Առավոտյան նայեցի հայելուն ու տեղում քարացա. այտիս սպի կար: Չէի հիշում, թե երբ էր այտիս վրա վերք եղել, որ հիմա սպիացել էր: Վախեցա, քանի որ մարմնիս մի հատվածի պատմությունը մոռացել եմ կամ երբեք չեմ իմացել: Այտիս վրա օտար հետք էր, ու ես անհապաղ ուզում էի հիշել, թե որտեղից է այն հայտնվել: Մի պահ թվաց, թե գոնե մատներս պիտի հիշեն սպին, վախվխելով շոշափեցի, բայց զգացողությունն օտար էր:
Նստեցի անկողնու մոտ: Հեյլին քնած էր: Նրա կուրծքը կիսով չափ ծածկված էր վերմակով: Սպասում էի, թե երբ կարթնանա, որ հարցնեի սպիիս մասին: Նայում էի նրա պտուկին ու խմում շշի մեջ մնացած կոնյակը: Հետո բացեցի պատուհանը: Սառն օդը ներխուժեց սենյակ: Պտուկը կծկվեց: Թարմություն զգացի:
Երբ կինս մեռավ, ես երկար ժամանակ փորձում էի հասկանալ պատճառը: Ինձ թվում էր, թե մարդկանց մահը միշտ տրամաբանական է լինում, ինչը սովորաբար մխիթարում է: Սակայն կնոջս դեպքում դա այդպես չէր կամ գուցե ես էի ուզում, որ այդպես չլիներ: Նայում էի կնոջս դիակին ու սարսափում, որ մի ժամանակ ես սիրում էի այդ մարմինը: Երբ պառկեցի քնելու, հիշեցի ցերեկվա սարսափն ու ցավ զգացի:
Կինս որսորդ էր: Միշտ ժպտում եմ, երբ հիշում եմ նրան` որսորդական պայուսակն ու հրացանը ուսին, անտառ գնալիս: Ես սիրահարվում եմ կանանց, երբ նրանց մեջ ինչ-որ անսովոր բան եմ հայտնաբերում: Կնոջս դեպքում դա որսորդության հանդեպ նրա կիրքն էր:
— Ես սպանեցի նրան… ես սպանեցի նրան… ես… ես…- կինս արտասվում էր: Որսից նոր էր վերադարձել: Կոշիկները ցեխոտ էին, մազերը` թաց:
— Ո՞ւմ ես սպանել, կյանքս,- շոյում էի նրա դեմքը, մազերը: Նայում էի մեկ նրա արյունոտ ձեռքերին ու կրծքերին, մեկ աչքերին, որոնց մեջ միախառնված արյուն ու սարսափ էի տեսնում:
— Ծառի մեջ թաքնված ինչ-որ թռչուն նկատեցի ու կրակեցի… հրեշտակ էր… նրա սպիտակ մարմինն ընկավ գետնին, արյունը հոսում էր վերքից… նա մի քանի անգամ անհույս թափահարեց թևերն ու… մեռավ…
Կնոջս գլուխը առել էի ափերիս մեջ, նայում էի նրա հափշտակված աչքերին, խոշորացած բիբերին ու բիբերի մեջ տեսնում էի նրան` սպիտակ պարկի մեջ: Հիմա նա խոսում էր հետս, բայց ականջիս հասնում էին նրա գոռոցներն ու աղեկտուր լացը հիվանդասենյակից:
Ես երբեմն կայցելեի նրան` պարտքի զգացումից դրդված: Հետո մի օր նա կգայթակղեր ինձ, ու ես կքնեի նրա հետ` սպիտակ պարկի մեջ: Հետո ինձ կասեին, որ կինս հղի է: Ես կշտապեի նրա մոտ: Հիվանդասենյակում նրան կգտնեի իր պորտից սպիտակ փետուրներ հանելիս: Նա մանկական հրճվանքով հատ-հատ ցույց կտար փետուրները, կժպտար ու կասեր, որ մի հրեշտակ սպանեց, բայց մի հրեշտակ էլ ծնում է: Իսկ ես կզզվեի ոտքերիս փարվող փետուրներից ու երանի կտայի, որ որդիս անթև ծնվի:
— Ես գրկեցի նրան…- շարունակում էր կինս,- գրկիս մեջ նա գնալով թեթևանում էր… նրա հայելանման աչքերը նայում էին ինձ ու ոչինչ չէին ասում… ոչինչ… ուղղակի նայում էին… հետո ժպտաց… այնքան թեթև էր նրա ժպիտը… փետուրի պես թեթև… իսկ ես լալիս էի ու ներում խնդրում նրանից… իսկ նա ներելու փոխարեն ժպտում էր… հետո թափահարեց թևերն ու մեռավ… ես զգացի, որ մեռավ… մարմինը սառեց… բայց ժպիտը դեռ ապրում էր նրա շուրթերին… հետո ժպիտն էլ սառեց…
Հաջորդ օրը կինս մեռավ` հանկարծ ու անսպասելի, ճիշտ այնպես, ինչպես սովորաբար սիրում են հեռանալ կանայք: Կնոջս դիակը թողած, անտառում հրեշտակի դիակն էի փնտրում: Հետո հասկացա, որ հրեշտակը մեռավ կնոջս ներսում ու վերադարձա նրա դիակին:
Սթափվեցի: Մոտեցա հայելուն` հույսով, որ սպին այլևս չէի տեսնի, որ դա ուղղակի մղձավանջային երազի պոչն էր, որ չհասցրեց մարել, երբ արթնանում էի, ու մնաց գիտակցությանս մեջ: Սպին չէր անհետացել:
Հանկարծ իմ իսկ արտացոլանքը ատրճանակ ուղղեց վրաս: Ես պատկերացրի, թե ոնց է ճեղքվում հայելին, ոնց է կրակած գնդակը դուրս թռչում ճեղքից ու ծակում ճակատս: Ես չեմ ընկնի, ես կնայեմ, թե ոնց եմ թեթև քայլերով հեռանում հայելու մեջ, ես կժպտամ կնոջս սպանած հրեշտակի պես, որովհետև ես կտեսնեմ իմ ազատությունը հայելու ներսում:
Հեյլին շարժվեց անկողնում, մտածեցի` արթնանում է, բայց նա ձգվեց տեղում ու շարունակեց քունը: Ծխախոտ վառեցի ու հայացքս նորից սևեռեցի նրա պտուկին: Շուրջս ամեն ինչ սուզվեց սպիտակի մեջ: Մնաց միայն պտուկը, որը գնալով մեծացավ, սևացավ ու վերածվեց անիվի:
Ամառային երեկո էր: Անիվները վառվում էին` տարածելով տհաճ հոտ ու սև ծուխ: Մենք գոռալով ու աղաղակելով հերթով թռչում էինք կրակի վրայով: Մեզ զգում էինք ացտեկ, գիշատիչ, աֆրիկացի, աղեղից բաց թողած նետ ու ընկնող աստղ: Հետո բոլոր գույները միախառնվելով` ծորացին կրակի մեջ: Կրակը նոր գույներով բոցավառվեց: Հիմա ինքն էր միակ գիշատիչը: Տղաներից մեկն ընկել էր նրա երախը, ապա դուրս թռել` նրա լեզուներով փաթաթված: Տղան թափահարում էր ձեռքերն ու գոռում վիրավոր արջի պես: Իսկ մենք սարսափած նայում էինք, թե ոնց է նա վերածվում այրվող խրտվիլակի: Ու ոչ մեկս չէր համարձակվում գոնե կես քայլ անել դեպի նա: Իսկ քիչ առաջ թևեր ունեինք, ազատ էինք ու վայրենի: Սակայն հիմա կրակապաշտի պես համրացած կանգնած էինք կրակի առաջ ու նայում, թե ոնց է վառվում տղան` մեզնից մեկը, մեր երկվորյակը, մեզ պես ացտեկը, աֆրիկացին, սֆինքսը, նավապետը, տիեզերագնացն ու հերոսը:
Տղան վազում էր ուր-որ: Երբ նա ընկավ ու մարեց ասուպի պես, ես հասկացա, որ մանկությունս հանկարծ ավարտվեց ու ավարտվեց այնպես, որ կիսատ մնաց: Իսկ ուրիշ ինչ-որ բանի սկիզբը ծխացող անիվներն էին:
Ծուխը այրեց աչքերս: Ծխախոտիս մոխիրը երկարել էր: Կոթուկը ճզմեցի մոխրամանի մեջ ու նոր գլանակ վառեցի: Աչքիս առաջ վառվող տղան էր, չէի կարողանում ցրել տեսիլքը:
Վեր կացա ու սկսեցի զննել պատի նկարները: Ջրաներկով արված այդ նկարների մեջ պատկերված էին գնացքի միայնակ ուղևորները, որոնք կիպ նստած էին կողք կողքի: Ես զննում էի նրանց դիմագծերը, դեմքի խազերը, հոնքերի կորությունն ու կնճիռների խորությունը: Երբեք չես իմանում, թե ինչ են մտածում նրանք` ում են սիրում մտովի և ում են սպանում: Գրողը նրանց տանի:
Նստեցի ու գլուխս առա ափերիս մեջ: Հետո հայացքս բարձրացրի ու սևեռեցի Հեյլիի պտուկին: Ինձ այնքան հանգիստ զգացի, կարծես սեփական հոգեհանգստի էի եկել:
Հանկարծ շուրջս մթնեց: Աղոտ լույս վառվեց: Սատկած մուկ տեսա: Նկուղում էի: Ձեռքիս շիշ էր: Շիշը ջարդեցի: Շշի բեկորով կտրեցի երակս ու պառկեցի գետնին: Ես նայում էի մկանն ու զգում` ոնց է մարմինս հետզհետե թեթևանում: Արյունս անշտապ ու ինքնավստահ փախչում էր ձեռքիցս ու մոտենում մկանը: Երբ արյունս օղակեց նրան, նա սարսափած վեր թռավ ու փախավ ծակը: Ինձ թվաց, թե իմ ներսում մեռած ինչ-որ բանը հարություն առավ ու փախավ ինձնից:
Հետո արյանս վրա զինվորների շքերթ տեսա: Քայլում էին հավասար` չէին սխալվում: Իսկ ես սխալվել էի ու դուրս մնացել շքերթից: Փորձեցի մի կերպ խցկվել, ընկնել ռիթմի մեջ, դառնալ շքերթի մասնիկը` չստացվեց: Ու փոխանակ քայլեի ինքնուրույն ու անկախ քայլերով` ես կտրեցի երակս: Հիմա տեսնում էի, որ շքերթը կանգ չի առնում. նրանք, միևնույն է, քայլում էին` նույնքան հավասար: Իսկ արյունս հոսում էր նրանց քայլերի տակ: Իմ արյունից մուկը հարություն առավ, իսկ ինքս մեռնում էի` մտովի սպանելով արյանս վրա քայլող բոլոր զինվորներին ու թագավոր հռչակելով մկանը:
Հետո արյունս սկսեց ցամաքել գետնի վրայից: Երբ վերջին կաթիլն էլ վերացավ, ես հայտնվեցի ինչ-որ խողովակի մեջ: Չէի կարողանում պառկելու համար հարմար դիրք ընդունել, անհանգիստ շուռումուռ էի գալիս: Միևնույն շարժումները սկսեցին նյարդայնացնել ինձ, ատամներս քոր էին գալիս, ինչ-որ բան խեղդում էր կոկորդս, իսկ ուղեղս` ճզմում: Հետո խողովակը բարձրացրին: Ինձ ինչ-որ տեղ էին տանում: Ես սսկված կուչ եկա: Հետո խողովակը իջեցրին փոսը: Երբ խողովակի վրա լցնում էին հողը, ես լսեցի մորս ճիչը, որն արձագանքեց խողովակի մետաղյա պատերի ներսում:
Պառկեցի մեջքի վրա, ձեռքերը կրծքիս խաչած, ու սկսեցի մտածել, որ ամբողջ կյանքիս ընթացքում վախեցել եմ խողովակի մեջ հայտնվելուց, ու հիմա խողովակի վախը հաղթահարելու առիթ է տրվել ինձ: Հետո բոլոր ձայները լռեցին: Վերջապես մենակ մնացի, չհաշված մկանը, որ քնել էր կոշիկիս մեջ: Պատկերացրի, որ իմ երկու կողմերում թաղված են կինս ու վառված տղան: Վախից շնչառությունս արագացավ: Ոտքով շարժում էի կոշիկս, որ մուկն արթնանա. ինձ կենդանի շունչ էր պետք, որ վախը չհոշոտեր ինձ: Մուկը ծվծվաց: Մի քիչ հանգստացա, պառկեցի կողքի վրա ու քնեցի:
Երբ արթնացա, տեսա մորս, նա նստել էր անկողնուս դիմաց ու սառած աչքերով նայում ինձ: Ես գլուխս բարձրացրի ու ժպտացի նրան: Ժպտացի ու ինձ շատ փոքր զգացի: Մորս ոտքերի տակ ճամպրուկ տեսա:
-Մամ, ծով ես գնո՞ւմ, բայց հիմա ձմեռ է…
Մայրս լուռ նայում էր ինձ:
-Մամ, թեյ կտա՞ս…
Մայրս լուռ էր:
-Ինչո՞ւ ես լռում, մամ, գիտեմ, երևի բարկացել ես…
-Ես հեռանում եմ,- ասաց մայրս ու վեր կացավ:
-Ո՞ւր, մամ…
-Սև ծով, որովհետև երբեք չեմ կարողանա հաշտվել մարդասպանի աչքերիդ հետ,- մայրս վերցրեց ճամպրուկն ու քայլեց դեպի դուռը:
-Ներիր ինձ…- ձեռքս ձգեցի դեպի նա: Մայրս կանգ առավ: Նա խոսեց առանց շրջվելու:
-Եթե քեզ հաջողվեր ինքնասպանությունը` Աստված քեզ չէր ների, բայց ես կներեի: Իսկ քանի որ չհաջողվեց, Աստված կների քեզ, բայց ես չեմ ների:
-Մամա, լավ էլի…
-Հավը սառնարանում է: Սոված չմնաս,- ասաց մայրս ու հեռացավ:
Ձեռքս մնաց անկողնուց կախված: Կոշիկիցս դուրս ցատկեց մուկն ու սկսեց ուսումնասիրել սենյակը: Տեսնես մաման ո՞ւր է պահում թակարդը, մտածեցի ես, վեր կացա ու մոտեցա պատուհանին: Ձյուն էր գալիս: Ինձ թվաց, թե փաթիլները մորս զսպած արցունքներն են: Փողոցում մեկ մարդու շքերթ էր. նա քայլում էր հավասար քայլերով ու անշտապ: Ես ճանաչեցի ինձ: Երևի մուկն էլ ճանաչեց ինձ, որովհետև արտասվում էր:
Հայացքս հեռացրի Հեյլիի պտուկից ու սկսեցի խփել գլխիս: Հետո տրորեցի աչքերս, դեմքս: Շոյեցի սպին: Գրողը տանի սպին… սա էր պակաս ինձ… հիմա էլ գլուխ կոտրի ու հիշի, թե որտեղից է եկել, կպել դեմքիս… սրա մերը…
Մոտեցա պատուհանին ու խորը շնչեցի: Թեթևացա: Երկնքում ճեղքեր էին հայտնվել, որոնցից ծորում էր արևը: Որոշեցի այդ օրը Հեյլիի հետ զբոսնել Լոնդոնի զբոսայգիներից մեկում:
Հեյլիին հանդիպել էի նախորդ օրը: Նա վագոն մտավ Յուսթըն կայանում: Դեմքի արտահայտությունը սառն էր, իսկ խոշոր երկնագույն աչքերը կլանում էին ամեն ինչ ու ամենքին: Նա նստեց դիմացս: Քիչ հետո պայուսակից թուղթ ու մատիտ հանեց ու սկսեց նկարել: Նկարում էր կողքս նստած տղամարդուն, որը թերթ էր կարդում: Նայում էի տղամարդու պրոֆիլին ու փորձում հասկանալ, թե ինչը գրավեց կնոջ ուշադրությունը: Ոչ մի առանձնահատուկ բան չտեսա այդ մարդու մեջ: Սովորական մարդ էր, անգույն, հասարակ մի մարդ, մեկը նրանցից, ում ամեն քայլափոխին հանդիպում ես Լոնդոնում: Իսկ այդ կինը նկարում էր հենց նրան: Նկարում էր շատ արագ, երկու, թե երեք վայրկյանը մեկ հայացքը հառում տղամարդուն ու թղթին գծեր քաշում: Տղամարդը նրա աչքերի մեջ բռնված դելֆին էր թվում ինձ:
Տղամարդը իջավ Սեվըն Սիսթըրս կայանում: Հեյլին չհասցրեց ավարտել նկարը: Նա փչեց ճակատի մազերն ու ծալեց թուղթը: Երկու մատների արանքում թափահարում էր մատիտն ու աջուձախ նայում` փնտրելով նոր դելֆին: Հետո մի կին նկատեց ու սկսեց նկարել նրան: Գծերը քաշում էր ծուլորեն, երևի կինն այդքան էլ չէր հուզում նրան: Սակայն գնալով մատների շարժումներն արագացան, սկսեց եռանդով նկարել: Երբ կինն իջավ հաջորդ կայանում, Հեյլին, բարկացած, մատիտն ու թղթերը դրեց պայուսակի մեջ: Սակայն նրա հայացքը հանգիստ չէր գտնում. թիթեռի պես նստում էր մեկի քթին, մյուսի ականջին, երրորդի կոպին:
-Ես նայում էի քեզ, երբ դու նկարում էիր,- ասացի նրան, երբ իջանք վերջին կանգառում,- հաճա՞խ ես նկարում:
— Միշտ,- պատասխանեց նա փոքր-ինչ անհանգիստ:
— Ու միշտ գնացքներո՞ւմ:
— Միշտ:
— Ի՞նչ է անունդ:
— Հեյլի:
Ես մի քիչ սպասեցի, որ կհարցնի անունս, բայց նա լռում էր: Ես ժպտացի, մտածելով, որ նրան ոչ թե մարդկանց անուններն են հետաքրքրում, այլ դիմագծերը:
— Ինչ հետաքրքիր է, որ ամեն օր կերպարներ ես փնտրում նկարներիդ համար, իսկ վերջում ինքդ կերպար դարձար, որովհետև ես գրելու եմ քո մասին:
Նա նույն սառը արտահայտությամբ նայեց ինձ: Նրա աչքերի մեջ այնքան մարդ կար, իսկ նա չէր ժպտում:
— Իսկապե՞ս…
— Որտե՞ղ կարող եմ նկարներդ տեսնել:
— Հիմա գնում եմ արվեստանոց: Կարող ես գալ հետս:
— Ուրախ կլինեմ…
— Ծխախոտ կտա՞ս,- հարցրեց Հեյլին: Ես շրջվեցի: Նա նստել էր անկողնու մեջ` բարձին հենված: Մի գլանակ մեկնեցի նրան: Նա վառեց գլանակն ու ժպտաց:
— Վերջը չասիր` ինչի մասին ես գրում:
— Անծանոթ մարդկանց մասին,- ես մտազբաղ նայում էի Հեյլիի պտուկներին:
— Իրար նման ենք,- ասաց Հեյլին ու վերմակը քաշեց վերև` թաքցնելով կրծքերը:
Նստեցի նրա մոտ, բռնեցի ձեռքերն ու հուզված նայեցի աչքերին:
— Հեյլի… քաղցրս… նայիր դեմքիս, լա՛վ նայիր… ի՞նչ ես տեսնում…
— Դեմք,- ծիծաղեց Հեյլին:
— Դեմքիս վրա սպի կա, տեսնո՞ւմ ես… ես էսօր առաջին անգամ այն տեսա, չեմ կարողանում հիշել, թե որտեղից է… բայց սա շատ կարևոր է… կարևոր է, չէ՞… բա մարդ չիմանա՞ իր մարմնի, դեմքի հետքերի, իր վերքերի մասին… ասա, խնդրում եմ, երեկ կա՞ր այս սպին, թե՞ դու էլ ես առաջին անգամ տեսնում…
— Միշտ էլ կար,- պատասխանեց Հեյլին ու շոյեց այտս:
Ես գլուխս շրջեցի նրանից ու հակեցի: Հեյլին դուրս եկավ սենյակից: Քիչ հետո նա վերադարձավ ու կանգնեց գլխավերևումս: Ես նայեցի նրան: Հեյլիի ձեռքին նկար էր: Նա նկարը դրեց ձեռքիս մեջ, թփթփացրեց ուսիս ու դուրս եկավ:
Նկարի մեջ ես էի` վագոնում նստած: Ես ապշած նայում էի նկարին ու փորձում հասկանալ, թե երբ է Հեյլին նկարել ինձ: Դեմքիս վրա սպի չկար: Դեմքս մաքուր էր: Հեյլին թափառել էր դեմքիս վրա ու անտեսել սպին: Նայեցի հայելուն: Սպին չէր անհետացել: Սակայն հիմա նա այնքան չնչին թվաց ինձ, որ նույնիսկ անիմաստ համարեցի հիշելը, թե ոնց է այն հայտնվել դեմքիս:
Հեյլին եկավ` սուրճի բաժակները ձեռքին: Երբ բաժակները դրեց սեղանին, ես կտրուկ քաշեցի նրա թևն ու նրան սեղմեցի կրծքիս: Համբուրում էի նրա դեմքը, ուսերն ու կրծքերը: Շուրթերով բռնեցի նրա պտուկն ու մեկ անգամ ևս հիշեցի կնոջս, որը հրեշտակ սպանեց, բայց այդպես էլ հրեշտակ չծնեց, վառված տղային, որը շարունակ վառվում էր իմ ներսում ու չէր մոխրանում, հետո աչքիս առաջ անցավ խողովակի մեջ շարունակվող կյանքս, իսկ վերջում այս ամենը միախառնվեց ու ներծծվեց պտուկի մեջ:
— Ի՞նչ պատահեց,- հարցրեց Հեյլին:
— Արի Սև ծով գնանք:
— Որտե՞ղ է Սև ծովը:
— Մորս մոտ է, Հեյլի, կգա՞ս…