ծաղրասարյակ

— Հայրդ իրավացի է,- պատասխանեց նա,- ծաղրասարյակն ամենաանմեղ թռչունն է, նա միայն երգում է` ուրախացնելով մեզ: Մարդկանց այգիներում ոչինչ չի կտցահարում, ամբարներում բույն չի դնում և արածն էլ սոսկ մեզ համար սրտագին երգելն է: Ահա թե ինչու ծաղրասարյակ սպանելը մեղք է:

Հարփըր Լին, ում հայրը փաստաբան էր, հաճախ էր ներկա լինում տարբեր դատավարությունների, և մանկության ժամանակ ծագած հարցերը` անարդարության, խտրականության, անհանդուրժողականության վերաբերյալ կամաց-կամաց հասունանում են ու դառնում հետագա կենսագրության քննվող նյութ: «Ծաղրասարյակ սպանելը…» իր դատավարություններին մասնակցելու, հարցեր պարզելու հանգրվանն է դառնում: Ըստ լուրերի` Հարփեր Լիի հոր` Ամասի Լիի կենսափորձի մեջ ևս (ինչպես վեպում նկարագրվող դատական պրոցեսի) եղել է նման դատավարություն. փաստաբանը եղել է երկու սևամորթի դատապաշտպան, որոնք մեղադրվել են սպիտակամորթի սպանության մեջ: Ամասի Լին դատը պարտվել է, սևամորթներին մահապատժի են ենթարկել, որից հետո նա դադարել է փաստաբանական գործունեությամբ զբաղվել: Բայց ի տարբերություն վեպի մեծահոգի, իդեալականացված Աթիքըսի, Ամասի Լին եղել է բավականին կարծրատիպային սկզբունքներով, ռասիստական գաղափարներով հայր:
Առհասարակ, ուսումնասիրելով հեղինակի կենսագրությունը, հստակ տեսանելի է հեղինակի և հերոսուհու նմանությունը` ես-ի վերափոխումն ու վերադարձը ես-ին:

Իննամյա Սրաչուկն (թարգմանությամբ հիանալիորեն գտնված անուն) իր մանկական հայացքով քննում է մեծահասակների աշխարհը` անարդարության և մարդու ազատության մասին դատողություններով: Նա իրոք տեսնում է ամեն ինչ, և նույնիսկ, եթե ինչ որ բաներ էլ կան, որ դեռևս չի կարողանում բացատրել, ինքն իր համար մանրամասնում է և եզրահանգումներ անում. «Մեր մայրը մահացավ, երբ ես երկու տարեկան էի, այնպես, որ երբեք նրա բացակայությունը չեմ զգացել» կամ «սկսեցի գիտակցել, թե մարդն ի՜նչ ունայնություն է զգում, երբ պատահական ծանոթը հետո չի ճանաչում իրեն»:
Վեպի սկզբում շրջապատին կասկածամտությամբ, թշնամանքով վերաբերվող աղջնակը կամաց-կամաց արդեն վեպի ավարտին դառնում է սիրող, ըմբռնող, ինչ-որ չափ հարաբերություններ ու մոտեցումներ պարզած, սեր ու հասունություն ձեռք բերած Ջին Լուիզ:

Արդեն հոգնած հին քաղաքում` Մեյքոմում, երեխաներ-ընկերները`Ջիմը, Սրաչուկն ու Դիլը իրենց հետաքրքիր միջավայրն են ստեղծում. առեղծվածային Ռադլիների տուն, վախի ու տագնապի զգացողություններ, դրանք հաղթահարելու հնարամտություններ ու այս ամենն այնքան իրական է հենց իրենց` երեխաների համար: Եվ այդ երևակայական շփումը, մտածումը, հոգատարությունը «չար ոգի» Արթուրի կամ ինչպես իրենք են անվանել Բոբո Ռադլիի նկատմամբ, վեպի վերջում հայտնի դեպքից հետո (չեմ նշում, որ հետաքրքիր լինի կարդալիս-Ն. Վ.) խաղաղ թևանցուկով կարծես թե զբոսանքի է վերածվում. «…Արթուր Ռադլին ուղեկցում է ինձ փողոցում, ինչպես վայել է ջենթլմենին»:
Արդեն հոգնած հին քաղաքում` Մեյքոմում սկսվում է աղմկահարույց դատավարությունը: Քաղաքն ապրում է նոր իրադարձությամբ: Սրաչուկի համար մարդու և իրավիճակների ուսումնասիրության հսկայական դաշտ է բացվում: Եղբորն է հետևում. «Ջիմը հանկարծ սկսեց թափով շնչել: Դահլիճին նայեցի, բայց նման արձագանք չտեսա և տարակուսեցի` մի՞թե Ջիմը փորձում է խիստ հուզական երևալ: Դիլը հանդարտ հետևում էր, կողքս նստած վերապատվելի Սայքսը` նույնպես», հորը. «Նա արձակեց բաճկոնակի, ապա նաև օձիքի կոճակները, քանդեց փողկապն ու հանեց սերթուկը: Նա երբեք զգեստի կոճակները չէր արձակում, մինչև չգնար քնելու, և Ջիմի ու ինձ համար սա նույնն էր, թե նա կանգնել էր մեր դիմաց բոլորովին մերկ: Սարսափած իրար նայեցինք»: Հուզվում էր դատապարտյալ Թոմ Ռոբինսընին հավասար և մինչ դատապարտյալը ցուցմունք էր տալիս, աղջիկը մտածում էր սպիտակամորթ կնոջ մասին, ում «պատվազրկել» էին և ով ընկերներ չունի. «…մտածեցի, որ Մեյալա Յուըլը գուցե ամենամիայնակ մարդն է աշխարհում: Նույնիսկ ավելի միայնակ, քան Բոբո Ռադլին, որ քսանհինգ տարի տնից դուրս չի եկել»:
Երեխաները համոզված են, բոլորն էլ գիտեն, նույնիսկ ատենակալները, որ Թոմը հանցագործ չէ, անմեղ է. նրա միակ մեղքը սևամորթ լինելն է. «Ամուր փակեցի աչքերս: Դատավոր Թեյլըրը հրապարակում էր ատենակալների քվեարկության արդյունքները` «Հանցավո՛ր է… հանցավո՛ր է… հանցավո՛ր է… հանցավո՛ր է…»: Գաղտագողի նայեցի Ջիմին, այնպես ամուր էր սեղմել վերնասրահի բազրիքը, որ ձեռքերը սպիտակել էին, և նրա ուսերն անվերջ ցնցվում էին, ասես ամեն «հանցավո՛ր է» -ն դանակի հարված էր նրա թիկունքին»:

Մանկական սրատեսությունը, անմիջականությունը, զարմանալու, հայտնագործելու և անակնկալի գալու հարուստ, իրական պատկերները Հարփըր Լին վեպում հրաշալի է իրացնում. «Հետ նայեցի, ոտնահետքերիս տեղում ձյունը կակղել էր: Ջիմն ասաց, որ եթե սպասենք, մինչև ավելի շատ ձյուն գա, կկարողանանք հավաքել ու ձնեմարդ սարքել: Լեզուս դուրս հանեցի և փափուկ կաթիլներից մեկը որսացի: Լեզուս այրեց:
— Ջի՛մ, ձյունը տաք է:
— Տաք չէ, այնքան սառն է, որ այրում է: Էլ չուտես, իզուր փչացնում ես: Թող գետնին նստի»:

— «Հանկարծ տեսա, որ հենց քթիս տակ փոքրիկ մրջյունը խոտերի մեջ պայքարում է, որպեսզի հացի փշուրը քարշ տա»:

— «Աթիքըսը դադար առավ` հետևելով, թե ինչպես եմ ջանում ոտքիս վրա վազող անորսալի փայտոջիլը որսալ»:

«Ծաղրասարյակ սպանելը…» վեպ է, որը մինչ այս տարի հեղինակի` Հարփըր Լիի հրատարակած միակ գիրքն էր 70-ամյա կենսագրության մեջ:
Վեպ է, որը լույս է տեսել ավելի քան 30 միլիոն տպաքանակով:
Վեպ, որը տպագրությունից մեկ տարի անց արժանացել է Պուլիցերյան գրական մրցանակի:
Վեպ է, որն իրավամբ համարվում է 20-րդ դարի լավագույն գրքերից մեկը:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն