Երազը ստեղծում է խորհրդանշական պատկերներ. նա սիմվոլիստ է:
ՌՈՒԴՈԼՖ ՇՏԱՅՆԵՐ

Լուսինը մարմնիս քուն էր նվիրում, որ հանգիստ կարկատի օրվա մեջ խրված գիշերվա մութ դատարկությունը: Գիշերը կարդում էր մտքերս, և մայրս հասկացնել էր տալիս, որ քնելու համար հարկավոր է աչքերը փակել: Ես աչքերս փակում էի ու լողում` դիվական փոթորկաբեր պոռթկումներին հանդիման: Երազումս առաջին անգամ վայր էի ընկնում բարձրությունից: Գահավիժումն այնքան երկար էր տևում, որ ինձ թվում էր, թե այլևս չեմ տեսնի սիրամարգի փետուրներով զարդարված պարտեզը և անկումի անխախտ վեհության մեջ ստիպված կլինեմ ազատ ակնթարթներ գտնել: Գահավիժումները թռիչքի դասերի սկիզբն էին՝ երազների բնատուր քմահաճույքների անպաճույճ պոռթկումը: Երազումս դեպի բարձրությունները տանող ճանապարհները փխրունանում էին՝ փորձելով մարմնիս մեջ ներթափանցելու համար որևէ ճեղք գտնել: Ճեղքերն անհայտ էին, բայց կորուսյալ ժամանակների հիշողության օդը կաղկանձով սենյակս էր մտնում և հօդս ցնդեցնում իրիկնային նինջիս ողջ ցուցակը: Անհյուրընկալ կորուսյալ ժամանակների միջտարածքում մարմնիս գամված, մեխված էր մնում ներկան, և մինչև ողնուծուծս հստակ նշմարվում էին անցյալի խորանիստ նպատակների իշխանատենչ մարմաջները: Այդ աղմուկի մեջ լսվում էր մի բազմաձայն աղաղակ, որը սրտիս աղեկտուր թախիծի հեծեծանք էր: Ես այդ ժամանակ աչքերս փակում էի և տարրալուծվում երազի լուսնային ցոլքերի բարալիկ ծվեններում: Երազումս մեկը ճանկռեց դեմքս, ու ես ոտքս բարձրացրի, որ հարվածեմ նրան: Դեռ ոտքս հորիզոնական դիրք չէր ընդունել, երբ մյուսը ճանկռեց: Ես, անկախ ինձնից, երկրորդ ոտքս բարձրացրի, և երբ ուզում էի հարվածել, նկատեցի, որ օդի մեջ եմ: Ոտքիս ծալվածքներից բռնեցի, ոտքերս կծկեցի ու սկսեցի թռչել օդում: Օդն ինձ ներշնչում էր երկնքում լողացող ձկների ջրի կարկաչով, և անխոնջ լուսանկարիչը շխկացնում էր՝ փարատելով թմբիրից զատվող գեղեցկությամբ գրգռված պատկերների հրաշափառությունը: Ոտքերս կծկած` ամեն օր թռչում էի երազներումս՝ նորակոչիկ էակներ գրավելով քնիս մեջ սուզվող, անհավատալի հոգեթով երաժշտության մեջ: Ինձ շրջապատում էին երկու-երեք տղամարդիկ, որոնց դիմագծերն ասես դարան մտած` մոլեգին տարերքի կացարաններ լինեին, որոնք այդքա՛ն տենչում էին լողացող կարապների շեղակի փետրահարվածներով դեպի արևի ճառագայթները համբարձվել: Նրանք կախվում են տաբատիցս և ուզում, որ իրենց էլ թռչել սովորեցնեմ: Խոստանում էի օգնել նրանց: Ոգևորված` առավոտյան կնոջս պատմում էի երազս: Կինս ինձ հանդիմանում էր՝ ասելով.
«Դա շատ վատ է: Այդ ամենը նշանակում է, որ դու քո մարմնում լավ չես վերամարմնավորված: Պիտի հնարավորինս շատ ֆիզիկական աշխատանք կատարես, որպեսզի զգաս մարմինդ, մկաններդ: Զգաս, որ դու ես քո մարմնի տերը»:
Հուսահատված` համացանցով բեռնակրի աշխատանք եմ փնտրում: Մինչ աշխատանք գտնելը, ջանասիրաբար մշակում եմ տնամերձ այգին: Մեկ շաբաթ հետո աշխատանք եմ գտնում բեռներ տեղափոխող ընկերությունում: Օրը 14-15 ժամ ձեռքով տարբեր բեռներ էի տեղափոխում` կահույք, տարբեր առարկաներ, իրեր: Մեկ ամիս աշխատելուց հետո նկատեցի, որ թռիչքներս հեռացել են երազիս անտեսանելի ծաղկավոր հայացքների մեջ: Ամեն օր երազումս գլխավերևումս ճոճվում էր արցունքով լի աչքերով երկինքը, որ քչախոս բերանների Նիրվանայի մեղեդին էր կլկլացնում: Խաղամիտ երևակայությունս արկածներ էր ուզում, որ ներհյուսված կլիներ անթև հրեշտակների կերպարանքների հետ: Ամեն օր կնոջս ուրախությունը շատանալու հետ, իմ տխրությունն ավելի էր առատանում: Մկաններս մեծանում էին, և ներզգայական աշխարհի պատկերներս խռոված հեռանում էին ինձնից: Անկարողությունից մի օր արյունոտվելու չափ կծեցի թևերիս մկանները և հաշվենկատ իրականությանը ստիպեցի հաշվի նստել պատրանքային ներկայության թեական եզակիության հետ: Մկաններիս վերքերը կինս արագ բուժեց՝ ընդհատական իրավիճակների եզակիությունը հավասարեցնելով պարզագույն, անհեթեթ պատահականությանը: Ուղեղային մորմոքս ժամանակային վեկտորով հաղթահարված մի ձախողման ինքնախոստովանք էր: Իբրև նախապես ծրագրված պարտության զոհ՝ ես քայլում էի հոգեմտավոր տարածքներում, որտեղ խարխափումներս դիմազրկված գոյիս ճակատագրական ռեակցիա էին: Արդեն անցել էր մեկ տարի: Ես ամեն գիշեր թաղվելով մկաններիս մեջ՝ ընկղմվում էի անթռիչք երազներիս աշխարհում: Եվ մի օր. հանկարծ երազումս հսկայական տան ելքի մոտ հայտնվեցի: Տան դուռը բետոնից էր շինված: Ուրախացա, որ մկաններս կարող եմ օգտագործել այն բացելու համար: Ձեռքերումս ինչքան ուժ կար` դուռը դեպի ինձ քաշեցի: Դուռը խուլ ֆսսոցով բացվեց: Դիմացս մարդկանց անծայրածիր շարասյուն էր: Տեսարանից շփոթված` նայեցի տան մուտքի վերևը, որտեղ կապտականաչավուն երանգով գլխատառերով գրված էր.
«Անվճար հիմունքներով թռիչքի դասեր»:
Ամբոխի ձախ կողմից, հազիվ ոտքերը քարշ տալով՝ դուրս եկավ 50 անց մի կին ու գրգռված ձայնով սկսեց կշտամբել ինձ.
«Էս ո՞ւր էիր: Տե՛ս, հաճախորդներիդ հերթը որտեղ է հասել: Արագացրո՛ւ, անցիր գործի»:
«Իսկ դու ո՞վ ես»,- հարցրեցի ես:
«Ի՞նչ է, արդեն մոռացե՞լ ես: Քո գործի մենեջերն եմ` Հասմիկը»:
Ես, այլևս առանց խոսք ասելու, անմիջապես անցա գործի: Թռիչքի դասերն սկսվեցին նոր թափով ու աշխուժությամբ: Կնոջս ուրախությամբ պատմեցի երազս:
Նա, շեկավուն մազերը աչքերիս առաջ կախելով, կիսաձայն սկսել խոսել.
«Միկո ջան, երազիդ անծանոթները հենց դու ես, ավելի ճիշտ` քո թախիծներն են, որ կերպարանավորվելով՝ քո աչքը շոյող մարդկային լավագույն կաղապարներն են ստեղծում: Դու այժմ ու միշտ կարող ես թռչել երազումդ, քանզի եթե չթռչես, թախիծներդ ավելի կշատանան, և դու հավետ կկորչես անծանոթների անընդհատ առատացող կորուսյալ աշխարհում»:
Ես ուրախացած գրկեցի կնոջս գլուխը ու ամուր համբուրեցի նրա շուրթերն այնպես, որ նա զգաց բոլոր անծանոթ եսերիս հրճվասեր շուրթերի դողը: Կինս սարսափահար նայեց ինձ ու ասաց.
«Սիրելիս, դու եսերիդ տերն ես դարձել»:
Ես քնիս հայացքը, որպես երազիս զինանշան, շրջեցի աչքերիս առջև և մանկան գոռոզամտությամբ ժպտալով՝ ուղեղումս մարսեցի քնաթաթախ եսերիս պատահական, կարճառոտ մտքերը:

Հ.Գ. Երբ քնում եմ, հայտնվում եմ իմ իրական հայրենիքում, որն այդպես էլ չգտա և ոչ մի համաշխարհային քարտեզի վրա: Ես այդ հայրենիքիս որբ զավակն եմ, որը հյութ է խմել թափանցիկ մրգերից և անհագուրդ երաժշտական հնչյունների ներքո անզգայացել` լայնասփյուռ, լուսակծիկավոր թիթեռնիկների կախարդական զմայլանքին անձնատուր:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն