(ակնահատի հմայիլ)
Բոլոր բառերի փոխարեն չծնված երեխաներին՝
կարոտով և տխրությամբ
Երբ ես անում եմ իմ այդ
բանաստեղծություն-մանաստեղծությունը,
միշտ ստացվում է մի բան՝
երեխաներ սարքելուց առաջ կամ փոխարեն,
իսկ ընթացքում և հետո
միշտ
անձրևում է…
Անձրևում են
խանդոտ,
թմփլիկ աստվածուհիներս,
անմարդ հարևանուհիներս,
հավանական հարսներս,
մամաներս բոլոր…
— Տիզ-տիզ՝ ակլատիզ,
դու նախշուն ես ու թիթիզ…
Ջա՜ն,
խավարի մեջ կարելի է սիրել
և այլ թաքուն բառեր անել՝
կողքիններին չխանգարելով և անվնաս…
Տե՛ս, թե ինչ հարմարեցված ենք իրար…
— Լոր-լոր՝ ցըմփըլոր,
դու փափուկ ես ու տըկլոր…
Ինչ որ հիշում եք՝ կպատմե՜՛ք
(ես ինձ ինչ հիշում եմ՝
այստեղ հայեր են ապրում),
արա, դո՛ւ, դո՛ւ դո՛ւ, դո՛ւ… հատկապես այ դո՛ւ,
մտապահե՛ք ինձ ներսից, մտապահե՛ք,
ինչ որ հիշում եք իմ մասին՝
կդառնա՛ք:
— Կաթ-կաթ՝ ականատ,
սերնաղարտ է- սերմնառատ:
Աղչի՜,
ցուրտը տարել է կարոտելու և տխրելու օրգաններդ,
որ մայրանա՛ս,
չե՛ս զգում.
օրեցօր
իմ ու էն բանանբանի միջև բարակում է օզոնի շերտը,
մի օր միջովդ ինձ կտանի թաքուն՝
անքուն
կմնաս,
լաց կլինես, կանձրևես-կանձրևես
խանդից-խանդից-խանդախտավոր
երազի մեջ:
Երկար ու անմնացորդ լռությունից հետո
կասի՝
երբեմն քեզ այնպես եմ կարոտում,
որ շուրջս հղիանում են
բոլոր ծառերն ու չբեր կանայք…
— Ծիկ-ծիկ՝ սիրածիկ,
ինձ տուր գինի ու հացիկ,
ինձ տուր խնձոր ու ծիծիկ՝
լաց չլինեմ, լաց-լացիկ:
Հետո…
Մեզ համար չնախատեսված
ուրիշ օրեր կգան.
մտածեմ՝
ոնց եմ ապրելու
ևս մի կյանք:
– Նանիկ-նանիկ՝ ծիրանիկ,
բե՛ր ինձ մեկեն հինգ բալիկ: