Մեծ, ընդարձակ դահլիճում հավաքվել են հազարավոր մարդիկ, որոնք դիմավորելու են նախագահին։ Հսկա պատուհանները ծածկված են հաստ վարագույրներով, ամեն պատուհանի տակ կանգնած են մի քանի ոստիկաններ, երբեմն թվում է, թե ոստիկանները պատուհանների դիզայնի մաս են կազմում և մշտապես մնալու են իրենց տեղերում, ինչպես, օրինակ, ապակիները, պատուհանների փեղկերը կամ վարագույրները։ Ոստիկաններից երկուսի ուղեկցությամբ երկու մարդ ինչ-որ փայտեր բերեցին, դրեցին ամբիոնի հետևում, այնուհետև նրանցից մեկը կանգնեց այդ փայտերի վրա, ինչ-որ բան խոսեցին, ուղղեցին միկրոֆոնները և հեռացան։ Հետո դահլիճ բերեցին լրագրողներին, կոստյումով տղամարդկանցից մեկը մոտեցավ նրանց, ժպիտով ինչ-որ ցուցումներ տվեց, ապա նրանց ցույց տվեց այն աթոռները, որոնք առանձնացված էին լրագրողների համար, և հեռացավ։
Հայտարարեցին, որ նախագահը գալիս է։ Բոլորը ոտքի կանգնեցին և սկսեցին գոռալ, դա ողջույնի նոր տեսակ էր, որը հեռվից լսողներին կարող էր հիշեցնել մարզադաշտում ֆուտբոլի երկրպագուներին։ Նախագահը վերևից իջնում էր աստիճաններով. քանի որ նա ցածրահասակ էր, ոտքի կանգնած մարդկանց մեջ գրեթե չէր երևում, սակայն դա չէր խանգարում ամբոխին վերև նայել ու գոռալ։
Նախագահը կանգ առավ ամբիոնի մոտ, թիկնապահը, կարելի է ասել, գրկեց նրան, կանգնեցրեց նախօրոք դրված փայտերի վրա։ Հանկարծ ամբիոնի վրա դրված միկրոֆոնների ետևում երևաց նրա մեծ քիթը, որը քիչ էր մնում դիպչեր միկրոֆոններին, եթե նա գլուխը աջ կողմ չթեքեր, հավաքվածները սկսեցին միանման գոռալ, թափահարել ձեռքերի դրոշները, հետո ծափահարեցին, մինչև նախագահը ձեռքով ծափերը դադարեցնելու նշան արեց։ Դահլիճում լռություն տիրեց։
— Բարի երեկո, սիրելի՛ ժողովուրդ, ես մի փոքր հուզված եմ, ես ամեն օր ավելի շատ եմ սիրում ու կարոտում ձեզ,- նախագահի այս խոսքերից հետո դահլիճում կանանցից շատերը հուզվեցին, նրանք գիտեին՝ ինչ ծանրաբեռնված է աշխատում երկրի առաջին դեմքը, ու որքան շատ էր նրան հուզում յուրաքանչյուր քաղաքացու նույնիսկ աննշան խնդիրները։- Ես այսօր բերել եմ ինձ հետ և ուզում եմ ձեզ ցույց տալ իմ վերջին ստեղծագործությունը և սիրով կլսեմ ձեր կարծիքները, ինչու չէ՝ նաև դիտողությունները։
Նախագահը մի պահ լռեց, հետո գրպանից հանեց թաշկինակն այնպես, որ բոլորը դա տեսնեին, սրբեց աչքերը, թաշկինակը դրեց գրպանը, սպասեց մինչև ծափերը դադարեն, հետո ձեռքը բարձրացրեց այնպես, ինչպես սովորաբար պահում են կտավը, նայեց դահլիճին, ձեռքը պտտեցրեց աջ և ձախ կողմերը, որպեսզի բոլորը տեսնեն, հետո ձեռքը դանդաղ իջեցրեց, ուղղեց միկրոֆոնը։
— Դե, ի՞նչ կասեք։
— Հիանալի է։
— Դուք մեծ գեղանկարիչ եք։
— Ասես մեր պայծառ ապագան լինի պատկերված։
— Այդ նկարը հանձնեք թանգարանին։
— Դա արվեստի յուրահատուկ գործ է։
— Կտավին մեր երկրի կանաչ ճանապարհն է պատկերված։
— Ես՝ որպես մշակութաբան, հուզված եմ։
Բոլորը, իրար հերթ չտալով, գոռում էին։ Նախագահը ձեռքերը բարձրացրել էր և այդ կերպ շնորհակալություն էր հայտնում իր սիրելի ժողովրդին։ Լրագրողներից շատերը ուղիղ եթերում հայտնում էին այդ հոգևոր զարթոնքի լուրը, ցույց էին տալիս երջանիկ ժողովրդին, հուզված նախագահին, և հպարտանում, որ նախագահը նաև մեծ արվեստագետ է, և իրենց երկիրը թևակոխում է նոր, ավելի բարեկեցիկ, հոգևոր ժամանակաշրջան։
Մի ծերունի, որ լուռ լսում էր այս ամենը, ձեռնափայտով ճանապարհ բացելով, մարդկանց մեջ մխրճվելով՝ դանդաղ առաջացավ։ Նրա ճերմակ մազերը խառնվել էին, դեմքին քրտինքի կաթիլներ երևացին, որովհետև դահլիճն այդքան մարդու համար նախատեսված չէր, իսկ դռներն ու պատուհանները փակել էին՝ անվտանգությունից ելնելով։ Նրա ճերմակ մորուսը վերևի և ներքևի շրթունքների մոտ տեղ-տեղ դեղնել էր, մերթընդմերթ դողացող ձեռքով մաքրում էր ճակատի քրտինքը։ Գրեթե բոլորը սև զգեստներով էին, հատկապես առաջին շարքերում նստած մարդիկ, որոնք արդեն բավականին ժամանակ ոտքի կանգնած ծափահարում էին, և առաջացող սպիտակամազ ծերունին կարծես գիշերվա մեջ շարժվող սպիտակ կետ լիներ, որ գնում, կանգնում էր տեղ-տեղ, փորձում էր առաջանալ՝ հրելով իր շուրջը հավաքված մարդկանց։ Նա կանգնեց առաջին շարքերում, շունչ քաշեց, մաքրեց քրտինքը, որն արդեն կաթում էր սպիտակ վերնաշապիկին, որը տեղ-տեղ թրջվել էր։ Երբ ծափերը լռեցին, ծերունին մի փոքր բարձր ձայնով ասաց.
— Ձեր ձեռքին ոչինչ չկար, պարոն նախագահ։ Ես այնտեղ ոչինչ չտեսա, խնդրում եմ…
Երկու մարդ մոտեցան ծերունուն, ժպիտով ինչ-որ բան ասացին նրան, թույլ չտվեցին խոսքն ավարտել, երկու կողմերից թևանցուկ արեցին և դուրս տարան դիմացի դռնով, որտեղից եկել էր նախագահը։
Անին բացեց աչքերը, հորանջեց, դեռ ուշքի չէր եկել, հանկարծ նկատեց, որ պատերը ուրիշ գույն ունեին, նստեց անկողնու մեջ, թվաց՝ երազ է տեսնում, տրորեց աչքերը, ուզում էր իջնել անկողնուց, չկարողացավ, շրջվեց, նկատեց, որ ոտքը կապված է։ Սենյակի անկյունում կանգնած տղամարդը, որ մինչ այդ լուռ նայում էր, քայլեց դեպի Անին։ Անին մի պահ սարսափեց, ետ-ետ գնաց անկողնու մեջ, հենվեց պատին։
— Ո՞վ եք դուք, որտե՞ղ եմ ես, ի՞նչ եք ուզում։
— Ուզում ենք ձեզ բուժել, մի՛ վախեցեք, դուք հիվանդանոցում եք։
— Ես միանգամայն առողջ եմ։
— Բժիշկներն այդ կարծիքին չեն։
— Ո՞րն է ինձ այստեղ բերելու պատճառը։
— Սոցիալական ցանցերում ձեր գրառումները։
— Այսի՞նքն, դա իմ անձնական տարածքն է։
— Դուք շարունակ բողոքում եք, դա հիվանդություն է։
— Ինչ կուզեմ՝ կանեմ։ Մեզ մոտ հիմա ժողովրդավարություն է։
— Այո, ժողովրդավարություն է, սակայն դրանից օգտվելն առանց մասնագետների չի թույլատրվում,- տղամարդը նստեց անկողնու մյուս ծայրին, ծոցագրպանից հանեց մի նկար, պարզեց Անիին:- Ո՞վ է այս մարդը։
— Իմ ամուսինն է, ի՞նչ է պատահել նրան։
Տղամարդը ձեռքով Անիին լռելու նշան արեց։ Եվ շրջվեց բժշկական խալաթով գեր կնոջ կողմը, որը լուռ ներս էր մտել և կանգնել տղամարդու գլխավերևում։ Կնոջ դեմքի վրա ոչ մի հարթ տեղ չկար, ասես դանակով ծակծկած լինեին մաշկը։ Անին մի պահ նայեց կնոջը, ուզում էր գոռալ, սակայն վախեցավ, չգիտեր՝ ինչ ասել։
— Ջուր կտա՞ք,- կմկմալով վրա բերեց նա։
Տղամարդը վեր կացավ, մոտեցավ սեղանին, թեյնիկից ջուր լցրեց բաժակի մեջ և Անիին մեկնեց եռման ջրով լցված բաժակը։
— Բերանս վառվեց, ջուրը տաք է։
Տղամարդը վերցրեց բաժակը, լուռ մոտեցավ, այն դրեց սեղանին և շրջվեց կնոջ կողմը, որ մինչ այդ լուռ կանգնած՝ ասես հրամանի սպասելուց լիներ, և չձանձրանալու համար արևածաղիկ էր ուտում, խալաթի մեկ գրպանից հանում էր արևածաղկի սերմը, կեղևազրկում, իսկ կեղևները գցում մյուս գրպանը։
— Մեկ բաժին էլ,- ասաց տղամարդը։
Կինը սեղանի վրայից վերցրեց ներարկիչը, մոտեցավ Անիին, որն ուզում էր ինչ-որ բան ասել, սակայն տղամարդը ձեռքով լռելու նշան արեց։
Տղամարդը մոտեցավ, բացեց վարագույրը։ Խոշոր փաթիլներով ձյուն էր գալիս, կտուրները կամաց-կամաց սպիտակում էին, օդից կախված թռչունները լողում էին սպիտակի մեջ, ճանապարհներին մեքենաների խցանումներ էին, հավանաբար ձյան պատճառով տեղի ունեցած վթարների հետևանքով։ Մի ծիտ իջավ, կանգնեց Անիի սենյակի պատուհանի փեղկին, նա այս ու այն կողմ էր շարժում գլուխը, ասես փորձում էր տեսնել՝ մարդ կա՞ ներսում, թե՞ ոչ։ Քիչ հեռու՝ կողքի պատշգամբի ճաղավանդակին նստած կատուն դանդաղ շարժում էր պոչը՝ աչքը չկտրելով պատուհանի փեղկին կանգնած ծտից, որը կտուցով քորում էր կուրծքը, հետո ծիտը բացեց թևերը, թվում էր՝ ուր որ է պետք է թռչեր, սակայն նա փոքրիկ գլուխը, որն արդեն կիսով չափ սպիտակ էր, տարավ թևի տակ։ Կատուն ցատկեց դեպի թռչունը, Անին, որ մինչ այդ ուշադիր հետևում էր այս ամենին, գոռաց, տղամարդը, որ նստած էր սեղանի մոտ, ոտքի կանգնեց, մոտեցավ, զարմանքով նայեց աղջկան, հետո ուղղեց նրա բարձը, դեղն արդեն ազդել էր։ Անին գլուխը դրեց բարձին, թուլություն զգաց, մի պահ՝ ասես գլխապտույտ, հետո հաճելի թեթևություն, ու ակամայից փակվեցին աչքերը։
Երկար ձգվող, ցածր առաստաղով միջանցքի երկու կողմերում դռներ էին, ասես հիվանդասենյակներ լինեին, որտեղից շարունակ սպիտակ խալաթներով մարդիկ էին ներս ու դուրս անում։ Դիմացի պատուհանի տակ մի քանի անվասայլակ էր դրված, որի կողքին, հատակին շարված ծաղկամանների մեջ, բացվել էին ծաղիկները՝ իրենց արնանման գլխիկներով։ Լուսավորությունը թույլ էր, և երկար ձգվող միջանցքի պատուհանը թունելի վերջում երևացող լույսի էր նման։ Երբեմն մարդիկ մոտենում և պատուհանից նայում էին ներքև, ոմանք բացում էին պատուհանը, գլուխները դուրս հանում՝ ասես օդ շնչելու համար։
Արսենը հենվել էր բարձին և ժպտում էր՝ անկողնու մեջ կիսանստած։ Տղամարդը, որ նստած էր սենյակի պատուհանի մոտ, սուրճի դատարկ բաժակը ձեռքին՝ լուռ նայում էր Արսենին, նրա ժպիտը տեսնելուց հետո վեր կացավ, մոտեցավ, կանգնեց նրա գլխավերևում, բաժակը դրեց անկողնու կողքին դրված փոքրիկ սեղանին, սպասեց այնքան, մինչև Արսենը ուշադրություն դարձնի իրեն։
— Ո՞նց ես քեզ զգում։
— Լավ եմ արդեն, շնորհակալություն։
— Ուզո՞ւմ ես դուրս գալ այստեղից։
— Ոչ, ոչ, այստեղ ապահով է։
Տղամարդը գրպանից հանեց մի նկար, որի վրա պատկերված էր Անին, մեկնեց Արսենի կողմը։
— Ճանաչո՞ւմ ես այս կնոջը։
— Ոչ,- Արսենը վերցրեց նկարը, նայեց, այս ու այն կողմ պտտեց և տվեց տղամարդուն։
Տղամարդը նկարը դրեց ծոցագրպանը։ Մոտեցավ, արձակեց Արսենի ոտքին կապված շղթան, հետո մոտեցավ սառնարանին, որն անկողնուց քիչ հեռու էր գտնվում։
— Տաք թեյ կխմե՞ս,- հարցրեց տղամարդը՝ հայացքը Արսենի կողմը պտտելով։
— Այո։
Տղամարդը սառնարանից ապակե շշով ջուր հանեց, լցրեց ապակե բաժակի մեջ, մեջը սառույց ավելացրեց, շշով ջուրը դրեց սառնարանը, վերցրեց բաժակը և մոտեցավ անկողնուն։
— Խնդրեմ։
— Շնորհակալություն,- Արսենը մի կում խմեց,- ջուրը եռման է, չեմ կարող խմել, թող սառի մի քիչ։
Տղամարդը ժպտաց, վերցրեց նրա ձեռքից բաժակը, դրեց սեղանին։ Արսենին սիգարետ առաջարկեց, ապա վառեց նրա սիգարետը՝ որպես հարգանքի նշան։
— Կարող ես վեր կենալ, ման գալ, դուրս գնալ։
— Շնորհակալ եմ, կներեք։
— Ինչի՞ համար։
— Ձեզ չհավատալու, սկզբում կարծում էի, թե ստում էիք, և բուժումը ուղղակի խաբկանք է։
— Աստծուն հավատո՞ւմ ես։
— Ոչ։
— Ինչո՞ւ։
— Չեմ տեսնում։
— Ի՞նչ ես հիշում քո մանկությունից,- թեման փոխեց տղամարդը։
— Ոչինչ, հիշում եմ միայն այն, որ ինձ տաք թեյ առաջարկեցիր։
— Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց փրկել քո կյանքը։
Տղամարդը ձեռքը դրեց Արսենի ուսին, որը գոհ ծխում էր՝ մտքում երախտապարտ լինելով այն մարդկանց, որոնք իր կողքին էին և կարողացան բուժել իրեն, հիմա նա ոչ ցավ է զգում, ոչ կարոտ, ոչ տագնապ, առհասարակ ոչինչ չի զգում, միայն թեթևություն…
Անին վաղուց արթնացել և նայում էր սեղանի մոտ նստած տղամարդուն, որ խնամքով կերակրում էր սեղանի վրա դրված վանդակի ներսի թութակին։ Ամեն ինչ հարազատ էր նրան, և՛ սենյակը, և՛ տղամարդը, և՛ վանդակի ներսում ապրող թութակը։ Տղամարդը վերցրեց վանդակը, տարավ, դրեց սենյակի հեռավոր անկյունում, վերադարձավ, նկատեց որ Անին արթուն է, սեղանի վրայից վերցրեց նկարը, որի վրա Արսենն էր պատկերված, և մոտեցավ Անիին։
— Լավ քնեցի՞ր։
— Այո, շատ։
— Ո՞վ է այս տղամարդը։
— Չգիտեմ։
— Փորձեք հիշել։
— Ծանոթ չէ ինձ։
Տղամարդը նկարը դրեց գրպանը, ապա արձակեց Անիի ոտքին կապված շղթան։ Ներս մտավ գեր կինը, կանգնեց սեղանի մոտ և սկսեց լուռ ուտել արևածաղկի սերմերը։ Նա շարունակ նայում էր պատուհանին, որը փակված էր վարագույրով, հետո, ասես, նյարդայնացավ, մոտեցավ, բացեց վարագույրը։
— Սառը ջուր կտա՞ք ինձ,- ասաց Անին։
— Կարող ես վեր կենալ, ինքդ վերցնել,- պատասխանեց տղամարդը։
— Ուզում եմ՝ դուք տաք։
Տղամարդը մոտեցավ սեղանին, միացրեց ինքնաեռը և դիմեց գեր կնոջը։
— Ասա՝ թող բերեն,- կինը արևածաղկի սերմերը գցեց գրպանը և դուրս եկավ։
Անին պատուհանից դուրս նայեց։ Օրն արևոտ էր, կտուրների ձյունը սկսել էր հալվել, վերևից երևացող ճանապարհներին մեքենաների խցանումներ չկային արդեն, պատշգամբում նույն դիրքով նստած էր սև կատուն, որ դանդաղ շարժում էր պոչը, հետո, ասես, սպասելուց հոգնեց, վեր կացավ, պտտվեց ճաղավանդակի վրայով, ներքև ու վերև նայեց ու ներս վազեց պատշգամբի կիսաբաց դռնից։
Ներս մտավ Արսենը, ժպիտով շուրջը նայեց։
Տղամարդը բաժակով լիքը եռման ջուրը մեկնեց Արսենին։
— Կնոջը ջուր հյուրասիրիր,- սիրալիր ասաց նա։
Արսենը մոտեցավ, բաժակով ջուրը մեկնեց Անիին։
— Սառն է շատ, թող մի փոքր տաքանա, հետո կխմեմ,- երկու կում խմելուց հետո ասաց աղջիկը։
Անին գունատ էր, իր երբեմնի հմայքից քիչ բան էր մնացել, նրա այտերին փոսիկներ էին առաջացել, մազերը անխնամ էին, վերևի շրթունքին վերք էր գոյացել, և երբեմն խոսելիս այն բացվում, ու շրթունքն արյունոտվում էր։ Արսենն ու Անին նայեցին իրար, միմյանց հետ քսան տարի ապրելուց հետո հիմա կանգնել են իրար դիմաց անծանոթների պես, գոհ, երջանիկ։ Տղամարդը, որ լուռ հետևում էր նրանց, մոտեցավ, Անիին հրահանգեց հարդարել մազերը, նա աղջկան սանր տվեց, նոր կոշիկներ, սև հագուստ, իսկ Արսենին՝ կոստյում, ասաց՝ կարևոր միջոցառման են մասնակցելու միասին։
Նեղ, թույլ լուսավորված միջանցքը անվերջանալի էր թվում։ Տղամարդը գնում էր առջևից, Անին ու Արսենը հետևում էին նրան։ Աստիճաններով իջան ներքև, ասես քայլ առ քայլ մտնում էին գետնի տակ, Անին ետ նայեց, միայն պատերին միմյանց կողքի շարված թույլ լույսերն են երևում և ուրիշ ոչինչ։ Կանգ առան երկու մեծ դռների դիմաց, տղամարդը բացեց դռները, հայտնվեցին լուսավոր ու մեծ դահլիճում, ուր հազարավոր մարդիկ կային։ Մուտքի մոտ մի կին նրանց դրոշներ տվեց, և հրահանգեց ուշադրություն դարձնել, թե մյուսները ինչպես են պահում դրոշները, և կրկնել նույնը։ Անին ու Արսենը դանդաղ առաջ շարժվեցին, կանգ առան այնտեղ, ուր ասաց իրենց ուղեկցող տղամարդը։ Տղամարդու հեռանալուց հետո բոլորը սկսեցին ծափահարել, Անին ու Արսենը նույնպես սկսեցին ծափ տալ և պարզել ձեռքների դրոշները։ Նրանք կանգնած էին ուղիղ ամբիոնի դիմաց, ուր երկու միկրոֆոն էր դրված, հանկարծ ամբիոնի տակից դուրս ցցվեց մի նեղճակատ գլուխ, բոլորը գոռացին, նա ժպտաց, ձեռքով շնորհակալության շարժումներ արեց, հետո երկու ձեռքով հասկացրեց, որ դադարեցնեն ծափերը։ Բոլորը լռեցին, մի քանի րոպե լռություն տիրեց դահլիճում։
— Բարի երեկո, սիրելի՛ ժողովուրդ, ես մի փոքր հուզված եմ, ես ամեն օր ավելի շատ եմ սիրում ու կարոտում ձեզ,- նախագահի այս խոսքերից հետո դահլիճում կանանցից շատերը հուզվեցին, նրանք գիտեին՝ ինչ ծանրաբեռնված էր աշխատում երկրի առաջին դեմքը, ու որքան շատ էր նրան հուզում յուրաքանչյուր քաղաքացու նույնիսկ աննշան խնդիրները։- Ես այսօր բերել եմ ինձ հետ և ուզում եմ ձեզ ցույց տալ իմ վերջին ստեղծագործությունը, և սիրով կլսեմ ձեր կարծիքները, ինչու չէ՝ նաև դիտողությունները։
Նախագահը մի պահ լռեց, հետո գրպանից հանեց թաշկինակն այնպես, որ բոլորը դա տեսնեին, սրբեց աչքերը, թաշկինակը դրեց գրպանը, սպասեց մինչև ծափերը դադարեն, հետո ձեռքը բարձրացրեց այնպես, ինչպես սովորաբար պահում են կտավը, նայեց դահլիճին, ձեռքը պտտեցրեց աջ և ձախ կողմերը, որպեսզի բոլորը տեսնեն, հետո ձեռքը դանդաղ իջեցրեց, ուղղեց միկրոֆոնը։
— Դե, ի՞նչ կասեք։
— Հիանալի է։
— Դուք մեծ գեղանկարիչ եք։
— Ասես մեր պայծառ ապագան լինի պատկերված կտավի վրա։
— Այդ նկարը հանձնեք թանգարանին։
— Դա արվեստի յուրահատուկ գործ է։
— Կտավին մեր երկրի կանաչ ճանապարհն է պատկերված։
— Ես՝ որպես մշակութաբան, հուզված եմ։
— Ի՜նչ գեղեցիկ է, ես հիացած եմ,- գոռում էր Անին։
— Դա հանճարեղ գործ է, անընդմեջ ուզում եմ նայել,- գոռում էր Արսենը։
Ամբոխը գոռում ու հրճվում էր, բոլոր դռներն ու պատուհանները փակ էին։ Մի քանի մարդ ուշագնաց եղավ, ոստիկանները նրանց գրկած դուրս տարան ետևի դռնով։ Շատերը խնդրում էին, որ նախագահը մեկ անգամ էլ ցույց տար նկարը, սակայն նա վերև էր պարզել ձեռքերը, պտտվում էր աջ ու ձախ, որ բոլորը տեսնեին իրեն, և ընդուներ բոլորի ողջույնները։ Այս ամենը կարող էր մի քանի ժամ ձգվել, եթե նախագահին չմոտենար թիկնապահներից մեկը և նրա ականջին ինչ-որ բան չշշնջար, որից հետո նախագահը, որպես ծափերը դադարեցնելու նշան, իջեցրեց ձեռքերը՝ դիրիժորի պես, երբ ավարտվում է երաժշտությունը։
Մի պատանի, դժվարությամբ անցնելով մարդկանց շարքերի միջով, առաջացավ, կանգնեց դիմացի շարքում՝ ամբիոնի դեմ դիմաց, և բարձր ձայնով գոռաց.
— Ձեր ձեռքում ոչինչ չկար, ես այնտեղ ոչինչ չտեսա, խնդրում եմ…
Երկու տղամարդ մոտեցան տղային, ժպիտով ինչ-որ բան ասացին, հետո թևանցուկ արեցին նրան և տարան այն ճանապարհով, որով ժամանակին տարել էին իր պապին, որին ինքն այդպես էլ չէր տեսել։ Տղամարդիկ այնպես էին քայլում, որ նրանց ետևից նայող մարդկանց թվում էր, թե նրանք գուրգուրում էին պատանուն, որին, երկու թևերից բռնած, քարշ էին տալիս դեպի դուռը, իսկ պատանին քայլում էր լուռ, առանց այս կամ այն կողմ նայելու, առանց որևէ դիմադրություն ցույց տալու, որն ահնար կլիներ այդ պահին։ Նա գնում էր՝ հանդիպելու պապին։