Ժամադրության ցանկություն առանձնապես չկար: Կարելի է ասել ընդհանրապես չկար, քանի որ երբևէ չէր եղել, և մի անծանոթ երևույթ էր: Մենության մեջ մտորող երիտասարդին չէին հետաքրքրում պլանավորված հանդիպումները, հարաբերությունների հաստատումը կամ դրանց խորացումը: Տարիներ առաջ նա սիրահարված էր և ամեն կերպ փորձում էր խորացնել իր հարաբերությունները մի մի պատանի աղջկա հետ, բայց ապարդյուն: Նա նոր սերնդի ներկայացուցիչ էր և հարաբերությունները պատկերացնում էր հեռակա` համացանց, հեռախոս…
Տարիների ընթացքում նա շատ բան էր սովորել և այդ ամենը նրան խճճել էր: Սիրո, դավաճանության, երջանկության և դժբախտության, շիզոֆրենիայով տառապողների (երջանիկների) մասին ֆիլմերը նրան դրդել էին այն համոզմունքին, որ իրականում շատ բան ամենևին էլ մեր զգացածը և պատկերացրածը չէ: Նա ապրում էր իրեն չառանձնացնելով հասարակությունից, բայց և իրեն չկապելով այդ հասարակության որևէ առանձին ներկայացուցչի:
Իսկ ուրբաթը (ավելի ճիշտ դեռ չավարտված հինգշաբթին) այն օրն էր, երբ նա մի անծանոթուհուց անսպասելի հրավեր ստացավ միասին ինչ-որ տեղ գնալու. հրավեր ենթադրվող գեղեցկուհուց, ում նա իրական կյանքում չէր հանդիպել երբևէ:
Թեև նա քաջածանոթ էր իր հասակակիցներին, նրանց վարք ու բարքին, բայց չէր մտածում, որ իր հետ օրերից մի օր նման բան կպատահի: Ինքը չէր նախաձեռնում նման իրադարձություններ, բայց չէր կարծում, որ դրանից օգտվելով, կամ գուցե լրիվ անտեղյակ, հակառակ սեռի ներկացուցիչները ձեռնամուխ կլինեն այդ գործին:
Ցանկացած նոր առարկա կամ երևույթ հետաքրքրություն է առաջացնում և սա բացառություն չէր: Դա հնարավորություն էր բացահայտելու այդ խորհրդավոր երևույթի էությունը, ճանաչելու իրեն անսպասելի հրավեր ուղարկողին, կրկին փորձելու բախտը: Երիտասարդը խանդավառվեց անակնկալով, ցանկացավ գնալ ժամադրությանը, բայց… չգնաց: