Գիշերվա երեքին լոգարանի դուռը զգույշ բացեցի, սրբիչն ուսերիս փաթաթած` մտա ննջասենյակ: Սովորություն ունեի շորերս թաց մարմնիս վրա հագնելու: Սրբիչը հանելու ու մետաքսյա գիշերազգեստս հագնել ցանկանալու ընթացքում հայելու մեջ տեսա մերկ մարմինս ու պարանոցիս վրայի կաթիլները: Ես ու մարմինս այդ անսովոր լռության, խաղաղ սենյակի ու մթի մեջ առաջին անգամ էինք հանդիպում: Դողացող ցուցամատով ձախ ուսիս վրայի կաթիլները հավաքեցի ափիս մեջ: Խաղը դուր եկավ, որովհետև մարմինս շփող մատները օտարի թվացին` օտար տղամարդու: Տարված ինքնաբացահայտումներով` թիկունքից հորս հոտն առա ու քարացա:
Միշտ պստիկի հայացքով նրան ժպտալով` խույս էի տվել վտանգավորը կռահելու տագնապից:
Առաջին անգամ դա պատահեց իմ մեղքով. բազմոցին կիսապառկած քնած էր: Թաքուն, կատվի պես կամաց, զգույշ` գլուխս դրի կրծքին, փոքր ժամանակ հաճախ էր լինում` մտնում էի թևի տակ, ինքը մատները մազերիս մեջ խաղալով` քնում էինք: Այդ անգամ էլ այդպես բնազդաբար գրկեց գլուխս, մատները մազերիս մեջ` քնեցինք: Հաճելի էր: Հետո քնիս մեջ զգացի, որ մարմինս փորիս ու պորտիս մոտ տաքանում է, տեղ-տեղ դողում, զգացի, որ լարվում եմ, մկաններս ձգվում են: Ականջիս բլթակի շոյումից և ձախ կրծքիս վրա ափի հպումից վերջնականապես աչքերս փակ արթնացա, այնպես, որ կոպերիս տակից տեսա նրա ցանկացող հայացքը: Սպասում էի: Զարմանում էի: Խոսում էի ինձ հետ, մտածում` տեսնես մորիցս բացի, էլ ով է տեսել հորս այս հայացքը: Երկու ձեռքով մարմնիս բոլոր մասերը շոյում էր: Երբ մի ձեռքը էլ չէի զգում մարմնիս վրա, շարժումներից հասկանում էի, որ իրեն է ձեռք տալիս: «Իմ փոխարեն սիրում է իրեն»,- ասում էի մտքում: Թվում էր` պիտի բողոքեի, չթողնեի, բայց չէի անում: Գլուխս կամաց գրկեց, զգույշ պառկեցրեց բազմոցին… Հետո լսեցի զուգարանի դռան ձայնը: Մտքումս համ սիրում էի նրան, համ չէի սիրում, հետն էլ լացս գալիս էր: Հետո լսում էի` ինձ պատմում էի, թե մորս գնալուց հետո պատահում էր` չէի սիրում նրան, իսկ տղամարդուն խղճալը` ինձ է թույլ դարձնում: Ասում էր` իր աղջկան ամեն բան կարելի է, թույլատրելի: Երբեմն դատարկ բնակարանով արդարացնում էի նրա հաճախակի գրկախառնումները, մազերիս հետ խաղալը, նույնիսկ այն դեպքում, երբ զգում էի, որ պարանոցս տղամարդու պես է համբուրում:
Վերջին անգամ, երբ էլի կոպերս փակ արթնացա, թեև չէի քնել ու նրա ամեն շարժումը` սենյակ մտնելը, անկողնուս առջև ծնկելը, մատները դողալով ու դանդաղ վերմակիս տակ մտցնելը, պատին փակցված մորս նկարին նայելը, կամ երազում, կամ իրականում տեսել էի, զգացի նաև, որ անհամարձակ գրկել է ազդրերս, իսկ մյուս ձեռքը չէր հասնում կրծքիս, որովհետև ես մեջքս կորացրել ու փորով գնում էի դեպի պատուհանը, դեպի երկնքի մութը, դեպի հեռուները… Ձայն չէի հանում: Հազվադեպ լսում էի հևոցս: Մարմինս հաճելի խոնավանում էր: Դեռ սպասում էի, դեռ չէի հավատում, որ ի վերջո ներսումս զգալու եմ իմ դեռ սաղմնային ու անօրգանական խոնավությունը: Էլի լսեցի զուգարանի դռան ձայնը:
Երբեմն նրա համար ուտելիք պատրաստելիս մտածում էի` գուցե հորս հետ ամուսնացած եմ: Տղամարդու հետ միայնակ ապրելը երազածս ամուսնությունն էր: Բայց արդեն վախենում էի նրա հետ մենակ մնալ, վախենում էի, որ մի օր կարող եմ զգալ այն խոնավը, ինչից ես եմ: Իմ ներսում ինձ հանդիպելուց էի վախենում:
Հորքուրներս հորս համար կին գտան: Երկուսս էլ լուռ ու անտարբեր, այդ կնոջը քծնելով ու շողոքորթելով, հասկացանք, որ նա մեզ պետք է: Նույն օրը, արդեն մեր տանն էինք, երբ դռան հետևից հորքուրներիս` մորս հանդեպ արհամարհական վերաբերմունքով խոսակցությունից հասկացա, որ ես քեռուս երեխեքից մեկն եմ, մայրս չբեր է եղել: Հուսահատությունից ու վիրավորանքից կարկամել էի: Ինձ թվաց` երկար փակվեցի լոգարանում, մարմինս ճանկռում էի, այդ պահին ցավը հաճելի էր: Ու ինչքան իմ կողքին զգացել եմ հորս ներկայությունը, այդքան սիրել եմ բոլորին, իսկ այս անգամ նույնիսկ նրա ծիծաղը բթացնում էր զգացողություններս:
Եվ մինչ այն պահը, երբ մերկ մեջքով ու հետույքով սենյակիս մեջտեղում հայրս բռնացրեց, ինձ այնպես եմ պահել, որ չէր հասկացել` ես գիտեմ արդյոք, որ իր հարազատ աղջիկը չեմ, գիտեմ արդյոք, որ ինքը գիշերները մահճակալիս առաջ ծնկել, գլուխը վերմակիս տակ` համբուրել է մարմինս: Իսկ այդ պահին արդեն քնած ձևանալ չհասցրի: Կես վայրկյանում ամբողջ մարմինս քրտնեց: Միանգամից մտածեցի կողքի սենյակում քնած էլի խորթ մորս մասին: Շրջվեցի: Սենյակս, մահճակալս, պահարաններս, նրա կինը, նույնիսկ մայրս մերկացած էին առջևս: Էլ չէի ամաչում: Նրա սիրուն աչքերը, իմ` ձեռքերս կոնքերիս կողքից իջեցրած մերկ մարմինը շատ անգամներ էի պատկերացրել ու մթի մեջ տեսածս լույսի տակ նույն տեսքը չուներ: Դիմացս կանգնած մարդն այնպես էր նայում ինձ, իբր առաջին անգամ գլխի ընկավ` ինչ բան է կինը: Հավանաբար հասկացավ, որ կին եմ: Իսկ ես կարողանում էի իր միջով դռան ապակին տեսնել: Իմ մերկությունը նրան թափանցիկ էր դարձրել: Լսեցի, ուզեց ասի, որ այդ հայացքով իրեն նայել են կենակցելուց հետո: Թափանցիկ ստվերը մոտեցավ, սրբիչը վերցրեց, փաթաթեց ուսերիս և արդեն խաղաղ ու քնքուշ գրկեց: Հասկացա, ուզեց հոր նման ջերմացնի: Ես չուզեցի: Համբույրները դարձան տղամարդու, շուրթերից կանաչ թեյի հոտ էր գալիս:
Առաջին անգամ ընկերոջս հետ չկարողացա զգալ այդ թացի հպումը: Առաջին անգամն անմոռանալի դարձնելու համար խոտերի մեջ մերկ աղջկա նկարով սրբիչ գցեց, ինձ պառկեցրեց վրան: Լարվել էի, բարդույթավորվել: Սրբիչի նկարը խանգարում էր, թվում էր` նա ինձանից մերկ է: Համ համբուրվում էի, համ մտածում` աչքերս բացեմ ու ընկերոջս ասեմ, որ երկուսով աղջկա վրա պառկել չի կարելի: Վախեցա, երբ աչքերս կիսաբաց անելուն պես, տեսա նրա չռված աչքերը: Այնպես էր նայում նկարին, կարծես աչքերը փակ նրա հետ համբուրվում էր: Էլի կարողացա քայլ առ քայլ հաշվել մտքերս: Այս անգամ մտածում էի` տեսնես քանի աղջկա է սիրել այդ նկարին նայելով: Հետո, երբ թեքվեցի, տեսա աղջկա դժգոհ ու չցանկացող, անկիրք հայացքը: Կարծում էի, ինքն էլ է առաջին անգամ տարիքից հոգնած պառկել է կիսածանոթ ընկերոջ հետ: Մի օր էլ մայրուղով վերադառնալիս տեսա ճամփեզրին փռփռացող սրբիչի աղջկա կարմիր սրունքները:
Հիմա մտքում հորս գոռում էի, որ ես երբեք-երբեք մորս պես ետ չեմ նայի, որ ուզում եմ ես իրենից ու ինձանից ծնված աղջիկը լինեմ, երկուսով ունենանք ինձ, փոքր ժամանակվա պես կլողացնենք մեր աղջկան… Իսկ նա հայացքով աղաչում էր` չի կարելի… չի կարելի… չի կարելի: Ասում ու խելագարի պես կրծքերս համբուրում էր, ասում ու ողնաշարիս գրում էր. «աղջիկս, չի կարելի…»: Կամաց ու զգույշ վեր կացավ, վերմակը դանդաղ գցեց վրաս, ձեռքերս զգույշ դրեց վրան ու հետո իր ննջասենյակի դռան ձայնը լսեցի:
Նրա գնալուց հետո վերմակը փաթաթեցի վառվող ոտքերիս և ցավեցնելու չափ սեղմեցի` հուսահատ ու առանց հաճույքի: Մարմինս տխրությունից խաղաղվեց, թմրեց ու արդեն կիսաքուն էի, երբ համաչափ — համաչափ ճռճռոցի ձայնից սթափվեցի: Դրան հաջորդեց հորս գոռոցը. վրեժ հանելու պես գայլի նման ոռնաց: Զգում էի, ինձ ինչ-որ բան էր ասում. ցանկացել էր ընդդիմանայի, չթողնեի գնար: Կտրուկ նստեցի անկողնում: Նրանց մահճակալի ու հորս ոռնոցը ականջներիս մեջ բազմանում էին: Այդ պահին շատ սիրեցի նրան, ուզեցի գրկեմ, աղջկա, սիրուհու, կնոջ պես: Մատներս մազերիս մեջ խրած, շրթունքներս ատամներիս արանքում` այս անգամ ես ոռնացի. խանդից: