2021 թ. սեպտեմբերի 28-ին երևանյան սրճարաններից մեկում հանդիպեցինք ընկերներով, պատահաբար իմացա ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենի՝ Հայաստանում լինելու մասին: Ուզեցի գրել նրա մասին: Երգչուհին ինձ ընդունեց երևանյան մի գողտրիկ բնակարանում: Ռոզին այնքան շատ հարցազրույցներ էր տվել, որ թվում էր՝ նորություն չկա ասելու, սակայն Հայաստանը ապրում էր պատմականորեն ճակատագրական ժամանակաշրջան, ճիշտ այնպիսին, ինչպիսին 100 տարի առաջ էր: Հայ-ադրբեջանական պատերազմի թատերաբեմին մտքով հետ ես գնում ու վերհիշում, որ Ռոզիի արմատները և կենսագրությունը ուղիղ կապ ունեն անցյալի «թանկ ժառանգության» հետ… Պատմագրական շատ վկայություններ կան, որտեղ նախիջևանյան արմատներով հայտնի հայերի շարքում է նաև Ռոզի Արմենը, նրա հայրը ակտիվ պայքարել է բոլշևիկների դեմ, քանի որ, ըստ ժամանակագրական վկայությունների, Զանգեզուրն էլ էր նախատեսվում բռնակցել Ադրբեջանին: Իհարկե, այն հետագայում մնաց Խորհրդային Հայաստանի կազմում:
(Ֆր.՝ Rosy Armen, իսկական անունը՝ Ռոզի Խուրշուդի Հովհաննիսյան): Ռոզիի արմատները սկիզբ են առնում Նախիջևանի Ճահուկ գյուղում ծնված Խուրշուդ Հովհաննիսյանի և Անկարայի Սթանոզ գյուղում ծնված Նվարդ Ալոզյանի ընտանիքից, որոնք Մեծ եղեռնից հետո՝ 1920-ական թվականներին, գաղթում են Փարիզ ու ընտանիք կազմում։ Ռոզիի հայրը ծնվել է 1896 թվականի մայիսի 10-ին, վախճանվել է 1980 թվականի հուլիսի 14-ին: Հոր հայրը` Մարգար Հովհաննիսյանը, 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ութամյա տղայի աչքի առաջ սպանվել է տուն ներխուժած թուրքերի կողմից` պատից կախված իր իսկ սրով, մայրը` Թագուհի Գևորգյանը, ավելի վաղ է վախճանվել: Ռոզիի եղբայրը` Մարգարը, պապի անունն է կրել, իսկ քույրը` Թագուհին` տատի: Երգչուհու հայրը կռվել է Գարեգին Նժդեհի ազատագրական ջոկատներում:

— Հայրիկս իր անցեալին մասին երբեք չէր պատմեր մեզի: Մենք ալ շատ չէինք ուզեր «փորփրել» իր անցեալը: Միայն գիտէինք, որ քանի մը տարի լեռներուն մէջ կռիւներու մասնակից եղած է, ապա Արաքսի վրայէն Պարսկաստան, Պուլկարիա, յետոյ ալ Ֆրանսա անցած է: Երբ կը հարցնէինք` «Ինչո՞ւ Հայաստանէն հեռացած էիր», կ՚ըսէր. «Ես կարմիրներու դէմ կռուած էի, ինչպէ՞ս կրնայի Խորհրդային Հայաստանի մէջ ապրիլ»,- պատմում է Ռոզի Արմենը:

Անցել են տարիներ, Հայաստանը անկախ և ազատ Հանրապետություն է, Ռոզին տարվա մեջ մի քանի անգամ է Հայաստան գալիս, տղաներն էլ են սիրում Հայաստանը՝ Րաֆֆին ու Արմենը:
Ռոզին ծնվել է 1939 թ. մայիսի 1-ին, Փարիզում: 4 տարեկան հասակից սկսել է երգել: Մեկ բեմում է հայտնվել այնպիսի համաշխարհային աստղերի հետ, ինչպիսիք են Ժիլբերտ Բեկոն, Շառլ Ազնավուրը և Ջոնի Հոլիդեյը: 1961 թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը, որից հետո սկսել է շրջայցը արտերկրում` Բելգիա, Իրան, Թուրքիա, ԱՄՆ, Լիբանան, ԽՍՀՄ: 1965 թ. համերգներով հանդես է եկել Մոսկվայում, որտեղ ծանոթացել է բազմաթիվ հանրահայտ հայերի հետ` Տիգրան Պետրոսյան, Հովհաննես Բաղրամյան, Առնո Բաբաջանյան և այլք: 1968 թ. տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել այնտեղ 15 տարի: Երգել է ֆրանսերեն, հայերեն, իտալերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն լեզուներով, ինչն էլ իր հերթին նպաստել է նրա հայտնի լինելուն տարբեր երկրներում: Բազմիցս հանդես է եկել Հուլիո Իգլեսիասի հետ: 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո մասնակցել է Շառլ Ազնավուրի նախաձեռնած «Քեզ համար, Հայաստան» երգի ձայնագրմանը, որի ամբողջ հասույթն ուղղվել է աղետից տուժածներին: 1991 թ. այցելել է Հայաստան: Հայկական երգացանկից հայտնի են «Երևան», «Բլբուլ», «Նուբար, նուբար», «Օրոր, օրոր», «Հինգալա», «Վայրի ծաղիկ», «Իմ անուշ մայրիկ», «Հայրենի երկիր» և այլ երգեր: Թողարկել է «Ռոզի Արմեն» (1963 թ., 1967 թ., 1972 թ.), «Si on se ressemble» (1968 թ.), «Gwendolyne» (1971 թ.), «Երևան» (1972 թ.), «Բլբուլ» (1981 թ.), «Aranjuez» (1982 թ.), «Hier et demain» (1986 թ.), «Արմենիա» (1992 թ.), «Le top de l’Arménie» (1996 թ.), «Մի սիրտ ունեմ» (2001 թ.) և այլ ձայնասկավառակներ: Զբաղվել է նաև հագուստի մոդելավորումով: 2014 թ. արժանացել է Մոսկվայի «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: 2013 թ. պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» շքանշանով, 2015 թ.` ՀՀ Պատվո շքանշանով:
Ռոզիի ծնողների ցանկությունն էր, որ դուստրն ընտրեր բժշկի մասնագիտությունը, սակայն 4-ամյա Ռոզին սկսեց երգել, ու Ռոզի Հովհաննիսյանը (այնուհետև՝ Պետրոսյան) ընտրեց երգի ուղին՝ վերցնելով Ռոզի Արմեն բեմական անունը։
Երգչուհու ստեղծագործական ճանապարհին կարևոր էր 1965 թվականի համերգների մոսկովյան շրջագայությունը: Ֆրանսիական ռադիոյով ունկնդրելով Ռոզիին և տեղեկանալով նրա հայկական արմատների մասին` ունկնդիրներից մեկը նամակ է գրել խորհրդային իշխանություններին, և այդ դեպքից կարճ ժամանակ անց Ռոզի Արմենին հրավիրել են Մոսկվա: Մոսկվայում Ռոզին պետք է ունենար 12 համերգ: Ռոզին մեծ հիացմունքով է հիշում, թե ինչ հաջողություն ունեցան այդ համերգները.

— Այս 12 համերգներն այնքան հաջողված էին, որ արդյունքում ունեցա 28 համերգ: Այդ համերգների ընթացքում իմ երկրպագուների շարքում էին Տիգրան Պետրոսյանը, Մարշալ Բաղրամյանը, Առնո Բաբաջանյանը, բանաստեղծ Եվտուշենկոն: Հիշում եմ, թե ինչպես էր մեծն երաժիշտ Առնո Բաբաջանյանն ամեն համերգից հետո գալիս ինձ տեսնելու, որպեսզի գնամ իր ընտանիքի հետ ճաշելու, և մինչև վաղ առավոտ նա նվագում էր իր ստեղծագործությունները` առաջարկելով որևէ բան ընտրել իմ երգացանկի համար: Դրանք անմոռանալի երեկոներ էին,- ասում է Ռոզի Արմենը:

Երբ Ռոզին առաջին անգամ երգել է Իրանի շահի պալատում, անչափ գոհունակ տեսքով շահը մոտեցել է ու հարցրել երգչուհու ծագման մասին: Եվ Ռոզին մեծ հպարտությամբ պատասխանել է. «ՀԱՅ եմ»:
Մեր զրույցը չէր կայանա, եթե չհարցնեի Շառլ Ազնավուրի մասին, Ռոզին հիացմունքով ժպտում է, ապա՝
— Մեր հայրիկները ընկերներ էին Թիֆլիսեն, նույն դպրոց կերթային, վերջը ամեն մարդ փախեցավ, եկավ Ֆրանսիա: Օր մը հայրիկս կերթա Փարիզի մեկ թաղամաս, ուր որ հայկական ուտելիքներ ծախող կար: Եվ այնտեղ կհանդիպի Ազնավուրին պապաեն: Ազնավուրենք այդ կողմերը կապրեին, մենք քիչ մը ուրիշ թաղամաս կապրեինք: Միշան կըսե գիտե՞ս տղաս՝ Շառլը կերգե, գիտես գոր, այս գիշեր տեղ մը կա, կերգե հայերի համար, կըսե պետք ունեմ մեկը որ օգնե ինձի թիքետները կտրե, եթե կուզես գալ։ Պապաս կըսե, այո՛, կուզեմ գալ, ապա պապաս կըսե Միշային, իմ աղջիկն ալ կերգե, Ռոզին։ Ռոզի Արմեն չէի այն ադեն, Ռոզի Հովհաննիսյան, կը երգե գոր, նոր սկսել է, 17 տարեկան էի։ Միշան կըսե՝ Շառլին թող զանգե, քարտը կուտա։ Ես զանգեցի, բայց մեկ մը չպատասխանեց, վազն անցա, այլևս չփնտրեցի։

1988 թվականի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրը Ռոզիին և մի շարք այլ երգիչների առաջարկեց ձայնագրել «Քեզ համար, Հայաստան» երգը, որը տասը շաբաթ գրավեց առաջին հորիզոնականը ֆրանսիական TOP 50-ում:
Ռոզիի ստեղծագործական կյանքում ամենամեծ պահը եղել է նրա համերգը Հայաստանում, առաջին շփումը հայրենակիցների հետ, ինչպես նաև շփումը նշանավոր անձանց, մասնավորապես մեծն մասեստրո Արամ Խաչատրյանի հետ: Արամ Խաչատրյանի գրած հատուկենտ երգերից մեկը Ռոզին ամբողջովին փոխել էր, և նրա վախը մեծ էր, որ մաեստրոն հավանություն չի տա այդ փոփոխություններին: Բայց ամեն ինչ եղավ հակառակի պես.
— Մաեստրոն իր տիկնոջ հետ եկավ իմ օթյակ, բռնեց ձեռքս և ասաց` փոքրիկս, դու վերածնեցիր իմ երգը, և ես ուզում եմ քեզ ուրիշ երգեր առաջարկել: Այդ խոսքերից ես արտասվեցի: Որ երկրում էլ որ ելույթ ունենամ, մի տեսակ ուրիշ հպարտությամբ եմ արտաբերում Խաչատրյան ու Բաբաջանյան ազգանունները: Առայսօր հիշում եմ նրանց խոսքը` երգը պետք է մատուցվի հոգով կամ երգն էլ հոգի ունի:

Մեր ներկան միմյանց արագորեն հաջորդող հոսանքների, մարդկային հոգևոր տրոհումների հակակշիռ է: Ի հակադրություն այդ ամենի՝ Ռոզին իր երգարվեստով աշխարհին պատմում է, վկայում է Հայի լինելիության գաղտնագիրը:

Գայանե Հովհաննիսյան

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն