***
Ձայների, ծառերի եղանակներին
նստած ագռավները`
պատահական հայացքներից…
Քո քաղաքից քաղաքս`
ժամերս…
Քո խաղաղումներից խաղաղումներս
և քո քաղաքների կողքով
քո քաղաքների անձայն օդը
որ կարող է և լինել և չլինել
քո որոնումների հետքերը հայացքով
քեզ կորցնելուց կորցնել ընթացքները
իմ տեսնվող ու անտես
քաղաքս
դու ինձ համար երգիր
հանիր բառերդ-
շունչդ շնչիս
ձայներդ ծառերի եղանակներին
քո հին, հնագույն, հնամենի,
հինավուրց հայացքով
տեղ չունեցող, աթոռներից ընկնող
քաղաքս
քեզ որոնողներին ավելացնող
պատկերավոր
գունավոր հողի վրա քաղաքս
կայծակե երկունքների
ու հնեցումների գինեվետ
Սաբա
քաղաքս
տաքացումների օծյալ քաղաքս
ինձ պահելու տեղերը չիմացող
և շուրթերի միջով անհետացող
քաղաքս…

***
Փայլի՛ր, փայլի՛ր
բոլոր ուշացածների լռության մեջ…

Այս քնքշանալու օրերը…
և մեքենաները ջրերի արանքում
(ե՞րբ հասցրին ծաղկել ծառերը) …

Այն ի՞նչ պտուղ էր քո բերանի մեջ
(դա մոտավորապես արևի ժամին եղավ)
դու ականջիս հետևն էիր գցում ջերմությունս…

սպասեցի, մինչև քամին ու ոսկորներս,
սպասեցի, մինչև ճյուղերի արանքներով օրը…

Երբ անհետանում էիր,
երևում էին
դաստակներս անիրան`
ապակիների վրա
և կրկնվող պարանոցներիս միջև`
աշխարհի հատվածները…

Ապակու վրա այնքան գեղեցիկ էր,
որ օրը չավարտվել չէր կարող…

***

Օրվա խոնավությունից
իր մտքում մգացող հագուստ…
Դա լռելու ճանապարհին է
դրանք շենքերի
իրական գույներն են
ժամերի վրա,
և իմ ձեռքերը
կարոտի մեջ…
Շնչի՛ր,
կլորավուն ձևերի քաղաք,
ինչպես մարդիկ անցան
տների մեջ,
սարերում
բոլոր կկուները
լույս առան…
Մակերեսների մասին
մտածելու քաղաք…

***
Կիսալուսնաձև բառեր
նույն օրերի մեջ
նույն ծալքերով.
նա,
որ կիսափակ աչքերի միջով
գալու է…
Մոմերի ձևերով բառեր
կեսից ջարդվող
փափուկ շարժումները
քամուն…
Աչքերի անցնելու տեղերը…

***
Ահա մենակություններից վերջինը`
Փոքրի~կ-փոքրի~կ…
ուղեղումդ քաղաքի
բարեբախտությունն է պտտվում

վերջին մենակության պահին…

Այդ ես էի
ինչ-որ տեղ…
Որտեղ կորչում եմ,
ստվերները ջրերում էին…

***
Դա քամու հարազատությունն է,
ինչպես տագնապները
իմ ձեռքերի
ու քո ձեռքերի
այնպես,
ինչպես սովորական քամիները
լինում են
նախքան բոլոր սպիտակ զգեստները…
Այնպես,
ինչպես եղել է.
բռնի՛ր
ուրեմն…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն