***
Պատուհանից այն կողմ
դողում են ծառերը,
ձմեռը փաթիլներ է
կախում երկնքից,
ոռնում է քամին,
վազում՝ փողոցից փողոց,
սոված գայլը
թափառում է դաշտում,
փնտրում՝ իր զոհին,
գյուղի նեղ փողոցներով
անցնող ձմեռը
գլորում է տարեվերջի օրերը…
Լուռ նայում եմ վառարանի
մոտ նստած մորս,
այդ մասին ոչինչ չեմ
հարցնում այլևս,
ամեն անգամ ամանորից առաջ
ես փնտրում եմ հորս,
մայրս՝ իր ամուսնուն…
Քանի՞ տարի է արդեն
մայրս միայն ստելիս է ժպտում,
ասելով.
«Հայրդ կգա այս տարի»…

***
Օրեցօր մաշվող և լեռների գրկում բազմած
գյուղի գլխին
կախվել է մի կտոր արև
և դողում է ցրտից,
ոտքերիս տակ սահող
փոքրիկ հողակտորը
արտագաղթից
վախենում է այնպես,
ինչպես հասկը կարկուտից,
լռությունն ավելի
տաղտկալի է դարձնում
փակ դարպասներին
ժանգի հետ նստած ժամանակը,
ծուռ, քարքարոտ յուրաքանչյուր փողոցում կանգ եմ առնում,
անհույս սպասման մեջ մեռնում է ձեզ ոջունելու կարոտը,
հեռացածներս…

***
Առավոտ,
երկնքից ամպի
ծվեններ են կաթում,
խոտի վրայով գլորվող
արևի շողերը
հալվում են ջրում,
ու լեռների լանջերից
սահում վար,
գյուղն արթնանում է,
թոնիրը՝ ծխում,
լավաշի հոտը փողոցից
փողոց է վազում,
սերմնացան ցորենի հետ
աշխատավորի քրտինքը
ընկնում է հողին,
արտերը կանաչում են…
Թաքնված մի տխրություն է
պատում հոգիս,
երբեմն փակում եմ աչքերս չտեսնելու համար,
չլսել չեմ կարող սակայն,
գյուղից գյուղացուն
վռնդելու համար
գյուղ մտած արտագաղթը
անցնում է բակից բակ,
Լեռը բարձրանալիս
նայում եմ գյուղին,
թվում է լույսն ու խավարը պայքարի են ելել,
կռվում են այդ փոքրիկ մարմնում,
որ ծվարել է լեռների գրկում,
անքահանա եկեղեցին
պատարագ է մատուցում,
ինքն իրենով, իր մեջ,
որ Աստված չհեռանա գյուղից…
Վարպետը քարը քարին է դնում,
հարս են բերում, հարսանիք է,
զուռնայի ձայնը
արձագանքում է խո՜ւլ լեռների մեջ,
լեռները պար են բռնում, թնդում է հողը,
սեփական քրտինքով վաստակած հացի օրհնությունը
աշխատավորի ուրախության մեջ ծնում է
Աստծուն մոտ լինելու հպարտություն…
Նոր աշխարհ եկած մանկան առաջին ճիչի մեջ
հառնում է ապագան,
փոքրիկ բլուրին թառած կիսավեր եկեղեցում
վառում եմ հերթական մոմը հավատով՝
որ այլևս ստիպված չեմ լինի փակել աչքերս
արտագաղթը չտեսնելու համար…

***
Ամեն առավոտ նա ծաղիկներ էր գնում
ոչ թե կնոջ՝ այլ Աստծո համար,
երբեմն առանձնանում էր Աստծո հետ խոսելու
և վստահ էր, որ լսում և տեսնում է նրան,
դրա համար էլ մարդիկ խելագար էին անվանում իրեն…
Ինքը եղել էր ու կար,
մարդկանց մեջ մարդու պես ապրելու համար
ժամանակին իր հացը կիսել էր աղքատների հետ,
մաքրել իր հաշիվները աշխարհի հետ,
ամեն վարկյան պատրաստ էր մեռնել
ճերմակ մազերին իջած խաղաղության մեջ…

***
Երևի ծնվելիս ինչ-որ մեկը գլխի էր ընկել,
կամ հուշել էր ինչ-որ մեկին, որ քեզ կոչեն
Աստվածուհու անունով…
Քեզ տեսնելու հույսով թափառումից հոգնած
վերադառնում եմ կարոտիս մոտ
և հասկանում՝
քեզ հնարավոր կլինի շոշափել միայն,
երբ կարողանամ բռնել օդը
կամ գրկել երկինքը…
Ծնվելիս քեզ մեկ զույգ աչքեր
տեսել էին,
Էլի ոսկեծամ…
Էլի Անահիտ…

***
Անհետանում են ձայները,
լռում՝ բոլոր խոսքերը,
երբ միասին դուրս ենք գալիս զբոսնելու
ճերմակ փողոցում,
քամուց օրորվող փաթիլները
գլորվում են ոսկեգույն մազերիդ,
հալչող ձյան հետ խոնավ մազերդ
կպչում են այտերիդ,
ու ձմեռը ավելի է սազում քեզ…
Ինձ, քեզ և ճերմակ փողոցին
տանել չի կարողանում առավոտը միայն,
որ բացվելուն պես խնամքով հավաքում է
բոլոր երազներս,
բարձիս տակ թողնելով մեկ բուռ սպասում ընդամենը…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն