Մեքենայից դուրս եկա առանց շարժիչն անջատելու, ուղղակի արգելակեցի, արձակեցի ամրագոտին, բացեցի դուռն ու իջա: Որովհետև հոգնել եմ: Որովհետև, գրողը տանի, եկել-տիրել է ինչ-որ հերն անիծած ճգնաժամ ու քիչ է մնում գոռամ անելանելիությունից:
Տիկ-տակ: Դեդլայնի զգացումը կուլ է տալիս ինձ, ծծում բոլոր կենսական ուժերս ու դուրս թքում արդեն ճզմված մի զոմբի, որն ի վիճակի է միայն քնել կամ հարբել՝ հաջորդ օրվա վազքին պատրաստ լինելու համար: Մեկ-երկու-երեք, սրտի զարկերակները հավասար են րոպեում 112 հարվածի, դա պարզ է այնպես, ասես գրված լինի ֆիտնեսի վազքուղու վրա: Բայց լարվածությունը միայն ավելանում է: Ճնշումը մեծանում է, պետք է կանգ չառնել, միայն առաջ, նորից, չկանգնել: Սրտի հարվածները հավասար են րոպեում 134 հարվածի: Ճակատիս զարկերակը պատրաստ է պայթել, ամեն ինչ արդեն լղոզված է դեդլայնի մամլիչի անասելի ճնշման տակ: Աշխարհն արդեն սլանում է կողքովս ձայնի արագությամբ ու երևում է միայն անորոշ ընթացք՝ դեպի ոչ մի տեղ: Հարվածները հասել են րոպեում 157-ի: Այլևս ուժ չկա: Ես արգելակում եմ ու դուրս գալիս: Մի քանի քայլ անց կռանում եմ և առատորեն փսխում օրվա ընթացքում խմածս ողջ սուրճը: Առանց դիմադրելու, առանց պաշտպանական ռեֆլեքսների: Պարզապես թույլ եմ տալիս, որ մարմնիս տեմպն ապահովող այդ վառելիքը դուրս գա մեջիցս: Վերջ: Հիմա ես կարող եմ քայլել ավելի հեռու: Ավելի հանգիստ:

***
-Ելակով ֆրեշ,- ասում եմ խաչմերուկի մոտ գտնվող կրպակի աշխատողին: Ջահել տղա է ու երաժշտությունն էլ էստեղ լավն է, հիմնականում՝ ինչ-որ ռեպ, որը զարմանալիորեն համահունչ է քաղաքի այս հատվածին: Ժամանակին ես լսում էի սա անդադար ու միգուցե այնքան անհոգ էի, ինչպես անհոգ է այս տղան, որը անշտապ լցնում է հատապտուղը բաժակի մեջ ու հարցնում սառույցի սիրածս քանակը:
-Նորմալ,- ասում եմ ես՝ փորձելով հիշել, թե իրո՞ք հնարավոր է լինել այնքան անհոգ, ինչքան անհոգ է այս տղան: Ես փորձում եմ ավելի մանրամասն հիշել այդ «ժամանակին» ասվածը, բայց սարսափում եմ: Ուզում եմ շրջվել ու նայել հետ, բայց հասկանում եմ, որ չեմ կարող; Վիզս ինձ չի ենթարկվում ու ոչ էլ ոտքերս ու մեջքս: Ուզում եմ շրջվել, բայց պապանձվել-մնացել եմ տեղս:
-Մի նյարդացի, ապեր, հեսա կլինի ֆրեշդ,- ասում է տղան ու միացնում հարիչը: Դրա ձայնն ինձ հանգստացնում է:
-Օքեյ,- ասում եմ: Հարիչը վժժում ու շխշխում է՝ ջարդուփշուր անելով սառույցի կտորներն ու ճզմելով ելակները: Ռեպը հնչում է հանդարտ միատոն բիթով, որին, բացի հարիչի ձայնից, խառնվում է խաչմերուկի կողմից եկող աղմուկը:
-Ինչ-որ հիմար մեքենան կանգնեցրել է հենց խաչմերուկի կենտրոնում, պատկերացնո՞ւմ ես,- ասում է տղան:
-Չէ հա,- ասում եմ ես:
Հարիչն անջատվում է ու ֆրեշը տարայից տեղափոխվում է բաժակի մեջ: Տղան այն մեկնում է ինձ, ես վճարում եմ ու մեծ կում անում հաստ ձողիկով, որի միջով հանգիստ անցնում են ելակի ու սառույցի բավական խոշոր կտորները: Քայլում եմ դեպի խաչմերուկն ու կանգնում հետիոտների անցումի մոտ, մի քիչ հեռու, լուսացույցի տակ: Խաչմերուկի կենտրոնում իմ մեքենան է, որով ես խելապատառ ինչ-որ տեղ էի շտապում րոպեներ առաջ: Իսկական խցանում է, որովհետև միանգամից փակել եմ երկու սեկցիա ու երթևեկությունը կաթվածահար է լինում՝ փորձելով շրջանցել իմ տրանսպորտային միջոցը: Ես նայում եմ այդ ամենին ագահորեն խմելով թարմ ու սառը զանգվածը: Մոտս բութ կենտրոնացում է, որը լինում է, երբ, ասենք, որևէ հետաքրքիր բանի նայելիս կամ սպասելիս հանկարծ սառում են աչքերը: Ու որտեղ ասես չեն գնում մտքերն այդպիսի դեպքերում:
Դեմքիս հիմար ժպիտը տեսնում եմ պլաստիկ բաժակի վրա, արտացոլանքի մեջ: Հիրավի անհոգ դեմք է, գրողը տանի: Ուր էի ես այդքան շտապում… Փորձում եմ պատասխանել ինքս ինձ, բայց մտքիս միայն մեկ բառ է գալիս: Ճգնաժամ: Ճգնել բառից: Պլյուս ռետրոֆոբիա՝ հենց նոր հորինված, անհասկանալի ու չուսումնասիրված հոգեկան տկարություն՝ վախ անցյալի նկատմամբ:
Ես նորից փորձում եմ շրջվել: Պապանձվում եմ, նայում եմ ոտքերիս, տեսնում, որ կանգնած եմ քիչ առաջ փսխած սուրճի վրա: Գրողը տանի: Կտրուկ շարժումով պտտվում եմ, բաժակիս կափարիչը մի կողմ է թռչում, ելակի ֆրեշի մի ահագին մասը թափվում է՝ ձեռքիս, ժամացույցիս, գետնին, կոշիկներիս, խառնվում ասֆալտին հանգստացող սուրճի հետ: «Պետք է նորը պատվիրել, էս անգամ բանանով»,- մտածում եմ ես ու ուզում վերադառնալ ֆրեշի կրպակի մոտ, որտեղից աղոտ լսվում է ռեպի միալար բիթը: Չեմ կարողանում: Ոտքերս ասես գամվել են գետնին, ես չեմ կարողանում շրջվել հետ: Չեմ կարողանում գնալ հետ: Քայլ եմ անում առաջ: Շարժվում եմ: Քայլերս տանում են ինձ մեքենայի մոտ: Անցնում եմ ազդանշանների վայնասունի միջով: Զգում եմ ինձ ուղղված հայհոյանքների ու սուլոցների ծակոցները: Այս մարդիկ մեղադրում են ինձ իրենց ժամանակը գողանալու մեջ: Իրենց ընթացքը դադարեցնելու: Ես նետում եմ ֆրեշի բաժակը նրանցից մեկի ուղղությամբ: Ինչքան ուժ ունեմ՝ գոռում եմ: «Տիրոջդ մերը»,- պատռում եմ կոկորդս: Բայց բաժակս հեռու չի թռչում: Այն ընկնում է հենց ինձ վրա, ամբողջովին կեղտոտում հագուստս: «Ձեր տիրոջ մերը»,- խռպոտում եմ ես:
Նորից նստում եմ տեղս: Կապում ամրագոտին, փակում դուռն ու սեղմում գազը: Ամեն ինչ սկսում է շարժվել: Տեսնում եմ հանդիպակաց եկող բեռնատարի հսկայական դիմամասը: Առանց սուրճի մնացած կոպերս ճգնում են սեփական ծանրության տակ:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն