width=

Թարգմանությունը  գերմաներենից և առաջաբանը` ԹՈՆԴՐԱԿԻ և Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

Ռոզե Աուսլենդեռ  (գերմ.Rose AuslՊnder, իսկական անունը` Ռոզալի Բեատրիսե Շերցեր (Rosalie Beatrice Scherzer); 11մայիսի1901 -3 հունվարի1988) — XX դարի գերմանալեզու նշանավոր պոետներից է: Ստեղծագործել է գերմաներեն և անգլերեն լեզուներով:
Ծնվել է ձուլված հրեայի ընտանիքում (1901), որտեղ, սակայն, պահպանվել էին հրեական ավանդույթները: Բանաստեղծուհու հայրը, վաղ տարիքում որբանալով, դաստիարակվել էր սադգորյան «հրաշք-րաբբի» պալատում և շատ լավ ծանոթ էր քասիդիզմին (կրոնական հոսանք հուդաիզմի մեջ, բառացիորեն նշանակում է «ուսմունք բարեպաշտության մասին»): Հայրն այս հոգևոր ժառանգությունից շատ բան է փոխանցել դստերը: Միաժամանակ նկատենք, որ Ռ. Աուսլենդեռի հոգևոր կայացման գործում նշանակալի էր գերմանական մշակույթի ներգործությունը, քանի որ մայրը ծագում էր Բեռլինից:
1919 թվականին Չեռնովիցում սկսում է գրականություն և փիլիսոփայություն ուսումնասիրել: Այս ժամանակ էլ խորապես նվիրվում է Կոստանդին Բրյունների (Constantin Brunner) փիլիսոփայությանը: Հոր մահվանից հետո (1920 թ.) թողնում է իր ուսումնասիրությունները և արդեն հաջորդ տարի (1921 թ.) իր ընկեր և ապագա ամուսին Իգնաց Աուսլենդեռի (Ignaz AuslՊnder) հետ արտագաղթում ԱՄՆ: Այստեղ հիմնում է «Արևմտյան մունետիկ» (Westlicher Herold) թերթը և սկսում բանաստեղծություններ գրել: 1923 թ. հոկտեմբերի 19-ին ամուսնանում է Իգնատ Աուսլենդեռի հետ, սակայն երեք տարի անց սկսում են առանձին ապրել (ապահարզան է տալիս 1930 թվականին): Նույն այդ տարում  (1926 թ.) ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն: Առաջին բանաստեղծությունները հրատարակվում են 1927 թվականին «Ամերիկայի օրացույց մունետիկ» (Amerika-Herold-Kalender) թերթում, որը և խմբագրում էր:
1931 թվականին վերադառնում է Չեռնովից` հիվանդ մորը խնամելու համար: Հանդիպում և ամուսնանում է Հելիոս Հեխտի (Helios Hecht) հետ: Այստեղ ապրում է մինչև 1936 թվականը, որի պատճառով կորցնում է ԱՄՆ-ի քաղաքացիությունը: Հ. Հեխտից բաժանվելուց հետո թողնում է Չեռնովիցը և մեկնում Բուխարեստ: Իսկ արդեն 1939 թվականին հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին` «Ծիածան» (Der Regenbogen) ժողովածուն: Բանաստեղծությունների ժողովածուն թեպետ քննադատների կողմից դրականորեն է ընդունվում, հանրության կողմից ուշադրության չի արժանանում: Երբ Խորհրդա-գերմանական դաշնագրից (1939 թ.) հետո քաղաքը զբաղեցնում են խորհրդային զորքերը (1940 թ.), Ռոզե Աուսլենդեռը ԽՍՀՄ-ի ՆԳԺԿ-ի (НКВД) կողմից ձերբակալվում է` իբրև ԱՄՆ-ի լրտես, սակայն երեք ամիս անց բաց թողնվում` փաստերի բացակայության պատճառով:
Բանաստեղծությունների ժողովածուի զգալի մասը ոչնչացվում է քաղաքը բռնազավթած գերմանացի զինվորների կողմից (1941 թ.): Իբրև հրեա` նա տեղափոխվում է Չեռնովիցի գետտո:  Այստեղ ապրում է երկու տարի և ևս մեկ տարի` ծպտված, որպեսզի համակենտրոնացման ճամբար չուղարկվի: Գետտոյում էլ ծանոթանում է Պաուլ ՑԵԼԱՆԻ հետ (ևս մեկ ու վերջին անգամ նրանք կհանդիպեն 1957 թ. Փարիզում), որի ազդեցությամբ էլ արդիականացնում է իր ոճը` անցյալում թողնելով դասական-էքսպրեսիոնիստի երանգը:  1944 թ. քաղաքն ազատագրվում է խորհրդային զորքերի կողմից: Ռ. Աուսլենդեռը վերադառնում է ԱՄՆ և կրկին ստանում ԱՄՆ-ի քաղաքացիություն (1948թ.):
Մինչև 1956 թվականը դադարում է բանաստեղծություններ գրել գերմաներենով` անցնելով անգլերենին: 1965 թվականին լույս է տեսնում նրա երկրորդ` «Կույր ամառ» (Blinder Sommer) ժողովածուն: Ժողովածուն այս անգամ արժանանում է հանրության ջերմ ընդունելությանը: Ավելին` «Հոֆման և Քամփ» հրատարակչության կողմից պարգևատրվում է «Հայնեի արծաթե թալերի» (Silberner Heinetaler) գրական մրցանակով:
Հրաժարումը բանաստեղծական դասական ձևից և անցումը վերլիբրին ու գրության ասոցիատիվ տեխնիկային նրա համար տեղի է ունենում բավականին արագ, քանի որ նա թիկունքում ուներ ամերիկյան գրական արդիականությունը: Գրեթե քսանհինգ տարի տևած դադարից հետո կրկին հայտնվում են Ռ. Աուսլենդեռի բանաստեղծությունների ժողովածուները`«Blinder Sommer» («Կույր ամառ», 1965), «36 Gerechte» («36 բարեպաշտներ», 1967):
1965 թվականին Ռոզե Աուսլենդեռը վերադառնում է Դյուսելդորֆ (ԳՖՀ): 1972 թվականից մինչև կյանքի վերջ ապրում է տեղի հրեական համայնքի գիշերօթիկ հյուրանոցում: 1978 թվականից տառապում է ծանր հոդաբորբով, գամվում անկողնուն և չի կարողանում այլևս ինքնուրույն գրել: Սկսում է թելադրել իր բանաստեղծությունները:
Վախճանվում է 1988 թվականին:
Կյանքի վերջին տարիներին (1972-1987) լույս է տեսնում նրա բանաստեղծությունների մոտ 20 ժողովածու. «Inventar» («Գույքագրություն», 1972), «Ohne Visum» («Առանց անցագրի», 1974), «Andere Zeichen» («Ուրիշ նշաններ», 1975), «Noch ist Raum» («Դեռ տարածություն կա»), «Gesammelte Gedichte» («Բանաստեղծությունների ժողովածու», 1976) և այլն:
Ռոզե Աուսլենդեռի երկերի լիակատար ժողովածուն ներկայացված է ութհատորյակով («Gesammelte Werke», Bd.I8. Hg. von H.Braun. Frankfurt a.M.: Fischer 1984-1990) և 16 հատորներով («Gesammelte Werke», Bd.116. Hg. von H.Braun.Frankfurta.M.: Fischer Taschenbuch Verlag 1992-1996):
Արժանացել է Հայնեի (1966), Ա. Դռոստե-Հյուլսհոֆի (1967) և Գերմանակ մեծ խաչի` «Վաստակի համար» (1987) պարգևներին:
Ռոզե Աուսլենդեռի պոեզիան թարգմանվել է բազմաթիվ լեզուներով. հայերեն թարգմանվում է առաջին անգամ:
Նախընտրած թեմաների մասին ասում է. «Ամեն ինչ եզակի է: Տիեզերականը, դարաշրջանի, բնապատկերի, առարկաների, մարդկանց, տրամադրությունների, լեզվի նկատմամբ քննադատական հայացքը, ամեն ինչ կարող է լինել թեմա»:
«Ես գրում եմ ինձ համար, բայց հրատարակում ընթերցողների համար: Եվ նրանց արձագանքը արևի շող է, առանց որի, հավանաբար, չեմ կարող աճել»:

Ո՞Վ ԵՄ ԵՍ
Երբ հուսահատ եմ
բանաստեղծություններ եմ գրում

զվարթ եմ
երբ բանաստեղծություններն են գրվում
իմ մեջ

Ո՞վ եմ ես
երբ
չեմ գրում

ՀԱՇՏԵՑՄԱՄԲ
Հաշտեցմամբ
իմ գետտո սիրտը
ուզում է փոխարկվել
ավելի լուսավոր ուժի

ԵՍ
Ես ընդամենը
մարջան եմ
ծովում
հիշողությունների
և սպասում եմ
քամուն

Արքայադուստր
որսա
ինձ
դիր ինձ
պարանոցիդ շուրջ

Դա կլինի
իմ երջանկությունը

ԻՄ ՎԵՆԵՏԻԿ
Վենետիկն
իմ քաղաքն է

Ես զգում եմ այն
ալիք առ ալիք
կամուրջ առ կամուրջ

Ես ապրում եմ
յուրաքանչյուր պալատում
մեծ ջրանցքի մոտ

Իմ զանգերը
բանաստեղծություններ են
զնգում

Իմ Վենետիկը
չի սուզվում

ՆԵՏԻՐ ՔՈ ԵՐԿՅՈՒՂԸ
Երկյուղը քո
օդ նետիր

Շուտով
կհասնի քո ժամանակը
շուտով կաճի երկինքը
խոտի տակ
քո երազանքները կթափվեն
Ոչմիտեղ

Դեռ
մեխակը բուրում է
երգում է կեռնեխը
դու դեռ կարող ես սիրել
խոսքեր պարգևել
դու դեռ այստեղ ես

Եղիր այն ինչ կաս
տուր այն ինչ ունես

ԹՈՂԵՔ ՄԵԶ
Թողեք մեզ լինել
այն ինչ ենք

Պոետներ

Թողեք մեզ
մեր բառակամքը
մեր համոզմունքը

Մեր բառերին
մի տվեք
ձեր իմաստը

Թողեք մեզ
մեր անժամության մեջ
դժբախտ կամ երջանիկ լինել

Դուք կարծրասիրտ
պաշտպաններ բանականության

ՄԻԱՅՆ ԳԻՏԵՄ
Դու հարցնում ես ինձ
ինչ եմ ուզում
ես դա չգիտեմ

Միայն գիտեմ
որ ես երազում եմ
որ երազն ապրում է ինձ
և ես ճախրում եմ
նրա ամպերում

Միայն գիտեմ
որ սիրում եմ մարդկանց
լեռներ այգիներ ծովը
քանզի բազմաթիվ մահեր
իմ մեջ են ապրում

Ես խմում եմ իմ
ակնթարթները
միայն գիտեմ
որ դա ժամանակի խաղն է
վերևում և ներքևում

ԱՄՌԱՆԸ
Ամռանը
լսում եմ մեղուներին
ձմռանը՝ սառնամանիքները

Ես խմում եմ
քո քնքշության մեղրը
և
քո ներկայության սառույցը

Երկու հրաշք
մի գավաթում

ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ԲԱՌԵՐ
Անձրևային բառերը
ողողում են ինձ
կաթիլներից կլանված
ամպերում լվացված
անձրևում եմ
ալ կարմիր
բաց բերանի մեջ
կակաչի

ԻՄ ՇՈՒՆՉԸ
Իմ խոր երազներում
երկիրը լաց է լինում
արյուն

Աստղերը ժպտում են
իմ աչքերում

Մարդիկ գալիս են
բազմագույն հարցերով
գնացեք Սոկրատեսի մոտ
պատասխանում եմ

Անցյալը
բանաստեղծեց ինձ
ես ժառանգեցի
գալիքը

Շունչս կոչվում է
Այժմ

ՕԴ
Քանի թևերի վրա է
հանգստանում օդը:

Սավառնելը ծանր է
Վերևը
Հատակ չունի

Օդապատրանք
երազանք ավազի մեջ:

Մենք բառեր ենք ցանում
օդի դաշտում
գնում ենք
բառից բառ:

Քանի թևերի վրա ենք
հանգստանում մենք
քայլելիս:

ՕԴԻՑ ԵՎ ՍԻՐՈՒՑ
Թռչնի շրջազգեստով
թռչում եմ
աշխարհով:

Այն
օդից է և սիրուց:

Մենք սիրում ենք իրար
համբուրվում ենք
և բարձր պահում
երկինքը:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄ
Ես խոսում եմ
այրվող գիշերվանից
որ հանգցրել է
Պրուտը*
լացող ուռենիներից
անտառային հաճարենիներից
համրացած սոխակի երգից
ոսկե աստղից
որի վրա մենք
ամեն ժամ մեռնում էինք
կախաղանի ժամանակ
բառերի մասին չեմ
ես խոսում
Թռչելով
մի օդային ճոճանակով
Եվրոպա Ամերիկա Եվրոպա
ես չեմ բնակվում
ես ապրում եմ

* Պրուտը (Pruth) – Դանուբի ձախ վտակը: Անցնում է Ուկրաինայի, Մոլդովայի և Ռումինիայի միջով:

ՀՐԵՇՏԱԿԸ ՔՈ
Հրեշտակը քո մեջ
ուրախանում է քո
լույսով
լաց է լինում քո խավարից:

Նրա թևերի միջից սոսափում են
սիրո խոսքեր
բանաստեղծություններ
փայփայանքներ:

Նա հսկում է
քո ճանապարհը:

Վարիր քո քայլվածքը
հրեշտակավարի

ՄԵՆՈՒԹՅՈՒՆ
Իրականացավ
գնչուհու գուշակությունը

Քո երկիրը
քեզ կլքի
դու կկորցնես
մարդկանց և քունդ
կխոսես
փակ շուրթերով
օտար շուրթերի հետ

Կսիրի քեզ
միայնությունը
քեզ կգրկի

ԳՐԵԼ II
Խոսքերը
գրվում են
իմ մեջ:
Նրանք այցելում են ինձ
շնչակտուր
ընդունում եմ նրանց:

Նրանք պտտվում են իմ շուրջ
ես գրում եմ նրանց պտույտը

ԾԱՂԿԱԹՌՉՈՒՆ
Ծաղկաթռչուն
իմ բանաստեղծությունների կրկնակը
խայթով փետրավորված
երբեմն թռչում է
երկինք
հուսահատ ձայն ունի
մինոր
մաժոր
հանց թռչուն
սիրուց հետո ճչում է
հանց ծաղիկ
դիմադրում և բացվում է
լույսի մեջ

ՇՐՋԱՊՏՈՒՅՏ II
Քո հայացքն
իմ աչքի մեջ:

Իմ ձեռքում
մատիտը:

Քարեր իմ ոտքերի տակ
Անիվներ իմ քայլվածքի կողքին:

Օդ իմ շնչառության մեջ
իմ բերանում
բառը:

Քո հայացքն իմ աչքի մեջ:

ՍԵՐ V
Մենք կրկին կգտնենք մեզ
լճում
դու իբրև ջուր
ես լոտոսի ծաղիկ

Դու կտանես ինձ
ես կխմեմ քեզ:

Մենք մեզ կպատկանենք
բոլոր աչքերի առաջ:

Անգամ աստղերը
կզարմանան.
այստեղ երկուսը
վերափոխարկվել են
իրենց երազին
որ նա ընտրեց:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն