(Բա՛ց թողեք)
***
անձրևը
մի նոր
բանաստեղծություն
կգրի
հողին,
ծառերը
կկարդան
շշուկով,
իսկ մեզ՝
մնում է
որսալ շունչը
գարուն-առավոտի։
***
բա՛ց թողեք,
չեմ ուզում մասնակցել
ծամծմված ձեր
դեբատներին,
թողեք ինձ…
Հա՝ խիզախ եք,
Հա՜, «հանճար» եք,
Ուժեղ եք է՜,
շաաաաաա՜ատ
լավն եք։
թողեք ինձ,
թողե՛ք,
որ առավոտյան
քամեմ
ձեր էժան սենտիմենտը,
շաղախեմ բառերով,
լցնեմ ամաններն
ու ասեմ.
— դե անուշ արեք։
ՎԵՐՋԸ
Աշխարհը մոխրաման է,
ծխախոտը` վառում ենք մենք.
առանց կանգ առնելու,
իրար հետևից,
արագ-արագ,
և մոտ է այն օրը,
երբ վերջին մոխիրը
կընկնի տիեզերքից`
կամաց,
դանդաղ,
ու մահաբեր ցնծությամբ։
***
հոգնել էր ապրելուց,
կանչեց հրեշտակներին,
որ ազատեն հոգին
վանդակից.
կես ժամ հետո՝
անգղները
լափում էին
մարմինը։
***
խնձորը
ընկավ Նյուտոնի
գլխին.
այսպես գրվեց
առաջին
բանաստեղծությունը։
***
լռություն՝
ողջերի
ԳԵՐԵԶՄԱՆՈՑ։