Ծնվելով Ախալցխայում, սովորելով Թբիլիսիի գեղարվեստական ակադեմիայում, ապա Թբիլիսիի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, շուրջ 40 տարի ապրելով Թիֆլիսում` Աղ. Այվազյանն իր ստեղծագործություններում բացառիկ տեղ է հատկացնում Թիֆլիսին: Այվազյանի պատկերած այս քաղաքը սովորական քաղաք չէ, ոչ նման այն քաղաքին, որի մասին մինչ այդ գրել էին: Այվազյանի Թիֆլիսը շնչում է, սիրահարվում, կարոտում, ապրում ու մեռնում… թիֆլիսյան միջավայրում ապրող հայ մարդկանց կերպարներ, միավորված ընդհանուր կենցաղով, համապատասխան կոլորիտով. «Սիմպատիա» գետնափոր պատերին ցուցանակներ փակցնող, առաջին հայացքից անհոգ ու երջանիկ թվացող, սակայն հոգում այնքան ցավեր ու վախեր ունեցող, քաղաքի ողջ անկեղծությունն իր մեջ հավաքած Գրիգորը, գթառատ ու ժպտաշուրթ Կեժոն, հավլաբարցի Ասատուր խանը, գեներալ Բարսեղովը Խեչո Չոփուրովը, «հոգի ծնող» Շուշանիկը, Ճիպռոն, Տեր Մինասը, Մարգալիտան, Գլախոն, սատանայի օգնությանը դիմած Ակոփը և այլ հերոսներ, այս մարդիկ ապրում են մի միջավայրում, որ քեֆերի, դարդիմանության, ֆայտոնով ու երաժիշտներով շրջելու միջավայրն է: «Մի քիչ տուտուց էր Թիֆլիսը, մի քիչ իմաստուն, մի քիչ շռայլ ասպետ ու դարդիմանդ… օղորմի հոգուն…»: Թիֆլիսյան միջավայրը ևս մեկ միջոց էր՝ անդրադառնալու մարդու ու նրա ներաշխարհի հակասություններին, միջոց էր ներկայացնել մարդու և իրականության բախումը: Ցուցանակներ Սիրաչխանայում, Շեյթան բազարում, Սոլոլակում, Օրթաճալայում, Հավլաբարում, միկիտանների դռներին, դուքանների վրա. ահա այս կերպ էր ինքնաարտահայտվում Գրիգորը, այս կերպ էր ազատվում իր թուլություններից, իր նկատած ցուցանակների բովանդակությունը արտահայտվում էր իր իսկական զգացածը: Ցավը, ուրախությունը, պոռթկումը, իր հավատը, «տգեղությունը»: Թաքցնել դրանք՝ նշանակում էր թաքցնել իրեն, սպանել իրեն, և ստեղծել մի ուրիշ մարդ, որ ինքը չէր, թվացող է, պատրանք, թղթից շինած: Մինչդեռ Գրիգորը, ինչպես յուրաքանչյուր մարդ, պահանջ ուներ ներքին ճշմարտության, որը իր գոյության միակ փաստն էր: Սոնյայի սերը Գրիգորի անկեղծությունը մի նոր թափով տարածեց Թիֆլիսի փողոցներում, Թիֆլիսի արյան շրջանառությունն արագացավ, ցուցանակները սկսեցին սիրել, «Թիֆլիսը սիրահարվեց»: Սակայն այդ հեքիաթը շարունակվեց մինչ այն պահը, երբ մարդկային դավաճանությունը սկսեց գործել: Գրիգորը փոխվեց, նա հավաքեց, գողացավ իր միակ ճշմարտությունը` «Ցուցանակները»: Ավելի շքեղ, ավելի վարպետորեն նկարած ցուցանակները այլևս չփոխարինեցին Գրիգորի ցուցանակներին: Ի վերջո մարդիկ հասկացան, որ այդ «շքեղ» ու «դաժան» քաղաքի միակ ճշմարտությունը Գրիգորի անկեղծությունն էր, որը նրանք կորցրին անվերադարձ: Հասկացան, որ այն, ինչ իրենց բոլորին պակասում էր, ոչ այլ ինչ էր, քան մի թույլ ու խեղճ մարդու անկեղծություն, այն ճշմարիտը, որ կարող էր պահել խորամանկ այդ քաղաքը և ընդհանրապես մարդկային աշխարհը: Հավլաբարը Թիֆլիսի հայտնի թաղամասերից մեկն է, այնտեղից երևում է ամեն ինչ. Շեյթան բազարը, Երևանյան հրապարակը, Թամամշեի քարավանսարայը և նույնիսկ հավլաբարցիների «դարդերը»:
Հավլաբարում մարդիկ թասիբ են պահում, նամուսի համար աչք են հանում, իրար սիրում են սպանելու չափ, ատելու չափ: Որքան շռայլ քեֆ անել ու երգել գիտեն, նույնքան խորը տառապել գիտեն: Միրզա Ասատուր խանը բոլորից պատվավորն ու օրինավորն էր, մի մարդ, ով ամեն ինչ գիտեր, մազերը ճերմակ, ինչպես Հավլաբարի մաքրությունը, աչքերը կապույտ, ինչպես Հավլաբարի երազանքը, բոյբուսաթը, ինչպես Հավլաբարի բարձրությունը Թիֆլիսի վրա: Հավլաբարցիները ունեին իրենց ծեսերը, սովորույթները, օրենքները, որոնք խախտողները խստորեն պատժվում էին: Սակայն կար մի հավատամք, որ բոլոր օրենքներից վեր էր. դա սերն էր: Երբ Ասատուր խանը ամուսնացավ երիտասարդ գերմանուհու հետ, հավլաբարցիները պատրաստ էին խախտել վաղուց ընդունված օրենքները հանուն մարդկության ամենակարևոր օրենքի` սիրո, ու ընդունել նրանց ամուսնությունը ու ամուսնությունից ծնված չքնաղ աղջկան` Վարդիկին: Ա. Այվազյանը նյութը միջոց է դարձնում` խոսելու առհասարակ մարդու, նրա ով և ինչպիսին լինելու մասին: Ընթերցողը ակամա թափանցում է իր ներաշխարհի մեջ` տեսնելով ինչքան ընդհանրություններ ունի մարդ արարածը իր նմանների հետ: Գոլովինսկին Թիֆլիսի ամենամեծ ու շքեղ փողոցն է, որտեղ «տխրությունը գինու համ ունի», իսկ «ժամանակը քացախի պես պղպջակներ է տալիս»: Ու եթե հետևենք, այսպես կոչված, հանճարեղ նկարչի գործին և գնանք նրա ցուցամատի ուղղությամբ, կտեսնենք այն կամուրջը, որի տակ ապրում է Խեչո Չոփուրովը, կտեսնենք դաշնակահարուհի մադամ Աուֆերմանին, որ վաղուց արդեն նվագում է փողոցի համար, կռնատ Տաշիին, որ ունի իր յուրօրինակ փիլիսոփայությունը կյանքի հանդեպ. «Աստված իր գործը գիտի… Աստված չի ուզում, որ իրենից բացի որևէ մեկը ստեղծագործի: Եվ գիտի, որ ես էլ աշխարհ կարող եմ ստեղծել, ձեռքերս է խլել»: Բայց նա միևնույն է, նկարում է և ոտքերի հմուտ շարժումներով բարձրացրած գավաթով խմում Թիֆլիսի կենացը: Շարունակ կարող ենք հետևել ցուցամատի ուղղությամբ, որը մեզ կտանի գետնափոր միկիտանների կամուրջների տակ, ծուռտիկ փողոցներ, որտեղ հոգիներ են ապրում: Նրանք միայն այն դեպքում իրենց սիրտը կբացեն, երբ նրանց մոտ անկեղծանաք, նյութ չպահանջեք, առարկա, փող չտենչաք, ճշմարիտ ու անկեղծ խոսեք, միայն այդ դեպքում նրանք կասեն աշխարհի ամենաբարդ ու ամենահասարակ բանը`ինչպես լինել երջանիկ: Թիֆլիսեցիների մեկ այլ առանձնահատկության մասին է խոսվում «Տագնապներ» պատմվածքում: Առաջին հայացքից թվում է երջանիկ են նրանք, սակայն նրանցից ամեն մեկն ունի իր տագնապները, հոգու ցավը, կարոտը, տխրությունը դեպի իր ակունքները, անցյալը, ընտանիքի պատմությունը, մարդիկ, ովքեր դատապարտված են ի սկզբանե ճակատագրով: Ահա բոլոր չուղուրեթցիները իրենց տագնապների մասին խոստովանում էին տեր Մինասին: Սակայն տեր Մինասը ինքը խոստովանության կարիք ունի և պատմում է իր տագնապների ու վշտերի մասին անառակ Մարգալիտային: Վերջինս առաջին անգամ է տեսնում, որ տղամարդը կարող է իրենից ոչինչ չպահանջել և այդքան մեղքերի մեջ խոստովանել: Աղասի Այվազյանի պատմվածքների գործող անձինք հասարակ ժողովրդի միջից դուրս եկած, հեքիաթային գույն ստացած մարդիկ են՝ իրենց թուլություններով, անսովոր ու անսահման բարությամբ, ինչը նրանց դարձնում է խեղճ ու դարդիմանդ: Սակայն ոչ մեկի դարդը աղյուսաշար Գլախոյի դարդին չէր հասնի. «Դարդը գալիս էր նրա ետևն ընկած, ոնց որ Մոսեի գիժ ավանակը` խոտի ետևից»: Իր շիլ աչքով Գլախոն շարում էր պատեր, որոնք պահում էին Թիֆլիսը կանգուն: Սակայն ամեն ինչ կտար, որ աչքի շլությունը փոխվեր մեկ այլ դարդով: Այդ դարդ աղյուսը Աստված էր դրել իր շարվածքի մեջ և զուր էին նրա փորձերը մոռանալու իր դարդը: Երբ Գլախոն հայտնվում է բանտի խցիկում, ազատության կորուստը ավելի սոսկալի է, քան իր շլությունը: Ու նա սկսում է երևակայության մեջ պատեր շարել, երբ Թիֆլիսում էլ տեղ չմնաց՝ նա մտքով գնաց պապի պապոնց քաղաքը` Անի, հետո տատոնց քաղաքը`Էրզրում, նրանք բոլորը Թիֆլիս էին. Անին Թիֆլիս էր, Էրզրումը Թիֆլիս էր: Այս կարոտն է ընկած Ա.Այվազյանի գրեթե բոլոր պատմվածքների հիմքում, որ ստիպել է նրան ստեղծել այնպիսի կերպարներ, որոնք հավերժ կենդանի կպահեն հայրենիքը, ակունքները ու դրանց հետ կապված հիշողությունները, որ իրեն ու յուրաքանչյուր հային են պատկանում: