«- … Արդյոք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատվիրել էի, որ չուտես:
— Այս կինը, որ տվեցիր ինձ, նա’ տվեց ինձ ծառի պտղից, և ես կերա»:

 

…Ու Եվան, հաստատ,
ավելի ցավեց
Ամուսնու հավետ
կորստի համար,
Քան թե դրախտի և կամ Աստծո…

Օրը ամփոփվեց
սենյակիս ներսում,
Ուրեմն դրսում
մթնել է արդեն.
Իմ տխրությունը
վնասակար չէ
Առողջությանը ոչ իմ, ոչ էլ քո:
Թույլ տուր մի փոքր զգալ էությունս,
Մի քիչ արտասվել կանանց նախամոր
Վշտերի համար.
Նույնիսկ դրախտում`
երջանկության մեջ,
Նա երազում էր
Երազել նորից`
Ոսկե վանդակի դուռը բացելով:
Միայն ամուսնու փոքրոգությունը
Հավիտյան կողպեց դռները բոլոր`
ալֆայից մինչև օմեգա և մահ:

Որպես հերթական անհաղորդ Ադամ`
Դու չես լսում ինձ,
իմ կանխորոշված
հավերժ բարեկամ,
առասպելաբար վաղեմի ընկեր.
մեր միությունը խորտակված է դեռ աստվածաշնչյան սուրբ ճշմարտությամբ…

***
Ես և ծառը ծերանում ենք հավասարաչափ.
բայց ծառը դրանից
ողբերգություն չի սարքում
և ամեն աշնանամուտին
բանաստեղծություններ չի գրում տերևաթափի մասին:

Ես և ծառն ունենք ընդհանրություններ.
սիրում ենք պճնվել և
գեղեցիկ լինել մահու չափ.
բայց ես թույլ չեմ տալիս,
որ պատահական մարդիկ
տապից հովանան իմ ստվերում:

Իմ ու ծառի միջև մի օր չի լինի ոչ մի էական տարբերություն`
առավելապես ձևի և բովանդակության տեսանկյունից.
Մենք պատվանդան կլինենք այլոց քայլերի և
արմատների համար.
Բայց առայժմ
Ծաղկում միասին,
Շփվում ենք հազվադեպ`
Անտեղյակ միմյանց մտորումներին,
Աննկատ ու լուռ
Եվ չափազանց
կանաչ:

***
Այլ ճակատագրից
թեթև գողություն.

Հավատում ես, թե «պահով ապրելու»
գտնված միտքը
միակ լուծումն է բոլոր հարցերի:

Երկնքի գույնը արձագանք չունի
մտորումիդ մեջ:
Երկնքի գույնը արտացոլվում է
կույրի աչքերում:

Իսկ կամրջի տակ անձրևից փրկված տեսնող աչքերից
ենթադրությունը կիսով չափ զուր է:
Կարգախոսները հոգնում են արդեն իրենք իրենցից,
Եվ կամաց-կամաց
բոլորն ավելի արագ են ապրում:

***
Խայտաբղետ խանութում`
մարդկային աղմուկի
և ձեռքից ձեռք անցնող իրերի
զրնգոցի, խշխշոցի և շխկշխկոցի մեջ,
որովայնիս շրջանում
նորից արթնացավ
մենակությունը:
Փորձեցի սեղմել կոկորդը և/կամ
բերանը փակել,
Սակայն որքան մեծ էր
լուսավոր աղմուկը,
այնքան ավելի էր սրվում
Բացակայությունը
ամենայն իմաստի:

Ես փակեցի ականջներս:
Աչքերս փակեցի:
Ու լսվեց երաժշտությունը
Ամենախորքից`
չափազանց նման
խանութի աղմուկին:

Տպագրվել է «Գրեթերթ», 2010, թիվ 1

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն