Հեռու մի տեղ կայծակը պատռեց ամպի փեշը, մրսած պատուհանները դողացին որոտից, թվաց տունը քանդվում է, և ուր որ է քամին ներքև կնետի կտուրի հին թիթեղները: Լեռները խուլ հառաչանք արձակեցին ձորը վազող առվակների տեսքով, ծառերը հրաժեշտ տվեցին վերջին տերևներին, իսկ երկինքը երկար ու ինքնամոռաց իր ջրային հոգսն էր պատմում խոնավ փողոցներին: Մութ, մռայլ օրը սողում էր անտառում: Արամը փորձեց կաթ խմեցնել Լեոյին, որն ամբողջությամբ թափվեց կենդանու բերանից: Շիշը մի կողմ դրեց, շոյեց ձիու թպրտացող, գրեթե անկենդան մարմինը, և լռության մեջ աչքերում փշաքաղվեցին արցունքները: Քսան տարի միասին էին: Լեոյի մեջքին նստած անցել էր իր կյանքի ամենից բեղուն ժամանակների միջով: Ձիով էր հարս բերել անգամ: Կինը չէր ցանկացել, պատճառաբանելով, որ վախենում է, չի կարող ձի նստել: Համոզել էր, խնդրել, պահանջել: Ձին հանգիստ քայլել էր ճանապարհով, անցել մեքենաների կողքով, չէր խրտնել: Մեջքին անվնաս տանելով սերը, հասել էր տուն, կանգնել դռան առջև, հոտհոտել նոր բացվող վարդերը, մինչև Արամը իջել և գրկել-իջեցրել էր կնոջը: Մահի դեմ մեն մենակ մնացած ծնկի էր իջել գոմի քարե սալիկին, շոյում էր ձիու գլուխը, վիզը, ծխախոտի ծխի հետ դուրս փչելով ներսում կուտակվածը, որ պայթելու չափ հզոր ու սիրտ կեղեքող էր: Գերանից կախված ճաղավանդակի մեջ թութակը անհանգիստ այս ու այն կողմ էր քայլում: Լռություն էր շուրջը, իսկ թութակները չեն կարողանում կրկնօրինակել լռությունը: Չէր նկատի անցնող ժամանակը, եթե աղունիկները իրար չխառնվեին: Սոված թռչունները բներից իջնում կանգնում էին մեկ հատակին, մեկ գերաններին, մեկ պատուհաններին: Իրիկուն էր: Աղունիկներին ցորեն տվեց, բացեց դուռը, ներս եկան ծիծեռնակները: Ձիու մարմնին կանգնած սպիտակ աղավնին մեջքի վրայով քայլեց դեպի վիզը, թվաց մահվան հրեշտակն է եկել հոգու ետևից: Ծնկեց, ձեռքը դրեց ձիու գլխին: Լեոն հեռացել էր արդեն: Դողացող ափի մեջ զգաց կենդանու սառչող մարմինը և վառեց տուփում մնացած վերջին ծխախոտը: Դույլով գարին ձեռքին մոտեցավ, կերակրեց հինգ ամսական քուռակին, որը մի քանի րոպե առաջ կորցրեց մորը: Օրը մի քանի անգամ մտնում, զրուցում էր կենդանիների հետ, այդ օրը ոչ մեկին ոչինչ չուներ ասելու: Թութակին հետը տուն տարավ: Վախենում էր մենակությունից գուցե, կամ այդ երեկո ավելի խորացավ մենակության զգացումը:
Հին պատուհանների ետևում դողում էր աշունը, առավոտը մրսում էր անտառում: Խոտը թաց էր, քայլում էր զգույշ, նայելով ոտքերի տակ, որ չսայթաքի հանկարծ: Մասուրի փշերը բռնում էին տաբատից, ասես մեկը ետ էր քաշում, պտտվում՝ հագուստի վրայից հեռացնում էր փուշը և շարունակում էր ճամփան:
— Բարի լույս, էս ո՞ւր,- անտառապահն էր:
— Բարի լույս, փայտի:
— Այ տղա, վերջը վրաս խոսակցություն ես բերելու, գոնե գիշերով գնա:
— Չորուկ եմ հավաքում, հո՞ ծառ չեմ կտրում:
— Չորուկը փողով ա:
— Որ ինձ տեսնեն, քեզ ի՞նչ են ասելու:
— Ինձ նկատողություն կտան, աշխատավարձիցս էլ կպահեն:
— Ուրեմն չեմ տանի:
— Չէ, արի ցույց տամ, էնտեղ հաստ ճյուղեր կան, ետևիցս արի:
Բարձրացան, անցան բլուրի մյուս կողմը: Ատառի նեղ կածանով առաջացան, անտառապահը շուրջը նայեց, հետո հեռադիտակը դրեց աչքերին՝ ավելի հեռուն զննելու համար:
— Սրանք են, երկուսը դու վերցրու, երկուսը՝ ես:
Բլրից իջնելիս ընկավ, ճյուղի վրայի փշերը ծակեցին ձեռքը, մատից արյուն եկավ: Անտառապահը հաճախ կանգ էր առնում, նայում շուրջը, ուշադիր զննում գյուղից եկող ճանապարհը: Հոգնեց և հիշեց Լեոյին: Փայտը պարանով կապում էր ձիու ետևից, և քայլում ծխախոտը բերանին: Ամեն տարի փայտ բերելու համար անցել էր այս ճանապարհով, երբեք չէր հոգնել այսքան: Ճյուղերը գցեց խրճիթի դիմացը, նստեց:
— Արի ներս տանենք, մարդ չտեսնի, որտե՞ղ ես դնելու:
— Մարագը կգցեմ:
— Սրանք էլ են քոնը,- անտառապահը ճյուղերը քարշ տվեց դեպի մարագը:
— Մտածեցի քեզ համար ես տանում,- Արամը զարմացավ և վերցնելով ճյուղերը, քայլեց մարագի կողմը:
— Ես վաղուց եմ տարել: Պրծի, տնական օղի ունե՞ս, սառեցինք:
— Ինչի չունեմ,- փակեց դուռը:
— Ցուրտ ա:
— Ինչի օղի ես ուզում, ծիրան, թե՞ խաղող:
— Մեկ ա:
— Ոնց է մեկ, ո՞րն ես սիրում:
— Երկուսն էլ:
Արամը սեղանին դրեց երկու շիշ, հաց, պանիր և սոխ:
— Էս ծիրաննա, էս՝ խաղողը,- լցրեց բաժակները:
— Եթե տեսնեն, չասես, որ ես գիտեմ, արագ ջարդի, դասավորի, ստուգում են մեկ- մեկ:
— Բանալիով փակ է դուռը,- խմեցին:
— Քոնը օղի չի, մեռոն է:
— Մի քիչ ճակատիդ քսի,- լցրեց:
— Փեթակները ներս տարե՞լ ես, քանի խմած չեմ, օգնեմ:
— Հա, տարել եմ, լավ հիշեցի, սպասի,- իջավ մառան, տոպրակի մեջ չիր լցրեց, վերցրեց երկու կիլոգրամանոց ապակե տարայով մեղրը, վերադարձավ:
— Երկու բաժակ խմեցի մենակ:
— Անուշ, էս երեխեքին կտանես:
— Ի՞նչ է:
— Մեղր:
— Մեղրը հասկացա, էն:
— Չիր, փորձիր հլը, ես եմ սարքել:
— Ատամ չունեմ:
— Էն ժամանակ, որ ատամը կար, չիրը չկար, հիմա չիրը կա, ատամը չկա:
Արդեն գինովցած՝ սկսեցին երգել: Հիշեցին, երանի տվեցին երիտասարդությանը, պարեցին: Վերջին բաժակը ոտքի վրա խմեցին: Մինչև գետի վրայով անցնող կամուրջը ճանապարհեց անտառապահին: Գրկախառնվեցին, հրաժեշտ տվեցին միմյանց: Ուզում էր մտնել տուն, անուշադրությունից բարկացած շունը հաչեց: Արձակեց շանը: Գամփռը վազեց, նախ կամուրջի, հետո՝ գոմի, ապա՝ տան չորս բոլորը ստուգեց, համոզվեց, որ ոչ ոք չկա, եկավ պառկեց դռան առջև, և սկսեց լիզել վիզը: Գլխարկը դրեց աթոռին, նստեց անկողնուն, հագուստը հանել չհասցրեց: Անհամբեր քունը գրկեց նիհար մարմինը: Իր խրճիթում գիշերը գիշեր էր, լռությունը՝ լռություն, քունը՝ քուն: Երբ հեռացավ գյուղից ու այստեղ տուն կառուցեց, բոլորը զարմացան, ոմանք տարօրինակ համարեցին անգամ մարդկանցից հեռու ապրելու նրա որոշումը: Ամեն առավոտ դուրս էր գալիս, բարի լույս ասում լեռներին, լսում, թե ինչպես է քամին հևում անտառում, ինչպես են երգում օդում կախված թռչունները: Դռան առջև փայտե աստիճաններին նստում էր, կինը սուրճ էր բերում, ծխախոտ էր վառում, ծխում էր, խմում, գնում՝ կերակրում էր կենդանիներին, հետո աղավնիներին թռցնում և երկար ժամանակ հիանում էր երկնքում նրանց խաղով: Կնոջ մահից հետո սուրճը չկար, ինքն ալարում էր եփել, առավոտներից պակասել էր մեկ ձեռք, մեկ գույն, մեկ համ, որը ամեն անգամ զգում էր իր ծերացող ափի մեջ: Օղին չարաշահել էր, գլխացավ ուներ: Անկողնու մեջ երկար պառկեց, գլուխն առավ ձեռքերի մեջ, տրորեց աչքերը: Դժվարությամբ վեր կացավ, մեկ բաժակ օղի խմեց: Կացինը ձեռքին գնաց մարագ: Ուժ չէր մնացել ձեռքերի մեջ, անգամ բարակ ճյուղերը կոտրելիս մի քանի անգամ էր հարվածում: Մտածեց կացնից է, սրեց, ոչինչ չփոխվեց: Ծերության հետ չէր համակերպվում, թեև զգում էր, որ ամեն տարի կորցնում է ինչ-որ բան, բացի կենդանիների հանդեպ սիրուց: Կեսօրին երկար պարանով կապում, դուրս էր հանում քուռակին, ձիուկը վազում էր, թռչկոտում, պառկում, գլորվում հողի մեջ: Շոյում, մաքրում էր բարակը մեջքը, և զգում, թե ինչպես է կենդանու քթանցքերից դուրս հորդում թոքերում կուտակված օդը: Գլխացավը սաստկացավ, գործը կիսատ թողեց, ջարդած փայտը դասավորեց, փակեց դուռը: Նստեց սառը չեչոտ քարին, շունչ առնելու համար: Այդ օրը տեսավ, թե ինչպես օդ բարձրացող կռունկները իրենց հետ վեր հանեցին և զինվորական կարգապահությամբ կազմած շարքով տարան աշունը: Երկար նայեց նրանց ետևից: Զարմանալի էր, ոչ մեկը չխախտեց շարքը: Երկշարասյուն, ուղիղ, համաչափ մխրճվեցին ամպերի մեջ և կորան երկնքի կապույտ վարագույրի ետևում:
— Բարի երեկո, լա՞վ ես,- բլրի վրայից գոռաց անտառապահը:
— Բարև, լավ, դո՞ւ:
— Լավ:
— Արի մի-մի բաժակ խմենք:
— Չէ, գործի եմ, համ էլ սպասի խմածը մարսեմ, գլուխս պայթում է:
— Էս ժամին ի՞նչ գործ:
— Էս ժամին են գողություն անում, գնացի:
Մառանից չիր հանեց, լցրեց ափսեի մեջ, տուն մտավ:
— Ի՞նչ ես նայում:
— Ինչ ես նայում,- կրկնեց թութակը:
— Սովա՞ծ ես:
— Սոված ես:
Գրկեց թութակին, և բազմոցին նստած մոռացավ ծերության մասին:
Հողը ննջում էր սպիտակ վերմակի տակ: Լեռան ոտքերի առջև փռված գյուղի ցածր կտուրների ծխնելույզներին ծխում էր կյանքը: Բարձրացող ծուխը պարուհու մարմնի պես ձգվում, պտտվում, խառնվում էր գունատ ամպերին: Բուքը օձի պես գալարվում, ելնում էր լեռը և վերևից ձյունախառն մրրիկը նետում ներքև: Սառցակալած պատուհաններին փշաքաղվում էր մրսած առավոտը, կեսօրին թույլ արևը պառկում էր ձյան վրա և փայլում աչք ցավեցնելու աստիճան: Սուրճի բաժակը ձեռքին՝ հայացքը կախել էր սպիտակ լեռնալանջին, մտքով վեր էր բարձրանում: Եթե ոտքերի ցավը չլիներ, կբարձրանար, կնստեր իր սիրած քարին, որտեղից երևում էին միանգամից մի քանի գյուղ, իսկ նրանց միջև արծաթե քամարի պես փայլում էր գետը: Վերջին կումը սառը օդի հետ կուլ տալուց հետո հագավ ձեռնոցները, զգուշորեն իջավ աստիճաններից: Դժվարությամբ բացեց գոմի դռան սառած փականը, կերակրեց կենդանիներին: Լեոյի մահից հետո երկար մտածել՝ որոշել էր քուռակին կոչել նրա անունով:
— Արամ պապի:
— Հա, եկեք:
Ներս մտան երեխաները, սառած ձեռքերը վերարկուների գրպանները դրած:
— Բարի լույս:
— Բարի լույս:
— Գնա, թոշակդ ստացի:
— Բերե՞լ են:
— Հա, տատիս երեկ գնաց, ստացավ:
— Վերջացնեմ, կգնամ:
— Ձիուն խնձոր ենք բերել,- երեխաներից մեկը ցույց տվեց ձեռքի տոպրակը:
— Կհանե՞ս դուրս, վազի, տեսնենք:
— Հա:
Դռան առջև երեխաները խնձորները ձեռքերի մեջ պարզում էին դեպի ձին և տալիս անունը: Լեոն մոտենում, ուտում էր խնձորը, մինչ նա ծամում էր, երեխաները շոյում էին սպիտակ գլուխը:
— Տեսնո՞ւմ եք ինչ մարդամոտ է,- ուրախանում էր, նայելով երեխաների ձեռքի խնձորները հերթով ուտող քուռակին:
— Ինձ մի զույգ աղունիկ կտա՞ս:
— Երկու ամիս առաջ տվեցի:
— Եկան ձեր տուն, էլի:
— Լավ պահեիր, չգային:
— Էս անգամ լավ կպահեմ:
— Արի, ոտքդ դիր պատուհանի գոգին, զգույշ չընկնես: Էն բնից ձագերին վերցրու, բայց էլ չեմ տալու, լավ պահի, որ ետ չգան:
Ձյան մեջ բացված նեղ կածանով քայլեցին դեպի տուն:
— Մեղր կերեք, էստեղ չիր էլ կա, մինչև հագուստս փոխեմ:
— Ցորեն առնելո՞ւ ես:
— Հա, բայց ինչո՞վ եմ բերելու, չգիտեմ:
— Իմ սահնակով:
Երեկոյան ուշ տուն եկավ: Անտառապահի հետ պարկերով ցորենը դրեցին մառանում: Ձյունախառն քամին խփում էր դեմքերին, բուքը ոռնում ձորերում, մռայլ, անաստղ երկինքը դողում էր:
— Ականջներս սառեցին:
— Հաստ գլխարկ չունես, դրանից ա, հիմա քեզ նորմալ գլխարկ կտամ,- փայտ գցեց վառարանը:
— Նորմալ օղի տուր, գլխարկը հեչ:
Մինչև գլխարկը բերեց, անտառապահը երկու բաժակ խմել էր և ձեռքերը դեպի վառարանը պարզած՝ ագահորեն կուլ էր տալիս ծխախոտի ծուխը:
— Բրդյա նասկի էլ եմ բերել, վերցրու:
— Է՞ս որտեղից:
— Կնոջս գործածն ա, գիտեր երևի, որ շուտ է մահանալու, դրա համար շատ էր գործում, դեռ ունեմ:
Անտառապահը կարտոֆիլը լվաց, կտրատեց, աղ արեց, շարեց վառարանի վրա: Ինքը մառանից օղի և թթու բերեց: Վառարանի կլոր անցքերից երևում էր հեծկլտացող կրակը: Փայտի ճարճատյունը խառնվում էր քամուն, ծուխը բարձրանում էր դողացող լեռը և դանդաղ լուծվում մթան մեջ: Խմում էին ու հիշում, խմում էին ու բողոքում, խմում էին ու վիճում: Երբ վերջացավ առաջին շիշը, էլի երգեցին, ձեռ-ձեռքի բռնած պարեցին: Անտառապահը կպավ սեղանին, շիշը ընկավ, օղին թափվեց: Նստեցին բազմոցին, ոչ ոք չնկատեց, որ վառարանը վաղուց մարել է: Չհասցրեց վառել գլանակը, բազմոցին նստած ննջեցին:
Կտուրներից թափվող հալոցքի մեջ կաթում էր գարունը: Հողը ջրի հետ արև էր ներծծում: Նոր արթնացող արմատները եռում էին կրաքարե ընդերքում: Լանջերին պսպղում էին տեղ-տեղ մնացած ձնակույտերը: Ձնծաղիկը բացված կլիներ: Կնոջ սիրած ծաղիկն էր: Ամեն տարի միասին գնում, քաղում և միմյանց աչքերին էին քսում ձյունե թերթերը: Հնուց եկած սովորություն էր, որը դեռ մանկուց էր տեսել, թե՛ կին, թե՛ տղամարդ, թե՛ մանուկ, թե՛ ծեր, իրար աչքերի քսելով ձնծաղիկը բարի գալուստ էին մաղթում գարնանը: Հագավ սապոգները, վերցրեց ձեռնափայտը: Դժվարությամբ էր բարձրանում, ցավող ոտքերի համար ավելի դժվար էր առաջանալ կպչուն ցեխի միջով: Հենվում էր ձեռնափայտին, շունչ քաշում, մաքրում սապոգների ցեխը, հանում էր ծխախոտը, գլանակը պտտեցնում ձեռքի մեջ, փոշմանում էր, նորից դնում տուփը: Մտքում վիճում էր և՛ իր, և՛ ծխախոտի հետ: Ծխելը չլիներ, չէր հոգնի, առաջվա պես հանգիստ կբարձրանար, կնստեր լեռան գագաթին, շան հետ կխաղար, հայացքը երկնքից կախ՝ կպառկեր և աչքերով ման կգար ամպերի հետ: Առաջին ձնծաղիկը երկու անգամ քսեց աչքերին: Ինչո՞ւ է ձնծաղիկը լանջերին ծաղկում միայն, գուցե որ նրան հասնելու համար քայլես, մի քիչ բարձրանաս, մի քիչ վիճես ինքդ քեզ հետ, մի քիչ փնտրես, մի քիչ գտնես, և մտքով ամպերին խառնված սահես կապույտ անսահմանության մեջ: Ցեխաջրերում մոռանաս լինելդ անգամ, լեռնոտ ոտքերով մոտենաս, համբուրես ձյունահամ թերթերը: Մեկ փունջը դրեց կնոջ գերեզմանին: Լուռ նստեց կողքին, անհասցե հայացքը ուղղելով հեռուն: Բերանից դուրս եկող գոլորշին, շուրջը խնկարկելով, երկինք էր բարձրանում: Մեկ-մեկ արնահոսում էր անցյալի բաց վերքը, ժամանակը՝ կոկորդում մնացած հացի պատառի պես ցավեցնող, դժվարամարս էր դառնում: Իսկ լացը երբեմն ապարդյուն է գնացքի ետևից վազող բառերի պես, որով սիրելիդ է հեռանում: Ինչ ուզում ես արա, չի լսում, թե ետ էլ նայի տեսնելու է ծամածռվող դեմքդ ընդամենը: Անարցունք գալիս-գնում էր, միայն ինքը գիտեր, թե ուր են լցվում արցունքները կնոջ գերեզմանին այցի գալիս: Ինչ-որ ժամանակ, ինչ-որ մեկը մեզանից յուրաքանչյուրին էստեղ է բերել, թողել, որ ապրենք, և ինչ-որ ժամանակ, ինչ-որ մեկը մեզ տանելու է էստեղից:
Առավոտ: Մեղուները ծաղկից ծաղիկ թռչելով, քաղցրահամ բեռով վերադառնում էին դեպի փեթակները: Նեկտարահամ քամին խաղում էր խոտի հետ, գետի կրծքին փայլող շքանշանի պես արևը վազում էր ջրի հետ՝ ոռոգելու ծաղկափթիթ այգիները: Քամուց օրորվող ծիրանենիներից ծաղկաթերթեր էին կաթում կանաչին: Մեջքը հենած գոմի պատին նստել էր: Դույլից ցորենը վերցնում, շաղ էր տալիս գետնին, աղունիկները իջել, հավաքվել էին շուրջը, հետո գրպանից խնձոր էր հանում, պարզում կողքին կանգնած փոքրիկ Լեոյին: Աղավնիները թռչում, կանգնում էին ուսերին, ծնկներին, Լեոն լիզում էր վիզը, գլուխը, ձեռքերը, երբեմն ամբողջովին սպիտակում էր ու թվում էր, թե ծիրանենիների շվաքում մեկ մարմնաչափ տեղ դեռ չէր հալվել ձյունը: Շունը հաչեց, աղավնիները թռան, պտտվեցին օդում և իջան կտուրին: Մեքենան կանգնեց մի քանի քայլ հեռավորության վրա:
— Բարև պապի, ո՞նց ես,- գյուղապետը ձեռքսեղմումով բարևեց, նստեց կողքին:
— Բարև, լավ եմ, դո՞ւ:
— Լավ, շնորհակալություն:
— Երեխեքը լա՞վ են, էն փոքր տղադ շատ չար է, կռիվ անելու համար խելքը իրենը չէ:
— Ամբողջ օրը էդ կռիվն է տունը, դաս էլ չի սովորում:
— Սպորտի տուր:
— Տեսնենք: Հիշո՞ւմ ես, քեզ բան էի ասել էս տարածքի համար:
— Ի՞նչ էիր ասել:
— Որ սեփականաշնորհված չի, պետական հող է սա:
— Հիշում եմ:
— Էստեղ հյուրանոց են կառուցելու: Քեզ կարող են քաղաքում տուն տալ, թե կուզես, կամ էլ գյուղում՝ ավելի մեծ, հարմարավետ:
— Ի՞նչ եմ անում:
Գյուղապետը լռեց: Խոսելիս գլուխը կախում էր, չնայելու համար Արամի աչքերին, ով շոյում էր Լեոյի գլուխը և հանգիստ պատասխանում, ասես ոչինչ չէր եղել ու չէր լինելու:
— Պապի, էս տարածքը առել են, պետք է թողնես:
— Հեշտ ես ասում:
— Ես ոչինչ չեմ կարող անել: Եթե ուզես, կարող են մեծ գումար տալ:
— Ի՞նչ եմ անում գումարը:
Երկար զրուցեցին: Գյուղապետը հետը թղթեր էր բերել, ցույց տվեց, փորձեց բացատրել օրենքը: Կողք- կողքի նստած երկու մարդիկ խոսում էին բարեկամաբար, բայց տարբեր լեզուներով ասես: Իրար չէին հասկանում: Երբ երկնքում երևացին առաջին աստղերը գյուղապետը հեռացավ: Լեոյին ներս տարավ, հաշվեց աղունիկներին, դուռը փակեց: Մարգերի կողքով անցնելիս նկատեց, որ վարունգի սերմերը ծլել են արդեն, ձմերուկը ջրել էր պետք, լոլիկը՝ մաքրել մոլախոտից:
Տան հին իրերով բեռնված բեռնատարը օրորվում էր հողե նեղ ճանապարհին: Աղունիկները թպրտում էին վանդակում, շունը հաչում, առաջ էր գալիս, ներքև նայում, ետ-ետ էր գնում կրկին: Ոչ ոքի չվստահեց: Պարանը ամուր բռնած քայլում էր բեռնատարի ետևից: Լեոն խրտնում էր, ետ-ետ գնում, քիչ էր մնում հաներ պարանը վզից: Ձիու նյարդային պահվածքի պատճառը չէր կարողանում հասկանալ: Բլուրը անցնելուց հետո գետին մոտենալու տեղ կար: Ձիուն ջրեց, պարանը կապեց ծառից, Լեոն արածում էր խոտը, երբեմն մոտենում, ուտում էր տերևները: Ծխախոտ վառեց: Ծառերը սևով ներկած ագռավների խզված ձայնները սղոցում էին օդը: Մամռակալած ջրերում կռռում էին գորտերը: Դժվար էր հասկանալ, վերևից, թե ներքևից եկող ձայներից ո՞րն է ավելի տաղտկալի: Ոչ ոք չգիտի, թե որտեղ է կյանքը: Ապրողներից շատերը երանի են տալիս մեռնողներին, բայց մեռնելուց առաջ բոլորը երազում են ապրելու մասին: Չիմացածի մեջ եղած կյանքը սակայն, եղել և մնում է ամենից գեղեցիկը: Ոտքերը չէին ցավում, թե՞ ցավ չէր զգում պարզապես: Գլխարկի տակից գլորվող քրտինքը հալվում էր օձիքին: Կոշտ ձեռքերի լայն ճաքերի մեջ զգում էր ամուր բռնած պարանը և ետևից եկող ձիու ոտնաձայնները միայն: Մինչև հասավ, անտառապահը երեխաների հետ բեռնատարից իջեցրել, դասվորել էր իրերը: Նոր բնակարանը երկու անգամ մեծ էր իր խրճիթից, կտուրը՝ նոր, այլևս անձրևի ժամանակ կարիք չէր լինի տան մեջ դույլեր դնել, և պատուհանից դուրս թափել ներս լցվող ջուրը: Երեխաները ուրախ էին, պապին իրենց ավելի մոտ էր ապրելու, ամեն օր դպրոցից տուն վերադառնալիս կգային, կխաղային ձիու հետ, կնստեին, հարցեր կտային կենդանիներից: Պապը ծխախոտը ձեռքին կպատասխաներ, կպատմեր թութակի, իր ունեցած ամենից լավ աղունիկի, ձիու մասին, հետո մեղր կհյուրասիրեր և կճանապարհեր՝ գրպանները չիր լցնելով: Չէր տեղավորվում մեծ տանը: Շարունակ պտտվում էր անկողնու մեջ, սենյակի պատուհանից երևում էր հարևանի տրակտորի ժանգոտ մռութը: Անկողինը բերեց, գցեց հյուրասենյակի բազմոզին: Պառկում, երկար նայում էր առաստաղից կախված վանդակի մեջ անհանգիստ թութակին: Գիշերը մի քանի անգամ գնում էր գոմ, տեղը նոր էր, Լեոն դեռ չէր հարմարվել: Դաշտից խոտ բերելու պատրվակով հաճախ անցնում էր հյուրանոցի կողքով: Բարձր քարե պարիսպից այն կողմ ոչինչ չէր երևում, անվտանգության աշխատակիցները հսկում էին տարածքը, պարիսպի պատերից կախված տեսախցիկները լրտեսում էին շրջակայքը: Իրիկունը վառվում էին հյուրանոցի և բակի գույնզգույն լույսերը, թվում էր անտառում մեծ խոց է բացվել, իսկ լեռը հեռվից նայողին ցավից կծկված գեր մարմին էր հիշեցնում:
— Էս մի շաբաթ ա, ամեն օր կշռում եմ փեթակները, մեղր չի գալիս:
— Բեր տանենք մեր այգում դնենք:
— Հարմա՞ր է:
— Հա, համ ծառերն են շատ, լեռը՝ մոտ, առուն էլ կողքին:
Անտառապահի խոսքերը համոզիչ էին:
Վեր թռավ: Նստեց անկողնու մեջ: Հրշեջ մեքենաների աղմուկը, մարդկանց, մեքենաների ձայները կաթվածահար էին արել և՛ գյուղը, և՛ քունը, և՛ գիշերը: Արագ հագավ շորերը, դուրս եկավ: Հեռվում բոցկլտացող հրդեհը լեռներից բարձր երևաց: Ծուխը խեղդում էր, հազաց: Ջուր ցանող ուղղաթիռները, պտտվում էին օդում, փորձելով կանխել կրակի տարածումը: Բարձրացավ կտուր: Հյուրանոցը վառվում էր, կրակը ընդգրկել էր ողջ տարածքը և ագահաբար կուլ էր տալիս գրեթե ամեն ինչ: Առավոտյան միայն հնարավոր եղավ մարել: Մրոտ շենքի մեծ պատուհաններից դուրս եկող ծուխը ծածկել էր ողջ գյուղը, մրի քուլաները օդում սև անձրևի պես թափվում էին կտուրներին: Դողացող ձեռքը այտին, անթարթ հայացքի առջև վառվեց, մոխրացավ ամեն ինչ: Չնկատեց, որ ոտքից գլուխ ծածկվել է մրով: