Ճոճաթոռը քամու վրա,
մահը պայթում է 
լուսնի ափսեում,
դանդաղ իջնում է բոթը
և տարածվում, ինչպես կծվահամ՝
օդի թանձրացած շիթերում:
Սա մի չհիշվող ողբերգություն է, 
առօրյա դիպված,
որից ոչ ոք չի արտասվելու:

***

Լորկա՛,
Լորկա՛,
Լորկա՜…
Քո անվան մեջ, 
քո հանգի մեջ
դող կա,
Լորկա՜,
քեզ սպանեցին, 
ու մինչ այսօր
բառի սով կա…
ձիթենին քո թախծից է 
միայն ծաղկում, 
արևը` սարսռած լավա,
այրում է,
մինչ դու
ննջում ես
քամու թևերին:
Լորկա՛,
Լորկա՛,
Լորկա՜…
բաց է դեռ քո պատուհանը,
լույս է վառվում,
ո՞վ կա,
ո՞վ կա

***

Լավագույն բանաստեղծությունները
արցունքներս էին,
չորացրի բարձերիս վրա,
գրքերիս մեջ,
որ ոչ ոք չտեսնի…Տղամարդիկ չեն արտասվում, ամո՛թ է,-
կրկնում է մորս ձայնը գանգատուփիս մեջ:
Տղամարդիկ մեռնում են
առանց գոռալու՝
մարսելով ցավը որովայնում:
Մա՛մ, վաղուց արդեն չեմ արտասվում.
դու սպանել ես իմ մեջ
քնքշությունը,
պրոզայիկ սենտիմենտը,
ես հիմա հասարակ
բառասեր եմ:

 

***

Ու ցավը
կարդում է մեզ
բառերով:

***

Երեկ պարզեցի, որ
կատարյալ տղամարդ եմ,
լավ սիրեկան ու կարգին պոետ –
զարմանքից շիկնեցի:
Մեծարեցին ինձ` խմեցին կենացս քսան անգամ,

կարդացին անհաջող բանաստեղծություններս ու
ծափ տվին,
հայրս զղջումով համբուրեց
կնճռոտված ճակատս,
երեկ աշխարհը զարմանալիորեն բարի էր.
երեկ ինձ
թաղեցին:

***

Լողում է սաղմն
անգլուխ հոշոտված աշխարհի արգանդում, սողում է մաղձն ի վար
լպրծուն բոզերի երախում:
Խուլ ամբոխը հանճար է փնտրում`
վիժելով տաղանդը հատու,
ու բոլորը օրգազմ են ապրում
էնդեմիկ անպատիժ դրախտում:

***

Բառերը թող չիմանան,
որ սպանում են:

***

Լիան կույս մեռավ,
Միան գտավ իր տղամարդուն
Աֆրիկայում,
Թինան հղի է,
բայց վիժում է միշտ հինգերորդ ամսում,
Լինան Լոնդոնում հիմնեց
մեծ բիզնես,
եկավ Երևան,
շտապում է ֆիթնես:
Իսկ ես՝ անճարս, նույնը մնացի՝
անպետք, անփող ու առանց քածի։

***

Եվ ի վերջո ի՞նչ է 
բանաստեղծությունը. 

Նամակ, որ երբեք
չի հասնի Աստծուն:

***

Իմ մասին չեմ պատմում. 
կարդացեք անհաջող բանաստեղծություններս, 
դրանք իմ չապրած օրերն են՝ կենսագրությանս չհիշվող բառերի տրցակ… 
գրի եմ առնում` չմոռանալու համար: 
364 բանաստեղծություն… 
մեկ օր է ինձ տրված ընդամենը, 
որ սիրեմ, մերժվեմ, սիրով զբաղվեմ,
կորցնեմ ու մոռանամ 
կյանք կոչվող
էս գերբնական հիմարությունը:
Էս ինչ տխմար նովել ես գրում, Աստվա՛ծ, 
մի կարգին վերջաբան գրի՛ր. 
չեմ ուզում մեռնել ծիծաղից։  

***

Մարդը սրբեց քրտինքը,
հողը խուլ տնքաց, 
շիվերը՝ հանց անջուր ծաղիկներ,
թոշնեցին մթում,
մորթված հսկան կլանեց օդի վերջին վակուումը
ու ցողեց,
ծառը կանաչ արյուն ցողեց։

***

Ամբոխը խմբվում է արագ,
իրար մեջքի են կանգնում, 
ծափերով, գոչյուններով
էշին ամբիոնն են հանձնում։ 
Նա զռում է ուղիղ չորս ժամ, 
պաթոսի լոզեր է թափում, 
ծիծաղկոտ, ուրախ ամբոխից 
մեծարման ճառեր պահանջում։  Հայրենի՛ք, սո՛ւրբ երկիր, հայի՛ տուն,-
վանկարկում է ամբոխը, երգում, 
ննջում են անոթի մարմինները,
պարում են քամուց եռագույն:

***

Ինչ տխուր է այս տանը.
Թափթփված հագուստների մեջ
ննջել է մահը։
Գաղջ շենքերը լափում են
աղջամուղջի վերջին փաթիլները։
Ես փռվել եմ ունայնության մեջ,
բազրիքից դանդաղ կաթում է ճակատիս
լույսը:
Ինչ ցուրտ է այս տանը, ուր սեր չեն անում
գիշերները,
չի լսվում մանկան հեկեկոց,
և ոչ ոք չի հանդիմանում
ուշ վերադառնալու,
հարբելու,
ընթրիքը փչացնելու,
խռմփացնելու,
նվազ սիրո ու տղամարդկային էգոյի համար:
Ինչ տխուր է այս տանը,
ուր ոչ ոք չգիտի
որ մեռել եմ:

***

Մեռնելը ախր 
շատ թանկ է՝ 
փող չունեմ, այ մա՜րդ, 
փող չկա,
ապրելն էլ անօգուտ մի ակտ է՝ 
աշխատիր, շնթռկիր, կեր,
զռռա:
Թիվիով ասացին 
սթրվեք՝ 
վարակվել է
երկու միլիոն 
մարդ, 
ինձ խեղդում է լռության 
պանդեմիան, 
դեղ չկա, 
դեղ չկա։ 
Շատ հոռի անարդար է ապրելս անարցունք, անպատճառ, առանց մահ, գոյը իմ՝
Աստծո
անեծքն է, 
ապրող մահ, 
ապրող մահ։ 
Վերջ, գնում եմ քցվեմ
ջրերի մեջ, 
օձապար վտակին միանամ, 
կլինի միշտ ձեզ հետ՝
պանդեմիան,
սինդրոմն անօգուտ
գոյության:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն