«Ես չեմ վախենում անհետանալուց: Նախքան իմ ծնվելը ես գոյություն չէի ունեցել միլիարդավոր տարիներ, և դա ինձ ամենևին տանջանք չէր պատճառել»:
Մարկ Տվեն

Մեքսիկացիների կուռքը՝ Սուրբ Մահն1 այն աստվածությունն է, որը փրկում է հավերժական կյանքից՝ ընդհատելով մարդկային տառապանքները, հույզերը, երազանքներն ու սպասումները, որոնք նույնքան անծայրածիր են և հավիտենական, որքան անտանելի և ծանր գոյը: Հավերժական կյանքն, արդյոք, պատիժ չէ՞, թե՞ երանություն, ինչպես պնդում են դրախտասերները: Ավերումը արարման նախերգանքն է, հետևաբար՝ եթե չլինեն ավերածություններ և մահացություններ, մի՞թե կյանքը չի կանգնեցնի իր հարաշարժ ընթացքը: Կյանքն արժե իր կորստյանը, կյանքի հանդեպ սերն էլ է երբեմն մղում մահվան: Հենց այդպիսի գոյութենական վախճանի կողմնակից է Սանտա Մուերտեն, որ իր կմախքանման տեսքով հանդերձ՝ ներկայացվում է կնոջ պատկերով:
Ընտրենք մեր հերոսին, որ կլինի վերոնշյալ գաղափարի մարմնացումը: Անունը… դե, օրինակ, Մարկ: Ծերության շեմին հասած և գլխուղեղի կաթված ստացած՝ Մարկն արդեն պատրաստվում է դեմ հանդիման նայելու անհայտին: Անհայտությունը պետք է ոչ թե վանի, այլ՝ գրավի, ինչպես կինոսեանսից առաջ, երբ դեռ չգիտես, թե ինչի մասին է ֆիլմը, կամ էլ եթե նույնիսկ գիտես, ապա տեղեկացված չես, թե ինչով է ավարտվելու: Ամենահետաքրքիրը միշտ առջևում է. ահա սա է քարոզում մահվան դարավոր կուռքը, որից սնուցվել են բազմաքանակ կրոններ: Դրանց դավանաբանական դոկտրինները՝ իբրև բացարձակ ճշմարտություն, տվել են պատասխաններ՝ այն դեպքում, երբ մահը պատասխանի կարիք չունի: Մահն իմաստանում է հենց իր հարցականներով: Այն պահից ի վեր, երբ կվերանան մահվան շուրջ հարցերը, կվերանա նաև բուն մահն իր առեղծվածով:
Ահա, Մարկը դժվարությամբ վեր է բարձրացնում ձեռքը, նշան անում կնոջը, որ ծարավ է: Վերջինս ձողիկով ըմպանակը մոտեցնում է ամուսնու շուրթին: Կաթվածից հետո գրեթե ամբողջությամբ անզգայացած՝ Մարկը կում-կում ըմպում է ջուրը՝ փորձելով կռահել, թե արդյոք վերջին անգա՞մ է հագեցնում ծարավը: Եթե առժամանակ դիմանար՝ ըմբոստանալով մահվան դեմ, կշարունակեր ապրել, ինչպես հայտնել էր բժիշկը: Ապրելը՝ կապրեր, բայց չէր դադարի գոյատևել: Մարկը չէր ցանկանում ո՛չ ապրել, ո՛չ էլ՝ գոյատևել, այլ՝ ուզում էր մեկ բան՝ ճանաչել անճանաչելին: Ճանաչողության բանալին խոր և անուշ քունն էր, որ սպասում էր Մարկին: Եվ իրապես՝ ո՞վ է զարթուցիչ սիրում: Մեծամասամբ քնում են՝ մտածելով ամեն ինչի, բայց միայն ոչ արթնանալու մասին: Ով տենչում է արթուն մնալ, նա երբեք չի վայելի քնի իրական բարիքները, որոնցից մեկն էլ Սանտա Մուերտեն է: Այդ աստծուն մենք տեսնում ենք կմախքի և կնոջ միահյուսությամբ, քանզի կինն է շնորհում և՛ կյանք, և՛ մահ: Ինչպես Փյունիկ թռչունը, կինն օժտված է արարման և ոչնչացման երկակիությամբ, որի շնորհիվ էլ ստանում է աստվածանման էակի բնութագիր: Եթե չապրեինք, երբեք չէինք մեռնի. այս հարցի շուրջ էր մտորում Մարկը, երբ, գուցեև վերջին անգամ, հայացքով տնտղում էր իր կնոջը:
Հակառակ տարածված կարծիքի, թե բոլորս ծնվում և մեռնում ենք միայնակ՝ իրականում մահը մեզ դնում է նույն հարթության վրա, և մենք համախմբվում ու դառնում ենք մեկ ընդհանուր միավոր, երբ կանգնում ենք նույնպիսի մի անհայտության առջև, իսկ վախճանից հետո դառնում կրողը նույն այն գաղտնիքի, որի մասին հնարավորություն չունենք կիսվելու ոչ մեկի հետ: Սերգեյ Եսենինի և Վիկտոր Ցոյի երկրպագուները, որոնք սեփական կյանքին վերջ են տվել իրենց կուռքերի շիրիմների մոտ, համախմբման լավագույն օրինակ են, քանի որ միավորվում են ընդհանուր պաշտամունքի և, ինչու չէ, նաև գաղափարի շուրջ, ինչպես հեթանոսական ժամանակներում, երբ մարդկային զոհերը միաձուլվում և հագեցնում էին աստվածների արյան ծարավը, կամ՝ ստրուկները, որոնք տերերի անշնչանալուց հետո վախճանվում էին, որպեսզի անդրշիրիմյան աշխարհում ուղեկցեն նրանց: Ուզում ես ասոցացվե՞լ աստծուդ հետ՝ սպանիր քեզ հանուն նրա, ուզում ես դառնա՞լ աստված՝ սպանիր նրան հանուն քեզ: Ըստ երևույթին՝ Մարկ Չեփմենը հենց այդ մտադրությամբ էլ սպանեց Ջոն Լենոնին և ոչնչից դարձավ ամեն ինչ, քանզի նրա անունը սկսեց ասոցացվել Լենոնի անվան հետ: Մեղավորին և անմեղին, դահճին և զոհին, դատախազին և դատապարտյալին, պարտատիրոջն ու պարտապանին, գրողին ու քննադատին՝ բոլորին հաշտեցնում է Սանտա Մուերտեն:
Անշնչանալու մեկ ակնթարթը շնորհում է հավերժական ազատություն՝ շնչելու հարկադրանքից: Քեզնից այլևս ոչինչ կախված չէ, ոչ մեկին հաշվետու չես և ոչնչի կարիք չունես. ուրիշներն ամբողջ կյանքում տքնում, գումար են կուտակում այդպիսի երանության հասնելու համար, իսկ դու… այդպիսի բախտի կարժանանաս միգուցե ոչ այնքան դյուրին, բայցևայնպես կարճ ճանապարհով, որը քեզ կհասցնի անէությանդ սեփական դրախտավայրը:
Մարկը վաղուց էր թոթափել մտքերը՝ կապված քրիստոնեական դրախտի դրախտ լինելու հետ: Իրապես, ինչպե՞ս կարող էր դրախտ կոչվել այնպիսի մի տեղանք, որտեղ կրկին Աստված է իշխող տերն ու տիրակալը: Հեն է ասա՝ չմեռնենք, եթե մեռնելուց հետո էլ պիտի որևէ մեկի ենթակայության տակ գտնվենք: Կենդանության օրոք էր, որ մեզ աստվածներ և հովանավորներ էին հարկավոր, իսկ մեռնելուց հետո էլ ո՞ւմ են դրանք պետք: Սանտա Մուերտեն ողջերի աստվածն է, ապրելունակների աստվածը, ոչ թե մեռածների, նա անշնչանալուց հետո ձեռքդ չի բռնի և չի ուղեկցի եդեմական այգի, նա քեզ պարզապես ցույց կտա ճանապարհը, թե ինչպես մահվան մասին հիշելով՝ կյանքումդ ստեղծես քո դրախտը, որպեսզի մեռնելիս չփոշմանես ապրածիդ համար: Մարկը ստեղծել էր իր դրախտը. ուներ կին, երեխաներ, թոռներ, տուն-տեղ, անցյալում քննիչ էր աշխատել, բազում դատաքննություններ իրականացրել, և այժմ իր առջև ծառացել էր վերջին դատական գործը, որի շրջանակներում ինքն էր ուզում լինել թե՛ քննիչը, թե՛ դատավորը, թե՛ դատախազը և թե՛ ատենակալը: Հիվանդանոց հասցվելուց և վիրահատությունից հետո նրա մոտ քրոնիկ անքնություն էր սկսվել: Դժվարությամբ արտաբերելով բառերը՝ նա խնդրում է կնոջը մեծացնել քնաբերի դեղաբաժինը, որպեսզի ընդմիշտ վերանա հաբեր ընդունելու կարիքը:
Հին Հռոմում քաղաքացին օրինական իրավունք ուներ զրկել իրեն կյանքից, եթե համապատասխան պետական մարմինների կողմից թույլտվություն ստանար: Պարզապես պետք էր հանձնագիր ներկայացնել սենատ, ինչից հետո, ինքնասպանության (կամ էֆթանազիայի) ողջամիտ և հիմնավոր դրդապատճառի առկայության պարագայում, քաղաքացուն տրվում էր հատուկ նման դեպքերի համար նախատեսված մահաթույն՝ պատրաստված «Գինազոխ բծավոր»2 անունով վայրի բույսից: Եվ այդ գործող օրենքը բոլորովին էլ չէր խոչընդոտել, որ Հռոմեական կայսրության բնակչության թվաքանակը հասներ մինչև 56 միլիոնի, ինչպես Հուլիոս Կեսարի կառավարման տարիներին: Ապրելու կենարար ուժը բխում է ոչ թե կողքինների, այլ՝ սեփական անձի վրա իշխելու կարողունակությունից: Երբ կրում ես քո մեջ ապրել-չապրելու դուալիզմը, դառնում ես իրապես ազատ, քանզի արգելքներն են ծնում խախտման գայթակղությունը, իսկ անձնասպանության արգելքի վերացման դեպքում կվերանա նաև կյանքից զրկվելու հանդեպ հետաքրքրությունը: Եթե աշխարհում ճշմարտապես գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին ժողովրդավարությունն է, ապա այն պետք է լինի հենց վերը նշված սկզբունքին համապատասխան:
Արվեստը նույնպես ոչ պակաս դերակատարում ունի ազատ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու գործում: Պետք է վերանա գրաքննությունը, բայց ոչ թե օրենքով սահմանված թեմատիկ գրաքննությունը, այլ՝ այն ցենզուրան, որը ներքուստ կա գրեթե յուրաքանչյուրի մեջ: Մահվան հանդեպ երկյուղը սկսվում է ապրելու և արարելու հանդեպ վախից, իսկ արվեստը արարման ամենաբեղմնավոր հարթակն է: Եթե վախենում ես մահվան մասին ստեղծագործելուց, ստեղծագործիր կյանքի մասին, իսկ եթե կյանքից ես վախենում, ստեղծագործիր մահվան մասին, բայց մի խուսափիր ո՛չ առաջինից, ո՛չ երկրորդից: Միակ գրաքննությունը թող լինի կյանքիդ ավարտը, որն էլ հավերժական արգելք կդնի ստեղծագործական գործունեությանդ վրա՝ լինես դու գրող, կոմպոզիտոր, գեղանկարիչ թե կինոռեժիսոր…
Հա, ի դեպ, գրաքննության հետ կապված ևս մի բան ավելացնեմ, թեպետ դա այնքան էլ կապ չունի մեր նյութի հետ, բայց չեմ կարծում, որ ավելորդ կլինի մեր այս էսսեի շրջանակներում այդ մասին խոսելը: Իրականում Սանտա Մուերտեի մասին մեր նյութը հրատարակչի կողմից դիտարկվեց իբրև ակնարկ՝ երակները կտրելու կամ Կիևյան կամրջից ցած նետվելու: Էսսեն պետք է ավարտվեր մեր հերոսով՝ Մարկով, բայց քանի որ խնդիրներ առաջացան հրատարակչի հետ, ես մի քանի լրացուցիչ դիտարկումներ կանեմ մեր թեմայի վերաբերյալ՝ մինչ հերոսի պատմության ավարտին հասնելը:
Հարգելի ընթերցող(ուհի), եթե դու դեռահաս ես կամ չափահասության տարիքի հասած անչափահաս, ինչպես մեր օրերում շատերը, ապա դու, անշուշտ, պետք է սպանես ինքդ քեզ, քանզի, ըստ վերոհիշյալ հրատարակչի, ես քեզ մղում եմ անձնասպանության՝ սերմանելով քո մեջ սուիցիդալ բնույթի մտքեր: Երակներդ կտրիր, գցիր քեզ պատուհանից կամ Կիևյանից: Թույլ տուր, որ քո մահը դառնա անձիս հանդեպ համատարած ատելության կամ մինչև անգամ ձերբակալությանս պատճառը: Թող անունս ասոցացվի անվանդ հետ, թող ծնվածս օրն անիծյալ հռչակվի հարազատներիդ կողմից, թող տեսնեմ քեզ իմ ամենավատ մղձավանջում, թող զավակներս խուսափեն դուրս գալ տնից, որ նախասահմանության կարգով պատահաբար ռաստ չգան բարեկամներիդ: Եթե չես համարձակվում երակներդ փրթել, նախքան այդ գոնե վնասիր քեզ. քերծիր, ճանկռիր մաշկդ, ասեղներ մտցրու եղունգներիդ տակ, հրաժարվիր սննդից և քեզ մի քանի օր մատնիր սովի: Այդպես այնքան ժամանակ, մինչև համակերպվես մեռնելուդ փաստի հետ և սուզվես հավերժության անծայրածիր օվկիանոսում: Համակերպման փուլում պարտադիր լսիր ծանր երաժշտություն: Խորհուրդ կտամ՝ բլեք մետալ: Լսիր և խորացիր Mayhem նորվեգական խմբի երաժշտության մեջ: Պարտադիր թարգմանիր երգերի բառերը Google translate-ով, այնուհետև վերագրիր սատանայապաշտական տողերը քո անձին ու ներքին ըմբոստությանդ: Թող այդ երգերը սրեն բարդույթներդ ու դարձնեն քեզ առավել ինքնամփոփ: Ի դեպ, այդ խմբի վոկալիստներից մեկը կտրել է երակները, կոկորդը, ապա հրացանով կրակել իր վրա ու այդկերպ էլ հեռացել աշխարհից՝ իր ետևից թողնելով արյան հեղեղ: Հետագայում նրա դիակի լուսանկարը զարդարել է Mayhem-ի թողարկած ալբոմի շապիկը3: Դու էլ նույնը արա. մի քանի տեղից խողխողիր քեզ և արնաքամվիր, շատ հնարավոր է, որ ինքդ էլ մի օր որևէ երաժշտական ալբոմի շապիկին հայտնվես:
Վերադառնանք Մարկի պատմությանը: Կինը կտրականապես դեմ եղավ ամուսնու՝ վաղաժամ հեռանալու մտադրությանը: Նա ոչ միայն չիրականացրեց ամուսնու իղձը՝ ավելացնել քնաբերի չափաբաժինը, այլև առհասարակ զրկեց Մարկին բոլոր տեսակի հաբերից՝ կարծելով, թե դրանք են նպաստում նրա անձնակործան մտքերի առաջացմանը: Շատ չանցած՝ Մարկի անքնությունը սրվեց: Դրան գումարվեց սեփական անզորության պատճառ հանդիսացող խոր ընկճախտը, քանզի կաթվածահարված մարմնով նա ոչինչ չէր կարող անել: Կինը չափազանց հավատացյալ էր, չէր խախտի պատվիրանը, իսկ Մարկի համար նշանակություն չունեին և՛ Աստված, և՛, առավել ևս, Նրա ուղարկած պատվիրանները:
Մահը չունի Աստված, պատվիրան, մարգարե, առաքյալ կամ սրբադասված նահատակներ: Երբ որևէ մեկը մահանում է, հազարից մեկ են ասում՝ Աստված վերցրեց նրան իր մոտ, մեծամասամբ ասում են՝ մահացավ: Հետևաբար, չի՞ ստացվում, արդյոք, որ մահը հզոր է Աստծուց: Մահը չունի անուն, այն միայն կարելի է «սուրբ» հռչակել՝ կոչելով Սանտա Մուերտե, քանի որ այն, ինչ մեզ սպանում է, հասցնում է մինչ այդ ապրեցնել, իսկ այն, ինչ ապրեցնում է, արժանի է սրբի կոչմանը:
Դուրս արի համացանցից և գոնե մեկ անգամ իրապես ապրիր: Այն, ինչ դու տեսնում ես ինստագրամյան reels-երում՝ 12-րդ հարկի տանիքից կախվող ֆրանսիացի, կոբրային ձեռքում պտտեցնող թայլանդացի, շնաձկների հետ լող տվող դայվեր, առանց պարաշյուտի թռիչք կատարող պարաշյուտիստ, փորձիր գեթ չնչին չափով մոտենալ նրանց ապրելակերպին և չեզոք դիտորդից վերածվել մրցունակ մասնակցի: Պարտադիր չէ ընդօրինակես նրանց. գտիր կյանքդ փորձության ենթարկելու սեփական ուղիդ, իսկ եթե դրան էլ ընդունակ չես, ապա պարզապես օրական մեկ անգամ, երբ կկտրվես առօրյայիցդ՝ «memento mori, memento mori…»4:
Մարկին դուրս են գրում հիվանդանոցից, և տեղափոխվելով տուն՝ նա ուղիղ մեկ շաբաթ շարունակում է զրկված մնալ ամեն տեսակ դեղամիջոցից: Բժշկին, որին Մարկի կինը պարբերաբար զանգում էր ամուսնու ինքնազգացողության և դեղերի ընդունման մասին տեղյակ պահելու համար, ստում է, թե իբր ամուսինը կանոնավոր կերպով ընդունում է նշանակված դեղահաբերը: Կինը համառ էր բնավորությամբ, ներքուստ զգում էր, որ դեղամիջոցները կվատթարացնեն ամուսնու վիճակը, և ցանկանում էր վարվել ճիշտ այնպես, ինչպես հուշում էր իր ներհայեցողությունը: Որոշ ժամանակ անց Մարկի մարմինը սկսեց աստիճանաբար դուրս գալ թմրածությունից, իսկ կես տարի անց նա գրեթե լիովին վերականգնվել էր: Մարկի բժիշկը համոզված էր, որ հիվանդի առողջական կարգավորումը պայմանավորված էր իր սահմանած բուժումով, և չէր էլ կարող պատկերացնել, որ կինն այդքան ժամանակ ամուսնուն զերծ էր պահել դեղեր ընդունելուց: Ամեն ինչ իրականում շատ պարզ էր. եթե չկա հիվանդություն, չկա և դեղ, չկա դեղ, չկա և հիվանդություն: Հետագայում Մարկն ինքն էլ հանգեց այդ մտքին, երբ դարձյալ հիշեց գալիք մահվան մասին: Նրան արդեն դժվար թե զարմացներ անճանաչելին, քանզի կյանքի օրոք հասցրել էր մասամբ ճանաչել ու հասկանալ անհայտը և դեռ շարունակում էր ճանաչել ու շարունակելու էր մինչև վերջին պահը: Երբ նրան հարցնում էին, թե ինչպե՞ս է, նա անվերջ նույնն էր պատասխանում.
— Աշխարհում մեռնել կա, աշխարհում մեռնել կա…

1. Իսպաներենից թարգմանված՝ «Սանտա Մուերտե» նշանակում է հենց «Սուրբ Մահ»:
2. Լատիներեն՝ Conium Maculatum. թունավոր խոտաբույս, որը տարածված է Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում: Այս բույսը, Հռոմեական կայսրությունից բացի, գործածվել է նաև Հին Հունաստանում՝ որպես մահապատժի իրականացման միջոց: Օրինակ՝ մահապատժի դատապարտված Սոկրատեսը մահացել է հենց այդ բույսից պատրաստված թույնն ընդունելու հետևանքով:
3. Երբ «Դեդ» մականունով Պեր Ինգվե Օլինն ինքնասպան է լինում Mayhem-ի երաժշտական փորձերի համար զբաղեցրած տանը, խմբի առաջատար, կիթառահար Եվրոնիմուսը (իրական անունը՝ Էյստեյն Օշետ), հայտնաբերելով դիակը, դուրս է գալիս և մոտակա խանութից ֆոտոխցիկ գնում: Վերադառնալով տուն՝ Եվրոնիմուսը մի քանի անգամ լուսանկարում է դիակը՝ վերադասավորելով ինքնասպանության գործիքներն այնպես, որ գեղարվեստական շունչ հաղորդվի լուսանկարներին: Դրանցից մեկն էլ հայտնվում է 1995 թվականին թողարկված «The Dawn of the Black Hearts» ալբոմի շապիկին:
4. Հիշիր մահվան մասին (լատիներենից թարգմ.):

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն