Մի արևախանձ քաղաք կար կեսկատակ ապրող մարդկանցով, մի լայնահուն պողոտա, որտեղ երկու ափերն իրարից բաժանող գետի պես անցնում էին մեքենաները: Սա հին քաղաք էր: Ուզու՞մ եք իմանալ պատմությունը. այդ մասին Ձեզ կպատմեն շուկայի ծերացած առնետները և տանիքներին բնակվող աղավնիների սպիտակ երամները: Սառն ու անկենդան բնիկներ չէին դրանք, այլ՝ ապրված երազների, ավազե հուշերի, բախտ որոնողների, թանկագին հույսերի, դառնացած մի ամբոխ, առանց ձևականությունների ապրող եկվորներ: Դա քաղաք չէ՜ր, գրողը տանի, այլ՝ մի պատուհաս:
Ու հենց այնտեղ՝ այն երկար ու բանուկ պողոտայի երկու ափերին էին տեղավորված հին թաղերը: Հիմա որքան վեր ես բարձրանում պողոտայով, արևմտյան շունչն ավելի է ծանրանում և մահանում է արևելյան քաղաքի վերջին պատառիկը, որ պահպանվել էր մի կերպ: Այնտեղ հում աղյուսից շինած տները շունչ էին փչում ծռմռվելով խարկող արևի տակ, թանձր փոշին սպիտակ փառով էր ծածկում վարդենու ու ռեհանի թփերը: Տները գրկած հողե ծեփերը ճաքճքում էին և յուրաքնաչյուր ծանրաշարժ մեքենայի անցումից փուլ էին գալիս, անցքեր բացում խեղճուկրակ պատե մարմինների վրա: Դեռ են ժամանակ՝ հիշում եմ, թե ինչպես էին քաղաքի բնիկները ձմեռվանից առաջ կապկպում իրենց էլեկտրասյուները, վարպետներ էին կանչում, որոնք իրար էին հայհոյում սյուներից կախված ու ձեռքով անում, երբ երևում էին աղավնիների սիրուն երամները: Ուզում եմ գնանք ջարդուփշուր պատուհաններով կարճլիկ շենքերը, որոնք իրար քիթ խցկված պարուրել են պարսկական կապույտ մզկիթը: Լսածս պատմությունը դարձավ այս թաղի ողբերգական մի էջը, որ իմացա ծերացած ու անատամ դերձակից, քայլերս դանդաղեցին նրա կոշտ ձայնից ու սիգարետս խոր քաշելով մտա կամարից ներս:
Մեր քաղաքում առավոտները բացվում էին ինչպես միշտ՝ իմիջիայլոց, առանց երկընտրանքի, բացվում էին բացվելու համար: Թաղում առաջին օտարականներն էին երևում, բոլորը շշուկով փսփսում էին, թե մահմեդականները շատ հարուստ են ու աչք են տնկում մեր աղջիկների վրա: Առավոտ ծեգին, կիսաձայն լսվում էր ազզանը և մեջիթի թաղն արթնանում էր համր ու բողոքավոր: Հակառակ մայթին բազարի թաղն էր, այստեղ առավոտներն աղմկոտ էին, վաճառում էին ձիու միս, ձուկ ու բանջարեղեն: Նույնն էր այս թաղերում ամեն բան, դեռ այն ժամանակ, երբ Թերեզին հարս բերեցին Կոնդից: Ասում էին ծանր տարիներ էին ու քչերն էին դհոլ-զուռնայով հարսանիք անում: Լույս չկար, ցուրտ էր, պատերազմն էլ մյուս կողմից: Թերեզին պսակեցին տանը մնացած մի ինժեների հետ: Ասում էին` վատ տղա չէ: ժամանակին կարգին կրթություն էր ստացել, աշխատել, դառել էր կուսակցական, բայց տարիների դժվարությունից փախել էր ու հեռացել Կիև: Հայրն ու մայրն էլ նորմալ մարդիկ էին եղել, կարծեմ գործը, թե ինչը չէր ստացվել, հետ էր դարձել տուն:
Բավական երկար ժամանակ գնաց, եկավ Կոնդ, թաղի տղամարդկանց տեսավ, աղջկան հավանեց ու մի օր էլ ձեռքից բռնած բերեց տուն՝ մեջիթի թաղ: Սերով ամուսիններ էին, երբեմն դուրս էին գալիս քայլելու, մի գլուխ ծիծաղում էին, ամուսինը կնոջը ծաղիկներ էր նվիրում ու այդ ցուրտ օրերին, դժվար ու անտանելի ժամերին նրանց սիրտը ջերմացնում էր երեխայի մասին երազանքը: Երկար տանջանքներից հետո Թերեզը մի կերպ հղիացավ, ամուսինը դեռ չէր իմացել հղիության մասին, վեր էր կացել, հետ գնացել Կիև աշխատելու:
Դերձակը պատմում էր, որ կնոջից ծնվեց մի սիրուն լակոտ: Ամբողջ թաղը երեխային բիճ էր համարում, ոչ ոք չփակեց էդ այլանդակ բերանները, ամուսինը երբեմն զանգում էր Թերեզին, նամակ գրում ու փող ուղարկում: Տարին բոլորած կլիներ. կապտաչ, շեկլիկ երեխա էր: Նրան հարևաններն էին նայում՝ օրվա կեսը սոված, կիսաքուն, մրսած: Թերեզը մի կերպ էր գոյությունը պահպանում, գլխին շալ փաթաթած, ոտքերին` սապոգները տոպրակներով, չափում էր փողոցները ու սպիտակեղեն ծախում: Կենտրոնի հարուստ տնվորները պատվեր էին տալիս նրան, որ մթել կարեր, վերմակ ու վարագույր ձևեր:
Ամուսինը հետ էր դարձել, բերելով հետը խոզի պես լակելու սովորույթը, ամբողջ օրը թաղը զրնգում էր Թերեզի ձայնից: Տարիները նախկին բարեկիրթ կուսակցականին դարձրել էին վայրենի ու սա աչքով ընկածը կնոջ գլխովն էր տալիս, արյուն բերելով քիթ-մռութից: Կնոջ ձայնը վեր էր դառնում մզկիթի թաղում, հարևանները գնում բաժանում էին սրանց, ձեռքի հետ ամուսնուն ամոթանք տալով: Բոլոր հարևանները կռվի մասնակիցներ էին: Այդ թաղում ամեն տեսակ մարդ կար, միայն ժամագործ Ռուբոն էր, որ չէր խառնվում կամարից ներս եռացող կյանքին: Գործ չկար ու նա մի գլուխ խմում էր, օրվա կեսը քնած անցկացնելով կրպակում:
Քնարը գոռում էր. «Ամա՜՜ն, Շողիկ հասե, Թերեզին զարգավ», «մորդ արգանդը չորնար քեզի հեդ չգցեր, ազիզդ թաղե՜մ». լսվում էր Շողիկի գոռգոռոցը, որը աստիճանների վրա թավալգլոր անելով իջնում էր բակը: Շողիկը թրջոց էր դնում Թերեզի վերքերին՝ թաղել-հանելով ամուսնուն: «Այ կտեսնիս, քեզի բռնել կուդամ, եթի՜մ, ի՞նչ կուզես էս աղջկանից, կերար էլի …», էն էլ թե. «Դու ձենդ պառավ բոզ, քո ինչ գործ ինչ կանեմ, ես՝ իմ կնիկը…»: «Քա վա՜յ, էդ իմ հեդս էի՞ր. գեդի՜նը մդնիս, սաղ կյանք Լեննագան ենք ապրել, մեգըմ ըդպես բան չսեց: Արշտա՜ր, մակու՜ր աբրել եմ, чулочный комбинат որ կաշխադեի, դիրեկտորը կգար, ձեռով բարև կուդար… մեռնիս դու, արևդ սևնա». կարմրած, քափ ու քրտինքի մեջ կորած, կոկորդով մեկ գոռում էր Շողիկը:
Երեխային այս կանայք էին խնամում, տաք հագուստ գործում նրա համար ու լսում ֆրանսերենի դասախոս պարոն Հակոբի դաստիարակչական խորհուրդները: Հակոբը մի կատու ուներ, որ սատկածի պես քնում էր պատուհանագոգերին ամբողջ օրը: Կատուն էլ էր ականատես բակի կյանքին, ու երբ սկսվում էր հերթական կռիվը, խեղճ կենդանին տնկում էր պոչն ու մրափում Քնարի դրսում դրված, բուրդ չփխելու մահճակալին: Թերեզը կրկին պատվերներ ուներ, գիշերը լսվում էր կար անող մեքենայի չխկոցը: Նա ամեն պատվիրատուի տանն իր դարդն էր պատմում ու խնդրում, որ մի ճար անեն, հոգին ազատեն ամուսնուց: Ասում էր, թե իր ամենամեծ մեղքը երեխան էր, ու որ նա մի օր հաստատ չի ների իրեն այս տեսակ հոր համար: Երեխան փողոցային կդառնար:
Օրերից մի օր՝ հերթական լեզվակռիվն էր, մանկահասակ երեխան քնած էր Քնարի ճենճահոտ ու կեղտոտ մահճակալին: Իսկ Հակոբի կատուն մլավելով ֆռֆռում էր նրա գլխավերևում: Արևը թեքվում էր ու հորիզոնը գծում էր իրիկվա սահմանը, կարծես հանդարտ էր եղել ամեն բան: Թերեզի ամուսինը Ռուբոյի հետ բորբոքված խոսում էր, կնոջը մեղադրում անառակության մեջ, մտածում էր՝ իբրև քարշ է գալիս պատվիրատուների մարդկանց հետ: Շողիկը Թերեզի վերքերն էր մշակում արնաշաղախ ձեռքերով: Ու մեկ էլ լսվեց Քնարի աղեկտուր ոռնոցը, նրա բերանից թռան ու տարածվեցին ճիչերը թաղով մեկ, որ վեր հանեցին քնածներին և բոլոր հարևանները շտապեցին դեպի թթենու տակ կքած մահճակալը:
Թերեզը մոտեցավ և ուշաթափվեց տեղն ու տեղը: Շողիկը, մնացած կանայք սկսեցին լեղապատառ գոռալ ու բազարի թաղից բազմաթիվ մարդիկ գործները թողած շտապեցին դեպի մեջիթի թաղը: Քնարը մահճակալին նստած հանգեց, նրա կողքին մանկան մարմինն էր: Պարոն Հակոբի կատուն երեխու մռութին էր նստել ու խեղդամահ արել նրան: