1.
Ամեն ինչ այնքան անսովոր է…

Ծառերը ճիշտ ժամանակին
Ծաղկում են,
Տերև հագնում,
Փթթում
Ու… մերկանում…

2.
Լույսերը թացանում են
Ապակիներիս գոլորշու վրա…

3.
Զարհուրելի քնքշություն
Եվ մաղձոտ մեծամտություն…

Իմ վայրի էությունից
Անտեղիտալի անգթությունն է
Մնում
Զվարթ…

4.
Մայթերին
Անտառի հիշողությունը
Ծառեր է բնակեցրել…

Ուղղաձիգ ստվերները
Ստույգ ԺԱՄԱՆԱԿ են ցուցում…

Իսկական անտառում
Ստվերներ չեն լինում…
Մարդկանց տեսքով…

5.
ԾԱՌԻ ՎՐԵԺԸ

Ծառի ավիշը
Թուղթ է դարձել…

Եվ ես ճանաչում էի
Տարիների փոշուց
Գորշացած երեսով
Բոլոր մարդկանց,
Որոնցից
Ծառի հոտ էր գալիս…

***
Հոգիս շարժվում է
Դեպի հյութալի շուրթերը`
Ցանկությունների նախադռանը`
Հրեշավոր ու վեհ,
Շուրթերս դողում են
Հաղթանակող
Գթասրտությամբ…

Ամրոցները` աղոթատեղի…

***
Հանգչել չեմ ուզում,
Ուզում եմ հող դառնալ
Աչքերիդ մեջ…

Արևին գգված
Խոնավ աչքերը
Ծլարձակում են
Քո հիշողությունը…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն