ սառնությամբ ու կրքով,
համակ մութ արգանդ,
որ ոչինչ չունի հակակշռելու
քո սլացքի դեմ…
ձայնի մի մասնիկ,
բույրի մի կաթիլ
անսահմանորեն ծանոթ կդարձնեն
հպումը մաշկի այն մեռյալ վայրին…
ամառ կթափվի քեզ պարունակող
օտար քաղաքի արվարձաններում,
անթիվ ամառներ,
մեր երակներով ուրիշ սերերի
հավատ կսողա ու կդատարկվի:

Կալիպսոյի կղզին
իրեն տուն կարծեց մի պահ
Կալիպսոյի կղզին`
խոր արմատներով, ջլապինդ ցամաք,
որ չէր վախենա քեզ պարունակելուց,
մի տարածություն`
տարողունակ ու տաք,
որ աներկբայորեն տուն պիտի կոչվեր,
ու ինչպես բոլոր տները մարդկային ցեղի,
պիտի կառուցվեր
երջանկությունը կրելու հույսով:
իրերդ` ամեն շրջադարձի,
հայացքդ` ամեն հայելու արծաթում,
քեզնով բուրող սավաններ,
քեզնով շնչող պատեր,
ժամացույցի զարկեր` ձայնդ արձագանքող,
ու մատնահետքերովդ ապրող մի մարմին,
որ պիտի սպասեր վերադարձիդ`
ոչ անակնկալ, այլ ամենօրյա`
սովորության ուժով:
տուն, ուր ժամանակի ալիքների հետ
օտարացման բորբոսը պիտի հայտնվեր:
կրկնությունների մեր չափաբաժնից
տունը կսկսեր դանդաղ խարխլվել,
սուրճը կթափվեր ամեն առավոտ
անտանելի սպիտակի վրա`
իմ չգիտակցվող դիտավորությամբ,
ծանր թմբիրի մշուշ կլողար գլխավերևում,
երբեմնի սիրո մի քանդվող դիակ
մեր առաստաղից կախված կճոճվեր,
ու ես ապարդյուն կջանայի մաքրել
թանձր ճահիճը մեր տան հատակից,
մինչև Պանդորայի արկղի վերջին բնակիչը
մեր պատուհանից իրեն դուրս կնետեր:

վալպուրգյան գիշեր
ես ճանապարհ եմ, որով դու
չքայլեցիր երբեք,
ես քո փշրած հայելին եմ,
քո կոտրած խաղալիքը…
իսկ հիմա արտահերթ
վալպուրգյան գիշեր է,
նորոգումի գիշեր,
իսկ հիմա նրանք գալիս են,
նրանք շատ են ու
սև,
խավարի տերերը:
նայեք, պարոնայք,
ես կնոջ մարմին եմ՝
ջահել ու անբիծ,
փառաբանեք ինձ,
բաց արեք կուրծքս,
հպվեք ազդրերիս,
ճաշակեք մարմինս ու արյունս խմեք,
որ հաց ու գինի չեն,
այլ հենց միս ու արյուն:
շարունակենք, պարոնայք,
հոգու սթրիփթիզը,
թողեք վիրահատեմ,
բացեմ ձեր հոգին,
ու ոչինչ,
եթե չափազանց տգեղ եք:
բաց թողեք իրականությունն
ու արտաշնչեք աշխարհը,
ոչինչ իրական չէ և գոյություն չունի,
սա անկանոն խաղ է,
սոսկ մտավարժանք,
չարքերի անարխիկ գրոհ ու նահանջ:
ես հերթական միակն եմ,
ես կամ ու չկամ,
մտապահեք ինձ՝
որպես վերջինը Իշտարի տոհմից
կամ, ավելի լավ է,
մոռացեք իսպառ:
գիշերվա սլաքները կանցնեն իմ միջով
ու կմաքրեն ինձ,
ես մտապատրանք եմ,
որը դու պահել չկարողացար…

լուսաբաց N 6
վաղ առավոտից հապալասե ամպերը
լցրել են երկինքը.
դեռ երեկվա մայրամուտի բոսորն
անձրև էր խոստանում:
լուսաբացը կանգնած է,
ծանր, անշարժ, անկիրք է:
օրը շուտով կպատռվի:
ես ձգվել-տարածվել եմ
բևեռների միջև: ես վայրի եմ:
դեղահաբերի արհեստական անդորրը
չեմ ուզում: պոկիր իմ արգանդից
պոետի առնանդամը, որ
հեղեղում է ներսս տողերի սարսափով,
սպանիր մոլագար անիմուս-դևին,
որ բառեր է թքում բերանիս մեջ:
միայն դու կարող ես, դու ես միակը,
վերացրու դատարկը,
վերացրու իմ մյուսին…

ես բառերով եռացող ծով եմ,
ես ջուր եմ, ջուր եմ,
մի հսկա հոսանք, մի ցասկոտ ալիք:
լիալուսնի օրերին արյունը, արյունը,
ես ոռնացող ցավ եմ, հրեշի ժանիք:
իմ սառցե ջրերում խեղդվում են տղամարդիկ,
ես տողեր եմ քամում, արյուն եմ քամում
ու նետում դիակը
մոռացումի անդունդը: զոհաբերություն,
օվսաննա, օվսաննա,
դևերն աղմկում են, փառաբանում են
անկումը,
սարսափը,
մահվան կեռ ժպիտը,
փոխակերպուկի ցավեցնող լացը.
չես կարող մաքրել,
չես կարող ապրել իմ տառապածը:

ես խավարի աչքն եմ,
փոթորկի կաղկանձը,
որ հնչում է ճիշտ կեսգիշերից առաջ՝
որպես կախարդի կեղծ հմայություն,
ես կես տագնապ եմ, կես խաղաղություն:
քարշ տուր մարմինդ այսօրից վաղը,
սողա կրկնվող օրերիդ միջով,
միայն դու կարող ես, դու ես միակը,
արնահոսում է երակը, երակը:
որտե՞ղ ես, ո՞ր չար հորիզոններում,
ի՞նչ քամիներ են տնտղում մաշկդ
մատնահետքերս գտնելու հույսով,
հիմար քամիներ, ես հետքեր չունեմ:
դժոխքի երախը բացվում-փակվում է,
հրե լեզուներ են, հրաթուք, հրալորձ:

կիսաքանդ մարմինը,
քայքայումը, մահը,
ամենուր որդեր են՝ լպրծուն, լպրծուն,
ակնախորշերում, ատամների մեջ,
եղունգների տակ,
ե՞րբ է ավարտվում ճանապարհը, որտե՞ղ:
դու գիտես, գիտես,
դու ինձ կփրկես:
կանչս նմանվում է սիրեներգի,
չգաս, չխաբվես,
միայն դու կարող ես, դու ես միակը,
չգաս, չխաբվես:
հրե լեզուները շոյում են ազդրերս,
հասնում են կրծքիս,
լիանաների պես գրկում պարանոցս,
փարվում մազերիս,
որքան չարախինդ են…

ես կես կին եմ, կես խելագարություն:
կհիշե՞ս արդյոք, երբ օրերն ավարտվեն,
որ ես ոչ ոք եմ,
ելքազուրկ գոյություն…

անկում
կծվահոտ ծուխ,
գարշահոտություն,
ձմեռ`
խեղդող, ելքազուրկ,
մայթերին առավել, քան ամենուր…
սոլիփսիզմի մոլուցքից ուղեղի բորբոքում
կարճ օկտավա
և ցատկ…
ընկնում եմ աշխարհի բոլոր բեմերից,
բոլոր գագաթներից
դեպի հնարավոր ամենախոր անդունդը:
դեպի այս սենյակն անպատուհան ու անդուռ,
որտեղ հայելիները քո գոյության
միակ տարածությունն ու չափումն են:
անպարունակելի հեռացումներից առավել
անպարունակելի են վերադարձները քո
անառիթ, չակնկալվող երբեք, ու անհեթեթ:
ահա վերջակետերի արվեստը,
որ վարանում եմ կիրառել ամեն անգամ,
երբ բացակայությունդ
հազարավոր կախման կետեր է թողնում քո փոխարեն:
քեզնով դիվահար են օրերս,
իսկ էքսորցիզմը հնացած հնարք է ապարդյուն…
փրկություն չեմ փնտրում
հորիզոնին թափված արևների որջում:
ճանապարհների հոսող աստվածը նորից քեզ տարավ,
ու ես ավարտում եմ մեր ժամանակն առանց քեզ…
մեր ուղիներն այստեղից դառնում են
անհասկանալիորեն զուգահեռ,
տարօրինակորեն չհատվող,
ու իմ բաժին գոյությունը դատարկվում է քեզնից…
իմ բաժին գոյությունը փակում է շրջանն ու հեռանում:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն