Ինձ միշտ հուզել է տիեզերքի անսահմանության ու անվերջության ընկալումը Երկիր մոլորակի վերջավորության և մանրիկության միջից. փոքրության այդ ընկալումը, որը ոչ թե ընկճում է, այլ յուրահատուկ երանավետություն է հաղորդում անվերջի, անսահմանի, ահռելիի հետ հաղորդակցմանը, դրա մասը լինելուն:
Տիեզերքի տրոփյունի մեջ տեղի ունենալու իրողությունը (նվազագույն հավանականությամբ, իսկ ավելի ճիշտ կլինի ասել անհավանական, պատահական), որը կյանք ենք կոչում և որն ապրում ենք, դառնում է հրաշալի մի բան բառի բուն իմաստով՝ իրերի բնականոն ընթացքից չբխող, բացառիկ, նաև բերկրալի:
Էյդա Լիմոնի «Մեռած աստղեր» բանաստեղծությունը (երնեկ վերնագիրն այլ լիներ) այդ առանձնահատուկ իրողության գիտակցման մասին է, ընդ որում մի տեսակ անպատրաստից, հպանցիկ գիտակցում, որ վայրկենական առաջանում է առօրեականության մեջ, հետո մարում: Սակայն այդ մի պահը, որ տեղի է ունենում ժամանակների և տիեզերական տարածության անսահմանության մեջ, ահռելի կարևորության մի բան է թվում և դրան առնչության բերկրանք է առաջացնում:
Տիեզերքին առնչելիությունը, ձգտումը և ավելիի հնարավորությունը ոչ միայն այս բանաստեղծության թեման են, այլ նաև գրելու ձևը: Անշարժությունն այնքան լուռ է, կարծես այլ տարում լինի. աղբը դուրս տանելիս մատնացույց ենք անում Օրեոնը կազմող աստղերը.աղբամանի մեղրամոմային կապույտը գրեթե ռոմանտիկ է. եթե վեր կենանք մեր սինապսներով ու մարմնով ու ասենք՝ ոչ: Գեղարվեստական անցանելիությունը վերացականից, տիեզերականից, վերամբարձից, մեծից դեպի կոնկրետը, առօրեականը, կենցաղայինը, փոքրը և հակառակը, ընթերցողի մեջ առաջացնում է գրանդիոզության ընկալում, կարևոր մի բանի առնչվելու զգացողություն՝ համոզելով հնարավորության, ավելիի, տենչալիի գոյությունը ոչ միայն բառերով, այլ նաև ընթերցման ուրույն փորձառություն առաջարկելով:

Հ.Գ.
2024 թվականին NASA-ն ծրագրել է տիեզերանավ ուղղարկել դեպի Եվրոպա՝ Յուպիտեր մոլորակի լուսիններից մեկը: Տիեզերանավի վրա փորագրված է Էյդա Լիմոնի՝ այդ նպատակով գրված In Praise of Mystery: A Poem for Europa բանաստեղծությունը:

Ալինա Պողոսյան

Մեռած աստղեր 
Այստեղ դրսում, խոնարհում կա, որ նույնիսկ ծառերն են անում:
Ձմռան սառցե ձեռքը բոլորիս մեջքին:
Ծառի սև բուն, պլպլան դեղին տերևներ, անշարժության մի տեսակ,
որ այնքան լուռ է թվում, գրեթե մեկ այլ տարում է:
Վերջերս սարդերի օջախ եմ. փորձելու բույն:
Մենք մատնացույց ենք անում Օրիոնը կազմող աստղերը,
երբ դուրս ենք տանում աղբը,
գլորվող աղբամաններ արվարձանային ամպրոպի երգ:
Գրեթե ռոմանտիկ է, երբ տեղավորում ենք
վերամշակվող աղբի մեղրամոմային կապույտ արկղը,
քանի դեռ դու չես ասում՝ այ մարդ,
իսկականից պետք ա նոր համաստեղություններ ուսումնասիրենք:
Եվ ճշմարիտ է: Մենք շարունակ մոռանում ենք Պոմպի, Կենտավրոսի,
Վիշապի, Մողեսի, Հիդրայի, Քնարի, Լուսանի մասին:
Բայց ամենաշատը մոռանում ենք, որ մենք էլ մեռած աստղեր ենք,
բերանս լիքն է փոշով և երնեկ վերահաստատեի հառնումը —
մեկնվել փողոցային լուսարձակի լույսի մեջ քեզ հետ՝
հակվելով մեր միջի ավելի ընդարձակին,
այն բանին, թե ինչպես ծնվեցինք:
Նայիր, մենք ոչ դիտարժան բաներ չենք:
Մենք հասել ենք այստեղ, դիմացել ենք այսքան:
Ի՞նչ կլիներ, եթե որոշեինք ավելին դիմանալ:
Սիրել ավելի՞ ջանասիրաբար:
Իսկ եթե ոտքի ելնեինք մեր սինապսներով և մարմնով ու ասեինք՝
Ոչ:
Ոչ, մակընթացությանը։
Եթե պայքարեի՞նք բազմաթիվ ձայնազուրկների համար,
որ ջրում են ու ցամաքում:
Ի՞նչ կլինի, եթե մեր մարմիններն օգտագործեինք սակարկելու
ուրիշների, երկրագնդի անվտանգությունը
եթե հայտարարեինք անամպ գիշեր, եթե դադարեինք սարսափել,
եթե մեր պահանջները երկինք ուղարկեինք,
ինքներս մեզ դարձնեինք այնքան մեծ
մարդիկ կարող էին մեր վրա ուղղել սլաքները,
 որ ստեղծում են իրենց մտքում
իրենց աղբամանները դուրս գլորելիս,
երբ այս ամենն ավարտված կլինի:
Թարգմանությունն անգլերենից Ալինա Պողոսյանի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն