Թափառում

Տանս սենյակներում
սարդը սարդոստայն է հյուսել,
փակ դռների ետևում
նիրհում է մանկությունս,
տատիս երազը մնաց անկատար,
այդպես էլ հարս չբերեցի տուն։
Նստած ծխում եմ,
օտար է փողոցը,
արևը,
օդը,
ջուրը,
մարդիկ,
տունը…
Փարսեցիներից փրկելու համար
հայրենիքս գրկել
թափառում եմ օտար ափերում,
ուր երկուսս էլ չենք հարմարվում…

Կրակում են

Վառարանի դռնակի կլոր անցքերից
երևում է ճարճատող կրակը,
պատուհաններին թառած՝
ձմռան իրիկունը…
Եղբայրս փայտ է գցում վառարանի մեջ,
հայրս՝ լցնում դատարկ պարկուճները,
քույրս կտրում է հացը,
մայրս խառնում՝ որսի միսը,
(սպանված նապաստակը էգ էր՝ մայր)։
Ուտում ենք,
քիչ հետո կգա գիշերը,
երկարապոչ աղվեսը
գողեգող կմոտենա հավանոցին,
սոված գայլը՝ պտույտ կգործի
ոչխարագոմի շուրջը,
մի քանի շուն կհաչեն,
նրանց բանի տեղ չդնելով
կքնենք բոլորս…
Կարթնանան որսորդները,
կկրակեն,
անխնա՜,
դիպո՜ւկ,
և մոլորակի ի՞նչ-որ անկյունում
էլի կնկնեն մեր եղբայրները,
խոցվա՛ծ, արյունո՛տ…

ԱՐՏԱԳԱՂԹԸ ԻՄ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ

Գնում են,
մեր տունը շրջապատող տներից
մնում են փակ դռներ միայն,
լեռների մեջ ծվարած գյուղը
յուրաքանչյուր հեռացողի հետ
լալիս է,
ու լռությունը թաքցնում
իր չիբուխի ծխում
որն իջնում է լեռներից
և մառախուղ դառնում։
Օրեցօր պակասում է
մեզ «Բարի լույս» ասողների թիվը,
հաց վաստակելու հույսը հեռվում է,
որի ետևից գնում են անվերադարձ երբեմն…
Ես վախենում եմ,
որ մի օր էլ
գյուղի նեղ ու քարքարոտ ճանապարհներին
երկար կփնթրեմ,
ոչ ոքի չեմ գտնի սակայն
«Բարի լույս» ասելու համար…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն