***
Ժամանակի կոկորդին է հասել դատը պարտվելու,
հույսերը ճաք են տալիս,
վարագույրը չգիտի բացվի, թե փակվի.
հայցորդն ու մեղադրյալը էլ չեն տարբերվում,
ժամանակը սայթաքում է մեր ձեռքից
ու անընդհատ ընկնում ոտքի տակ,
օդը մեզնով է լցվում ու ճչոցով ավարտվում,
լուսինն էլ արդեն չի արտաշնչում,
դարը ծուռ վզով կանգնում է հայցորդի դիմաց
դատը դեռ շարունակվում է…
ու դռները խուճապի են մատնվում,
բայց խառնաշփոթը չի ճեղքվում ու փակում պատուհանը,
վախերս բնավորություն են դառնում,
ապրելն ու չապրելը դատի մեջ են ընկել`
անիմաստվում է պայքարը,
քմծիծաղի դարն է առաջ գալիս,
Ժամանակը փոշոտվում է…

***
Բարև իմ թմրանյութե Կախվածություն
ես գրում եմ կրկին տերևների վրա
Ափսոս ձեռքերս դողում են
աչքերս էլ օճառով կարծես պատված լինեն
խենթությանս գագաթնակետից գահավիժում եմ ցած
ու կախվում առաստաղներին` անտեր պատերի,
Երբ էլ չգիտեմ ինչպես ասել որ սիրում եմ
ստիպված ընկնում եմ դռների արանքում
ու սպասմանս երեկոյից հոգնելով խորը քուն եմ մտնում
Մարդկային արհամարհանքն ավելի է ուժեղանում ու
աղքատվում,
սղվում,
բաժանվում է մարմինս հազար անգամ ու անտարբերությունը ձեռքերս նետում է երկինք
աչքերս լուսնին է նվեր տալիս
մարմինս էլ` պահում մայրամուտին…

***
Բոլորս էլ երկրագնդից
պոկված մանրէներ ենք,
ովքեր անէանում են գիշերը,
ցերեկն էլ ձևանում թե մարդ են
Աննորմալ զգացողությունները
կրծում են մտքերս,
ու դուրս շպրտվում
երկիր մոլորակ,
լույսն ու մութը,
գիշերն ու ցերեկը,
ծաղիկն ու թուփը,
ես ու դու,
էլ չենք տարբերվում իրարից,
մենք խառնվել ենք իրար
ու մի կաթիլ լույս է պետք
որ լուծույթ դառնանք,
սերն ու ցավեցնել չցավեցնելը
ճոճվում են մանրէիս ուղեղում,
ու մոռանում եմ որ
ես միակը չեմ
բոլորս էլ այն ցայտաղբյուրից ենք խմում
որտեղ շունն է լիզել ջուրը…

***
Եթե նմանվեմ
տխուր-ուրախ ծաղրածուի`
ով բեմին կանգնած լալիս է
ու խնդրում երեխաներին ծիծաղել,
Եթե ինձ կորցնեմ ու վերագտնելը
վրիպվի ափերիդ մեջ,
Եթե չկրակված փամփուշտից
ավելի լավ կրակվեմ
անդունդն ու ինձ փնտրեմ,
եթե միայն ցած իջեցնեին
մարմինս ու հոգիս էլ փչեին
կանաչների մեջ ծլելս ու,
արմատախիլ լինելս մեկ կլիներ,
Եթե շնչեի ածուխը մազերիս հետ
տանգո չէր պարի ես էլ վալսի հույսով
քամիներին չէի սպասի կրակս էլ չէր մարի
ծովահենի արկածալի նավում,
Մտքերն էլի եկան խժռելու օրերս
ու ես էլի մնացի չբացահայտված հրաշալիք…

***
Չեմ կարող գումարել հանել
մեր միջև եղած հեռավորությունը,
չգիտեմ պարզեցնեմ ինձ,
թե փիլիսոփա լինեմ ու
բառերս շաղ տամ անդունդը,
որ լույսը միայն դու գտնես,
չգիտեմ նայելն է ճիշտ,
թե նկարելը ես միշտ խառնում եմ
ամեն ինչ ու փոշմանում,
որ երկիրը ինձ դիմանում է
ես արբել եմ ուզում քո մեջ ու սթափվել
միայն բաժանման եզրագծին
ենթագիտակցությունս
միշտ հաց է դնում քո առաջ,
ու գինի մատուցում
առանց բաժակի
գլուխս միայն բարձիս տակ է
հավասարակշության գալիս,
բարի գիշեր…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն