Գրականությունը` ի մասնավորի պոեզիան, ինքդ քեզ որոնելու, գտնելու, բացահայտելու, ներսդ` ենթագիտակցական- զգայական շերտերդ, վեր հանելու, Աստծուն և քո ժամանակին առնչակից լինելու և մյուսներին հաղորդակից դարձնելու միջոց է: Էդուարդ Հարենցը իր խոհերին, հույզերին, ապրումներին ու անվերջանալի որոնումներին է հաղորդակից դարձնում «Լեթարգիական արթնություն» վերնագրով ժողովածուով: (Երևան, 2012): Հարենցի կամ նրա քնարական հերոսի (տվյալ դեպքում նրանք հաճախ նույնանում են) աշխարհաճանաչողությունը և որոնումները տեղի են ունենում տարածաժամանակային երեք չափումներում` անցյալի, ներկայի և հավերժի տիրույթում: Ընդ որում, դրանց հարաբերակցությունը փոխվում է ժողովածուի 4 շարքերում` «Սի բեմոլ», «Սրտագրեր», «Արյան կանաչ» և «Լույսի ջրվեժներից առաջ»: Փոխվում են նաև չափումները, կառուցման ձևը, հայեցակարգը: Անցյալը յուրովի է արձագանքվում բանաստեղծի հիշողության մեջ` միահյուսվելով ներկայի զգացողություններին, ինչպես երազում: Առաջին շարքում քնարական հերոսը վերադառնում է դեպի անցյալ` դեպի մանկություն, որտեղ էլ թերևս «թաքնված» են մերժման ու ցավի տրամադրությունները, որ շարքի բանաստեղծությունների հիմնական էատարրերն են: Շարքի հենց սկզբում նկատվում է մեկուսացման միտումը`

Կենսագրությունն եմ ես
Աստծո զղջումների.
Նա հաճախ է սայթաքել հետքերին բախտիս: (էջ 5)

Հարենցյան պոեզիայում` մասնավորապես «Սի բեմոլ» շարքում, քանիցս հոլովվում են բախտ և ճակատագիր բառերը` որպես քնարական հերոսի բոլոր դրամատիկ ապրումների սկզբնապատճառ: Դրանք խորհրդանշական նշանակություն են ձեռք բերում և կերպավորվում մի շարք հետաքրքիր պատկերներում` «Ճակատագրիս վանկեր», «բախտի ծաղիկ», «ճակատագրի ծունկ», «Ճակատագրի ոտք», «բախտիս բնավորություն», «բախտից փնթի», «ռելիեֆներին մորս բախտի»: Մոր և հոր կերպարներները ևս հաճախադեպ են շարքում`որպես քնարական հերոսի բախտակիցներ, ովքեր մերժվում են հրեշտակների, Աստծո և մարդկանց կողմից.

Ինձ չներե՜ս մայրս,
Որ գոնե քեզ ներեն…
… բայց ավելի աղակալած են
հայացքները հիմա մարդկանց,
որ ինձ բարևելիս ասմունքում
են Ցավդ…(էջ 14)

(Հարենցը ավելի հաճախ ցավը, սերը, հավատը, կարոտը դարձնում է ընդհանուր պատկերի միայն մի մասը` որպես պոետ-քնարական հերոսի հոգու բաղադրիչը, որովհետև ինչպես ինքն է ասում` «Ազգանունս սեր է, իսկ անունս` համբույր…»)
Քնարական հերոսը հրեշտակներից, Աստծուց «մոռացվելով» ` դառնում է դեպի կինը, ով մերթ «ժպտում է որպես ջրվեժ…», մերթ դիլիջանուհի է, ով ունի « աչքեր` լուսին արտասանող», բայց այստեղ էլ գործում է քնարական հերոսի «բախտի բնավորությունը»` մերժումը և հիասթափությունը, որովհետև Հարենցի բնութագրմամբ `

Իսկ հիմա գլխավոր գույնը այն է,
որ սերը զգացմունքի
բանաստեղծությունն է…
որ մուսաները կին չեն դառնում…(էջ 24)

Մուսան, որի այլասացությունը նեկտարն է*, Հարենցյան պոեզիայի հիմնական սիմվոլներից է: Այն անմիջականորեն առնչվում է բանաստեղծելու և պոետի` ի վերուստ տրված կոչման գիտակցությանը`

Բանաստեղծությունն այս,
Որ ինձ հայր է կոչում,
որի աչքերն անծիր ծիծաղներով լիքն են,
իմ տխրության պահին
ղողանջում է այնպես,
կարծես իմ ժպիտը իր կորցրած
խաղալիքն է…(էջ 26)
«Երգ» կամ բանաստեղծություն ստեղծած լինելու, և, առհասարակ, արարելու մոտիվը, որ առաջին շարքում թերևս կարելի է բանաստեղծի կյանքի. մասնավորապես` մանկության տարիների բացթողման փոխհատուցումը և ապրելու պայմանը համարել, շարունակվում է նաև մյուս շարքերում: Այս շարքը բանաստեղծի հոգևոր կենսագրության` նրա վախերի, մանկությունից մնացած ինչ-ինչ բարդույթների, ենթագիտակցության մեջ մնացած տպավորությունների արտացոլումն է թվում, և ինչպես նկատում է Արքմենիկ Նիկողոսյանը, հատկանշվում է «կենսագրական փաստերի խաղարկումով»**: Երբեմն Հարենցի «կենսագրության» մեջ կարելի է գտնել նաև տվյալ ժամանակի համապատկերը.

Նախաճաշին
Կրկին անգամ հիշեցի,
Որ երկրիս ՀԷԿ-երը շնչում են այնպես,
Ինչպես նորածին երեխան` լացի
անտրակտի պահին…
(«Պատերազմ 1992», էջ 8)

Ի տարբերություն «Սի բեմոլ» շարքի, որն առավելապես ներհայեցողություն է, որտեղ սակայն կարելի է նշմարել նաև անցյալի իրադարձությունների գեղարվեստական պատկերը, երկրորդ` «Սրտագրեր» շարքում արդեն փոխվում է աշխարհատեսման դիտանկյունը: Սա արդեն հայացք է դեպի դուրս` դեպի աշխարհը, դեպի ժամանակակիցները: Հարենց-քնարական հերոսը` իր հոգեաշխարհն ու խոհերը, դատողությունները առարկայացնում է արդեն իրեն հարազատ մարդկանց, քաղաքների ու վայրերի կերպավորումով.

Վան Գոգի ականջի
նյարդաթելերից այն կողմ`
Սեփական արձագանքներից հյուսելով
ձայնի սարդոստայնը,
որն ամեն Աստծո օր Թոնդրակի
արթնությունը
հագնում է իր սրտին`
որպես պոեզիա`
խուլերի համար…( Էջ 44)

Ընդ որում, Վան Գոգի ականջի հիշատակումը հղումների առիթ է տալիս, ինչը հատկանշական է ժողովածուի համար: Առհասարակ, հղումներն ունեն գրական տեքստն առավել բազմաշերտ և ինտելեկտուալ դարձնելու գործառույթ: Հարենցը հղումներ է անում մշակույթի տարբեր ոլորտներին` գրականություն (Օրինակ` «Շախմատային նովել»-ում Արամ Պաչյանի երկու գործերին), նկարչություն, երաժշտություն և այլն: Իսկ արդեն Հովհաննես Թեքգյոզյանին` ծննդյան 33-ամյակի առթիվ ձոնված բանաստեղծության մեջ «Իսկ քո տարիքում արդեն սկսվել էր մետաստազը մսե այն խաչի…» տողում ակնհայտ է հղումը Աստվածաշնչին: Առհասարակ, հղումներն ունեն գրական տեքստն առավել բազմաշերտ և ինտելեկտուալ դարձնելու գործառույթ: Բայց Հարենցի բնագրում դրանք միանշանակ արժեք չունեն, երբեմն Հարենցը այն կիրառում է որոշակի հեգնանքով` մարդկության և մասնավորապես հայրենիքի ճակատագրի ցավը և անարդարությունը շեշտելու համար.

ՆՈԲԵԼՅԱՆ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Երգի Հայը խելագարվեց
որովհետև ուղեղ չուներ.
Աստված ի՛նքն էր ուղեղի տեղ:
Եվ մարդիկ,
Այս անգամ էլ
Ո՛չ թե Աստծուն խաչ հանեցին,
Այլ`
Երգը խաչեցին Աստծո վրա:
Աղոթքը գույնի նևրոզն է:
Ու երբ ավարտեց իր վերջին գույնը,
Աստված որոշեց համբարձվել…
Մարդիկ տեսան այդ ամենը, ընկալեցին,
Հիշեցին,
Սակայն
Չհավատացին…
Եվ այդ պատճառով էլ կարծեցին,
Թե`
Օրհան Փամուքը… խելագարվե՜լ է…

Եթե «Սի բեմոլ»-ում Հարենցը սեփական ճակատագրի ցավն էր առարկայացնում, ապա արդեն «Սրտագրերում» և հաջորդող շարքերում, ինչպես նկատում ենք, հայրենի երկրի, մարդկության, մարդկային բարոյականության մասին հարենցյան մտահոգումներն են` երբեմն անգամ որոշակի հրապարակախոսական պաթոսով, երբեմն էլ գեղարվեստական ընդհանրացումներով`

Տեսա`
Սոված ու ծարավ հոտը
Կանգնել շվարած դռների առջև
Ու սպասում էր դռնապանին…(էջ 53)

Մարդկության` փրկության և ելքի սպասելու դատապարտված լինելու մասին այս պատկերով էլ Հարենցը «Սրտագրեր»-ից անցնում է «Արյան կանաչ» շարքին: Վերջինս առավել վերացարկված բովանդակություն ունի, իսկ նախորդ շարքերին ներհատուկ տարածաժամանակային չափումներն արդեն փոխվում են. կարելի է ասել այս շարքում բանաստեղծական ընդգրկումներն արդեն հավերժի տիրույթում են: «Արյան կանաչ» շարքում քնարական հերոսը անժամանակային շարունակելիության մեջ է` մահվան և կյանքի հարափոփոխ ընթացքում`

Ես յուրաքանչյու՛ր վայրկյան մեռնում եմ`
Հաջորդ վայրկյանին ծնվելով կրկին:
(էջ 64)

Ընդգծեմ, որ մահանալն ու ծնվելը ունեն սիմվոլիկ բնույթ: Կենսունակ են նաև գունային սիմվոլները, որոնք առկա են հենց շարքի անվան մեջ` «Արյան կանաչ».

Ես աշխարհում միակ կենդանի էակն եմ,
կանաչ արյունն է լոկ երակներում որի,
իմ կանաչ այդ արյամբ ես ձեր համբերանքն եմ
և արթնացող երազն ամեն կեսգիշերի…(Էջ 59)

Գունային մյուս խորհրդանիշը կարմիրն է, որ գրական տեքստում հակադրության մեջ է սպիտակի հետ`

Կապույտը քո շատ է կարմիր,
երբ կարմիրն իմ շատ է սպիտակ,
ես` կյանքի մեջ, և… կյանքից դուրս`
բախտահոլով մի խենթ թռչուն…(Էջ 58)

Այսօրինակ պատկերների նմանություններ և, առհասարակ, նախորդող շարքերի հետ միջտեքստային ընդհանրություններ կան գիրքն ամփոփող «Լույսի ջրվեժներից առաջ» շարքում: Որոշ խորհրդանշաններ շարքից շարք իմաստային զարգացում են ունեցել, երբեմն էլ տեղի է ունեցել հակառակ հոսքը. «Լույսի ջրվեժներից առաջ»-ում, օրինակ, արարման և նախնականության խորհուրդը ունեն հղիի կամ պտղի և թավջութակահարուհու սիմվոլները, որոնք Հարենցի տեքստում միասին են հանդիպում`

Բողբոջ
Հղի կինը` թավջութակի
առջև նստած….(էջ 74)

Կամ

Հրեշտակների ճակատագրի մեջ
աճող թավջութակներ են
պտղի երազները…
արգանդային ջազ (էջ 86)

Հրեշտակի կերպարը հաճախակի կիրառելիություն ունի ժողովածուում: Համաշխարհային մշակույթում` կերպարվեստ, կինո, գրականություն և այլն, հրեշտակների կերպավորումը հնագույն ավանդույթներ ունի և բազմակի ու բազմաձև դրսևորումներ է ունեցել: Իսկ կրոնական պատկերացներում հրեշտակները ներկայացվում են սովորաբար` որպես Աստծո սպասավորներ, որոնք անմարմին, անսեռ, անմահ արարածներ կամ պարզապես ոգիներ են***: Այս ժողովածուում արդեն, ինչպես հատուկ է ժամանակակից արվեստին, հրեշտակները զերծ են միստիկայից, սրբակենցաղությունից և ապամիֆացվել են. բնութագրական է Գաբրիել հրեշտակապետի հարենցյան պատկերումը.

Հիանալի ֆլորիստ էր ալքիմիկոս Գաբրիելը:
Ամեն գիշեր
հերթական ընթրիքից հետո
տնից իր որջը վերադառնալիս
նա քաղում էր ճանապարհի նարգիզները,
որոնց եփած թերթիկներից
թաշկինակներ էր գործում Աստըծո համար…(էջ 83)

Աստված-մարդ, մարդ-հրեշտակ հարաբերությունները առանցքային են ինչպես շարքի, այնպես էլ ամբողջ ժողովածուի համար: Աստծո և հրեշտակների, մահվան կամ այլ խոսքով` այն աշխարհի հետ առնչակցության մոտիվը ի հայտ է գալիս հենց գրքի վերնագրից`«Լեթարգիական արթնություն», այսինքն արթնացում Լեթարգիական քնից: Իսկ բժշկագիտության և հոգեբանության մեջ լեթարգիական քունը անվանվում է նաև կարծեցյալ մահ, որ առաջանում է հոգեկան ցնցումների հետևանքով: Այս դեպքում Հարենցը «պատմում» է իր քնարական հերոսի կարծեցյալ մահվան կամ պարզապես մահվան մասին, պատկերացումների, դրա պատճառների և արթնության` կյանք վերադառնալու ճանապարհի մասին, որ ձգվում է «Սի բեմոլից» մինչև «Լույսի ջրվեժներից առաջ»:

————-
*Արքմենիկ Նիկողոսյան, «Ձախ ձեռքի ձեռագիրը» ,Գրական թերթ, 4 մայիսի, 2012:
**Նույն տեղում:
***Այդ մասին տե՛ս Մարիամ Մարուքյան, «Հրեշտակներ», blog.liberal.am:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն