Ինքնամաքրում
Շերտազատվում եմ`
պատառոտելով շապիկն ապրումիս,
ներսիցս հանում «Հոմո Սապիենսին»,
որ իմ շապկահան փոխակերպումում
պիտ վերածնվի շողերով լույսի`
որպես մարդ,
իբրև լույսի անդրադարձ.
լույսից լույս-Աստված…
Տենդ
Բառիս համբերությունը հակասում ինքն իրեն`
փուլ գալով ձեղուններիցս կախված վիհերիդ մեջ…
Ժամանակս` անզգա.
ամենամերժ է հավաստումս հավիտենությանը,
ծաղրանքի ճոճք ինքնախոկումիս:
Չեմ տապալվելու.
հերձաթև ծառի ապրող ճյուղի պես
կյանք եմ պարզելու երկնափեշերին…
Ինքներգություն
Քամի աղջիկ եմ.
դաշտը հևում է…
Նրա մաշկին իմն եմ…
Վաղս` քեզահամ, որ հասցե չունի,
մի օր ծովինն է, մի օր` երկնալեզ…
Ես` օդահամբույրից հեթանոս դարձած,
ում երակների քնքուշ ալիքում
կրակ է, լույս է դողէրոցքի մեջ,
ամեն առավոտ` սեթևեթանքի նազով խատուտիկ,
նորից եմ ծնվում հավատահանդերձ,
իսկ վերջալույսին մնում… մորեմերկ…
Քամի աղջիկ եմ:
Ինքնություն
Իրիկնաժամին, հորանջող օրվա քնատ քաոսում,
երբ սարսափելին հիշողությունն է,
պատուհանս լապտեր է խոնարհ
լույսով թափանցիկ, ոնց հյուծախտավոր,
բայց և հոգեառ ու մահ խավարի,
որպես մարտիրոս…
Լույսս- մարտիրոս…
Հարդագողյան ճամփա
Արնաթաթախ եղունգներով ճանկռելով հուսահատությունս`
որոնում եմ պատի առջև գտնվելուս հայտնությունը…
Հանկարծ հասկացա, որ երկաթե կողպեքներով
փակ են դռները` մի կյանք ապրելու,
սակայն, քավ լիցի…
ամենևին էլ խաբկանք չէ ճանապարհը,
որ դարձ է`
ինձ` ինձ մոտ բերող: