«Կա սևահեր հայ և կա շիկահեր հայ, կա տաքարյուն հայ և կա սառնասիրտ հայ, կա գործարար հայ և կա անօգնական հայ, կա արագաշարժ հայ և կա դանդաղկոտ հայ… Բայց կա մեկը, ով երբեք չի մտածում, թե ինքն ինչ է, ինչպես երբեք մարդ չի խորհում, որ ինքը երկու ոտք ունի, երկու ձեռք, մի քիթ և մի բերան. դա Հայ հայն է»: Աղ. Այվազյանի ստեղծած գեղարվեստական կերպարների միջոցով խոսում է նախևառաջ Հայը, նշանակություն չունի, թե նա որտեղ է ծնվել կամ ապրում. սովորական դարբին, քարտաշ է, թե աղի կոմս: Ա. Այվազյանի պատմվածքներն արտահայտում են հայ մարդու հոգեաշխարհի ձևավորման յուրահատկությունները` համահունչ ընթանալով պատմության զարգացման հետագծին: Գեղարվեստական հերոսի, նոր ժամանակների անհատի կայացման գործընթացը ընդհանրացնելիս գրողն իր մեջ կրում է այն զգացումը, որ անցյալի հիշողություններից չես ազատվի, հայությունը մեր բջիջների, արյան մեջ է: Հայությունը ճակատագիրն է յուրաքանչյուր հայի, ինչպես որ Աղասի Այվազյանինն էր: Ծնվելով Ախալցխայում, սովորելով Թբիլիսիիում, շուրջ 40 տարի ապրելով Թիֆլիսում` միևնույն է, գրողը իրեն երևանցի էր զգում. «Ես Թիֆլիսը չեմ հիշում, առանց տեսնելու կարող եմ Էրզրումը հիշել, բայց ինձ երևանցի եմ զգում»:
Սեփական ես-ի, ինքն իր հետ կռվելու, մարտնչելու, պայքարելու, կյանքի վայրիվերումների հորձանուտում ավելի է կոփվում, ընդգծվում կարոտախտով, դեգերումներով, փնտրտուքներով տառապող հայի հոգեկերտվածքը, որն իր դրսևորումներն է փնտրում նրա ստեղծած գեղարվեստական կերպարներում:
Դեռ դարասկզբին Փարիզ եկած, Փարիզի ճաշարաններում ու բիստրոներում կերակրվող, մտավորականների երբեմն ուրախ ու նենգամիտ ծաղրին արժանացող Հայ հայը երբեք չի վհատվում: Ոչ այն ժամանակ, երբ վռնդված շան նման «հայրենիքի ոխերիմ թշնամի» պիտակով հայտնվեց արևմուտքում և ոչ էլ այն ժամանակ, երբ նրան աքսորեցին հեռավոր Սիբիր: Նույիսկ կալանավայրում աքսորականի տաժանակիր ճակատագիրը հաղթահարած Հայ հայը չգիտես որտեղից ու ինչ միջոցով հայթայթում է իսկական գործիք և սովետական երկրից քշված, գուլագներում հայտնված առաջին ջազ նվագախմբի ղեկավար Էդդի Ռոզները, բրոնզափայլ փողը վեր պարզած, իր ճկուն մատներով հնչեցնում է հայկական «Դլե յամանը» Հայ հայի համար:
Այվազյանի կերպարները կենդանի ու բնական, միևնույն ժամանակ առեղծվածային են` ծնված մեծ ապրումներից ու զգացումներից: Ջաջուռցին` համանուն պատմվածքում, իր արհեստի վարպետն է. գերմանական արկի պայթյունից կորցրել է ոտքերը. փոխարենը ձեռքերը կարծես անբնական աճել են ոտքերի հաշվին, աչքի են ընկնում միայն անճոռնիությամբ: Սակայն բնությունը կարծես նրան հասանելիք ամեն ինչ դրել է նրա ձեռքերի մեջ` հայացքը, խելքը, զգոնությունը, կամքը… ու ջաջուռցին գործում է, գործում է ինքնամոռաց, «սուր, անկյուն, խաչաձև, աստղաձև, ձվաձև իրար մեջ մտնող ծակող ու քերող»: Հինգ-հինգ մատ կապվում էին հատակին, իսկ հյուսվածքները հնազանդվում էին երկու մեքենաներին: «Սովորական մարդու գնի» արժեքն է իր վրա կրում Կոստանդնուպոլսի նավամատույցում Կիրկոր Յափնջյանի որդի, բեռնակիր Ավետիս Յափնջյանը. ողնաշարի ցավն ու մեջքի վերքերը հիշեցնում են ամենաթանկ, սիրելի ու ամենաանպաշտպան բեռան` իր անդամալույծ քրոջ` Գարանի մասին: Բայց այդ ցավը «տեսանող էր, կամք ուներ, իր խորհուրդն ուներ… Եվ ուժ էր տալիս ցավը, համառություն էին ծնում վերքերը, լարում էին Ավետիսի մկանները ու շարժում առաջ»: Գարանի միակ օգուտը երգելն էր. երգում էր եղբոր ականջին, որ ուրիշը չլսի, երգում էր, որ միայն իրենցն էր ու աշխարհինը… Կոստանդնուպոլսից մինչև Բաթում, Բաթումից մինչև Օդեսա: «Ժալկի գաղթական», այսպես էին գոռում նրա ետևից, երբ Ավետիսը, մեջքին Գարանին, ձեռքին` քրոջ աղջկան` Լյուսիին գրկած, բռնել էր գաղթի ճամփան: Ու այսպես գնում էր հայը, ցավը մեջքին ծանրացած, սակայն երբեք չէր վհատվում. «Ամեն ինչ նրա շուրջն է, ամեն ինչ իրենն է, և ինքը ոչինչ չունի»: Բայց, այնուամենայնիվ, Աղասի Այվազյանի համար, ինչպես յուրաքանչյուր հայի համար, իսկական հայ մնալու կշռույթը չափվում, սկսվում և ավարտվում է նախևառաջ մարդկային արժեքները պահպանելու, սովորական մարդ մնալու օրենքի սահմաններում: Մահվան մահճում հայտնված Ավետիսը քրոջ աղջկան` Լյուսիին, պատգամում է նախևառաջ Մարդ լինել, ներող լինել. «Կունենաս զավակներ: Գիտեմ, ֆրանսիացիներ կըլլան արդեն, գերմանացիներ կըլլան, բուլղարացիներ կըլլան… Կսովորեցնես իրենց, որ եթե պատահին հայեր կյանքի ճամփուն վրա, ինչքան ալ գեշ ըլլան, ինչքան ալ անարժան ըլլան, մարդիկ տարբեր են, թող լավ վերաբերվին անոնց, թող խիստ չըլլան, ներող ըլլան, կրցածներուն չափ թող օգնեն…»: Այվազյանը նոր ընկալումների, աշխարհայացքային ընդգրկումների գեղագիտական, սոցիալական, հոգեբանական, փիլիսոփայական խնդիրներից զատ` առաջ է բերում ամենից առաջ մարդկային-բարոյականը: Պետք է թողնել խոսի Սուրհանդակը, որ մեր մեջ է` առեղծվածային ու հավերժական: «Շատ մի դարդ անի… ես մի գործ եմ ճարել, երկուսիս էլ հերիք է, ես մի տեղ եմ ճարել, երկուսիս էլ հերիք է, ես մի բաժակ եմ ճարել երկուսիս էլ հերիք է, ես մի տուն ունեմ մեր քաղաքում, երկուսիս էլ հերիք է, ես մի ճրագ եմ ճարել, երկուսիս էլ հերիք է, ես մի թոնիր եմ շինել, երկուսիս էլ հերիք է…Մենք մի երկինք ունենք, բոլորիս էլ բավական է… Մենք մի դարդ ունենք, բոլորիս էլ հերիք է…»:
«Սուրհանդակն է պահում մեր ազգային հավաքական կերպարը»,- նշում է հեղինակը, պարզապես պետք է թողնել, որ ժխորի միջից լսվի նրա ձայնը: Իր ապրած ողջ կյանքում Այվազյանը փորձեց Սուրհանդակ լինել, խոսեցրեց հայ մարդուն, ցույց տվեց նրա ցավը, վիշտը, հոգսը ու իր ստեղծագործությունների միջոցով միայն իրեն բնորոշ յուրօրինակ ձևով վրձնեց հայի նկարագիրը, որը այնքան բարդ է, այնքան առանձնահատուկ ու բացառիկ, ինչպես ինքը` արվեստագետը: