Քեսսը ամենափոքրն ու ամենագեղեցիկն էր հինգ քույրերից: Քեսսը քաղաքի ամենագեղեցիկ աղջիկն էր: Կիսով հնդկացի էր, ճկուն, տարօրինակ, օձի պես գալարվող մարմնով և  բոցավառ աչքերով, որոնք այդ ամենին շատ սազում էին: Քեսսը կարծես չհանգչող կրակ լիներ:
Նրա մազերը  սև էին, երկար, փափուկ և իր գալարվող մարմնի պես գանգուր: Փոփոխական տրամադրություն ուներ` և՛  բարձր, և՛ անկումային: Ամբողջ քաղաքում Քեսսի նմանը չկար: Ոմանք կարծում էին, որ նա խելագար է: Հիմարներն էին միայն այդպես կարծում: Նրանք երբեք չէին հասկանում Քեսսին: Տղամարդկանց համար նա միշտ ցանկալի կին էր, և նրանց պետքն էլ չէր` խելագար է, թե ոչ: Քեսսը պարում էր, ֆլիրտ էր անում, համբուրվում էր, իսկ երբ բանը հասնում էր բանին` հաջողում էր ծլկել, լքել տղամարդկանց:
Քույրերը նրան մեղադրում էին իր գեղեցկությունը ոչ ճիշտ օգտագործելու համար: Նրան անխելք էին անվանում: Բայց Քեսսը ուներ խելք ու հոգի: Նա նկարում էր, պարում, երգում, կավից ինչ-որ իրեր էր պատրաստում: Նա նաև կարեկցող էր: Երբ մարդիկ հոգևոր կամ ֆիզիկական ցավ էին ունենում, Քեսսը խորապես   վշտանում  էր նրանց համար: Նրա մտածողությունը տարբերվում էր մյուսներից, այն պարզապես պրակտիկ չէր: Քույրերը նրան խանդում էին իրենց տղամարդկանց հրապուրելու համար և զայրանում էին, որ նա օգտագործում է նրանց` երբ  իր պետքն էլ չէ: Նա ուներ սովորություն` լինել բարի ու հեզ տգեղ տղամարդկանց հետ, իսկ բարետեսները նրա զզվանքն էին առաջացնում:
-Արիություն չկա, ուժ չկա: Միայն շուրջդ պտտվել գիտեն իրենց փոքր ականջաբլթակներով և ընդգծված քթածակերով: Արտաքնապես բարետես են, ներսից` դատարկ:
Քեսսը խենթ բնավորություն ուներ: Շատերի կարծիքով նա հենց խելագար էր, որ կար: Հայրը մահացել էր ալկոհոլի չարաշահումից, մայրը` լքել նրանց: Աղջիկները  մնացին իրենց բարեկամի մոտ, ով էլ հետո տեղափոխեց նրանց կուսանոց: Սակայն կուսանոցը անտանելի էր, հատկապես` Քեսսի համար: Քեսսը ամեն օր վեճերի մեջ էր. աղջիկները նախանձում էին նրան: Նման մի քանի վեճերից հետո, իրեն պաշտպանելու արդյունքում, Քեսսի ձախ թևին հայտնվեցին ածելիի նշաններ: Ձախ այտի վրա մշտական մի սպի ուներ, որը նրա գեղեցկությունը առավել  էր  ընդգծում:
Առաջին անգամ ես նրան հանդիպեցի «The West End» բարում, կուսանոցից հեռանալուց մի քանի գիշեր հետո: Լինելով ամենափոքրը` կուսանոցից ամենավերջինն էր դուրս եկել: Նա ներս մտավ և նստեց հենց իմ կողքին: Ես, ըստ երևույթին, ամենատգեղ տղամարդն էի քաղաքում, և դա, թերևս, ինչ-որ բան նշանակում էր:
-Խմե՞նք,-հարցրեցի:
-Դե, իհարկե:
Չէի ասի, որ մեր խոսակցությունը արտասովոր էր, բայց Քեսսի հետ շատ հեշտ էր զրուցելը: Քեսսը հենց ինքն էր ինձ ընտրել: Չկար ոչ մի լարվածություն: Նա սիրում էր խմել և այդ գիշեր բավականին շատ խմեց:  Տարիքից մեծ չէր երևում, սակայն երբեմն այդպես ասում էին: Հնարավոր է, որ նա անօրինական անձնագիր էլ ունենար, չգիտեմ: Ամեն անգամ, երբ զուգարանից վերադառնում էր և նստում  իմ կողքին, ես ինձ հպարտ էի զգում: Նա ոչ միայն քաղաքի ամենագեղեցիկ կինն էր, այլ ամենագեղեցիկն էր, ում ես երբևէ տեսել էի:  Համբուրեցի նրան` ձեռքս  գոտկատեղին դնելով:
Նա հարցրեց.
— Դու իրո՞ք կարծում ես, որ գեղեցիկ եմ:
— Իհարկե, ավելին` քան գեղեցիկ: Քո հայացքի մեջ ավելին կա:
— Մարդիկ իմ գեղեցկության համար ինձ միշտ մեղադրում են: Դու իրո՞ք կարծում ես, որ ես լավն եմ:
Քեսսը ձգվեց դեպի իր պայուսակը: Մտածեցի`  թաշկինակ է փնտրում: Հանկարծ այնտեղից մի երկար գնդասեղ դուրս բերեց: Ես նրան չկարողացա կանգնեցնել, նա  գնդասեղը իր քթի շուրջը սահեցրեց` ռունգերից դեպի վեր: Զզվանք ու սարսափ զգացի: Հետո նա ինձ նայեց և սկսեց ծիծաղել:
— Իսկ հիմա՞ ինչ կասես, դեռ գեղեցի՞կ եմ:
Ես  հանեցի գնդասեղը և  թաշկինակով արյունահոսությունը կանգնեցրի: Մի քանիսը, ներառյալ բուֆետապանը, տեսան այդ ամենը: Վերջինս իջավ ներքև, մոտեցավ մեզ.
— Լսիր,- ասաց նա,- կորիր այստեղից, քո ներկայացման կարիքը ոչ ոք չունի:
— Ինքդ կկորես,- պատասխանեց Քեսսը:
— Ավելի լավ է հետևես նրան,- ասաց բուֆետապանը ինձ:
— Նրա հետ ամեն ինչ լավ կլինի,-ասացի:
— Սա իմ քիթն է, և ես ինչ ուզեմ`  կարող եմ անել:
— Ոչ,- ասացի,- այն ինձ էլ է ցավ պատ­ճառում:
— Այսինքն` երբ գնդասեղը մտցնում եմ իմ քիթը, դա քեզ ցավ է պատճառում, հա՞:
— Ճիշտ այդպես:
— Լավ, այլևս չեմ անի: Պինդ կաց:
Նա ինձ սկսեց համբուրել, համբույրի ընթացքում քմծիծաղելով և թաշկինակը միաժամանակ քթին պահելով: Բարը վերջապես փակվեց, և մենք գնացինք իմ տուն: Մի քիչ գարեջուր ունեի, խմեցինք և սկսեցինք զրուցել: Այդ ժամանակ ես կարողացա նրան ճանաչել: Նա մի անհատականություն  էր` հոգատարությամբ և բարությամբ լի:  Իրեն ճանաչել տվեց, առանց գիտակցելու այդ մասին: Ժամանակ առ ժամանակ  հրաժարվում էր  վայրենությունից և անկապությունից: Շիզոֆրենիկ էր: Մի գեղեցիկ շիզոֆրենիկ: Վաղ թե ուշ նրան ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկը կկործանի: Եվ հուսով եմ, դա ես չեմ լինի: Մենք պառկեցինք, և երբ ես անջատեցի լույսերը, Քեսսը հարցրեց.
— Իսկ երբ ես ուզում, հիմա՞, թե  առավոտյան:
— Առավոտյան,- ասացի ու շրջվեցի:
Առավոտյան արթնացա, սուրճ պատրաստեցի երկուսիս համար, նրա սուրճը անկողնում մատուցեցի: Նա ծիծաղեց:
— Իսկ դու գիտե՞ս` առաջինն ես, ով հրաժարվեց գիշերով:
— Չեմ կարծում, որ դրա կարիքը կար:
— Ոչ, սպասիր, ես հենց հիմա եմ ուզում: Արագ թարմանամ ու գամ:
Քեսսը մտավ լոգարան ու արագ դուրս եկավ: Հիասքանչ տեսք ուներ. երկար, սև մազերը փայլում էին, աչքերը և շուրթերը փայլում էին, ինքը փայլում էր: Նա իր մարմինը ցուցադրական անտարբերությամբ էր ներկայացնում` որպես  լավ իր: Հետո սավանի տակ մտավ:
— Արի ինձ մոտ, ի՛մ սիրեկան:
Ես նրան գրկեցի: Նա ինձ համբուրում էր անկաշկանդ, առանց շտապելու: Իմ ձեռքերը շոյում էին նրա մարմինը, մազերը: Ես թափանցեցի նրա մեջ. տաք էր և նեղ: Սկսեցի դանդաղ շարժվել`  ցանկանալով երկարաձգել ավարտը: Նրա աչքերը նայում էին ուղիղ իմ աչքերին:
— Անունդ ի՞նչ է,- հարցրի:
— Գրողը տանի, ի՞նչ կապ ունի,-պատասխանեց նա:
Ես ծիծաղեցի: Դրանից հետո հագնվեցինք և ես նրան հետ տարա բար:
Բայց դժվար էր Քեսսին մոռանալը: Ես աշխատանքի չէի, հետևաբար քնեցի մինչև կեսօրվա երկուսը: Հետո արթնացա և սկսեցի ամսագիր թերթել: Լոգարանում էի, երբ հանկարծ ներս մտավ նա` մի մեծ,  փղի ականջ հիշեցնող տերևով:
-Ես գիտեի, որ լոգարանում ես լինելու, դրա համար բերել եմ մի բան, ինչով կարող ենք ծածկել անդամդ,- ասաց Քեսսը: Ու նա շպրտեց այդ տերևը ուղիղ ինձ վրա` լոգարանի մեջ:
—  Ի՞նչ գիտեիր, որ լոգարանում եմ:
— Գիտեի և վերջ:
Գրեթե ամեն օր Քեսսը գալիս էր, երբ ես լոգարանում էի լինում: Տարբեր ժամերի էի  լինում այնտեղ, բայց նա ինձ միշտ բռնացնում էր` փղի ականջ հիշեցնող այդ մեծ տերևը ձեռքին: Իսկ հետո սիրով էինք զբաղվում: Շատ անգամ է պատահել, որ  նա զանգել է ինձ գիշերով և ես ստիպված էի լինում գնալ` նրան բանտից ազատելու: Քեսսին  պահում էին հարբածության և վիճաբանությունների համար:
— Այս շան որդիները,- ասում էր նա,- միայն խմիչք հյուրասիրելով իրենց թվում է` կարող են ծոցդ մտնել:
— Ընդունելով նրանց հյուրասիրությունը, ինքդ ես քեզ գցում կրակի մեջ:
— Կարծում էի` ինձնո՛վ հետաքրքրված կլինեն, ոչ թե իմ մարմնով:
— Իսկ ինձ և՛ քո մարմինն է հետաքրքրում և՛ դու: Առհասարակ կասկածում եմ, որ տղամարդկանց մեծ մասին ուրիշ բան հետաքրքրի, բացի քո մարմնից:
Քաղաքից վեց ամսով բացակայեցի: Թափառում էի դեսուդեն: Հետո վերադարձա, բայց այդպես էլ չկարողացա մոռանալ Քեսսին: Մենք ինչ-որ պատճառով գժտվել էինք և դրանից սիրտս ճմլվում էր: Ինձ թվում էր` նա էլ է քաղաքից հեռացել:
«The West End» բարում մոտ երեսուն րոպե նստած էի, երբ հայտնվեց նա: Առաջվա պես եկավ, նստեց  կողքիս:
— Դե, այ բոզի տղա, տեսնում եմ` վերադարձել ես:
Ես խմիչք պատվիրեցի, հետո երկար նայում էի նրան: Բարձր օձիքով զգեստ էր  հագել: Նման հագուստով երբեք չէի տեսել Քեսսին:  Ամեն մի աչքի տակ երկու ապակե գնդասեղներ կային: Գնդասեղները խրված էին դեմքի մեջ, միայն գլխիկները կարելի էր տեսնել:
— Գրողը քեզ տանի, դու դեռ շարունակում ես փչացնել քո սիրուն դեմքը, հա՞:
— Ոչ, հիմարի մեկը, այսպես նորաձև է:
— Դու խելագար ես:
— Ես քեզ կարոտել էի,- ասաց Քեսսը:
— Իսկ քո կյանքում ինչ-որ մեկը կա՞:
— Ոչ, ոչ ոք չկա: Միայն դու կաս: Բայց երբեմն ես փող եմ աշխատում: Տասը բաքս եմ վերցնում, բայց քեզ  համար անվճար կանեմ:
— Դուրս հանիր այդ գնդասեղները:
— Ոչ, նորաձև է:
— Դա ինձ տանջում է:
— Համոզվա՞ծ ես:
— Համոզված եմ, գրողը տանի:
Քեսսը դանդաղորեն  հանեց գնդասեղները և դրեց իր դրամապանակում:
— Ինչու՞ չես գնահատում քո գեղեցկությունը,- հարցրեցի ես,- ինչու ՞ պարզապես չես ապրում նրա հետ:
— Որովհետև մարդիկ կարծում են` դա այն ամենն է, ինչ ունեմ: Գեղեցկությունը ոչինչ է, այն մնայուն չէ: Դու չգիտես` ինչ բախտավոր ես տգեղ լինելով:
— Իմ բախտը ուրեմն բերել է,- ասացի ես:
— Ես նկատի չունեի, թե դու գարշելի ես: Մարդիկ են այդպես կարծում: Դու հիասքանչ դեմք ունես:
— Շնորհակալ եմ:
Մենք նորից խմեցինք:
— Հետո, ինչո՞վ ես զբաղված,- հարցրեց նա:
— Ոչնչով, ոչնչով էլ զբաղված չեմ:
— Եթե կին լինեիր, կկարողանայիր փող աշխատել:
— Չեմ կարծում: Նման հարաբերությունները, օտար և շատ մարդկանց հետ լինելը ինձ համար չեն: Ձանձրալի է:
— Ճիշտ ես, ձանձրալի է, ի վերջո ամեն ինչից էլ  վերջում հոգնելու ես:
Դուրս եկանք: Փողոցում մարդիկ ինչպես միշտ աչքերը չռել էին Քեսսի վրա: Նա գեղեցիկ կին էր, և վերջերս  ավելի էր գեղեցկացել: Մենք վերադարձանք ինձ մոտ, ես բացեցի գինու շիշը,  սկսեցինք զրուցել: Թեթև զրուցում էինք: Որոշ ժամանակ նա էր խոսում,ես լսում էի,հետո ես էի սկսում խոսել: Խոսակցությունն իր հունով առաջ էր գնում: Թվում էր` գաղտնիքներ ենք բացահայտում: Երբ մի լավ, նոր բան էինք բացահայտում, Քեսսը ծիծաղում էր իր յուրահատուկ ծիծաղով: Այն նման էր ուրախության, որը հրդեհի պես է բռնկվում: Խոսելու ընթացքում համբուրվում էինք և ավելի մոտենում իրար: Շուտով տաքացանք և տեղափոխվեցինք անկողին: Հենց այդ ժամանակ, երբ Քեսսը հանեց իր բարձր օձիքով զգեստը, ես նկատեցի նրա կոկորդի գարշելի սպին: Այն երկար էր ու լայն:
— Գրողը քեզ տանի,- գոռացի ես անկողնու միջից,- գրողը քեզ տանի: Ի՞նչ ես արել:
— Կոտրված շշով եմ փորձել: Ինքս եմ արել: Ինձ այլևս չե՞ս սիրում: Ես այլևս գեղեցիկ չե՞մ քեզ համար:
Ես նրան  քաշեցի անկողին և համբուրեցի: Նա ետ էր մղվում և ծիծաղում:
— Մեկ-մեկ տղամարդիկ ինձ տասանոցը  վճարում են նախօրոք, հետո ես հանվում եմ, իսկ նրանց ցանկությունը կորչում է, այլևս չեն ուզում, բայց տասը մնում է ինձ: Շատ զվարճալի է, չէ՞:
— Այո, մեռնում եմ ծիծաղից, չեմ կարող չծիծաղել: Քեսս, խեղկատակ կին, վերջ տուր, քեզ մի փչացրու: Դու ամենակենսունակ կինն ես, ում երբևէ հանդիպել եմ:
Մենք նորից համբուրվեցինք: Քեսսը լուռ լաց էր լինում: Ես տեսա նրա արցունքները: Նրա երկար, սև մազերը մահվան դրոշակի պես ծածանվում էին: Մենք գրկախառնվեցինք և սկսեցինք սիրով զբաղվել` դանդաղ, թախծալից և հիասքանչ սիրով:
Իսկ առավոտյան Քեսսը որոշեց նախաճաշ պատրաստել: Խաղաղ և երջանիկ տեսք ուներ: Երգում էր: Անկողնում պառկած` հիանում էի նրա երջանկությամբ: Վերջապես  մոտեցավ.
— Վեր կաց, պոռնկորդի, դեմքիդ սառը ջուր խփիր և գնանք զվարճանալու:
Այդ օրը ես նրան լողափ տարա: Աշխատանքային օր էր: Եղանակը դեռևս ամառային չէր, շուրջը հիանալիորեն դատարկ էր: Թափառականները իրենց լաթերով ննջում էին ավազե ափի գազոնների վրա: Մյուսները նստել էին փայտե նստարաններին և իրար շշեր էին փոխանցում: Ճայերը սավառնում էին մոտակայքում: Յոթանասունը կամ ութսունը բոլորած ծեր կանայք նստարանին նստած` քննարկում էին անշարժ գույքի վաճառքին վերաբերող հարցեր: Այդ ամենի հետ մեկտեղ օդում խաղաղություն կար և մենք զբոսնում էինք գազոնի վրա ու շատ քիչ էինք խոսում: Միասին լավ էինք զգում: Երկուսիս համար սենդվիչ, չիփս, խմիչք գնեցի և նստեցինք ավազին` ուտելու: Հետո գրկեցի Քեսսին և մոտ մեկ ժամ քնեցինք: Սա ավելին էր, քան սիրախաղը: Մենք սավառնում էինք հոսանքին ընդառաջ: Արթնանալուց հետո վերադարձանք  տուն, և ես ընթրիք պատրաստեցի: Ընթրիքից հետո  Քեսսին առաջարկեցի ապրել ինձ հետ: Քեսսը երկար լռեց: Նայում էր ինձ: Հետո շատ հանգիստ ասաց.
— Ոչ:
Ես նրան ետ տարա բար, խմիչք գնեցի և դուրս եկա: Հաջորդ օրը  աշխատանքի տեղավորվեցի գործարանում` որպես փաթեթավորող, և ամբողջ շաբաթը  աշխատանքի էի գնում: Չափից շատ էի հոգնում, բայց ուրբաթ գիշերը գնացի «The West End»: Նստեցի, սպասեցի Քեսսին: Ժամեր անցան: Վերջնականապես հարբած նստած էի, երբ մատուցողը ինձ դիմեց.
— Ցավում եմ ձեր ընկերուհու համար:
— Ի՞նչ,- հարցրի ես:
— Ի՞նչ է, չգիտե՞ք:
-Ոչ:
-Ինքնասպան է եղել: Նրան երեկ թաղել են:
-Թաղե՞լ են:
Ինձ թվում էր` նա ուր որ է ներս կգա:
Ինչպե՞ս կարող էր  նա չլինել:
— Նրան թաղել են  քույրերը:
— Ինքնասպանությու՞ն: Գլխումս չի տեղավորվում: Ինչպե՞ս:
— Ճղել է կոկորդը:
— Հասկանալի է: Էլի  խմիչք տուր:
Մինչև բարի փավելը, ես  խմում էի:
Քեսսը ամենագեղեցիկն էր հինգ քույրերից, ամենագեղեցիկը ամբողջ քաղաքում: Ես մի կերպ հասա տուն և շարունակ մտածում էի նրա մասին: Ես պետք է ստիպեի նրան, որ մնար ինձ մոտ: Նրա համար դա հենց այնպես մի բան չէր: Ես նրան կոպիտ, անքաղաքավարի էի առաջարկել` ծուլորեն, չափազանց անտարբեր: Ես դարձա իմ և նրա մահվան պատճառը: Ես մի շուն եմ եղել: Ոչ, ինչու՞ վիրավորել շներին: Ոտքի կանգնեցի, գինու շիշ գտա և հարբեցի պայթելու չափ: Քաղաքի ամենագեղեցիկ աղջիկը մահացել էր: Քեսսը ընդամենը 20 տարեկան էր: Դրսում ինչ-որ մեկի ավտոմեքենան ազդանշան էր տալիս` բարձր, անդադար: Ես շիշը դրեցի գետին և գոռացի. «Գրողը տանի քեզ, շան որդի, ձայնդ կտրիր»:
Գիշերը վերջապես եկավ ու ես  չգիտեի` ինչով զբաղվեմ:

Անգլերենից  թարգմանեց` Անի  Հակոբյանը

Տպագրվել է «Գրեթերթ», 2012, թիվ 4

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն