“What are days for?
Days are where we live.
They come, they wake us
Time and time over.
They are to be happy in:
Where can we live but days?
Ah, solving that question
Brings the priest and the doctor
In their long coats
Running over the fields.”
Philip Larkin
Եվ ահա, դու քայլում ես` ուսերիդ վրա զգալով ծառերի սմքած տերեւների հպանցիկ ստվերները, տերեւներից` ձյան փաթիլների պես լուռ ու աննկատ նոր ծլած մազերիդ իջնող հյութը եւ մտածում ես, որ «Ինձ հեծանիվ է պետքե… ,որ առավոտյան միանամ մեր ճանապարհը լավ իմացող հեծանվիդ անհետք, ուրախ գծին. միասին քշենք, քշենք, գնանք` կարճթեւ, սպիտակ տաբատներով ու շապիկներով, տռզած պայուսակները մեջքներիցս կախ, մերթ ծիծաղելով, մերթ լարվածությամբ, նայելով արագընթաց մեքենաների երթեւեկությանը, որ տռզած պայուսակներից հանենք նամակներն ու խաչմերուկներում, կարմիրի տակ կանգնած մեքենաների բաց պատուհաններից ներս գցենք, որ վարորդները մեզ ողջունեն երկու ազդանշանով, իսկ անցորդները` ժպիտով կամ տնկած մատով: Ու, երբ մեջքներիս բեռը փետուր դառնա, իսկ շորերի սպիտակն աղմկոտ փողոցի փոշուց սեւանա, քշենք ձոր` գետափ, բլրակի մոտ, որտեղ կտոր-կտոր թաղել եմ մանկությանս ընկերոջը: Թեթեւացած պայուսակներից հանենք թուղթ ու գրիչ ու գրենք գալիք օրվա նամակները, որ հետո պիտի բազմացնենք ու բաժանենք մարդկանց, որովհետեւ մենք ինքնակոչ փոստատարներ ենք, անհասցե նամակագիրներ ու երեւի մի քիչ էլ հարբեցող հեծանվորդներ, մի պարզ պատճառով, որ մանկության ընկերոջ գերեզմանին ծաղիկ չենք տանի, այլ` սառը, մեր կողմերում շշալցված գարեջուր: Ու, որ խմենք` լեզուներս բացվի, անպայման հիշելու ենք հանգուցյալի նախնիներին, «անամառե կոչվող 1816-ը, որ առայսօր ամենացուրտն է եղել հեռուներում ու գերմանաբնակ ձիերի մեծ մասին` տարել այլ աշխարհ, ու ասում են, թե անձի մնացած բարոն Կարլ ֆոն Դրեզը հենց այդ պատճառով էլ հորինել է երկաթե ձիուկի նախնուն: «Չէ, ինձ շտապ հեծանիվ է պետքե: Դու քայլում ես` ուսերիդ վրա դեռ զգալով գլխիդ թեթեւությունը, ափերիդ մեջ` ծոծրակիդ աճած աղվամազերի փափկությունն ու տերեւների հյութի կպչունությունը: Հեռվից մի քիչ բարոն Կարլ ֆոն Դրեզն ես, որովհետեւ էս պահին մտածում ես, որ քայլող մարդն ապագա չունի, թե ոտքը գետնից չպոկի` քաշված է, ու մեջդ պտղի պես հասունանում է նորից հեծանիվ ունենալու ցանկությունը:
Ես գալիս եմ գլուխս կախ` նայելով շագանակագույն, մաշված կոշիկներիս քթերին, երկնքից կախված: Անհենարանության վախից` անկանոն ջղաձիգ շարժումներ: Բոլորը քնած են: «Քնել են, որ չզգան անկումըե: Ձեռնափերս խոնավացել են: Կծկում եմ մատներս, փակում աչքերս, սրճարանում ենք. երկար բաժակ, սիրում եմ թափանցիկ ապակուն մերթընդմերթ բախվող սառցե խորանարդիկների զրնգուն ձայնը, բռնել եմ բաժակն ու գդալով խառնում եմ սուրճը, քեզ բարեւում են, տես` խուճուճ մազերով սիրունիկ աղջիկն է, մի անգամ ասել էր, որ ծովախոզուկ ունի. երբեք չեմ մոռանում, որ խուճուճ մազերով սիրունիկ աղջիկը ծովախոզուկ ունի: «Եթե ընտանիքից հեռանա, ծովախոզուկին անպայման կտանիե,- մտածում ես ու պատկերացնում նրա քայլերը, որ աշխարհի բոլոր քայլերի շարունակությունն են. պայուսակը մեջքից կախ, ծովախոզուկի արկղը պինդ գրկած, խուճուճ մազերով աղջիկը գնում է նոր կյանքն սկսելու, չգիտի` ուր է գնում, բայց քայլերը վստահ է դնում, կարեւորը քայլերն են, կոշիկներդ ընկճվածությունից հանկարծ թող չքարանան. նրանք գիտեն հեռանալու վերադարձը: Ինքնաթիռի յուրաքանչյուր ցնցում ներբաններիս արանքներով լցվում է մարմնիս մեջ: Շագանակագույն կոշիկներդ, ծածկված կանաչուկ լայն ստվերով. Ֆիլիպ Լարքինի բանաստեղծությունների գրքի կազմն է:
Կարդում ես. «They are to be happy inե… «They are to be happy in, they are to be happy in, to be happy inե, – կամացուկ շշնջում ես դու` քայլելու ընթացքում մատներով շոյելով ծառի խոժոռ կեղեւը: Զգում ես մրջյունի արտագաղթը ծառից ճկույթիդ վրայով, անշեղորեն` դեպի արմունկդ:
Եւ ահա, անծանոթ ճամփեքով միասին ընթանում ենք, մեկս` սպիտակ խալաթով, մյուսը` սեւ փարաջայով, որովհետեւ բժիշկ ու քահանա ենք: Քշում, քշում, գալիս ենք անշտապ` ոտնակների պտույտին համընթաց մարմիններս տարուբերելով, ինքներս մեզ ու մեզ իր մեջ պահող օրվան ժպտալով, ախտորոշում ու աղոթք շվշվացնելով, ասես աշխարհիս երեսին էլ հիվանդ չի մնացել, մեղսագործ չի մնացել, չապաշխարհող չկա, ցավ ապրող չկա, մեզ սպասող չկա, ուրեմն` մենք էլ ակամայից գործազուրկ խաչակիրներ ենք, անկոչ սպասավորներ ու երեւի մի քիչ էլ դաշտային հեծանվորդներ` մի պարզ պատճառով, որ Լարքինի «Օրերիե տողից ենք պոկվել, հայտնվել դաշտի միջին` իբրեւ հեծանվավազքով համակված բժիշկ ու քահանա:
Զգուշացված եմ, որ անկումն անխուսափելի է, որ պիտի համապատասխան դիրք ընդունեմ, կապեմ ամրագոտիս, փակեմ դիմացի շարժական սեղանիկը, եւ երբ ամեն ինչ վերջացած կլինի, չշարժվեմ տեղիցս մինչեւ չհայտնեն, որ թռիչքն ավարտված է: Բերանս լցվում է փոքր ժամանակ գրազով կերած մի բուռ հողի համով: Կոշիկներս տոնում են վերադարձիս մոտալուտը, մաշված քթերով ծափ տալիս` թեթեւ վայրէջք մաղթելով քնածներին: Եթե անիվները չբացվեն, երկաթը կբացի ասֆալտի հաստ շերտը, հողը կերեւա, կոշիկներս շունչը կփչեն ու կպոռթվեն: Հողին հավասարվելու վախից` անկանոն ջղաձիգ շարժումներ: Մատներս կծկում եմ, փակում աչքերս, որ տեսնեմ խուճուճ մազերով աղջկան ու իր ծովախոզուկին: Կրկին ծանոթ սրճարանում ենք, սպիտակ խալաթով եւ սեւ փարաջայով: Ծովախոզուկին բերել է, որ քեզ ցույց տա, տես` արկղի մեջ է. ոնց են թրթռում բեղիկները, վարդագույն քթիկը դողդղում է, ինքնաթիռի յուրաքանչյուր ցնցումից ականջները կտրուկ հետուառաջ են շարժվում, բերանի կանաչ խոտը կլանում է, ոնց որ սոված մարդը` երկար սպագետտի: Դու տարված նայում ես ու ձողիկով ֆռթացնում սուրճդ: Աչքերս ավելի պինդ եմ փակում, խոնավ ձեռնափերս սեղմում ականջներիս, որ թմբկաթաղանթներս չպայթեն, ու ապակուն անընդմեջ բախվող սառցե խորանարդիկների ցանկալի ձայնը կարողանամ լսել: Մտածում ես` «Ծովախոզուկին քահանա պետք չի, ոչ էլ` հեծանիվե:
Հսկա թռչունը ուղեբեռ է ծրտում, ուրեմն երկաթե ձիուկիդ էլ չի պահի որովայնում: Դու երկնքում տեսնում ես իր թողած սպիտակ հետքը, չգիտես, թե մեջն ինչ կա, բայց գիտես, որ թանկ է քեզ համար, ընտանիքից հեռացած մրջյունի նման հարազատ, որ խուտուտ է տալիս ծոծրակդ, ու թողնում ես, որ մի քիչ էլ քեզ վրա ապրի, որ դու էլ դաշտ դառնաս մեկի վազքի համար, մարմինդ` մի նոր աշխարհ` անսովոր արահետներով: Ինքն էլ չգիտի` ուր են տանում քայլերը, ոչինչ` քայլերը գիտեն, կարեւորը քայլերն են, թող վազի իր համար, ինքը չի տեսնում մաշված կոշիկի ամոթի գույնը, չի զգում գրազով կերած մի բուռ հողի համը բերանում: Ոտքդ գետնից պոկելու ցանկությունը մրգի պես հասել է: Մտքում անգամ անթեւ կենցաղային իրերով կարելի է թռչել` գորգ, ափսե ու ցախավել: Քեզ թռչելու համար էլ թեւեր պետք չեն. երկանիվ հեծանիվ է պետք: Հասնում եմ պատուհանիդ, զգում եմ, որ ոտքերիս տակ շոշափվող դարերի սառած լավան ավելի հարազատ է, քան օդային անկշիռ, վերերկրային տարածությունը, որտեղ փռչոտ հրեշտակներ վաղուց չեն զվռնում: Հիմա հրեշտակները նախընտրում են ցամաքն ու ցամաքային ինքնահոս, անիմաստ թվացող կեցությունը: Հա, դեռ հեծանիվ գնելու գումարն ամբողջովին չեմ հավաքել, մյուս աշխատավարձս կպահեմ ու կգնեմ ամենամեծ անիվներովը, իսկ հիմա ես արդեն կանգնել եմ բաց փեղկով պատուհանիդ առաջ ու գոռում եմ անունդ:
Դու, սովորականի նման, ցատկում ես պատուհանից ցած, որ ձեռքով անես ինձ ու թռիչքդ տեսնող զարմացած անցորդներին: Մտածում ես, որ երկնքում մազերը կրկնակի արագ են աճում, ցամաքում փռչոտ հրեշտակների մազաթափություն է սկսվում, որ շարժվելու համար մրջյունին հեծանիվ պետք չի, ծովախոզուկին էլ` կոշիկ, քեզ էլ՝ աշխատավարձ, որ խուճուճ մազերով աղջկա սարքած սառը սուրճը կոտրում է գրազով կերած հողի համը բերանում, որ «անամառե 1816-ը անմոռանալի է, իսկ 2011-ի երեւանյան շոգը` անտանելիորեն տանելի, որ մարդկանց բաժանվելիք նամակի վերջին տողերը թեթեւ պիտի լինեն, որ թռչելը մեզ համար քայլելուց հեշտ է, որովհետեւ մենք ոտի վրա հեծանիվ հորինողներ ենք, ձեռի հետ Ամերիկա հայտնագործողներ ու երեւի մի քիչ էլ երազողներ, մի պարզ պատճառով, որ միշտ սպասում ենք մյուս աշխատավարձին, իսկ ոտքդ գետնից կտրելու ցանկությունն արդեն հասունությունից որդնել է, հենց հիմա եկել կանգնել է դիմացդ ու ընկերոջդ բերանով քեզ ասում է.
— Բարեւ, քեզ հեծանիվ եմ բերել՝ ինքնաթիռով: