Հուլիս: Արցախի հարթավայրային շրջան:
Կանգնած ենք զորանոցի դիմաց: Շոգ, ծարավ, մի քանիսը ուշաթափվել են:
Հարցնում ենք ջրի աղբյուրի մասին և իմանում տեղը: Անհամար հերթ է: Հայրենիքի պաշտպանները խմբվել են մեծ տարայի շուրջ և բաժակով ջուր են խմում: Լվացարանում շատ ծորակներ կան, բայց երաշտի և վատ խողովակաշարի պատճառով հազիվ չորսից է ջուր գալիս. բարակ, տաք, պղտոր, բայց միևնույնն է ջուր: Խմում ենք, բայց ծարավներս չի հագենում: Խանութից շշով ջուր ենք գնում: Նորից քիչ է. ընդունած հեղուկը արագ գոլորշիանում է՝ ջրազրկելով մեր օրգանիզմները:
Սկսում ենք հարմարվել սակավաջուր նոր ռեժիմին:

* * *
Օգոստոս:
Տագնապ:
Շոգ, կիզիչ արև, ծարավ: Զորամասում մենք արդեն դիմանում էինք այս պայմաններին, բայց այժմ մենք կրում ենք ուսապարկ, զենք, սաղավարտ և այլ իրեր ու պիտի ոտքով հաղթահարենք մի քանի կմ տարածություն, որն անցնում է ամայի հանդերով: Մեզ հետ ջրի պաշար չունենք, իսկ մոտակայքում որևէ աղբյուր չկա: Շուրջն ամենուր դեղնած դաշտեր են, ու միակ կանաչը մեր համազգեստի վրա տեղ-տեղ երևացող երանգավորումն է և այն մեկ-երկու դառնահամ խոտերն ու թփերը, որ դեռ չեն հասցրել չորանալ:
Մենք չգիտեինք, չէինք պատկերացնում, թե ուր պիտի գնանք և ինչքան ժամանակով. ջուր չէինք վերցրել: Եթե մեկը վատանա, պիտի սպասենք, թե երբ է սանիտարական մեքենան ժամանելու, որ ջուր ցայի ուշագնացի դեմքին:
Ու այստեղ ես հիշում եմ երկու անձնավորության մասին՝ Վիկտոր Ֆրանկլի և Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի: Առաջինին նրա համար, որ մեր վերաբերմունքից է կախված մեր վիճակը, երկրորդին՝ «Մարդկանց երկիրը» հրաշք վիպակի համար: Հիշում եմ օդաչուին ու հարց տալիս ինձ. ինչպես է նա կարողացել երկու օր շարունակ առանց ջրի քայլել անապատում, այն էլ Սահարա, իսկ մենք մտածում ենք, թե ով մեզ ջուր կբերի:
Հարցի պատասխանը շատ պարզ է. նրան պահեց հավատը: Նա հավատում էր, որ անապատից դուրս է գալու և դա նրան ուժ էր տալիս: Ես էլ հավատում եմ, որ շուտով վերադառնալու եմ զորամաս:

* * *
Պետք է դիմանալ: Բերանս չորացել է, թուք էլ չի արտադրվում: Չոր խոտի հաստ ցողուններ ենք պոկում և փորձում ծամել, որ թուք արտադրվի: Ճակատի քրտինքը՝ մեր սեփական ջրի այդ սակավ պաշարը, պետք է վերադարձնենք օրգանիզմ: Պետք է մոռանանք ծարավի մասին և լավ բաների մասին մտածենք:

* * *
Ի ուրախություն մեզ երեկոյան վերադառնում ենք: Առաջին բանը, որ անում ենք ջուր խմելն է: Հարձակվում ենք ջրի տարաների վրա և այնքան խմում, որ փորներս ուռչում է:
Այս պահին ես ամենից լավ եմ հասկանում Սենտ-Էքզյուպերիի հերոսին, ջրին ուղղված նրա խոսքը: Պետք է վերընթերցեմ գիրքը:

* * *
Խոր աշուն:
Կրկին տագնապ:
Այժմ մենք ձմեռային տաք համազգեստով ենք, բայց լավ եղանակի, քայլելու և բեռի պատճառով ամառվա չափ շոգում ենք: Այս անգամ ջուր էլ ունենք, թեև բավական է յուրաքանչյուրս մի քանի կում անենք, կվերջանա:
Տեղանքը և իրավիճակը հիշեցնում են գրքի մասին: Մտածում եմ, որ դեկտեմբերին, երբ արձակուրդ գնամ, կհասցնեմ կարդալ այն:

* * *
Հունվար, առաջնագիծ:
Արձակուրդի ընթացքում այդպես էլ չկարդացի գիրքը. ժամանակը շատ արագ թռավ:
Այստեղ կրկին հիշում եմ ծարավի և գրքի մասին: Ջուրը երկու օրը մեկ է գալիս և դժբախտաբար անցնում է մեր դիրքից մի քանի հարյուր մետր հեռու: Կարիք կա ջուր կրել և խնայողաբար օգտագործել: Սա նոր փորձություն է և ավելի դժվար, քան նախորդները:

* * *
Մարտ:
Սկսվել են անձրևները: Ջրի խնդիր այլևս չկա: Սկսում եմ կարդալ «Մարդկանց երկիրը»:

* * *
Ապրիլ:
Կրկին տագնապ, այս անգամ ոչ ուսումնական:
Այս ապրիլը հայ ազգի համար վատ սկսվեց ինչպես դար առաջ: Հենակետում տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ ենք, կամավորներ են մեզ միացել: Անձնակազմի և զինամթերքի պակաս չկա: Ջրի խնդիր կա: Սովորական պայմաններում մի տասնակ զինծառայողի համար նախատեսված ջրի տարաները չեն բավականացնում մի քանի տասնյակին: Կեսօրին ջուրը վերջանում և բոլորս ծարավ, ջրազրկվելով սպասում ենք, թե երբ է ջրի մեքենան այս կենսատու ըմպելիքի հերթական չափաքանակը հասցնելու մեզ:

* * *
Մայիս:
Իրավիճակը համեմատաբար կայունացել է, կամավորները և պահեստազորը վերադարձել են իրենց օջախները: Ջրի խնդիր չկա: Գնալով շոգը սաստկանում է:

* * *
Նոր հուլիս:
Նոր երիտասարդներ են կանգնած այն տեղում և կարգավիճակում, որում ես էի մի տարի առաջ: Այժմ նրանք են սկսում հարմարվել այս պայմաններին, իսկ ես հանգիստ եմ:
Ես հաղթահարեցի դժվարին փորձությունը, ավելի սաստիկ շոգ ու ծարավ դժվար տեսնեմ:
Ինչ էլ որ լինի, ես հիշելու եմ Արցախը, զինակից ընկերներիս հետ կիսած փրկարար ջրի կաթիլները և իհարկե ջրի մասին Սենտ-Էքսյուպերիի հերոսի խոսքերը:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն