ՄԱՐԻԱՆՆԱ ԱՆԱՆՅԱՆ

Ես էլ չգիտեմ քանի տարեկան էի, բայց հաստատ այն տարիքում էի, որ ուզածիս հասնելու համար կրունկով գետնին խփելը բավական էր: Երևի դա միակ տարիքն է, երբ կրունկները օգուտ են տալիս: Ինչպես մյուս աղջիկները, ես էլ սիրում էի ամեն ինչի գունավորը, փայլունը, կտկտիկ կոշիկները, որ մորս փեշից կախված ամիսներով խնդրում էի, որ գներ. բոլորը կտկտացնում են, ես էլ պետք է կտկտացնեմ, հետո ինչ, որ ճաշակից զուրկ են, բայց գոնե բակում մատնացույց չեն անի ու չեն ասի՝ ինքը կտկտիկ չունի: Այդ տարիքում համեստությունը վիրավորանքի պես մի բան է, որ վզնոցի պես կախվում է կոկորդիցդ: Ու մինչ մայրս գլխում հազար տեսակ ելք էր գտնում ինձ կտկտիկից հեռու պահելու համար, ես հագնում էի նրա կոշիկները ու մինչև հասցնում էի կրունկների համը առնել, նա վերադառնում էր, և ինչքան էլ հետքերս մաքրում էի, շուրթերիս արհեստական փայլից հասկանում էր՝ ինչպես եմ անցկացրել օրս: Ու երևի վախից, որ մի օր ընկնելու եմ իր բարձրակրունկ կոշիկներից, որոշեց գնել իմ ուզած կտկտիկները: Եվ ահա, գույնը գցած կարմիր, քիթը շամփուրի պես սուր, ականջ ծակող ձայնով կոշիկները իմ ոտքերին էին: Մայրս ամոթից գլուխը կախ, իսկ ես արծվի նման հպարտ քայլում էի բակով՝ քիթս կոշիկներիս պես ցցած: Աղջիկները վազում էին իմ հետևից, ուրախացած, որ մի անճաշակ ևս ավելացավ իրենց շարքերում, իսկ ես, պարկի պես կախված մորս ձեռքից, նրանց առաջ խաղացնում էի կոշիկներս. Ես արդեն նրանցից մեկն էի, ես էլ ունեի կտկտիկ: Ասես գետի մեջ լինեի, կամ պետք է հոսանքի հետ գնայի, կամ էլ խեղդվեի՝ չհասկանալով, որ արծվի պես հպարտ լինելու համար պետք է միայնակ թռչել, ոչ թե հետևել երամին:

Իսկ երամը կտկտիկներով շարվում էր բակի կենտրոնում դրված ճռճռացող նստարանին ու բերանում խաղացնում գունավոր շաքարաքլորը, այն ինչ ոտքերով գետնին խփելով չէի ստանալու: Մորս արգելքի բացատրությունը մանրէաբանական տեսանկյունից ինձ համար բարդ մաթեմատիկա էր, որ ոչ մի կերպ չէր լուծվում: Ու ինչքան ինձ արգելվում էր, այնքան շաքարաքլորն աչքիս ավելի էր մեծանում, իսկ ինչքան մեծանում էր, այնքան ավելի էր քաղցրանում ու ավելի արգելվում: Տասը դրամին համարժեք աքլորն ինձ սիրամարգ էր թվում: Պարող սպիտակ կապիկի ֆենոմենն ինձ մոտ կարմիր աքլորի տեսքով էր: Օրերով աքլորը խաղում էր գլխիս մեջ, ուտում, խմում, քնում:

Նրանից ազատվելու համար ինձ անհրաժեշտ էր նախ ունենալ այն, հետո հրաժարվել, ու մի օր, երբ ոտքերս գետնին էի խփում՝ մորս փեշից կախված, դրսում լսվեցին աղջիկների՝ ապակի կոտրող ճչոցները՝ «Շաքարաքլոր տատիկն եկավ»: Թողնելով անիմաստ նվնվոցս՝ վազեցի դեպի դուռը ու մի քանի րոպե անց արդեն նստած էի տատիկի կողքին, ով պայուսակից հանել էր գունավոր աքլորները ու գեղեցիկ շարել դիմացը: Ես պապանձված նայում էի նրան՝ մտածելով, որ գուցե նա կնկարագրի շաքարաքլորի համը: Տատիկի հարցին, թե արդյո՞ք ուզում եմ դրանցից, ես պատասխանի փոխարեն բացասական շարժեցի գլուխս: Ու հինգ վայրկյան անց, մինչ տատիկը զբաղված էր առևտրով, կպչուն աքլորը հայտնվեց իմ գրպանում: Նրա կողքից իմ անհետանալը տևեց ավելի կարճ, քան աքլորիկի տեղափոխումը: Երբ արդեն հեռու էի ու հանցանքս տեսնող չկար, ձեռքս տարա գրպանս ու հանեցի շորիս թելերը կերած աքլորը, մաքրեցի ու խցկեցի բերանս: Քաղցրությանը հասնելու համար պետք էր հաղթահարել դառնության առաջին շերտը, բայց լեզուս արդեն ներկվել էր, իսկ մատներս կպնում էին իրար: Երբ գցեցի այն, հողի վրա դաջվեց աքլորի ուրվագիծը: Ինձ նետելով տուն՝ փորձեցի ազատվել ձեռքերիս կպչունությունից: Ամբողջությամբ կարմիր հագած լեզուս կապ էր ընկնում մորս պատմելիս: Ինձ հեղափոխելուց հետո մայրս ափիս մեջ դրեց տատիկի կորցրած գումարի կրկնակին և ուղարկեց նրա մոտ: Բայց դրսում ինձ դիմավորեց դատարկությունը: Երեխաներն արդեն տանն էին՝ իրենց աքլորները կերած, իսկ տատիկը հեռացել էր: Նրան հեշտ էր, նրա խիղճը հանգիստ էր: Գետնին ինձ մեխած` նայում էի շուրջս, թվում էր՝ անգամ շենքն է ինձ նախատում, իսկ ափիս մեջ սեղմած կոպեկները դարձել էին շաքարակոպեկ:

Հաջորդ օրվան սպասելն ավելի խեղդող էր աքլորի հանդեպ իմ մոլուցքից: Տատիկը շրջում էր գլխումս, ուղեղիցս շաքարաքլոր սարքում, որը ներսից կտցահարում էր բիբերս: Մտածում էի նրան նվիրել իմ կարմիր կտկտիկները, գուցե նա ինձ ների: Գուցե հասկանա, որ զղջումս ավելի դառն է, քան վառած շաքարի համը: Առավոտյան գումարը ձեռքիս նստած էի պատուհանի առաջ՝ աչքս տատիկի ճանապարհին: Թվում էր՝ երբեք չեմ լսել ավելի ուրախալի խոսքեր, քան՝ «Շաքարաքլոր տատիկն եկավ»-ը: Ես փամփուշտի պես դուրս թռա տանից, երջանկությունը քաղցրացնում էր բերանիս երեկվա համը: Տատիկը երեկվանն էր, ոչինչ չէր փոխել նրա առևտրային տրամադրությունը, անգամ ուրվականի պես իմ հայտնվելը չարձագանքվեց այնպես, ինչպես ես էի սպասում: Ոտքերս շաքարակալած կպել էի գետնին, ու մտածում էի՝ արդյոք նա ինձ չհիշեց կամ գուցե արդեն մոռացել է երեկվա իր կորուստը: Մինչդեռ նա անգամ չէր նկատել երեկվա իմ՝ մի աքլորով հարուստ հեռանալը: Ես բացեցի նրա ձեռքի ափը և կոպեկները դնելով փակեցի: Տատիկը ձեռքը տարավ պայուսակի մեջ ու ինձ մեկնեց երկու աքլոր՝ դեղին, կարմիր: Ես գլխով հրաժարվեցի ու հեռացա: Ինձ այլևս հետաքրքիր չէր նրանց գունավոր համը, որն արդեն ժանգ էր հիշեցնում, իսկ մեկ օր ծնկի իջնելուց անգամ աքլորն էր ինձ հսկա թվում: Ինձ պետք էր ազատություն, ազատություն աքլորից, այն քաղցր դառնությունից, որ վառել էր լեզուս, ազատություն տատիկից, որ այդպես էլ չհասկացավ հեռանալս: Ես արդեն հրաժարվել էի կոշիկներից, որոնց շնորհիվ երամի գույն էի ստանում, այն երամի, որ մի օր միանալու էր մյուսին: Ես մեկ օրում մեծացել էի, ու հասել այն կետին, երբ երամն ինձ արդեն խանգարում էր, թևերս բացելու համար ավելի մեծ տարածք էր պետք: Իսկ իմ ազատությունը սկսվում էր երամի հեռանալուց, խոր աշնանը, գունավոր տերևների ժամանակ, գունավոր, ինչպես շաքարաքլորը:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն