«Ճանապարհ կա, բայց ուտելիք` չէ». 1993
«Ուտելիք կարծես կա, ճանապարհ` չէ». 2023

— Մամա՛, ես օզում չում քշերը մթնէ։
— Խե՞, Արփի։
— Օզում քշերը ցիրէկ ինի, հանցու արևը ինձ յէշի սաղ օրը։
— Պա ես հի՞նչ անիմ, վեր քշերը ցիրէկ ինի…

Մայրը պատուհանից դուրս է նայում։ Սովորություն է դարձել` գիշեր ու ցերեկ։  Արփին, վառարանի մոտ նստած, շարունակում է եռագույն լեգոներով տուն կառուցել։ Հետո քանդում է։ Նորից կառուցում։ Քանդում է ու հավաքում։
— Մա՛, հինց անում` հետես կրկնում ա,- նայելով պատին ամրացված հայելուն՝ Արփին գոռաց, հետո թե,- տու իմ կարմիր գլխարկնըս, մա՛, պեցուր ում խոսում` վէր լյա՜վ սկանաս։
Արփիի քիթմռութիկը փայլփլում է, աչուկները վառվում են գրքերի դարակներին, կարպետի լայնությամբ շարված փոքր եղբոր ավտոշուկայի մեքենաներին նայելիս։ Չորանոցի վրա հավասարապես իր ու տիկնիկների շորերն են փռված` դեղին ու կանաչ։
«Սա արևի երկիր է»` գրված է նրա վերնաշապիկին` շաղ եկող արևի պատկերի տակ։
Մորը ստիպում է կարդալ։ Հարցական հայացքով նայում է։
— Պա խե արևի երկիր կա, աստղերի երկիր չկա։
— …

***
Լույսերը նորից անջատեցին։ Ես ինձ հարց եմ տալիս` ապրո՞ւմ եմ։ Երևի։ Շատ քիչ կամ մի քիչ շատ հաստա՛տ ապրում եմ։ Կամ օրն է մեզ ապրում։ Ու էս ապրելու լռության մեջ կրակոցներ են լսվում։  Երկնքում ոչինչ չի երևում, որովհետև դեռ ոչինչ չի երևացել երկրի վրա։  Սպասումն է կրակում։  Իմ նոթատետրում արտագրում եմ` բաց չթողնելով անգամ մի կրակոց։ Եվ այդ ընթացքում չեմ նայում օրացույցին, որի վրա արհեստական թվեր են պարզապես։
Ոչ այնքան մրսում ենք ցրտից, որքան լռության գորշությունից։ Բոլորի աչքերը փակվում են կամ բաց չեն եղել երբեք։ Տունը չի հեռանում այդ ժամանակ։ Տունն իր տեղում է, տուն պահող ծառի  արմատները պատի ու հողի արանքում են դաշինք կնքել` առանց նախապայմանների։ Տան պատերը լավ են տեսնում` ով որտեղ է գնում, ում հետ, ինչպես և ով է վերադառնում… Պատերը տեսնում են` որտեղ է աշխարհի վերջը։ Իսկ էս աշխարհը վերջ չունի։ Հիշում եմ վարպետիս` Դավիթ Մուրադյանի խոսքը. «Հողը միշտ համբերատար է, իսկ մարդը, սովորաբար, անհամբեր: Որովհետև մարդը ժամանակավոր է, իսկ հողը` հավիտենական: Ինքն է, որ հավասարակշռում է մարդուն: Մարդն է, որ շենացնում է հողը: Նյութը և հոգին միավորվում են ու այդպես դառնում Հայրենիք: Բայց հողից պահանջելու իրավունքը նրանն է, ով այդ հողը հերկում է նախապես»։  Հողը մարդուն ինչքան է սիրում և ինչքան ատում։ Հարաբերական է, գիտեմ։ Ինչպես հարաբերական է մեր ճակատագիրը։ Բայց  Արցախը ճակատագրի՞ երկիր է…

***
Չես քնում, Աստղիկ բաբո։ Գիշերդ ու ցերեկդ խառնվել են։ Մութն այլևս արգելք չէ։ Ասում ես՝ օրեր ենք տեսել, է՜, էս էլ կանցնի, երկիրը խաղաղ լինի։
Պատերազմը քիչ էր, հիմա էլ շրջափակումն է կնճիռներդ ավելացրել։ Դաշտերը, որտեղ մի ժամանակ էն գարունները որ գալիս էին, ծառեր էին ծաղկում, հիմա օտարի ձեռքում նիրհում են սպասումով։
Քաղաքում մեքենաների աղմուկը ոտնահետքերիդ է հետևում, ստվերդ մնում է պատերին, ճանապարհին հանդիպող խանութների ապակիներին։
— Աստղիկ բաբո, շտե՞ղ ըս քինյում,- մեկը քեզ կասի կամ չի ասի։
Եվ ամենևին էլ կապ չունի, թե ով կհանդիպի քեզ, բոլորը քո թոռներն են։ Գուցե դու աչքերով քո միակ թոռանն ես փնտրում, որ երկու տարի առաջ հող դարձավ, ծաղկաթումբ դարձավ, էն լույս տղան մի աստղ գրկեց։ Գրկեց ու մնաց։ Օրը չի մթնում ու չի լուսանում։
Դու քայլում ես էս ցուրտ քաղաքով։ Պտտվում ես նույն փողոցով ու տարբեր խանութների մոտ հերթում սպասում ես։ Այդպես էլ քո հերթը չի գալիս, բայց դու էլի պտտվում ես անձրև խմող ու անլույս քաղաքում։ Ձեռքերդ պինդ-պինդ դրել ես գրպաններիդ մեջ, բռերիդ մեջ՝ հոգատարությունդ, երեք կոնֆետ, որ անցող-դարձող երեխաներին բաժանես, հետո գնաս պանրի հերթում սպասես։ Խանութում պանիրը վերջանում է, իսկ քեզ այդպես էլ բաժին չի հասնում։
— Ախր առանց պանրի կարում չում, է՜,- հեռանալով խանութից՝ ասում ես դու՝ դատարկ տոպրակդ թափահարելով։
Բայց ոչինչ, սա էլ կանցնի, Աստղիկ բաբո։

***
Ճանապարհը մարդկանց տանում է։
Ճանապարհը չի սիրում երկար սպասել։
Դու արդեն տանն ես։ Ուրցով թեյ ես դնում։ Խոհանոցի սեղանին դրած ապակե ամանում մի քանի կտոր շաքար կա։ Մոտենում ես, որ վերցնես, բայց մտածում ես՝ չէ, թող մնա սև օրվա համար։ Էլ որն է կոչվում սև օր։ Աստղիկ բաբո, էդ սև օրը չի՞ եկել։
Դու հետ ես գնում ջրի ծորակի մոտ, բացում ես, որ երազդ պատմես ջրին՝ անցնի, գնա։ Երազդ ապրածդ օրն է։ Էս օրը, որ գիշեր ու ցերեկ չունի։
Աչքերդ արև-կոճակներ են։ Ես հասկացել եմ, որ արևի մեջ էլ տխրություն կա…

***
Նոր օր։ Սովորականի պես օրը լուսանում է, սովորականի պես՝ մթնում։ Ժամերն արթնանում են ու քնում։ Եվ ես հոգնում եմ այս անվերջ կրկնվող կյանքից։ Ժամանակի անիմաստ ընթացքից։ Լուրերի անիմաստ թողարկումներից։
Դրսում գույներ են, տարվա եղանակներն են իրար հետ կռիվ տալիս, իսկ դու լուռ ես։ Ծանր է այդ լռությունը։ Ծանր է անգամ խոսքը, որ դեպի երկինք է գնում։
Ցուրտն ինձ տանում է մի տեղ, ուր թվում է` աշխարհը չի ապրում։
Ստեփանակերտ, Եղբայրական գերեզմանոց։ Եղբայրս, հուշարձան ես արդեն։ Այսքանից հետո ոչինչ չեմ նկարում, որովհետև գիտեմ` քո վրձնած լույսը մնաց աչքերումդ, ձեռքերիդ մեջ, շնչառությանդ տակ, և վերջին կտավդ դու դարձար։ Դեռ հավատում եմ, որ կաս։ Էս մեր ապրած կյանքի բոլոր նկարների մեջ եմ փնտրում քո չկետադրված կյանքը։ Ամեն տեղ գտնում և կորցնում եմ քեզ։ Կորցնում և գտնում եմ պատահականորեն։
Սովորական ժամանակներ չեն, սովորական չեն տոները։ Եվ չի կարող սովորական լինել կյանքը։
«Ազատ ԱՐՑԱԽԸ ողջունում է ձեզ»։ Ազատ Արցախը բանտարկված է։ Բայց նա դեռ ապրում է։ Անգամ այն ժամանակ, երբ ոտքերի տակից փորձում են հեռացնել հողը։ Երազող հողը։ Ապրող հողը։ Սրտխփոցդ լսող հողը։ Հիմա մտածում եմ` ինչ երջանիկ է նա, որ քեզ ունի։
Սովորական երկիր է, անսովոր մարդիկ։ Կեսգիշերը խլում է բոլորին և չի հիշում ոչ ոքի։ Շատերն էլ չեն հիշում երկիրը։
Օրը դառնում է պտտվող շրջանակ։ Նորից փնտրում եմ` տերևների տակ ու պատուհանագոգին, տների տանիքներին ու վեր բարձրացող ծխի մեջ, բոլոր անծանոթ թռչունների կտուցներին։ Բայց ինչպե՞ս գտնեմ քեզ ու իմ նամակը փոխանցեմ. «Աշխարհը նման է տխուր ավարտվող պատմության։ Լռությունն այստեղ մեղավոր է։ Խոսիր, մի թող պարտվի այս տխրությունը… Խոսիր, որ չավարտվի վերջին ձմեռը, որ չավարտվի հայրենիքը»։

***
Արթնանում եմ ու գրում շրջափակման վերջին տողը. աշխարհն Արցախից սկսել է, Արցախում էլ կավարտվի…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն