Միլիոնավոր տարիներ էին անցել այն պահից, երբ մի անհավանական պայթյունով հիմք դրվեց ամբողջ տարածության մեջ ժամանակի ընթացքում մշտապես փոփոխվող աշխարհի` Տիեզերքի գոյությանը: Սակայն Տիեզերքում տիրում էր քաոս և յուրաքանչյուր զանգվածեղ մարմին, լիներ աստղ, մոլորակ, թե միգամածություն, ձգտում էր իր իշխանությունը հաստատել այլ մարմինների վրա. այդ ճանապարհին տեղի էին ունենում ամենատարբեր երևույթներ` այլոց իրենց շուրջը պտտվել ստիպելուց, մինչև ոչնչացում:
Եվ ոչինչ ու ոչ ոք չկար, որ կանխեր իրադարձությունների նման ընթացքը: Ուժեղներն ավելի էին ուժեղանում, մեծանում, իսկ թույլերը, փոքրերը դատապարտված էին. նրանց մնում էր լուռ համակերպվել իրենց ճակատագրին: Ոմանք, չդիմանալով տարբեր մարմինների ձգողական ուժերին, գնում էին սարսափելի մի քայլի` ինքնաոչնչացման. հենց այս ժամանակ էլ առաջացավ ամենաչհիմնավորված ու ամենաստոր հանցագործություններից մեկը` ինքնասպանությունը: Իհարկե շատերը միանգամից չէին հանձնվում, երկար մաքառում էին և դիմադրում: Սակայն դա պարզապես ժամանակավոր երևույթ էր և շատ կարճ ժամանակ՝ տիեզերական այլ գործընթացների նկատմամբ, ինչպիսիք են այդ նույն մարմինների առաջացումն ու էվոլյուցիան:
Եվ ագահ մարմիններին թվում էր թե այս ամենը ժամանակի և տարածության մեջ սահմանափակ է և մի օր նրանք կտիրեն ամբողջ Տիեզերքին:
Սակայն նրանց սպասում էր խոր հիասթափություն:

* * *
Անցավ բավականին երկար ժամանակ և Տիեզերքին տիրելու ձգտում ունեցողների թիվը շատ անգամ փոքրացավ: Նրանք արդեն ունեին գրեթե նույն չափերը և շատ դժվար էր իրար դեմ կռվել: Չկարողանալով ամբողջությամբ ենթարկել մեկը մյուսին` նրանք միմյանցից խլում էին փոքր մարմիններին, որոնք արդեն բազմաթիվ անգամ խլվել էին ուրիշներից:
Եվ հենց այս ժամանակ հայտնվեց մի մոլորակ, որի փայլով զմայլվում էր ողջ Տիեզերքը: Նրան իր շքախմբում տեսնել կցանկանային բոլոր մարմինները` անգամ փայլատյաց Սև խոռոչը: Բոլորը նրան կնքեցին «Հավերժական փայլ» անունով:
Մի Հսկա (Տիտան) նրան մեծ ջանքերի գնով կարողացավ գցել իր ձգողական դաշտի մեջ: Սակայն նրան շուտ նկատեցին այլ Հսկաներ և շտապեցին նրա ձեռքից խլելու: Եվ նրանցից ամենամոտ գտնվողը շուտ հասնելով` պայքար սկսեց տիրելու համար:
Այդպիսի պայքար չեր տեսել ողջ Տիեզերքը (և դժվար էլ տեսնի նորից):
Հայտնվելով 2 Տիտանների միջև` Հավերժական փայլը փորձում էր ոչ մեկին չենթարկվել: Եվ դա գնալով նրան հաջողվում էր: Աստիճանաբար փոխելով իր հետագիծը` նա սկսեց պտտվել այնպիսի ուղեծրով, որ պտտվեր միաժամանակ երկուսի շուրջը: Սկզբում ուներ շատ խճճված տեսք, սակայն հետզհետե այն հստակացավ և բոլորը տեսան մի նշան, որը այդ օրվանից ստացավ մեծ իմաստ, խորհուրդ:
Դա անվերջության նշանն էր` ∞:
Եվ այս ամենը տեսնելով` Սև խոռոչը, որ ողջ կյանքը միայն կլանել էր, սկսեց ճառագայթել:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն