***
Ամեն անգամ,
Երբ առևտրի կենտրոնում
Որևէ տաք
Հագուստ եմ տեսնում,
Ուզում եմ գնել
Ու հագցնել
Մորս մասին բանաստեղծությանը,
Որ
Չմրսի
Նա…
***
Բոլոր ծննդատները
Նույն գույնն ունեն,
Նույն ձայնն ունեն,
Նույն ճիչն ունեն
Ու նույն ժպիտը,
Բացի այն մեկից,
Որում մայրս
Մինչև հիմա
Ծնում է
Ինձ…
***
Մատներիս արևելյան փողոցներում
Մայրս դողդողալով փնտրում է հորս՝
Մայրամուտի նվիրած բաճկոնը հագին…
Մատներիս արևմտյան փողոցներում
Հուսահատ շրջում է հայրս՝
Արևածագից գնած բաճկոնը ձեռքին…
Մատներիս բոլոր փողոցներում
Մոլորվել են թաց խաղալիքներս,
Քանզի
Տնից մանկապարտեզ,
Մանկապարտեզից տուն
Խաչվել են բոլոր փողոցները
Իմ մատներում…
***
Լուսնից կախած
Հագուստս է երևում.
Մայրս լվացք է արել…
***
Գարունն ասում է՝
Մայրդ ինձ է նման։
Ամառն ասում է՝
Մայրդ ինձ է նման։
Աշունն ասում է՝
Մայրդ ինձ է նման։
Այս ցրտերին
Գարունների միջով,
Ամառների միջով,
Աշունների միջով եմ
Ես ինձ
Դպրոց տանում,
Որ
Չլսեմ
Ձա՛յնը ձմռան…
***
Դասարանում միակ աշակերտն էի,
Որ թելադրությունից երկու ստացա
«Մայր» բառը նկարելու համար…
Դասարանում միակ աշակերտն էի,
Որ «Տարվա հինգերորդ
եղանակը» թեմայով
Շարադրությունից երկու ստացա՝
Մոր մասին գրելու համար…
Դասարանում միակ աշակերտն էի,
Որ մոր մասին փոխադրությունից
Երկու ստացա՝
Այն չգրելու համար…
Այդ օրվանից
Թելադրություն գրելու օրերին,
Շարադրություն գրելու օրերին,
Փոխադրություն գրելու օրերին
Պայուսակս ինձ դպրոց չի տանում,
Որ տետրիս մեջ
Մորս գծած լուսանցքները
Չտեսնեն մատիտներիս ու գրչիս
Արցունքներս ծամելիս…
***
Բոլորովին մեկ չէր,
Թե գարունները
Ինչ ծառերով ինձ
Երկիր բերեցին…
Բոլորովին մեկ չէր,
Թե ամառները
Ինչ ծառերով ինձ
Հեքիաթ պատմեցին…
Բոլորովին մեկ չէր,
Թե աշունները
Ինչ ծառերով ինձ
Ճերմակ երգեցին…
Լիովին մեկ է,
Թե ձմեռները
Ինչ ծառերով ինձ
Կտանեն երկինք…
***
Երբ ծառ էի,
Նայում էի
Կողքովս անցնող մարդկանց
Ու բողբոջում…
Երբ քար էի,
Զգում էի
Վրայովս քայլող մարդկանց
Ու հանգիստ շնչում…
Երբ ջուր էի,
Հպվում էի
Իմ մեջ լողող մարդկանց
Ու սարսռում…
Հիմա, երբ մարդ եմ,
Ամեն օր թակում եմ
Եղնջապատ դուռը Դարվինի,
Ու հիշեցնում
Վերադարձող անշնչությանս,
Որ ծառ էի,
Որ քար էի
Ու ջուր…
***
Ինձ հետ տուն եկավ,
Ճաշեց,
Սուրճ խմեց,
Ֆիլմ դիտեց,
Զրուցեց մի քիչ,
Շոյեց ձայնս,
Հանեց զգեստը մտքիս,
Պառկեցրեց խշշոցի վրա
Ու
Հեռացավ
Ծառը —
Քայլվածքով հոգուս…
***
Մայրս
Զինվորական ոչ մի լրատվության
Է՛լ չի հետևում.
Նրան
Իր լսած վերջին լուրը
Բերել է
Ինձ մոտ…
***
Ամեն երեկո
Թշնամին
Դեռ տաք արյանս կողքին նստում
Եվ ինչ-որ բան է մռթմռթում…
Ինչպե՞ս
Ընկալի արյունս,
Եթե
Կորցրած հողս
Միայն հայերեն է հասկանում…
***
Մայրս
Աղավնու
Ոտքի,
Մեջքի,
Գլխի չափերով
Ճերմակ գուլպա,
Ճերմակ շապիկ,
Ճերմակ գլխարկ է գործում։
Սիրուն է, չէ՞,
Գործում մայրս…
***
Հայրս
Ամբողջ կյանքը
Զինվորական կոշիկներ
Ու հագուստ արտադրող
Միակ գործարանում էր աշխատում։
Այս տարի
Գործարանը
Հարստացավ
Ու լուծարվեց…
***
Իմ մեջ
Ամեն ժամ
Զինվորական
Մի զույգ կոշիկ,
Մի համազգեստ,
Մի ուսապարկ
Եվ ինքնաձիգ
Իր զինվորին է փնտրում…
***
Ինձ դրեցի
Իմ ուսին –
Մատնե՛րս հեկեկացին…
***
Մոտեցա
Հիշողություններիս,
Որ
Տեսնեմ
Ինձ…
***
Ամազոնը
Ինձ սովորեցրել է,
Որ ամենաերկար գետն է
Աշխարհի…
Ամազոնն ի՞նչ իմանա,
Որ գետակ է,
Եթե չի տեսել
Հայ մայրերին՝
Հոսելիս…
***
Աղավնիներին
Ինչո՞ւ տեսակափոխեցիր,
Դարվի՛ն…
Դու ինձ սովորեցրել էիր,
Որ թռչուններից
Միայն աղավնիներն են ավարտել
Իրենց էվոլյուցիոն զարգացումը։
Նրանք ամեն օր
Պապիս ափից թռչում էին
Դեպի տատիս ափը,
Հորս ափից՝ մորս ափը,
Իմ ափից՝ կնոջս ափը…
Ինչո՞ւ տեսակափոխեցիր
Տատիս,
Մորս
Ու կնոջս,
Դարվի՛ն…
***
Ձեռքերս
Հադրութից են բերում,
Ոտքերս
Շուշիից են բերում,
Սիրտս՝
Ստեփանակերտից,
Որ
Նորից
Արցախ
Դառնամ…
***
Իմ վերադարձից հանգեր են պակաս,
Աչքս խռովք է ցանում ամպերին,
Այս արահետը՝ մտքերը ծալած,
Ծուխն է մոտեցնում ինձ Կոմիտասի։
— Ոտք վաղուց չունեմ,- ասում էի ձեզ,-
Ձեր ոտքերով էր իմ հույսը քայլում.
Այսօր էլ ինձնից թե լուր չպոկես,
Կխաչակնքվե՛ս, բանաստեղծությո՛ւն…
***
Փշրեցի
Անվասայլակդ,
Որ
Լսեմ
Ոտնաձայներդ,
ԱՐՑԱ՛Խ…
***
Ձեռքս դիպավ ինձ,
Ու ամբողջությամբ
Ջրերում հայտնվեց
Դասագիրքը պատմության։
Այսքա՜ն տարեթվեր,
Այսքա՜ն հերոսամարտեր,
Այսքա՜ն արքաներ,
Ո՞ր ափերով են վերադառնալու իմ մեջ,
Եթե ջրերս
Լիճ չեն,
Ծով չեն
Եվ օվկիանոս…
***
Այնքան էր փոքրացել,
Այնքան էր նիհարել
Տատս,
Որ միայն
Իր մանկության
Կոշիկներն էր հագնում
Ու հագուստը…
Հիմա քեզ
Միայն տատիս հագուստից
Ու կոշիկներից եմ ճանաչում,
Հայրենի՛ք…
***
Ամպե իմ պատուհանից
Կախվել են աչքերս.
Թրքախոս մի պառավ
Փայտ է դարսում թոնրի մեջ…
Ամպե իմ պատուհանին
Ծխում են աչքերս.
Դեպի ինձ են մոտենում
Մրկված կողերն իմ…
Ամպե իմ պատուհանից
Խռով են աչքերս.
Մի թրքախոս զառամ
Թխում է
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ…
***
Բանաստեղծությո՛ւն, ինձ ո՞ւր ես տանում,
Ո՞րն է քո ճամփի կանգառը վերջին,
Դու՝ ճերմակահեր, ես՝ քո չափ մանուկ,
Հետս խաղալ եմ ուզում ես կրկին։
Ո՞ւր ես դու տանում ինձ ոտաբոբիկ՝
Ձյունե բառերիդ ոլորաններով,
Մեղաս դարձրած մի ձնագնդիկ՝
Գլորում ես քո տողն ի վար այսօր։
Որտե՞ղ ենք հասել, բանաստեղծությո՛ւն,
Ինչո՞ւ է խաչդ ինձ փնտրում հիմա.
Մի՞թե ես էի ճամփիդ կաթկթում,
Մի՞թե դու էիր միակ քահանան…
***
Հետո կզգամ, որ ներս մտավ Նարեկացին՝
Ողբերգության հին գլխարկը ձեռքերի մեջ,
Ու Չարենցի բյուրեղային ակնագնդից
Կգլորվեն թաց բառերը՝ հանց հրաժեշտ։
Տոլստոյի հետ Եսենինը հետո կգա,
Որ մոտենան իմ մենության խրամատին,
Իբրև մասունք դեպի կյանքիս կմախքն այդժամ
Երկինքներից մի բյուր ծաղիկ կարտագաղթի։
Ներս կմտնի հետո Ռիլկեն՝ երկինքաբույր՝
Սոֆոկլեսի լայն ստվերից րոպե չանցած,
Եվ ինձ մաշած ժամանակը՝ աչքերը կույր,
Իր բիբերին կտանի դեպ լույսի օրրան։
Աշխարհների մեռելներին,- բա՛վ է,- կասեմ,-
Ձեր ապրելն է դարձել միայն ինձ համար լույս,
Ձեր ուսերին ասե՛ք՝ ժամն է, որ ինձ տանեն
Մի բուռ հողով իմ մարմինը հոլովելու…
***
Վաղնջական անթացուպ է հենված պատին,
Սպասումը՝ ժամանակի մութ հոգեվարք,
Քարերի մեջ իրեն փնտրող ծեր պատանին
Հայեցումից ակնթարթ է պոկում անթարթ։
Հին օրերի սերն է երգում մամուռը ծեր,
Նրա հուշը հանդիպումն է գալիք սիրո,
Մեկը մեկով հղիացած զույգ մարմիններ
Իրենց հառնող ստվերներն են գրկում սիրով։
Օրը սառած իր պատկերն է հպում տապին,
Էգ ու արու դառնում են հին օրհնության դաս…
Վաղնջական անթացուպ է հենված պատին,
Սպասումը՝ ժամանակի լույս հոգեդարձ…
***
Գիշերը կգա՝ ինչպես մի ստվեր
Արևի նախնու ներկան իր հագին,
Այս ժամանակը կհագնի ճանկեր՝
Պատը ծեփելու իր բախտի գանգին։
Գիշերն իր սերունդ չի հիշվի որպես՝
Պարանի հյուսած կարմիր գույներում,
Եվ ծեփի գրկած հրաժեշտը մեզ
Կգտնի փրկված մեր ակունքներում։
Օրը կցանի մեզ որպես սերմեր
Հորինվածքներում մեր մարմինների,
Երբ գիշերը գա՝ ինչպես մի ստվեր,
Սակայն շեքսպիրյան անցյալը հագին…
***
Գնաց լույսը՝ ափը լցվող մութն ըմպելով,
Կյանքի նման, որն ինձ ըմպեց ափերով իմ,
Նա չտեսավ ծածկվելս բիլ ամպերով,
Ես չտեսա նրան վերև տանող ուղին։
Նստեց լույսը մի քարափի ամպասլաց,
Ինչպես վերջին բառն է ծնկում մեռնող շուրթին,
Ինչպես միջիս գունեղ եսն է՝ քամու տարած,
Ծովից դեպի ափ հանում իր մարմնեղ դին։
Նայեց կյանքը՝ փնտրելով լույս իմ աչքերով,
Իմ կարոտի կարոտներին թառած հեռու,
Չտեսավ լույսն իմ բիբերի երամը ծով,
Ես չտեսա՝ լույսն ինչպես է հղիանում…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն