Ես բացեցի ծրարը` իմ սիրելի Ուրբաթն էր:
«Բարև, տեր իմ.
Գրում եմ Նանտ քաղաքից: Երեկ հոգնատանջ ճամփորդությունից հետո իջևանեցի հարմարավետ հյուրանոցում: Երեկոյան վիճեցի աշխատակիցների հետ, ովքեր համառորեն չէին ընդունում նամակը, բացատրում էին, որ ծրարով նամակների դարաշրջանն անցել է, հիմա միայն ինտերնետով են նամակներ գրում, սակայն ես իմ տոհմի պնդաճակատությամբ ստիպեցի նրանց ընդունել նամակը և երկուական ոսկի դրեցի գրպանները: Ուրախալի լուրեր չունեմ, տեր իմ. ճամփորդության ընթացքում բազմաթիվ կղզիներում եղա, որոնցից մեկն այնքան հարազատ էր, որ մի պահ արցունքներ հոսեցին աչքերիցս, սակայն շուտով համոզվեցի, որ ուղղակի դեժավու եմ ապրել: Կղզում բուսականության ոչ մի նշույլ չէր մնացել, նույնիսկ դեղին ավազ չկար: Ես քայլում էի եռման ասֆալտի վրայով` այրելով ոտքերս, շուրջբոլորը հսկա գործարաններ էին, որոնք սարսափելի ձայներ էին արձակում, թութակներ ու այծեր չկային, համենայն դեպս` ոչ մի կենդանի չհանդիպեց, անգամ մոծակ: Ես ծարավել էի, քչքչան աղբյուրներ էի փնտրում, սակայն ապարդյուն: Տեր իմ, շուտով ինձ անակնկալ էր սպասվում: Ես կանգնեցի մի սրճարանի դիմաց, որի անունը «Ռոբինզոնե էր, նստեցի, ջուր պատվիրեցի, սակայն ինձ մերժեցին, ասացին` «Կղզում խմելու ջուրն արդեն սպառվում է և եթե գործարանի աշխատակից չես, ապա իրավունք չունես ջուր խմել: Բացի այդ, կղզում բոլորը պետք է ժպտան` պարտադիր պայման է, ու եթե հանկարծ չենթարկվես օրենքին, դաժան պատժատեսակի կարժանանաս»։ «Այսինքն»,- զարմացա ես, «Այսինքն` եթե չժպտաս բերանիդ եզրերը բժշկական թելով կկարեն ականջներիդ բլթակներին»։ Միանգամից տխմար ժպիտը հայտնվեց դեմքիս, տեր իմ: Վախից ես ցավ զգացի: Մի փոքր նստեցի սրճարանում և նկատեցի, որ բարմենը բարեհամբույր տրամադրվածություն ունի իմ հանդեպ: Երբ մարդիկ պակասեցին, նա ջրանման ինչ-որ հեղուկ բերեց: Ես մի ոսկի դրեցի գրպանը և երախտապարտ եղա: Ծանր սրտով հեռացա կղզուց, տեր իմ, հետո եղա բազմաթիվ այլ կղզիներում, որոնք չէին տարբերվում միմյանցից, ամեն տեղ մարդիկ էին, ովքեր պատերազմում էին տխրության դեմ, իսկ ամենասարսափելին մինչև տիեզերք հասնող աղմուկն էր, որի ներքո սովորել էին հանգիստ ննջել: Մի տեղ չկա աշխարհում, որ նավակ պատրաստեմ ու գամ քո հետևից, գիտեմ` տարիներով անհամբեր սպասում ես, հավատով, որ մի օր թակելու եմ պատուհանդ: Ես դեռ հույսս չեմ կորցրել: Այստեղից մեկնելու եմ Կանադա` «barka»-յի համար ծառ փնտրելու, բայց, տեր իմ, թեկուզ և հնարավոր լինի այն պատրաստել, մտածե՞լ ես, արդյոք, ո՞ր ուղղությամբ ենք կողմնացույցը թեքելու, ի՞նչ ենք անելու, որտե՞ղ ենք կղզին փնտրելու: Հարցերը մտահոգիչ են. ես ամեն օր աղոթում եմ քո խաղաղության համար: Տեր իմ, հուսով եմ` հանդիպման ժամը մոտ է, դու պատրաստ պահիր անհրաժեշտ սնդուկները: Գրկում եմ քեզ:
Քո Ուրբաթ»:
Ես թաթախեցի գրիչս թանաքամանում և գրեցի պատասխան նամակ.
«Թանկագին Ուրբաթ.
Ուրախությանս սահման չկար, երբ տեսա քո շեղ ձեռագիրը` հուզիչ ու տագնապեցնող: Ես նույնպես փնտրում եմ կղզին` գրքերով լի երևանյան իմ սենյակում, ծեփամածիկի տակ, կազմերի արանքներում, մազերիս մեջ: Լուսաբացին սոդայաջուր եմ խմում, փսխում եմ, գրիչի ծայրով փորփրում եմ խյուսը, նաև ընտանիքիս անդամների թարմ կեղտը, բայց կղզին չկա, կարծես այն չի էլ եղել: Որքան անշնորհակալ էի ես, երբ տրտնջում էի իմ մենակությունից և անիծում այն չքնաղ կղզին, որտեղ ապաստան էր տվել ինձ իմ բարի բախտը*… Երազներում ես մոտենում եմ հարազատ ափին, սակայն, երբ ոտքս դնում եմ ավազին, դողէրոցքով քնիցս վեր եմ թռչում, տեսնում եմ Հիսուսին ու կատաղած պատռում նրա որովայնը, հանում աղիները, բայց կղզին չեմ գտնում, հետո անզորությունից հյուծված` դանակով ճղում եմ մաշկս` նյարդիկները առագաստների պես թրթռում են, իսկ որտե՞ղ է կղզին, կղզին այստեղ էլ չկա, նայում եմ հայելու մեջ, մտածում եմ` գուցե սա է կղզին` առանց ծառերի ու ափերի, առանց ծովի ու քամու:
իրելի Ուրբաթ, տարօրինակ հիվանդությամբ եմ տառապում: Ձեռքերս սկսել են կարճանալ, և ես դժվարությամբ եմ գրում այս տողերը: Չգիտեմ, թերևս Էնդրոկրին խանգարում է կամ տեսողական շիզոֆրենիայի դրսևորում: Ես փոքրանում եմ:
Երբ վերադարձա տուն, բոլորն ուրախ էին: Երկու օր անց ինձ բջջային հեռախոս տվին, սև կոստյում և ուղարկեցին գրասենյակային աշխատանքի: Հեռախոսը զրնգում էր առանց ընդմիջումների: Ես խեղճացա, անջատեցի այն, շպրտեցի չհրկիզվող պահարանի տակ` ցանկությամբ, որ ձայներ չլսեմ, սակայն տանը հայհոյանքների արժանացա:
— Ողջ աշխարհը քեզ է փնտրում, անպատասխանատու կենդանի,- բղավեց հայրս, դու իրավունք չունես ձեռքիդ հեռախոսը անջատել:
— Ես ի վիճակի չեմ այդքան զանգերի պատասխանել,- ընդդիմացա հորս:
— Քո վիճակը ոչ ոքի չի հետաքրքրում,- վրա տվեց նա,- մարդիկ քեզ են փնտրում:
— Ես դեռ չեմ ընտելացել, ժամանակ է պետք, մեկ-մեկ ուզում եմ մենակ լինել, որովհետև կարոտում եմ իմ կղզին:
— Ի՞նչ կղզի… երեկոյան պետդ տուն էր եկել, ասում էր` դեպքի վայր չես գնացել, որտե՞ղ էիր, քեզ քաղաքն է փնտրում, հասկանու՞մ ես, ապուշ:
Հայրս ապտակեց ինձ:
— Եթե մյուս անգամ հեռախոսդ անջատես, կսպանեմ:
Շրթունքիցս արյուն հոսեց:
— Որտե՞ղ է կղզին,- հարցրի ես:
Նա մատը դրեց քունքին ու բղավեց.
— Այ էստեղ է, էստեղ:
Ես մոտեցա և ուշադիր զննեցի: Հորս բռունցքն իջավ ծնոտիս, հաճելի ցավ զգացի, «գուցե հարվածը ինձ կղզի հասցնի»,- մտածեցի ես:
Իմ թանկագին Ուրբաթ, ամեն օր ես և Հիսուսը պատուհանի մոտ կանգնած` քո նավակի ալիքներին ենք սպասում… Ի դեպ, նշանակություն չունի բնավ` մեծ նավ կլինի, թե փոքր**…
Ջերմ գրկում եմ քեզ: Շտապիր»:
***
ենյակը, որտեղ տեղափոխվել եմ, նման է կաշվե մաշված կազմով Աստվածաշնչի, որից խոնավության հոտ է փչում: Այստեղ ես թաքցնում եմ իմ գրքերը, քայլելու տեղ համարյա թե չկա` չհաշված երեք խաչաձև արահետները, որոնցից մեկը տանում է դեպի մահճակալ, մյուսը` պատուհան, երրորդը` դեպի պատ, որին հենված է բանանի համար նախատեսված արկղը: Ամիսներով դուրս չեմ գալիս իմ սենյակից` աշխատելով չանհանգստացնել բնակարանում ապրող հարազատներիս: Այժմ գրքերս այնքան են շատացել, որ նույնիսկ ոտնատեղ չկա, ես մի կերպ կծկվում եմ պատուհանագոգին, փորձում ավելորդ շարժումներից զերծ մնալ, չեմ հազում, չեմ փռշտում, զուգարան չեմ գնում, աշխատում եմ չշնչել, որովհետև մինչև առաստաղը ձգվող գրքերի շարանը դամոկլյան սրի պես կախված է գլխավերևումս, թեթև ցնցում և իմ մարմինը դժվար կլինի դուրս քաշել ծանր դեզի տակից: Ես թանաքի բավականին մեծ պաշար ունեմ, իսկ սագի փետուրից պատրաստված իմ հիասքանչ գրիչն այնքան թեթև է, որ կարծես մատներիցս մեկը լինի: Ես ամեն օր մի բանան եմ ուտում և հավաքում կճեպները, որոնց վրա էլ լրացնում եմ օրագիրս: Բանանը չի հասկանում Շեքսպիրի լեզուն***…, սակայն կշտացնում է իմ համեստ ստամոքսը: Զարմանում եմ` ինչպե՞ս չի սպառվում արկղը: Ես գրքերի լռության մեջ խնամքով լրացնում եմ օրագիրս:
***
19 մարտի: Ուրբաթ: Տղաները ծխախոտի գլանակով վառում էին ուսուցչի քիթը. դա ծիսակարգի վերջին գործողությունն էր: Ուսուցչին խաչել էին գրատախտակին, մեկը ափով փակել էր բերանը: Ծեր մանկավարժը բղավում էր, ձայնը տղայի մատների արանքից ֆիլտրացված էր թռչում, եռացող թեյնիկի սուլոցով: Աղջիկները կոսմետիկ պարագաները սեղանին լցրած շպար էին անում, շշնջալով զրուցում միմյանց հետ: Ես չէի կարողանում դուրս գալ դասասենյակից, դուռը պինդ կողպել էին: Ծեր մանկավարժը մորթվող գառան ջղակծկումներով թպրտում էր, ճիգ անում ազատվել աքցաններից: Գլանակի տաք շունչը լավայի դանդաղ ընթացքով առաջանում էր քթին: Նրա աչքերից արցունքներ էին ծորում: Ինձ ձայն տվին, որ մոտենամ, բռնեմ ձախ ոտքը, որը անհնազանդորեն ոչ մի կերպ չէր ենթարկվում: Ես չշարժվեցի տեղիցս: Գլանակը խանձեց քթին բուսնած ցաքուցրիվ մազերը, կպավ մաշկին, մսահոտն ու ուսուցչի աննկարագրելի ճիչը լցվեցին դասասենյակ: «Այդպես ճչում են միայն նորածինները»,- մտածեցի ես: Ցավից ծեր ուսուցիչը ահռելի ուժով պոկվեց տղաներից ու կայծակնային արագությամբ ընտրելով պատուհանը` դուրս թռավ: Մենք տեսանք. նա ընկել էր խոտերի մեջ պառկած միակ քարին և ջախջախվել, սակայն հավատալով հարությանը` գետնից բարձրացավ և սկսեց վազել` անհետանալով մարդաշատ փողոցի հոսքի մեջ: Ինչ-որ մեկը բացեց դասարանի դուռը, ես ուզեցի դուրս գալ և այդ պահին բաճկոնիս տակից գիրք ընկավ…
— Այ քեզ բա ն…
— Չէ, չէ, դուք մի լավ նայեք սրա գրքի գունավոր նկարին, Ռոբինզոնը, հրացանը ուսին, նրա քոսոտ շունը գետի մեջ, ու հիմար թութակը թառած գլխին: Մարդը տասներորդ դասարան է տեղափոխվում ու բաճկոնի տակ, մեզնից թաքուն, Ռոբինզոնին է պահում: Դրա համար չէիր օգնում մեզ, չէ՞,- շարունակեց տղան` ծռմռելով երկար դեմքը: — Բռնեք սրան:
Դասասենյակի դուռը ներսից փակվեց: Տղաներից մեկը գետնից բարձրացրեց գիրքը, մոտեցրեց բերանին ու սկսեց լիզել կազմը: Ինձ շուրջկալեցին: Էկզեկուցիան սկսվեց: Հարվածները քոռ կացնի կոպտությամբ թափվում էին ծառաբնին` քերթելով կեղևը: Աչքերիցս, քթիցս, ականջներիցս սպիտակավուն արյուն էր հորդում: «Երևի բանանից է»,- մտածեցի ես: Ընկած տեղից կես բիբով նկատեցի աղջիկներին, ովքեր ձվաձև հայելիների դիմաց երեսների պզուկներն էին պայթեցնում: Տղաներից մեկը չափազանց վիրավորված էր, ոչ մի կերպ չէր հանգստանում: Նա վերցրեց կավիճը, մտցրեց բերանս, պարտադրեց, որ ծամեմ, կուլ տամ այն, հետո տեղից պոկեց նստարանն ու շուռ տվեց գլխիս: Ես պառկած էի մանրատախտակին: իրտս միրգ էր ուզում և փափուկ բուրդ: Որոշ ժամանակ անց թևերս ընկան ու քարշ տալով տարան զուգարան: Կերամիկական սալերից փչող մեզի ու կեղտի հոտից սթափվեցի: Մի գունատ տղա աչքերիս մոտեցնելով գիրքը` գրպանի դանակով հարվածներ հասցրեց կազմին, հետո բոլորը առանձին-առանձին մոտ էին գալիս, պատառոտում գրքի էջերը, լցնում զուգարանակոնքի մեջ: Երբ վերջին էջը փետուրի պես պարելով իջավ բուրգի գլխին, տղաներից մեկն իջեցրեց շալվարը և առատ մեզի շիթը ցայտեց թղթերի վրա` ցրիվ տալով դրանք:
***
19 մարտի: Ուրբաթ: Քամին ստվերներ է փչում, բարձրացնում ալիքները, զարնում քարաժայռերին… Ինչո՞ւ քեզ հանգիստ չեն տալիս նավակների ուրվականները, նրանց մեջ կուչ եկած երեխաները լողում են դեպի պատուհանդ, գոլորշով ապակու վրա ծամածռություններ արտատպում: Քամին ջրի փոշուց տեսիլքներ է վրձնում, որոնք հիվանդագին քրքիջներ են արձակում` երեսները քսելով դեմքիդ: Բոլորը քեզ հրավիրում իրենց նավակները` տեղ ազատելով ներսում: Դու ավազոտ ափերով ծածկել ես դեմքդ: Վախենում ես: Նրանք կտկտացնում են թաց ապակուն, հրավիրում քամու պարահանդեսին, իսկ հետո այնտեղ` անհայտությունում, քեզ կղզին է սպասում, ինչպես հայրը որդուն: Օրորոցի մեջ ճոճվելով` դու խարսխում ես ծովախորշում, նետվում ջուրը, որպեսզի մի քանի մետրից զգաս հարազատ ափիդ ջերմությունը, հետո վազում ես խրճիթդ, պինդ կոծկում դուռը, հսկա քարերով պատնեշում դիմացը: Գիշերը տարօրինակ աղմուկից վեր ես թռչում: Երեխաները շուրջկալել են խրճիթդ, տիկնիկներով հարվածում են դռանդ, ձայնում են քեզ, եկել են կղզի, նրանք վախենում են միայնությունից, ծառերի ու ժայռերի տգեղ ուրվագծերից: Նրանց հոգում տագնապ է ծնվում: Դուռը ծեծում են: Տիկնիկների դեմքերը հարվածներից այլանդակվել են, մազափնջերը մնացել ոստերի ճեղքերում: Դռան տակից սև ջուր է հոսում, շոգից հոգնած օձի պես, բերելով մանուկների դեմքերը… Էլ մենակ չես լինի քո կղզում… մենակ ձուկ չես որսա, չես մեռնի մենակ, մենակ Աստծո հետ չես կիսվի, ձկների ու խխունջների երգերը չես լսի, պարզ երկնքի տակ չես քայլի, ստվեր չի լինի, որ պառկես հանգստանալու: Այստեղ ոչինչ չի մնացել, բացի չարագուշակ ձայներից, որ առատորեն լցվում է բերանդ, ականջներդ, քիթդ, պորտդ, եղունգներիդ արանքները, մաշկիդ տակ, կոպերիդ մեջ: Ձայնաբնակ կղզին խելագարության է հասցնում, յուրաքանչյուր կենդանի ու բույս մարդկային կերպարանք է ստացել, նույնիսկ անթիվ ավազահատիկները, համարյա անտեսանելի ավազահատիկները, վհուկների դեմքեր ունեն, բոլորը հանգստության հոգոց են հանում` հանդիպելով ոտնահետքիդ: Եթե հիմա դուրս գաս, միլիոնավոր նավակ-օրորոցներով կշրջապատվես, կլսես երեխաների լացը, կտեսնես տիկնիկների ջախջախված գլուխները, նրանցից արյան գորշ հետքերը… «Մնա խարխլված խրճիթում, չտրվես կեղծ լացին, ոչ մի դեպքում չբացես դուռը, մի խղճա երեխաներին, նրանք խաբեբաներ են», «Բաց դուռը… նրանք քո ընկերներն են, քո ծնողները, հարազատները, սիրելիները»… Դու կարոտում ես առաջվա մարդակերներին, նրանց դանակների մարդկային սրությանը, անկուշտ ախորժակին, համեմունքների սուր հոտին, որով պատում էին մարմինդ… Հիմա նրանք նույնպես չկան: ա քո կղզին չէ…
Ծովը ալեբախվում է սենյակի պատերին, ուր որ է բնակարանը փուլ կգա: Նավակը բեռնվում է քաղցրահամ ջրի տակառներով, ուտելիքի պաշարով, մեկուսանում է սառը ալիքներում, կորչում անէության մեջ:
Դու ապուշ ես, ամբողջ օրը պատուհանից դուրս ես նայում, քեզ հոգեբույժի մոտ եմ տանելու… ինձ նայիր…
Ես նայեցի:
— Երեսդ… էլի ծեծել են…
— Դասընկերուհիներդ էին զանգահարել, ասացին, որ տղաները ծեծել են քեզ:
— Ինձ բան չի եղել, քնում եմ…
— Ես ուզում եմ խոսենք…
— Վաղը կխոսենք, արդեն պառկած եմ…
— Պատուհանիդ ապակուն ո՞վ էր խփում…
— Քամին էր…
— Հիմա քամի չկա, ապուշ ես…
— Կա:
— Հիմար…
Ես արկղից մի հասուն բանան հանեցի, կճպեցի այն, համեղ միջուկը տվեցի Հիսուսին: Ինձ սոված մնալ էր պետք, որ հիշողություններս վերականգնեի: Ես թաթախեցի գրիչս:
***
19 մարտի: Ուրբաթ: Երեխաները փոքրիկ տղային ատում էին, որովհետև նա կաղ էր, իսկ մայրը բոզ: Բակի կանայք էին ասում` «Միայն բոզերն են մազերը դեղին ներկում», «միայն բոզերն են ամեն օր լողանում», «միայն բոզերն են բաժանվում»: Իսկ Կնոջը չէին սիրում, որովհետև նրանից քրտինքի հոտ չէր փչում, նա միշտ գեղեցիկ էր և խնամված: Ճանապարհին ցորներանգ մաշկը համեղ օճառների և բուրումնավետ օծանելիքների ամպիկներ էր թողնում: Ի տարբերություն Բանջարանոցի մյուս կանանց, նա բեխեր չուներ և թևերի մազերը գազի վրա չէր խանձում` հաճախում էր վարսավիրանոց: Այդ կինը մարմինը մատուցելու հոյակապ արվեստ ուներ: Կրում էր մեղմ գույներով համաչափ զգեստներ` ընդգծելով սքանչելի կրծքերը, մեջքը, կոնքերը… Նրա ոտքերի մատները նռան հատիկների նման նուրբ էին և մաքուր: Նա նաև բարի աչքեր ուներ: Երիտասարդ տարիքում բաժանվելով բռնակալ ամուսնուց` որդի էր ժառանգել և երկհարկանի խարխուլ տուն: Այլևս երբեք ամուսնանալու փորձ չէր արել և անբարոյական կնոջ անուն էր վաստակել: Նա առավոտյան տանից դուրս էր գալիս իր գործերով և ուշ գիշերով տուն էր դառնում` մրգի կամ բանջարեղենի տոպրակը ձեռքին: Լինում էր, որ փոքրիկ տղան և մայրը պատահաբար բախվում էին աստիճանավանդակի վրա, երբ տղան իր ծովախոզուկին բակ էր իջեցնում արածեցնելու: Տղան տկար էր: Նա մարմնին անհամաչափ, մեծ գլուխ ուներ` ցից-ցից մազերով, աչքերը զգայուն կանաչ էին և միշտ ներքև էին նայում: Շատ վաղուց փորձ էր արել մտերմանալ երեխաների հետ, բակ էր իջել ֆուտբոլ խաղալու…
Նա դանդաղ մոտենում էր խաղահրապարակին, վախվորած նայում միմյանց վրա թավալվող տղաներին:
Երբ փոշին ցրվեց և գնդակը գլորվեց տղայի ոտքերի մոտ, բոլորը լռեցին:
— Տեսեք, ուրվականն է եկել:
— …
— Բարև, բոբո:
Տղան հողի մեջ խրված խցանին էր նայում:
— Դու բոզի տղա ես… Քո մայրը բոզ է,- ասաց մի տղա` մատը քիթը մտցրած:
— Ամբողջ օրը դու երազում ես մեր հետ խաղաս, չէ՞,- շարունակեց չաղլիկը,- բայց դու դեբիլ ես ու թոփալ, չէ՞…
— …
— …
— Հա,- լսվեց տղայի տխուր ձայնը: Նա մտքում հաշվում էր խցանի մակերեսի քերծվածքները, հետո շուռ եկավ և դանդաղ հեռացավ:
— Թոփալ, թոփալ, թոփալ,- հետևից բղավում էին երեխաները` մանր խճաքարերով հարվածելով մեջքին, գլխին, ուսերին: Տղան կանգ առավ, կռացավ, հավաքեց բոլոր խճաքարերը, լցրեց գրպանն ու շարունակեց քայլել:
Դրանից հետո նա բակ չիջավ: Մարդիկ ասում էին, որ տղայի տկարությունը օրեցօր ավելի ու ավելի է խորանում: Բայց ես գիտեի` պատճառը երեխաների անտարբերությունն էր, որից դեմքը ծռմռվել էր, մազերը բարակել: Նա կարծես պատուհանագոգին դրված բույս լիներ, որը տխուր նայում էր փողոցում խաղացող ստվերներին: Երեխաներին զայրացնում էր նրա լուռ մեկուսացումը: Նրանք քարերով հարվածում էին սենյակի պատուհանին, մորը հարցախեղդ էին անում որդու մասին. «հեծանիվ ունի՞, թե՞ ոչ», «հայր ունի՞, թե՞ ոչ», «ե՞րբ է մահանալու», «ինչո՞ւ դուրս չի գալիս», «ինչո՞ւ չի խոսում», «պատուհանագոգին դրված բույսը ո՞ւմն է», «տղա՞ է, թե՞ աղջիկ»: Պատասխանների փոխարեն մայրը մատների ծայրերով ականջին էր հենում մազափնջիկը և արագացնում քայլերը, «ժամանակ չունեմ, ժամանակ չունեմ երեխաներե ասում էր նա ու կտկտացնելով վազում կանգառ:
Երեխաներ տեղները չէին գտնում: Մեկն ասում էր, թե ուշ գիշերով կարելի է մտնել տղայի սենյակ, խեղդել նրան և կախել լվացքի պարանից, որ առավոտյան մայրը տեսնի, մյուսն ասում էր, որ կարելի է պատռել փորը, ծովախոզուկին մտցնել մեջն ու նորից կարել, կամ ստուգել, եթե լեզու ունի, կտրել այն, խորովել և կերցնել, կամ փորձել սղոցով կտրատել ձեռքերն ու ոտքերը, հետո նրան փորի վրա պառկեցնել, որ արյունահոսությունից շնչահեղձ լինի: Ոչ մի եղանակ իմ դուրը չէր գալիս: Ես խղճում էի փոքրիկ տղային: Մտքումս նրա համար անցավ սպանության միջոցներ էի ընտրում, իբր նրան աշխարհի ամենահամեղ թույնն եմ տալիս, պատահաբար գցում եմ հեծանիվիս տակ, միասին այնքան ենք խաղում, որ ուրախությունից սիրտը պայթում է, ոտքը աճեցնում եմ, և նա վազում է, վազում անդադար ու վազքի մեջ հասնում է երկինք:
Երբ Հիսուսը թարթեց աչքը, ես վախեցա: Նա պատուհանից դուրս էր նայում: Ինձ հետաքրքրեց նրա սևեռուն հայացքը: Ես նույնպես դուրս նայեցի: Երկհարկանի տան բակում` կանաչ խոտերի մեջ, նստած էր կաղ տղան, իսկ ոտքերի արանքում արածում էր նրա ծովախոզուկը: Էլեկտրական լամպի լույսը թրթռում էր նրանց շարժումներից: Ես գրիչն ու թանաքը դրեցի գրպանս և դուրս ելա, Հիսուսը եկավ ինձ հետ: Մենք ամոթխած մոտեցանք նրանց: Տղան տեղից չշարժվեց, նայում էր ծովախոզուկին, որը հյութեղ սիզախոտ էր ուտում:
— Բարև…
— …
— Ես տեսա, որ ներքև ես իջել ու եկա քեզ մոտ…
— …
— Դու պետք է երեխաներից զգույշ լինես, նրանք ուզում են քեզ սպանել…
— …
— Դու խոսել չգիտե՞ս, թե՞ չես ուզում…
— …
— …
— Ես մտածեցի, եթե չես ուզում խոսել, բանանի կճեպների վրա գրիր, ես էլ կգրեմ, հիմա գրիչ ու թանաք կտամ…
— …
Նա շոյում էր կենդանու փափուկ փորը:
— Դե լավ, եթե համաձայն ես, քո փոխարեն ես կպատասխանեմ հարցերիս…
— …
Հիսուսը նստեց տղայի ուսին: «Թեթև է», «Հա, նա շատ ծեր է, անցյալ տարի եմ գնել շուկայից»: «Իսկ ինչո՞ւ հենց նրան», «Չգիտեմ, երազում էի ընկեր ունենալ, երբ տեսա, Հիսուսին միանգամից դուրս եկավ», «Նա խոսո՞ւմ է», «Չէ, ընդհանրապես չի խոսում, թռչել էլ չի կարողանում, այ, հիմա եթե ուզենա փախչել, չի կարողանա, թևերը շատ թույլ են, նա արդեն տասնութ տարեկան է», «Ինձ նման… ես էլ չեմ խոսում ու թռչել չգիտեմ, եթե իմանայի, միանգամից կփախչեի այստեղից», «Ո՞ւր պիտի փախչեիր», «Կփախչեի այնտեղ, որտեղից Հիսուսն է եկել», «Հիսուսը չի եկել, նրան որսորդներն են Մադագասկարի ափերից բռնել, հանձնել են Վիենայի գազանանոցին, վարժեցնողները մի քանի տարվա տքնաջան ջանքերից հետո հասկացել են, որ երբեք խոսել չի կարողանա և վաճառել են մի սփյուռքահայի, որն էլ իր հերթին բերել է Հայաստան և նվիրել մի մեծահարուստ ընտանիքի, որոնք տեսնելով, որ Հիսուսը հաշմանդամ է, հանձնել են տոնավաճառ, այնտեղից էլ ես գնել եմ նրան` հարյուր դոլարով», «Հիսուսը շատ բարի է», «Երեխաները ուզում են սպանել քեզ», «Ոչինչ», «Նրանք ուզում են քեզ կախել լվացքի պարանից, որ մայրդ առավոտյան տեսնի», «Հետո նրանք կհանգստանա՞ն», «Չեմ կարող ասել, իսկ դու չե՞ս պաշտպանվի», «Ես չգիտեմ ինչպես պաշտպանվել», «Ձեռքերով ու ոտքերով կհարվածես, կկծես նրանց», «Ես չգիտեմ ինչպես են հարվածում», «Ինչո՞ւ են նրանք ուզում ինձ սպանել», «Որովհետև դու կարողանում ես մենակ ապրել առանց խաղերի», «Ես ուզում էի մտերմանալ նրանց հետ, չցանկացան», «Նրանք ուզում էին, որ դու լաց լինեիր, աղաչեիր, խնդրեիր նրանց ընկերությունը, իսկ դու լուռ հեռացար», «Բայց ես հիմա մենակ եմ իմ սենյակում, երբեք դուրս չեմ գալիս, ինչո՞ւ են ուզում սպանել ինձ», «Նրանք չեն կարող լիարժեք զվարճանալ, երբ դու մենակ ես քո սենյակում, անընդհատ հիշում են քեզ և ուզում են սպանել, որ աշխարհում մենակ մարդ չլինի», «Իսկ ինչո՞ւ չեն ուզում սպանել, Հիսուսին կամ քեզ», «Արդեն սպանել են, պարզապես գլխի չեն ընկնում հիմարները», «Ես կուզեի ծովախոզուկիս հետ ապրել անմարդաբնակ կղզում, Ռոբինզոնի պես», «Իզուր մի երազիր, հիմա այլևս անմարդաբնակ կղզիներ չկան, ուր էլ լինես, քեզ կգտնեն ու կսպանեն», «Ես էլ կուզեի Հիսուսի ու քո պես մեռնեի, որ չսպանեին ինձ», «Դրա համար դու պետք է տխրես անընդհատ, անընդհատ, անվերջ տխրես», «Ես միշտ տխուր եմ», «Ուրեմն շուտով կմեռնես», «Աշխարհի ամենաանցավ մահը տխրությունն է», «Իսկ երբ մեռնեմ, ինձ կմոռանա՞ն», «Դու մեռնելուց հետո էլ պիտի շատ տխրես, որ երբեք չհիշվես», «Ասում են` քո սենյակի պատուհանից բազմաթիվ երեխաներ են դուրս նայում` հովանոցները ձեռքներին», «Իմ սենյակում ես մենակ եմ ապրում», «Դու գեղեցիկ մորուք ունես», «Դու էլ», «Տկարամիտ երեխաների մոտ երեսի մազերը շուտ են փարթամանում», «Բայց դու տկարամիտ չես», «Տկարամիտ եմ, այդպես բոլորն են ասում», «Ոչինչ, ռոբինզոնները միշտ տկարամիտ են լինում», «Տես, դու Հիսուսի դուրը եկել ես, ուսիցդ չի իջնում», «Շատ լավն է Հիսուսը, ափսոս, որ ուշ ծանոթացանք, ես նրան շատ կկարոտեմե «Դու եկել ես ճանապարհելու՞ ինձ», «Ես ուզում եմ, որ դու չվախենաս, քեզ մենակ չզգաս, չես վախենում, չէ՞», «Չէ», «Գնանք», «Գնանք»…
***
Փշրված ապակու ձայնը արթանացրեց քնած բնակիչներին: Մարդիկ դուրս ելան պատշգամբներ` ուշադիր նայելով ասֆալտի այն հատվածին, որտեղից աստղիկների պես պսպղում էին բյուրեղները: «Ի՞նչ եղավ, ի՞նչ եղավ իմ որդուն», «բաց արա դուռը, բաց արա», «օգնեցեք մարդիկ», բղավում էր համար 24 բնակարանի տանտիրուհին: «Բաց արա դուռը», «կոտրեք դուռը, կոտրեք»… Ոստիկանության և շտապ օգնության մեքենաները միմյանց վազանցելով ներխուժեցին բակ: Աշխատակիցները բարձրացան բնակարան, որտեղ նրանց դիմավորեց կավճագույն դեմքով գեղեցիկ մի կին և մատնացույց արեց սենյակը` «իմ որդին այնտեղ է, այնտեղ»: Դուռն ամուր փակված էր: Մուրճով և մետաղյա հատիչով կոտրեցին փականը: ենյակը դղրդաց, կորավ փոշու ամպի մեջ: Երբ փոշին նստեց, մուտքից ոչ ոք չկարողացավ առաջանալ: Բոլորը զարմացան, մի՞թե հնարավոր է այսքան գիրք տեղավորել փոքր տարածքում: «Նա գրքերի տակ, գրքերի տակ է մնացել, դուրս քաշեք, դուրս»,- փղձկում էր կինը: Բոլորն արագորեն սկսեցին դատարկել սենյակը: Աշխատակիցները կորել էին փոշու մեջ, կես ժամ էր արդեն, ինչ աշխատում էին, սակայն գրքերը չէին սպառվում: Շուտով նշմարվեց թաց մանրահատակը: «Այստեղ ոչ ոք չկա»: Մոտեցան պատուհանի կարկասին: Ապակին լիովին փշրվել էր, բացվածքից հիանալի զով քամի էր փչում, փեղկերը թաց էին:
Քննիչն աշխատում էր ներքևում: Նա լարված զննում էր ապակու մանր կտորները, ապա դրանք լցնում էր ցելոֆոնե տոպրակների մեջ հետագա ուսումնասիրությունների համար: Առաջին անգամ էր հայտնվել այսպիսի իրավիճակում, կարծես ինքնասպանություն էր, բայց առանց դիակի: Ամբողջ շենքը տակնուվրա արեցին, շները նույնպես հոգնել էին, արյան ոչ մի հետք չհայտնաբերվեց: Շտապ օգնության մեքենան շուտով հեռացավ` իր հետ տանելով խելագարված կնոջը, ով բանաստեղծություններ էր արտասանում: Երիտասարդ քննիչը դողդողալով ծխախոտ կպցրեց, հավաքեց պայուսակը և գլուխը բարձրացնելով` նայեց իններորդ հարկի պատուհանին: «Եթե հիմա պատուհանից մեկը ցած նետի իրեն, ես մի կողմ կքաշվեմ»,- մտածեց նա և բարձրացավ սենյակ: Հատակի տարբեր մասերում ընկած էին բանանի լխկած կճեպները: Պատուհանագոգին մի կարմիր վառ կետ երևաց. քննիչը լարեց աչքերը և մոտ գնաց: Կարմիր կետը շարժվում էր: Ելակի չափ մի ձկնիկ էր, որը թպրտում էր հոգևարքի մեջ: Նա նմուշ վերցրեց ջրից, բանանի կճեպից, գտավ խճաքարերով լի թխվածքի տուփ և փաթեթավորեց դրանք: Հեռախոսը զնգաց:
— Դիակը չկա…
— Ինչպե՞ս, թե չկա հիմար, ինչ ես դուրս տալիս…
— Նայել ենք ամեն տեղ, նույնիսկ հարևան շենքերի բակերում…
— Առևանգու՞մ է…
— Չեմ կարծում, մայրը տանն է եղել և դեպքից տաս րոպե առաջ խոսել է որդու հետ…
— Իսկ ի՞նչ են ասում հարևանները…
— Նրանք միայն կոտրված ապակու ձայն են լսել և խուլ թըրխկոց…
— Ուրեմն մայրն է սպանել երեխային. հաստատ, թաքցրել է ինչ-որ տեղ, դու լավ զննե՞լ ես բնակարանը. սառնարանը բացե՞լ ես, հնարավոր է` այնտեղ է խցկել…
— Ողջ բնակարանը տակն ու վրա ենք արել չկա…
— Լսիր, ինձ չի հետաքրքրում, դու պետք է մինչև լուսաբաց գտնես դիակը…
— Եթե չկա, ինչպե՞ս գտնեմ…
— Գտիր, սրիկա, մեռիր, բայց գտիր, հասկացա՞ր, եթե չգտնես, վաղը բանտում կհայտնվես…
Նա դադարեց շնչել, անտարբեր նայեց դիմացի աղբարկղին, հոգոց հանեց, հետո անջատեց հեռախոսը, ապա վերցնելով տոպրակները` հեռացավ:
Ճանապարհին խանութից սնկով աղցան և դառը գինի գնեց` մտածելով, որ սնունդն ու խմիչքը կբթացնեն նյարդային համակարգը: Մեքենան կանգնեց ամառանոցի գորշ պարսպի տակ: Նա ոտքերը քարշ տալով մի կերպ իջավ, բացեց դուռը: Մարմարե արձանի պես նա մի քանի րոպե գամվեց կապույտ հյուրասենյակի մեջտեղում, հետո նստեց բազմոցին, երաժշտություն միացրեց ու բացեց շիշը: Դավիսի շեփորը և գինին քաղցր թմրադեղի նման խառնվեցին արյանը, հոսեցին երակներով, անջատեցին բոլոր զգայարանները: Պատկերները լուսամփոփների պես պտտվում էին շուրջը: Նա տեսնում էր թռչող երեխաների, որոնց կաթնային պարանոցները ճզմված էին թելերի պրկությունից: Նրանք ժպտում էին… «Ինչու՞ են երեխաները մահանում, ի՞նչ են զգում թռիչքի պահին»… «Մեղք են երեխաները»…
Նա դուրս եկավ, քայլեց այգու խորքը, նստեց սև խոտերի մեջ, սկսեց ինքն իր հետ խոսել: Մոծակները քաղցր կծոտում էին ոտքերը: Խորը թմրածության մեջ էր ընկնում, բայց վախենում էր դիմավորել լուսաբացը: Ի՞նչ պատասխան էր տալու: Դուռը ծեծեցին: Մարմինը ծանրացել էր: Նորից ծեծեցին: Ո՞վ կարող էր լինել: Քննիչը տեղից չշարժվեց: Մի բուռ հող լցրեց մազերի ու բերանի մեջ: Մի՞թե գտան: «Նրանք ամառանոցի տեղը չգիտեն», «Ոչ ոք չգիտի»: Դռան թակոցն ուժգնացավ: Մաշկը սկսեց թրթռալ: Նա հետ դարձավ, մտավ ննջասենյակ, փորձեց իռլանդական թվիստ պարել, «Ամառանոցի տեղը ոչ ոք չգիտի», «Չգիտի»: Երբ ոտքերը հոգնեցին, նա հենվեց պատին: Լսվեց դռան թակոցը: Նա վազեց հյուրասենյակ, բարձրացրեց երաժշտության ձայնը և թաղվեց բազմոցի մեջ: «Բայց ոչ ոք չգիտի»: Երբ մեղեդին ավարտվեց, կրկին լսվեց թակոցը: Նստած տեղից ոտքերի թաթերը բարդու նման երկարեցին մինչև մուտքի դուռը: Նա դանդաղ առաջացավ, վախվորած կանգնեց դռան առջև և շունչը պահած քաշեց սողնակը… Խավարի մեջ ծովախոզուկը գրկին կանգնած էր մի տղա. նա շրխկոցով մի մեծ խնձոր էր ուտում: Քննիչը քարացել էր, փորձեց խոսել, բառ արտասանեց, բայց լսեց միայն ինքը:
— Քո նավակը եկել է…
— Ի՞նչ նավակ…
— Քո նավակը…
— Ո՞վ ես դու, տղա,- նա քրքջաց, ոտքերը դողում էին:
— …
— …
— …
— …
— …
— ժամանակն է, գնանք………
Փոքրիկ տղան թաթիկով բռնեց խոնավ ճկույթը: Նրանք քայլեցին:
*Դանիել Դեֆո, «Ռոբինզոն Կրուզո»:
** Հովհաննես Գրիգորյան, «Ռոբինզոն Կրուզո»:
*** Խուլիո Կորտասար, «Ցտեսություն, Ռոբինզոն»: