***
Ու ես սիրում եմ եկեղեցու պատերի հոտը,
Որը ամբողջովին կլանում է հոգիս` վերածնունդ այս պատերի մեջ:
Խնկի ծուխը օդ է դառնում, ինչպես դանդաղ նշմարվող բաժանումը,
Խնկածուխը իր մնայուն հոտով` ինչպես քոնը:
… Կուզենայի աշխարհը շուռ տալ մյուս երեսի վրա,
Զգալ,
Ապրել,
Մեռնել`
Անտեսանելի լույսի քողով փոշիանալ այս պատերի վրա:
Մոմավաճառ կինը այրվող ցրտից ձեռքերը տաքացնում է մոմերի ջերմությունով,
Լռությունը պատառոտվում է` ձուլվելով քարացած մատներիս:
Այս պատերը,
Խնկաբույրը,
Մոմավաճառ կինը:
Խաղաղաբեր միջավայր, ու հասկանում եմ, որ խճճվել եմ աշխարհում չգտնելով ճիշտ երեսը:
Մոմից երգ է ծորում, մտքումս երգում եմ,
Զգում եմ` ապրում եմ,
Չեմ զգում` մեռնում եմ…
Սուտ է, թե իմ աշխարհը շաղախված էր աչքերիդ մեջ,
Կիսասուր հայացքդ կեսվայրկյանական կայծակի պես խփում է ամեն հիշելիս:
Հիշում եմ,
Զգում եմ,
Մեռնում եմ:
Պատարագի հնչերանգները զարդարում են ինձ,
Երգչախմբում երգող մի կին, աչքերն ուղղեց իմին,
Այդ աչքերից բոցկլտացող մի ուժ հպվում է
Մարմնիս` զգում եմ,
Հոգուս` ապրում եմ,
Հասկանում եմ, որ սիրախաղը վաղուց վերջացել է,
Երկինքը մաքրվել է սև գույնից,
Առավոտ է, հերթական այն առավոտներից, որ միասին չապրեցինք,
Զգացինք, միայն զգացինք, չմեռանք:
Էլ լաց չեմ լինում,
Դողում եմ` լացը ափերիս մեջ սեղմած:
Ու ամենևին էլ հարկավոր չէր աշխարհը շուռ տալ,
Թերևս մանկությունից մի չլուծված խնդիր է մնացել` գտնել աշխարհի ճիշտ երեսը…
Պատերը,
Մոմավաճառ կինը,
Խնկաբույրը,
Երգող կնոջ աչքերի ծակող ուժը ամբողջանում են իմ մեջ:
Զգում եմ,
Ապրում եմ
Չեմ մեռնում…
Աներե՛ս աշխարհ…

ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ ՀԵՆՑ ԱՅՍ
ՎԱՅՐԿՅԱՆԸ, ՈՐՆ ԱՐԴԵՆ ԱՆՑՅԱԼ Է

Քեզ տեսնելու վայրկյանները հավիտենապես
բանտարկելու եմ դիմացս
Անկուշտ մուրացկանի պես…
ես ափսոսում եմ հենց այս վայրկյանը, որն արդեն անցյալ է:
Կիսատ եմ` լրիվությունս:
Ու ռոբոտացած ձայները, որ փորձում են լռեցնել միջիս աղաղակները.
Դուրս թռչեին, տարածվեին:
Տարածվեին այնտեղ, որ տեղերին դու ես նայում:
Աչքերդ:
Կիսատ
Կիսատությունս
Ամբողջությունս:
Իմ քամուց, ծովս, ալեկոծվեիր, ծածկեի քեզ, մայրամուտը գցեի վրադ, մեկտեղվեի հետդ… խաղաղվեիր…
Ոչ մի կորուստ չհիշեինք
Եվ ոչ մի ցավ…
Հիմա Չհիշեինք…
Ուրիշ էինք. կիսատ չէինք…
Անցած վայրկյանն ես կիսավայրկյանս…
Իմ նկարած կտավի մեջ գույներիս պես համադրվեինք…
Համատեղվեինք, կտավը դառնար թռչուն, ու ետ գար անցած վայրկյանս, որը բռունցքիս մեջ է:
Իմն է:
Կիսատ եմ
Կիսատ լրիվությունս
Լիարժեքությունս…

***
Ցավը, որ արդեն քանի տարի կպել էր երկուսիս մարմիններին` որպես մաշկ, մի օր մեր հագից հանեցինք:
Ու մի գիշեր ցավի փոխարեն փորձեցի քեզ հագցնել մթությունը, որ ոչ ոք քեզ չտեսներ, չտեսնեին խորությունդ լույսին համեմված, տարածվեիր ներսումս, ինչպես անձրևի հոտն է տարածվում` ծիածանի գույները հագած…
Կհագցնեի քեզ լույսը, որ չտեսնեին բարությունդ ու մեղմությունդ նախախնամված ինձ համար` որոշված ես…
Ու մի օր կհագցնեի քամին, չերևար կատաղի էությունդ, երբ դուրս է ճողոպրում, ամբոխի մեջ ինձ տեսնելիս, անգամ, երբ քայլերս քեզ հետ են…
… Մի օր էլ կհագցնեի աշունը, չտեսնեին գույներդ, որոնք աչքերիդ միջից փոթորկի պես թափվում են վրաս…
Ու մի օր, մի խոր գիշեր քեզ կհագցնեի ձմեռը, չտեսնեին մաքրությունդ մարդիկ:
Մարդի՜կ, որ կոտրում են ներսս, ինչպես արևն է հալեցնում ձյունը` մաշեցնելով…
Աստիճանաբար…
Ցավեցնելով…
Ու մնաց…
Ոչ մի գիշեր էլ չկարողացանք մեր հագից հանել կյանքը, որ կրծում է…
Ասա դե, էլ ի՞նչ հագցնենք իրար,
Էլ ո՞ր գիշեր, ի՞նչ հագցնենք,
Մարդիկ տեսնեին կրծած ու փայտյա մարմինները մեր:
Կտոր — կտոր ենք,
Փշուր — փշուր…
Իմ երկատվություն…
Խոր իմ խորքություն…

***
Գիշերային կյանքիս լույսն արդեն բացվել է:
Շոշափելի գիշեր է անցած դարի պես:
Սպասում եմ:
Լուսնի հատիկը պատուհանիցս հպվում է աչքերիս:
Լուսինն օժտված է ամեն գիշեր ինձ հյուր գալու տաղանդով:
Երկուսով սպասում ենք էլի, էլի չկաս:
… Անցած դարից ձայն եմ լսում, որտեղի՞ց ես,
Մեր աշխարհի սարում, ձորում, քարում էլ չեղար,
Դու անցած դարում,
Անցած տարում,
Անցած գարուն էլ չեկար,
Մի թող հոգիս գործազուրկ մնա,
— Կռունկ, ուստի՞ գուքաս, ծառա եմ ձայնիդ …

ԹԵ ՈՎ ԵՄ ԵՍ

Թե ով եմ ես, չեմ ճանաչում,
Բարդանում եմ, բարդ է, չէ՞,
Ճանաչելը հենց այն մարդուն,
Ով հենց քո մեջ, դու էլ նրա մեջ ես:

Այս ի՞նչ խառնուրդ եմ, ի՞նչ ցեղից,
Դժվարանում եմ ընկալել,
Վերջս սկզբից է, սկիզբս էլ վերջից,
Այդ ո՞վ եմ ես, ո՞վ է ինձ գտել:
Մա՞յրս, չէ, նրան ո՞վ տվեց,
Այդ ո՞վ ինձ պեղեց, մորս էլ նեղեց:
Ո՞վ որոշեց իմ ով լինելը,
Երբ չգիտեմ, թե ով եմ,
Համենայն դեպս մեկը եղել է,
Ով կամեցել է, որ ես էլ եսվեմ,
Իսկ կամենում է մեկը, ա՜ա կամքը նրանն էր,
Ով իմ Արարիչ, Տեր իմ Աստված,
Սրանից լավ էլ ոնց ապացուցվեր,
Որ գտնված եմ, պեղված ու չեղված:

Բայց ո՞վ եմ ես, էլի չիմացա,
Կարո՞ղ է չեմ ճանաչում,
Անծանոթ է խորը էությամբ,
Ոնց որ մի տեսակ տեղը չեմ բերում:

Ո՞վ եմ ես, ընտրյա՞լ, լույսի էա՞կ,
Նրանք Աստծո հետ շփվում են,
Ես էլ եմ էդպես ժամեր շարունակ,
Աստծո ներկայությունը ամեն պահ զգում եմ:
Ես շնորհակալ եմ, Տեր, որ թույլ ես տվել,
Լսել քո խոսքը, փոխանցել աշխարհին,
Բայց օգնիր հարցիս պատասխան գտնել,
Թե ո՞վ եմ ես` այս անճանաչելին:
Շնորհակալ եմ նաև իմ մորը,
Նրա համար, որ կյանք է տվել,
Աստծո ընտրյալներ են բոլորը,
Պետք չէ ընտրել, իրարից զատել,
Բոլորիդ պես ընտրյալ եմ ես էլ,
Ես սիրում եմ բոլորին,
Գուցե դո՞ւք կարողանաք ասել,
Ո՞վ է այս անբացատրելին,
Չեմ կարողանում ճանաչել,
Ի՞նչ երևույթ է, ինչպիսի՞ն,
Մեկը լիներ, ծանոթացներ,
Ինձ այս խենթ ու խելառին:

Թե ով եմ ես, չեմ ճանաչում,
Խենթանում եմ, խենթ է, չէ՞,
Ճանաչելը հենց այն մարդուն,
Ով հենց քո մեջ, դու նրա մեջ ես:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն