Աշնան դեղնած շուրթից, որպես աղոթք, ծորում էր անձրևը: Լայն փողոցում, մեքենաների անիվների տակ մեռնում էին թափված տերևները: Վերջին ամիսներին Նարեկը նայում էր աշխարհին նույն ապակու միջով, նա հոգնել էր նստած ինչ-որ տեղ հասնելուց: Դողացող մատների արանքում ծխախոտի վերջին գլանակի մեջ ինքնասպան էր լինում կեսօրը: Երկու անգամ կոտրել էր ապակին, երեք հեռախոս էր ջարդ ու փշուր արել, բայց դրանից ոչ ձանձրույթն էր պակասել, ոչ էլ բարկությունը:
— Այո:
— Բարև:
— Բարև, չասե՞ցի չզանգես:
— Ուզում եմ գամ:
— Որ հաց բերես ու խղճա՞ս:
— Լսի…
Մարիան ինչ-որ բան էր ուզում ասել, չհասցրեց:
Նարեկը հեռախոսը նետեց անկողնուն և գլանակը մարեց մոխրամանի մեջ: Անձրևը դեռ գալիս էր: Քամի բարձրացավ, դիմացի շենքի լվացքի պարանը պոկվեց, և գույնզգույն շորերը պարելով իջան ցած: Քաղաքը լողանում էր, մի շուն, ոսկորը բերանում, վազեց կանգառ, նստեց ծածկի տակ ու հանգիստ սկսեց վայելել իր ճաշը: Լուսինը մոտ թվաց Նարեկին: Սթափվեց դռան զանգից, չմոտեցավ: Մի քանի անգամ հնչեց զանգը:
Դուռը բացվեց: Մարիան եկավ, տոպրակը դրեց սեղանին ու լուռ նստեց աթոռին:
— Բա ասում էիր բանալի չունե՞ս:
— Դու էլ էիր ժամանակին շատ բան ասում:
— Ինչի՞ ես եկել:
— Որ էլ չգնամ:
Նարեկը ձեռքը երկարեց և հանեց Մարիայի ակնոցը:
— Հետդ մարմնավաճառի նմա՞ն են վարվել: Ծեծե՞լ են:
Լռություն: Անձրևը խփում էր պատուհանին: Քաղաքը մաքրվել, փայլում էր իր գույնզգույն տանիքներով: Մարիան գլուխը կախել, ինչ-որ բան էր մտորում կարծես: Նարեկը սովորականի պես պատուհանից դուրս էր նայում: Խոսում էին` չնայելով իրար:
— Ծեծե՞լ են:
— Հա:
— Դուրդ եկա՞վ:
— Հա, ավելի լավ է, քան արհամարհանքը:
— Դու կարող ես ցանկացած մարդու մեջ մեղքի զգացում մտցնել, վարպետ ես:
— Ուսուցիչս դու ես եղել:
— Ի՞նչ ես ուզում:
— Ոչինչ:
Մարիան վեր կացավ, դրեց ակնոցը, բանալին դրեց սեղանին և քայլեց դեպի դուռը:
— Օղի բերե՞լ ես:
— Հա:
— Արի լցրու, նոր գնա:
Մարիան մոտեցավ, տոպրակից հանեց շիշը, բացեց, օղի լցրեց բաժակի մեջ, տվեց Նարեկին:
Նարեկը, բաժակը ձեռքին, թեքվեց դեպի պատուհանը` շարունակելով դուրս նայել: Մարիան կագնած էր սեղանի մոտ:
— Ինչի՞ ես եկել:
— Եկել էի քեզ տեսնելու:
— Ինչո՞ւ գնացիր նրա հետ:
— Մնայի քեզ հետ, մեռնեի՞: Հիմա եկել եմ` ի՞նչ: Միշտ նույնն ես:
Նարեկը շրջվեց, խմեց օղին, բաժակը դրեց սեղանին: Մոտեցավ Մարիային, Մարիան նստեց անկողնու վրա:
— Ես սպանել եմ ծնողներիս ու չեմ մասնակցել նրանց թաղմանը, հասկանո՞ւմ ես:
— Դու չես սպանել:
— Բա՞:
— Վթար է եղել:
— Իսկ ղեկին ո՞վ էր, ո՞վ էր խմած:
Նարեկը գոռաց ամբողջ ուժով, վերցրեց բաժակը, Մարիան վախից ետ-ետ քաշվեց: Մտածում էր` կխփի:
— Գնում եմ:
— Գնա ու էլ ինձ չխղճաս:
— Մեկ էլ գալու եմ ծննդյանդ օրը, ու էլ ինձ չես տեսնի:
— Որ խղճա՞ս:
— Որ ավելի հարմարավետ անվասայլակ բերեմ քեզ, պատվիրել եմ, մի քանի օրից կհասնի:
— Դրա համար սիրեկանդ է վճարե՞լ:
— Ոչ, ես եմ վճարել:
— Դու ոչինչ չես հասկանա:
Նարեկը վերցրեց սեղանին դրված օղու շիշը և շշով խմեց:
— Միայն դու ես ամեն բան հասկանում, մեզ համար անհաս է ամեն ինչ: Դու ընտրյալ ես:
— Դու չգիտես` ինչ է նշանակում լինել մարդասպան ու դրա համար չդատապարտվել, մարդ սպանել ու դրա համար հիվանդանոցից սկսած լսել, որ դու մեղավոր չես, դա դժբախտ դեպք էր… Հասկանում ե՞ս:
— Ես ինչ էի արել: Ինձ ինչո՞ւ լքեցիր:
— Դու էլ էիր ինձ խղճում: Երբ դուրս եկա կոմայից, իմացա ամեն ինչ, ես սպասում էի, որ մեկը կգար, կապտակեր ինձ ու կասեր, որ մարդասպան եմ: Կարծում էի` դա կաներ ընկերս, դու, կամ հարազատներիցս մեկը, բայց ոչ մեկը չարեց…
— Փոխարենը դու բոլորիս ապտակեցիր:
— Այո, որովհետև ես բոլորիդ սիրում էի: Մխիթարանքը հաճախ ավելորդություն է, դրա միջոցով սիրաշահում են, խաբում են, համոզում են, բայց չեն սիրում:
— Դու չես փոխվի, գնացի:
Մարիան վեր է կենում, սրբում է աչքերը:
— Նստիր: Գիտե՞ս ես ինչի չեմ փոխվի:
— Ինչի՞:
— Որովհետև ես երեք անգամ բաց թողեցի մեռնելուս հնարավորությունը, դրա համար վերջը սպանեցի:
— Մեքենա վարել սովորեիր:
— Գիտեի, որ չես հասկանա: Լավ, ինչևիցե: Գնա: Դարակում ատրճանակ ունեմ, գազով, կարող ես վերցնել, որ հետդ այլևս այդպես չվարվեն:
— Որ վերցնեմ, քեզ կսպանեմ առաջինը:
Մարիան վեր կացավ, լուռ քայլեց դեպի դուռը և հեռացավ: Նարեկը, օղու շիշը ձեռքին, մոտեցավ պատուհանին: Երևաց Մարիան, նա, հովանոցը ձեռքին, քայլեց դեպի կանգառ, նստեց, պայուսակը դրեց ծնկներին ու գլուխը կախեց: Նարեկը փորձում էր հասկանալ` արտասվում է Մարիան, թե ոչ, բայց հեռու էր, դժվար էր դա նկատելը: Նույն ապակու տարբեր կողմերում, երկու տարբեր մարդիկ ուզում էին մոռանալ նույն պահը, որը մոտեցրել էր իրենց: Նարեկին թվաց, թե ապակին խանգարում է, նա բացեց պատուհանը: Մարիան նստած էր նույն դիրքով և վերև չէր նայում: Նարեկը անվասայլակով մոտեցավ, սեղանի վրայից վերցրեց բանալին և շպրտեց փողոց:
Արդեն շատ ուշ էր, փողոցում հավաքարարներ երևացին, Մարիան նրանցից մեկից ծխախոտ խնդրեց, վառեց, վեր կացավ ու հեռացավ: Այդ օրվանից ոչ ոք Մարիային չտեսավ այլևս…