***
հիմա, երբ Իթակեում նորից աշուն է,
հավերժության չափ երկար, չավարտվող աշուն,
ես գիտեմ՝
նրանք այստեղ են՝
ֆոն Թրիերի երեք մուրացկանները՝
քո տարածության ամեն անկյունադարձին:
հիմա, երբ կեսգիշերը կիսամերկ ծառերին է թափվում՝
վառ թողնելով միայն
ճյուղին նստած բուի անթարթ հայացքը
ու լույսը այն աստղերի,
որ վաղուց արդեն գոյություն չունեն,
դու որոշեցիր հետևել Նրան՝
բարբարոսների ընկեցիկ սրբին,
դեպի խավարը հավիտենական՝
մեկ առ մեկ հավաքելու
յոթ մահացու մեղքեր դարձած
յոթ հանդերձները Նրա:
հիմա, երբ էլ փախուստ չկա հայելիների մեջ,
մարդկանց գծային ժամանակը քեզ լքեց
երազների սահմանագծին,
որտեղից անդին մղձավանջներն են,
որտեղից անդին գալիքը միայն
անցած Եդեմի արտացոլումն է,
որից փախչում եք անվերջանալի դարերի միջով
շամանը, քուրմը, կախարդը և դու:
հիմա, երբ Իթակեում նորից աշուն է,
հավերժության չափ երկար, չավարտվող աշուն,
դու դուրս ես էվկլիդյան տարածությունից,
դու տուն չունես,
դու թափառական ես,
ու երեք մուրացկանները քեզ սիրում են
առավել, քան երբևէ,
հավատարմորեն,
մինչև որ ճահճանման այս հողը քեզ կուլ տա…
խոնավ ու մութ հողի երախը,
ես գիտեմ՝
դուք այստեղ արդեն եղել եք՝
շամանը, քուրմը, կախարդը և դու.
դուք Նրա յոթ հանդերձներն էիք հավաքում…

***
այստեղ շշուկներ կան անցած նոյեմբերից
ու մայրամուտը ողջ անձրևաքամ է,
այսպես գուցե Պենելոպեն էր լալիս,
երբ ոչ մի լուսաբաց Նրան չէր բերում
անվերջ հեռացող հորիզոններից,
ժամանակն այստեղ համակ սպասում է,
ժամանակն այստեղ համակ խոստում է
չվերադարձող վերադարձների…
երբ Նա հեռացավ, գուցե աշուն էր,
ինչպես և այսօր,
բայց մեր պատմությունը վերջից է սկսվել.
կան իթակեներ, ուր չեն վերադառնում:

***
դու անցնում ես հայելիների միջով,
դու հազարավոր հայելիներ ես կոտրում,
ու աշխարհը բացվում է հակառակ կողմից.
լուսանցքում էլ տեղ չկա տողերից ընկած
բառերի համար,
որ կոկորդումդ են կուտակվել:
դրանք շնչարգելության նոպաներ են առաջացնում,
ու դու վախենում ես
քո գունավոր աշխարհը կորցնելուց:
բարի գալուստ հայելիների լաբիրինթոս,
դու խելագար ես,
դու խելագարների աստվածն ես,
իսկ շուրջդ պատառոտված բառեր են,
քաոս՝ ժամանակի, գոյի, սիրո…
նրանք ասացին ՝ սև անցքեր գոյություն չունեն,
ամեն ինչ հորինվածք է ասացին,
նրանք աչքերդ լվացին բոլոր առասպելներից,
բոլորը մեկ առ մեկ ջնջեցին…
այլևս խելագար չես լինի.
նրանք խոստացան քեզ բուժել,
բայց, միևնույն է, բառերդ մրսում են,
ու դու վախենում ես քո աչքերի խավարից:
բարի գալուստ ապաքինվածների այգին,
դու խեղկատակ ես,
դու խեղկատակների աստվածն ես,
իսկ շուրջդ բառերից մաքրված դատարկն է,
շուրջդ նրանց սև ու սպիտակ աշխարհն է,
նրանք քո գույները չեն ճանաչում…
զվարթ ճիչերի տակ լռող քաոս,
կեղծիքի աշտարակներ,
բանտարկված բառեր…
սա նրանց սև ու սպիտակ աշխարհն է,
իսկ դու քո գույներն ես կարոտում
ու դու փախչում ես հայելիների միջով,
դու հազարավոր աշխարհներ ես կոտրում…
բարի գալուստ հայելիների լաբիրինթոս,
դու խելագար ես,
դու անդառնալի խելագար ես…

***
տարիներում, որ դեռ կգան,
անառասպել աշուններ կծնվեն ու կմեռնեն,
տարիներում, որ դեռ կգան,
դու կհիշես ինձ՝ հպանցիկ,
աշնան քամու պես կամ տերևաթափի…
ես ապրում եմ արնագույն մայրամուտներում,
հորիզոնից անդին,
ուր մարդկային գոյության գծերը ջնջված են,
ուր բոլոր երազները մղձավանջ են դառնում,
բոլոր սերերը՝ խելագարություն…
իմ փոքրիկ, զմրուխտե տիեզերք,
որքան եմ սիրում
պատանի աչքերիդ կատվահայացքը:
այն օր ու գիշեր հետևում է ինձ,
դարեր շարունակ՝ դեռ քարանձավից,
դարեր շարունակ,
դարեր շարունակ…
այն ինձ պաշտեց Բաբելոնի փողոցներում,
ամենքից բարձր փառաբանեց՝ Իշտա՜ր,
այն իմ հեթանոս արյունը տենչաց
ու տաճարներում զոհ դարձավ մեղքիս,
դարեր շարունակ,
դարեր շարունակ…
մինչև որ նրանք ինձ մասնատեցին,
և…եղիցի՜ լույս…
փակվեց խավարս, դարձավ մոգություն,
սարսափած ամբոխն աղմկեց՝ վհո՜ւկ.
ինձ համար հազարավոր խարույկներ վառեցին,
ու բոլորն այրվում են,
բոլորը կախարդ են,
բոլորը ես եմ,
ես՝ ձեղնահարկում փակված խելագարս.
մի՞թե դևերիս դեռ ճանաչել է ուզում
պատանի աչքերիդ կատվահայացքը…

ես ոչ մի տեղ չտանող ճանապարհ եմ,
ինձնով մի՜ քայլիր,
ես մահաբեր եմ սիրենների պես,
ինձ մի՜ հավատա,
ես ոչ մի ափի չկանգնող նավ եմ,
ինձ մի՜ վստահիր,
ես բազմակետ եմ,
անավարտ ցնորք,
ես նախաժամանակն եմ
ու ավարտը բոլոր ժամանակների:
ես տուն եմ դառնում՝
դեպի արնագույն մայրամուտները,
ինձ մի՜ հետևիր…

***
ես ամեն օր քեզ հորինում եմ ու սպանում:
ներիր ինձ,
որ քեզ անքնությանս ուղեկիցն եմ դարձրել.
դա իմ միակ ելքն է կամ ելքի պատրանքը:
երբեմն տարածությունն այնքան չի հերիքում,
որ ուզում եմ առաստաղից կախված ճոճվել
Զամզայի պես,
կամ սենյակիս պատերով սողալ,
որ գոնե այդպես դիմանամ Երկրի
շրջապտույտին ու չպայթեմ:
մինչև դիվահար գլուխս,
որի մեջ մղձավանջների հանճարի
անճոռնի միջատն է թավալվում,
սկսի պտտվել, ու ընկնեմ ցած`
չմեռնելու բայց և չապրելու հույսով…

սակայն ոչ մի մորթիածածկ Վեներա ինձ չի նայում
անցյալի միաչքանի շրջանակից,
փոխարենը հազարավոր մարմնամասեր են կախված,
ու մասնատված են բոլորը՝ չորացած արյան հետքերով,
ու բոլորը խավար են:
ինչ-որ մեկի աչքն անթարթ է ու արյունոտ:
մարմինն ու հոգին ներսից որդնած են,
դեմքերը մարդկային դիմագիծ չունեն…

նայիր,
նրանք մարդակերպին դնչակալ են հագցրել,
որ ամբոխը ճիչերից չխելագարվի.
նրանց լռությունը հիվանդ է,
նրանց լռությունը լի է դևերով:
մղձավանջների հանճարը դարավերջը կիսել
ու հայտնվել է կողքիս՝
ինձ համոզելու, որ ես խելագար եմ,
որ իր զառանցանքն իմ դատավճիռն է,
որ գոյությունը անհեթեթության
պատահական գլուխգործոցն է
կամ չարքերի խրախճանքի թունավոր արտանետումը:
աշխարհը նեղ զսպաշապիկ է դարձել,
փրկիր ինձ…

***
շուտով կեսգիշեր կլինի,
սև կատուն կթռչի տանիքից տանիք՝
իր կեռ պոչի հետ
չլուսացող գիշերների անեծքը քարշ տալով:

այստեղ հազարամյա անձրևներ են բնակվում,
սա լուսնամահիկի հավերժությունն է՝
իմ ու քո խոնավ տարածությունը,
որ ուրիշ ոչ ոք, ոչ մի տեղ չունի:

խոստացիր ինձ փախչող ակնթարթի վայելքը.
դու Ծիր Կաթինը տեսածի աչքերն ունես,
ու ես մերկ եմ քո հայացքի առաջ՝
թափանցիկ երազներով:

մնա ինձ հետ,
անքնությունից հոգնած գլուխդ դիր իմ ծնկներին,
ես քեզ կթաղեմ աստղափոշու մեջ,
իմ տեղատվության խավար ջրերում կսուզեմ հոգիդ:

ես աստղածովի աստվածուհին եմ՝
ծովախեցու ձայնով,
դու սիրում ես մարգարիտներ հավաքել իմ ափերից,
դու իմ ալիքների թաց համբույրն ես սիրում:

լուսնամահիկը կիսաժպտում է,
հաշվիր մինչև ութը,
սուզվիր քայլ առ քայլ.
միայն իմ միջով կարող ես հեռանալ ինձնից:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն