Լիցքաթափություն

հասցեազուրկ մտքերի պես
ձեռքերս լցրի
գրպաններս…

թաքցրի անհեթեթն իմ…
անհեթեթն ինձ…
անհայտացրի…

անհայտացրիվ անդունդի նման
շարժվող մի անհայտ…
ձեռքերի տերևաթափ…
շարժական մի անդունդ…
անդունդներ…
անդունդ, որ միշտ քեզ հետ է…
մորուսյալ հրացանակիր –
դու կրկին սառն ես թեյում…
ու ցրում գրիչդ հարևան սեղանի
դեռատի աղջկա մտապատկերում…
արևի թարթումները մեզ
տանիքներ են դառնում…
ստվերն իջնում է…
դառն է…
դառնաղի…
համն է…

դեռատի մի հասցե
որ հասցնում է ինձ –
— իր անդունդին…

խորթ է ու խոնավ…
ու խավարում խոնարհ…
խարխափումի մեջ –
խենթի խարդախում ու
խարդավանք…

ու կրկին օտար ենք թափվում
գրպաններիս մեջ…

Կեղեւեքում

կեղեքում…
կեղևից դուրս…
կեղևում –
կեղևեքում…

մեկը…
երկուսը…
մեկը երկուսում…
ու ևս մեկը մեկում –
երկատում…

բարձունք…

պրկում…
պրկանքներում –
ձնարձակում…
ու անկումի մեջ –
դատարկության ձգողություն…
ձնծաղիկի տեղ ջղաձգում –
սառցունքներում…

ԲարձիթողԴ եմ…

համրաձայն եմ…
ԲարձիթողԴ եմ…
պրկվում են թիթեղները խլության…
խարխլումից անդին ձայն լռումի –
բայց ոչ լռության….
ողնաշարս մերկ մտրակվում է հողին…
գալարվում մարմնիս ներսում…
մարմնից անկախ…
լքվում առ անկումը խնձորի –
Իմ համրաձայնն եմ…

այտը կարմրաթուշ այտուցված է…
այտն` ապտակումի հետևանք…
թե կարող ես…
և ոչ` կարելին է –
Քո ԲարձիթողԴ եմ…

Ես ենք…

Նրան ասացին, — դու ես սպանել…
Ասաց, — ես չեմ…
Ասացին, — դո՛ւ ես…
Ասաց, — չէ՛…
Ասացին, — ուրեմն ո՛վ էր…
Ասաց, — նա ով ես չեմ…
Ասացին, — ուրեմն ո՛վ ես դու…
Ասաց, — իսկ դո՛ւ…
Ասացին, — մենք շատ ենք…
Ասաց, — ես` ենք…
Ասացին, — բա մե՛նք…
Ասաց, — ես` էլ…
Ասացին, — ուրեմն դո՛ւ չես…
Ասաց, — չէ…
Ասացին, — շատ լավ, ուրեմն չենք…

Էրոս

Ավելիներիդ հավելվեմ
ճզմեմ ճկույթախաղդ….
անխաթարդ խաթարեմ
ու խայթեմ անտառդ…

համրությունդ լարեմ
բաց թողնեմ զսպումդ…
հարթությունդ ժանտախտեմ
ու թանձրացնեմ պրկումդ…

անխառդ խառնեմ
արթնացնեմ արմատդ…
մատներս ներսդ ամրացնեմ
ու խավարեմ խարանդ…

հոսքերիդ դեմ հոսեմ
խաղողեմ երկաթդ…
հեղձանքս ներսում գնդեմ –
գայթանքներիդ սանձարձակն եմ…

անփութացնեմ փույթերդ…
անփույթս թող սեր կոչվի..
դողէրոցքս է ամառ
ու խեղված են դիմախաղերդ…

ջարդեմ իմ ջարդվածքդ…
ջարդվածքը թող մենքանա…
ջանքերիդ ավարտն հանգուցեմ
ու հետո միայն սկսեմ
սիրախաղս……

Կեսբաժակ

…երբ դու կոտրեցիր իմ սիրելի կավե բաժակը……
չնայած այն չէր կոտրվել ամբողջությամբ —
ընդամենը կեսն էր առանձնացել…

— ես հասկացա,
որ բաժակը չի եղել երբեք…
այն միշտ չկա…

Գիշերն է շարժվում…

(Նրան, ով ինքն է… ու ապրում է կոկորդիս մեջ…)
անձկության մեջ շարժվում է գիշերը…

անձկությանդ մեջ շարժվում է քաղաքը բազմանկումիդ
ու փողոցի տձև դիմադրությունը…
դիմադրությունդ…

շարժվում է ծով-անկումը..
անկումդ…

ծովիդ անկումը ամուր երկնախոռոչների
պիրկ մատներում,
որ չեն հանդուրժում փափկասուն ավազներն ու
թանձրացնում են խռիվ կուրծքը ոսկեփայլ հատիկների….
գնդվում է ծովափը լուսնաժամին…
ծովն ուղղվում է դեպի ներփակումն իր,
Ձեռքեր է որոնում սեփական
հատակում – կառչելու համար —
դիմադրող ջղերը մակընթացության….

մատներս ցցուն ժայռեր են…
որ չեն հանդուրժում ավազուտը մաշկիդ…
(գիշերն է անտակ… — թե արթնանա)
մատներս խրվում են ներփակումիդ մկանաշերտերի մեջ
ու գտնում Ձեռքեր – կառչելու համար…
դրսի ձայները խառնվում են մակընթացությանդ…
բերանդ աղավաղում է արդեն ասվածը…
ածանցյալը անցյալի…
ածելու պես ճշմարիտ
անածանցելի…
չանցյալվող մի պրկում,
որ հավերժ է –
— Է-ի պես –
և դնում է վերջակետը ժամանակի տխեղծախաղին…
ու վերջապես —
մնջախաղիս ներկերը ծորում են դեպի
ստինքներիդ զոդագծերը
ու բնավորում մի նոր ժամանակ…

սրանից անդին գիշերն է շարժվում
ու իր նմանակին… —
նմանակիդ հանդիպելով
սկսում նոր-Ձեռքերդ որոնել… —
կառչելու համար….

որովայնս է անտակ

որովայնս է անտակ…
և ուժերս հատեցին ինձ հաղթելու ճանապարհին…
հատվեցին` ճանապարհին…

հիմա փոսն եմ շոշափում…
որ որովայն չէ —
ու ոչ էլ` որովայնս…
նա –
միշտ ուրիշ մի խոռոչ…
որ ուրվագծում է մենության միջնապատեր…
և քանդում ոտք դնելու հենարանները բոլոր…
որովայնս է անտակ…

սարդը ամրացնում է կենսաթելերն իր
կողերիս անգոյ միջնապատին…
պրկում՝ մինչև սահմանը հնարավորի…
դատարկության մեջ – դատարկի ուրվագիծ ու
շոշափում…

հրեշ է որովայնն այս…
Ի սկզբանէ ծնելու անընդունակ…
անգամ ինքն իրեն ծնանելու…
միշտ ուրիշ մի խոռոչ…

Երեք տարի առաջ բժշկի ձեռքը այն լցրեց իրենով…
մաքրեց մահվան զանգվածից…
ձեռաշարժություն ճակատագրի…
ու գիրը տևեց նորից…
Ա-ից մինչև Ք-ն…
փոսը կենդանացավ…
միշտ ուրիշ մի խոռոչ…

սարդն էլ երեխա է եղել…
ու թռչկոտել ծառի երկնքում…
բայց հիմա…
որովայնս է անտակ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն