Նառ ջան, ես ուղարկում եմ իմ էս շարքը, նոր կարդացի ու դուրս շատ եկավ, դուրս եկավ, թե ոնց ա քաղաքը տրվում, դրանից հետո ես եմ հեզորեն տրվում, հետո սիրուն տխրում եմ, հետո կանչում, աղաչում-պաղատում եմ` մոտ արի, արճճագույն վախով էլ եզրափակում եմ վախերիս նորաշարը Նառ ջան, ինձ թվում ա սա լավ ա, ուրիշ նոր բաներ ամեն դեպքում չունեմ ոչ մի տեղ պահած, նրանք են, որ ալարել եմ ու չեմ գրել ու կորել են, նրանք են, որ բարձրաձայն ասել եմ ու առաջ անցել, նրանք են, որ լացել եմ, ջրել եմ, վառել եմ, վերջը հիմա դատարկ ա

քաղաք
քաղաք դու տրվում ես
դու տրվում ես
ու ես տխրում եմ
անչափ տխրում եմ
ես լաց լինելու աստիճան տխրում եմ
բերանս մինչև ականջներս բացում
երջանիկ ժպտում եմ
երբեք էդքան երկար չեմ տխրել
երբեք էդքան լիքը չեմ տխրել
էդքան անմնացորդ չեմ տխրել

դու տրվում ես
դու տրվում ես քնքշորեն
դու տրվում ես հեշտորեն
քնքշանքս փեշերս լցրած
սերս բերանս առած
մատներս բամբակ դարձրած
ես եկել էի
ես եկել էի քո գիրկը
ես եկել էի քեզ սիրելու
ես եկել էի քեզ փրկելու
դու արդեն գնացել էիր
դու արդեն տրվել էիր

անհույս վերջին ճիգ եմ գործադրում
անանուն անազգանուն դիտորդը
թուղթը աչքս ա կոխում

քաղաք ես լաց լինելու չափ տխրում եմ
քեզնից նեղանում
հեռանում եմ
քեզ նկարում եմ քաղաք քեզ նկարում եմ նկարում եմ նկարում եմ
բայց ոչ մի կադրում դու չկաս

քնքշանքս փեշերս լցրած
բերանս մինչև ականջներս բաց երջանիկ ժպտում եմ
դու դղրդյունով հեշտորեն տրվում ես
երկինքդ հրավառում…

երկինքդ գլխիդ շուռ գա քաղաք
դու ինձ ցավեցնում ես
դու ինձ հեռացնում ես
դու ինձ նեղացնում ես

քաղաք դու…
քաղաք ես…
մենք իրար չհասանք…
շուրթերս քսեցի քեզ համար
մազերս
մարմինս տաք…

արդեն գիշեր ա

ճաշկերույթ
ես մեծ չափերով կին լինեմ
գդալն ու շերեփը ձեռքիս
խոհանոցի գոլորշիներով շպարված
ուտելիքների հետ պար բռնեմ
լիքը տունս սոված ինձ սպասի
երեխաներս, ամուսինս
գործից նոր տուն եկած
հոգնած ոտքերը կոշիկներից հանի
ես վազեվազ երեխաներին դեսուդեն հրելով ճամփա բացեմ նրա համար
ճամփա դեպի սեղան
ճամփա առհասարակ
ու մենք միասին սեղան նստենք
տունը փոքր ու նեղ լինի
լիքը մանր սենյակներով
երեխաները տռուզ ու երջանիկ լինեն
ամուսինս
անգրագետ բանվոր
վաստակած իր հանգիստը ստանալու իրավունքը
մեկնվի անկողնին
ու ես
լիքը ու նեղ սենյակների լույսերն անջատելով
կանգնեմ նրա դիմաց
քանդելով խալաթիս յուղոտ կոճակները

տխուր
լինում են օրեր հիմար ու տխուր
անչափ տխուր
հոգին կոտրելու չափ տխուր
որ ոչ մի դարակում չի լինում պահել
ոչ մի սենյակում
ոչ մի քաղաքում
ոչ մի երկրում տեղ չունի
էդ միալար հիմար չարիքաչափ տխրությունը
ոչ մի մոլորակ այնքան մեծ չի
ոչ մի սիրտ այնքան մեծ չի
ոչ մի հոգի այնքան խորը չի
այդ անհատակ
այդ տխմար
այդ սիրտ ճմլող
քրքրող տխրությունը

արցունքներ
որ գալիս ու գալիս եք
որ գալիս ու գլորվում եք
որ գլորվում ու մաքրում եք
որ մաքրում ու ամոքում եք
լինում են օրեր հիմար ու տխուր
անչափ տխուր
հոգին կոտրելու չափ տխուր

մոտ արի
ես գրում եմ բանաստեղծությունը
դու բացում ես թևերդ բացում ես բերանդ բացում ես ոտքերդ
աչքս ջուր դառավ
կարթը վերցրիր վազեցիր ոսկե
ձկնիկի հետևից

ես գրում եմ բանաստեղծությունը
դու բացում ես թևերդ բացում ես բերանդ բացում ես ոտքերդ
ճերմակած նայում եմ վրադ
էս ինչքան ժամանակ քեզ չէի տեսել
էս ինչքան էի քեզ կարոտել
էս ինչքան էի քեզ սիրում

բացում ես թևերդ բացում ես բերանդ
բացում ես ոտքերդ
սրտիցս մեծ քար ընկավ
գյուղի ճամփեն փակեց
թարսի պես նախընտրական շրջան է
թարսի պես կրակոցների շրջան է
թարսի պես ժողովրդից իշխանությունը
դժգոհ է

բացում ես թևերդ բացում ես բերանդ
բացում ես ոտքերդ
ու ես սիրում եմ քեզ
իմ ոսկե ձկնիկ
իմ սրտի քար
իմ միակը
մոտ արի մոտ արի մոտ արի

արճճագույն վախ
Ոչ հեռվում եկեղեցի կա,
ներսում մի կին
համ ավլում, համ աղոթում, համ երազում,
համ փող ա աշխատում,
ես, աղջիկ ջան, ասում ա, աստծո տանն եմ,
տեր հայրն, ասում ա, ինձ չի թողնում
աղոթել մյուսների համար,
մարդիկ ինձ փող են տալիս, բայց փողն
ինքն ա ուզում առնել,
ասում ա ծեր կինը,
ծեր, անատամ, տարիքն առած կինը,
ով տարիներ շարունակ ծառայել ա մարդկանց,
աղոթել նրանց դարդերի, կրած վնասների, վախերի համար,
տարիներ շարունակ քանդել բարձերի մեջ կուտակած թուղթուգրերը,
նայել բաժակները,
ժամանակին խոնարհ հարս եղել,
հարսներին խոնարհություն սովորեցրել,
վախ ա չափել,
մաքրել ա գերեզմանաքարերը,
ու
չնայած հոգին ջարդված էր,
չի ալարում, իմ գլխին մի աղոթք ա ասում ու արճիճ թափում…
որ աստված ինձ պահապան լինի…

Շուրջդ լիքը մարդ կա աղջիկ ջան,
դու ժողովրդի մեջ ես,
ոնց որ ժողովուրդը քեզնից կպած լինի,
բայց հլը տես` ինչ ասեղներ են,
էս սաղ ասեղներ են,
քեզ հա ծակում են,
դե, ասում եմ, տատի ջան,
ամեն օր ծակում են,
ինչով ասես ծակում են…

Հետո ժողովրդին ու ասեղները լցնում ա բուռս,
-Հիմա պիտի տանենք լցնենք հոսող ջուրը:
Ու ինքն ինձ ուղեկցելով,
միասին հասնում ենք ջրի եզրը,
հանկարծ ինձ վատ բան չլիներ,
հանկարծ ու մեքենան վրես չքշեր,
ինձ թեքում ա մեջքով դեպի ջուրը ու ասում,
-Դե հիմա առանց հետ նայելու գցիր ջուրը…

Ու ես թարսի պես ինձ, ժողովրդին ու ասեղները թափում եմ հողի մեջ,
խոտերի մեջ, կանաչի մեջ,
ես, թարսի պես ասեղները խրում եմ իմ մեջ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն