Մերգելյանցի Հրահատենց բակում առիթ կար` գիժ Հրահատի ծննդյան երեսուն ամյակն էր: Հավաքվել էին բակի «լավե տղաներն ու աղջիկները` հարբում էին: Երեկոյան գինովցած աղջիկները ֆուտբոլ խաղացին և տղաներին չթողեցին դաշտին մոտենալ: Ես` գլուխս պատուհանից դուրս էի գցել, հետևում էի: Չէի կարող մասնակցել զվարճանքին: Հաջորդ առավոտ բակը լուռ էր` հանգստանում էր: Ամեն մեկն իր խորանում աղոթում էր, մարդու համար, որ չփչանա, չվերանա: Մեր տան հայելին քարացել էր աչքերիս առաջ ու օգնության ձեռք էր մեկնել ապրելու համար: Ես էլ էր ուզում ապրել այն ստեղծված միամիտ երևակայության տակ, որտեղ հեքիաթ էր պետք հորինել, իսկ մարդուն` հավատալ: Ես` բոլոր օրերի նման, բառը բերանումս պահած, փակել էի աչքերս, ոտքերս ամուր թևերիս մեջ քարկապելով` վերացել աշխարհի երեսից: Վերցրել էի միտքն ու դրել մարդու մեջ, որ միտք ուներ: Մահն առջևովս մամռակալած գնում գալիս էր, մատ էր թափ տալիս, լեզուն բերանից դուրս գցած` թքում էր վրաս: Չէի վախենում: Աչքերս փակ, հանգիստ ամփոփում էի այն քսան ու մի քանի տարիների անցած- գնացածը, հետո գրի էի առնում ամփոփաթերթում ու հաշվի նստում իմ այն փոքրիկ գլխի հետ, որ միտք ու երևակայություն էր տվել ինձ ` լինելու համար: Երեկոյան բակում գիժ Հրահատին կանգնեցրել էին բակի երեխաները ու զարդարել էին: Բերանից, ականջներից, քթից, թևերից կոնֆետի թղթեր ու չորացած ծաղիկներ էին կպցրել. Ներկայացում էին տալիս: Հրահատն էլ հասկացել էր, ձեռն էր առել ցախավելն ու ընկել մարդկանց ետևից: Չէր հանգստանում, հայհոյում էր: Բակի աղմուկն ավելի էր հուսահատեցնում ինձ, այն, որ չէի կարող մասնակցել մյուսների պես: Արդեն կորցնում էի տեսողությունս: Միայն հոտառությամբ` մարմնիս երկարության ու լայնության չափ բացված հողակտորի խորությունն էի մաշկիս վրա զգում, որտեղ սառնությունն ու դատարկությունը մթագնել էին բնությունս:
Լուռ էր Մերգելյանի բակը: Անձայն քաղաքի այն միակ այգին ամեն օր, ամեն ժամ նստել ու հավատացել էր իր այն գոյությանը, որտեղ ապրելու համար մի քիչ արև էր պետք ու արևի հետ մի քիչ ջերմություն:
Ժամ առաջ ազդարարող ներկան սահմանել` իր մեջ էր առել մարդուն ու դարձել անհատի պատմության միակ հիշողությունը: Այգին էլ չգիտեմ իր որերորդ աչքով լուռ հետևել էր մարդու պատմությանը, որտեղ, ամեն տեղ, ամեն ոք դատապարտված էր` ծնված օրվանից մինչև վերջնագիծ:
Նախորդ օրվա անձրևը թրջել էր հողը, թարմություն տարածել ամբողջ այգու նստարաններին, խոտին ու լուռ հանգչող քարերին: Հրահատն էլ նստել էր ծառի տակ և փորփրում էր հողը: Աչքերիցս դանդաղ ջուր էր թափվում: Դիմացս կանգնած հայելին, իր ճիշտ բերանն առած, առաջ էր գնում: Ուռած աչքերը վրաս էր գցել, հռհռում էր ` ինչպես ամենասովորական որձ` մերկ Էգին տեսնելու հռհռումով: Խղճիս խեղկատակ կեցության առաջ կանգնած` տարիներն իրարից խռով եկել էին` այժմ դանդաղ, գլխահակ հեռանում էին: Մեծացել էի: Բերանս ծռմռվել էր, քիթս` երկարել, մազերս` թափվել, աչքերս էլ սևի և սպիտակի մեջ գունազրկվել էին: Մի պահ ազատվեցի թևերիս, ոտքերիս պարտադրված գոյությունից: Այժմ ամեն բան թվում էր դատարկ: Բակում ֆուտբոլ կար նշանակված: Ամբողջ Մերգելյանը աղմուկի մեջ էր: Հրահատը դարպասապահն էր: Գիրկն էր առել գնդակը ու բոլորին պարտադրել, թե առանց գնդակի վազվզեն, թե ինքը նրանց համար գնդակ բռնող չի: Առավոտյան կաթ, մածուն ծախող կանայք, իրենց կչկչան ձայնով արթնացրին բակն ու մարդկանց: Նրանց հաջորդեց ժավելի սպիրտ ու ավել ծախողները: Սենյակում տոթ էր: Գլուխս տաքանում էր: Խնդրում էի, որ ինձ սառը սենյակ տեղափոխեն, որտեղ մի քանի րոպե հանգիստ կգտնեի` ևս մի քանի օր լինելու համար: Պառկել էի ուղիղ, հորիզոնական, հայելուն աչքերիս մեջ էի առել, անհանգիստ շնչում էի այն անկարող անպարտության զգացումով, որ մի անմեղ սիրով ուզում էի սիրել, ապրել…
Հիմա արդեն ամեն բան ինքնաանպարտության ու ինքնամաքրման մեջ հանգիստ հանգչում էր. այն որ երբևէ մնացել էր: Հայրս իր խոշոր ձեռքերով փակել էր աչքերը` արհեստականորեն թաքցրել էր արցունքները, մայրս էր` մազերն էր բռի մեջ հավաքել ու քարացած` հորս էր նայում: Մեկը մյուսի աչքերում անիծում էին այն օրը, երբ ծնվել էին ու հետո սիրել, անիծում էին այն պահը, երբ ժամանակը միայնակ էր թողել նրանց` իրենց ցավի հետ: Ես, անխոս լռության մեջ, վիշտս հոգուս մեջ թաղած, հպարտորեն ծիծաղում էի ինքս իմ բախտի, աննորմալ ծնունդիս, չհասկացվող կյանքիս վրա: Քույրս թրջոցներ էր դնում սառած ճակատիս ու մի կողմից էլ իր քնքուշ մատներով շոյում էր: Ու չանցած մի քանի րոպե ` սառը թրջոցը լայն ճակատիս տաքանում էր, ու հետո ամբողջ դեմքով դեղնում, կանաչում, կապտում, կարմրում էի… Դուռը բացվեց: Վազելով ներս մտավ Հրահատը: Կանգնեց, նայեց աչքերիս, հետո գլուխը կախ մոտեցավ, բռնեց ձեռքս ու սկսեց համբուրել: Գիժ էր Հրահատը, բայց բոլոր առողջ մարդկանցից` մարդ: Գրպանից մի քանի կոնֆետ հանեց ու դրեց բարձիս տակ, որ ոչ ոք չտեսնի:
Գիշերը տարօրինակ անքնության, սարսափելի մթության մեջ` միայն մի լույս էր իր արթուն աչքով հետևում: Տանը չքնած մարդ կար: Գիշերաթիթեռը պատուհանից աննկատ ներս էր մտել… ուզում էր մի քանի ժամ ավել ապրել: Զրնգոցով բախվեց վառվող լապտերին: Քույրս որովայնի ամբողջ ուժով ճչաց: Վեր թռա: Աճապարանքով մարեց լույսը: Մթության մեջ ճաղատս պսպղաց: Քույրս կրկին վառեց լույսը: Սփրթնած դեմքով նայեց ինձ: Նրա խաղաղ դեմքից հետո աչքերով հայելու մեջ դանդաղ գնաց, հետո գլուխը կախ` հետ եկավ: Տեսա, թե ինչպես կարող է լինել սարսափազդու մարդկային կերպարանքը, որ ոչ լեզու ուներ, ոչ էլ` հոգի… Ծնողներիցս ու քրոջիցս բացի, ոչ ոք չեկավ մեր տուն, նույնիսկ իմ ամենամոտ ընկերները: Ոչ ոք չտեսավ, չլսեց մորս աղերսող ողբն ու հորս պաղած աչքերը: Օգնության ոչ մի ազդակ չհասավ անհանգիստ հոգուս. հիմա արդեն դանդաղ հանգստություն էր գտել մի գիշերվա մեջ, իր տունն էր շարել քաղաքի ամենամարդաշատ այգու կանաչների մեջ, ծառերի տակ, լուռ հանգչող քարերի կողքին: Ամեն բան երկնային էր: Պատի վրա մեխված տիկնիկը, որ ինձնից էլ տարիքով մեծ էր, նայում էր ինձ ու չէր ճանաչում: Լուսավոր կետ էր փնտրում ու չէր գտնում, ստիպված ձայն էր հանում` մամա, մամա ու իսկույն հայտնվում էր մայրս դռան առաջ, նայում էր մեկ ինձ, մեկ պատի վրա կանգնած տիկնիկին: Ես աչքի տակով նայում էի տիկնիկին ու նախանձում էի: Ես նույնիսկ մամա կանչելու հնարավորությունից էի զրկվել:
Այժմ իմ փոխարեն տիկնիկն էր խոսում: Երեկոյան հայելին կրկին անձայն լռության գույներ էր ներկում սպիտակ թղթին: Թուղթն արդեն սև էր: Ինձ բերանքսիվայր պառկեցրել էին ճռճռացող մահճակալին, մարմնիս վրա փորձեր էին անում: Թաց շորով բաց վերքերս էին լվանում: Այդ օրերին մարմինս ցանցառոտվել, վերջանում էր: Ոչինչ չէի զգում, ոԲչ ցավ, ոԲչ մեղք, ոԲչ ամոթ, ոԲչ էլ` կարոտ… Կոշտացած մատներս բերանս էի առել` ծամծմում էի, ինչքան որ ուժ մնացել էր: Այժմ ամեն րոպե մեջս ինչ-որ բան վիժում էր: Քույրս միայն հասցնում էր ժամանակին մատներս հետ տանել բերանիցս: Ես, վերջին անգամ, վերջին կարոտով համբուրեցի քրոջս` ում կյանքում ամենաշատն էի սիրում: Չորացած շուրթերս հպվել, մնացել էին քրոջս սպիտակ, մարմարյա այտին: Քույրս չդիմացավ, լաց եղավ: Արցունք թափվեց չորացած շուրթերիս, շուրթերս հանգիստ հետ ընկան: Հրահատը, գլուխը պատին խփելով` աչքերն էր կկոցում. լուռ էր, չէր խոսում:
Մերգելյանի բակում անձրև էր:
Հաջորդ առավոտ տանից հոտ էր գալիս` տարօրինակ, նողկալի: Նման բան չէր եղել: Ես` լուռ, հպարտ, քրոջս ձայնն աչքերիս, ականջներիս մեջ առած, վերջին ներկայացման ակնունկնդիրն էի: Պառկել էի մեր տան` հազիվ ոտքի վրա կանգնած սեղանին: Հայելին փակել էր աչքերը սպիտակ սավանով: Այդպես էլ ամբողջ օրը հայելին չբացեց աչքերը… չտեսավ ինձ: Հրահատին այդ օրը հոգեբուժարան տարան:
Հաջորդ առավոտ տանից էլ ոչ մի հոտ չեկավ, ամեն բան արդեն հանգիստ էր, միայն Մերգելյանի բակն էր, որ շարունակում էր լռել: