— Մի անգամ, երբ վերընթերցում էի Դոստոևսկու «Ոճիրն ու պատիժը», հասկացա, որ Դոստոևսկու գրչի միակ գերնպատակը իր մարդասպան հերոսին արդարացնելն ու անմեղսունակ դարձնելն է: Հա, Ռասկոլնիկովը զղջում է, խոստովանում, որ սպանել է, բայց ցավոք սրտի արդեն ուշ է: Պառավն արդեն մեռած է,- հանգիստ տոնով պատմում է սպիտակ վերնաշապիկով երեսունամյա տղամարդը երիտասարդին, որի ձեռքերն էր կապում: Զոհի աչքերը փակ էին, երևի քնաբեր էր ներարկել կամ այնպես էր հարվածել, որ գիտակցությունը կորցրել էր: Բայց կարևորը դա չէր, այլ այն, որ զոհը շուտով կարթնանար: Քիչ մնաց արթնանալուդ,- շոյելով երիտասարդի ոսկեգանգուր մազերը՝ շշնջաց տղամարդն ու բարձրացրեց դեմքը՝ մի լավ ուսումնասիրելու համար: — Փայլուն մաշկ ունես, աչքերդ էլ, երևի, կանաչ են կամ բաց շագանակագույն: Հետաքրքիր է՝ ի՞նչ մասնագիտություն ունես: Օրինակ, ես մարդասիրությամբ եմ զբաղվում, սիրում եմ մարդկանց սեր պարգևել,- տղամարդը նայեց վերև ու խաչակնքվեց: Ապա մոտեցավ փոշոտ սեղանին, վերցրեց սրվակն ու պարունակությունը քաշեց ներարկիչի մեջ: Լսվեցին երիտասարդի զարթնող մրմունջները, ազդարարումը՝ գիտակցության գալու: Տղամարդը ներարկիչը դնելով սեղանին՝ մոտեցավ երիտասարդին ու խոնարհվեց:
— Ողջո՜ւյն,- տղամարդու դեմքին շողացին սպիտակ ատամները,- ես երկար էի սպասել այս պահին: Երիտասարդը բացեց աչքերը, և, ի զարմանս տղամարդու, աչքերը կապույտ էին: Դանդաղ գիտակցության գալով և հասկանալով իրադրությունը՝ սկսեց անհանգիստ շարժումներ անել:
— Մի վախեցիր, ես դեռ քեզ ոչինչ չեմ անելու: Այսօր զրույցի ժամ կհայտարարեմ,- երիտասարդը ոչինչ չպատասախանեց, բայց մարմնի անհանգստությունն ու շնչառական խախտումները գոռում էին նրա փոխարեն: Տղամարդը մի աթոռ վերցնելով անկյունից և նստելով երիտասարդի դիմաց՝ սկսում է ուշադիր նայել մե՛կ աչքերին, մե՛կ մարմնին:
— Ես գիտեմ, որ փոքր ժամանակ աչքի ընկնող երեխա ես եղել,- շարունակեց տղամարդը՝ նայելով երիտասարդին,- որ մայրդ հարևանների մոտ շատ էր գովում տաղանդդ՝ կիթառ նվագելու:
Երիտասարդը գլուխը կախեց, հետո փակելով աչքերը՝ խորը շունչ քաշեց: Այս նկատելով՝ տղամարդը ավելացրեց.- Հա՛ գիտեմ, որ չէիր սիրում կիթառ նվագել, ատում էիր և՛ մորդ, և՛ հարևաններին, և՛ այդ գրողի տարած կիթառը: Երիտասարդը աչքերը հառեց տղամարդուն, վերջինս թեթև քմծիծաղեց՝ շարունակելով:
— Անցանք առաջ: Հետո դու ավարտեցիր երաժշտական քոլեջը, շփվող տեսակդ ցուցադրելով՝ ձեռք բերեցիր բազմաթիվ ընկերներ, լայն շրջապատ: Զգացիր դավաճանություն, ապրեցիր սիրո կարևորագույն օրերդ: Մի խոսքով, հագեցած կյանք ունեցար:
— Ինչո՞ւ ես ինձ պատմում իմ կյանքը,- արտաբերեց երիտասարդը, ու տղամարդը շատ ապշեց:
— Վաո՜ւ, ինձ թվաց՝ լեզուդ կուլ է գնացել,- տղամարդը սկսում է բարձր ծիծաղել, և երիտասարդը շատ է զարմանում, որ տղամարդը կարողանում է վայրկյանների ընթացքում սպանել դեմքի ժպտացող միմիկայի թելերը՝ տալով դեմքին լուրջ, անգամ սարսափելի անկենդանություն:
— Դեռ խոսելու ժամանակ կունենաս, լպրծուն,- ձայնի մեջ սպառնանք ու չարություն կար:- Բայց հիմա խոսելու հերթը իմն է, որովհետև քո մասին շատ բան ունեմ պատմելու քեզ:
Երիտասարդը չշփոթվեց տհաճ իրադրությունից, որում հայտնվել էր, ընդհակառակը, փորձեց սառը դատել՝ հասկանալու՝ ինչպես դուրս գալ նկուղից: Ամբողջ ընթացքում, ինչ արթնացել էր, նրան մեկ հարց էր տանջում. որտե՞ղ է տեսել էս տղամարդուն, որի դեմքը ծանոթ ու նույնիսկ հարազատ էր թվում: Բայց տղամարդու ապտակը սթափեցրեց երիտասարդին:
— Քեզ հետ եմ խոսում, հարց տվեցի քեզ։
Երիտասարդը վախից քարացավ, բայց հավաքելով ողջ ուժերը՝ հարցրեց.
— Ի՞նչ հարց,- նրա ձայնը կամաց էր, կարծես հոգեբանորեն փորձում էր տղամարդուն չզայրացնել, ցույց տալ՝ իբր ինքն է մեղավոր, որ հայտնվել է նման իրադրությունում, այլ ոչ տղամարդը: Սա բավականին վտանգավոր, բայց և դիվանագիտորեն ճիշտ քայլ էր՝ փրկվելու համար:
— Ես գիտեմ, թե ինչու չէիր լսում ինձ: Երևի մտքումդ փրկվելու կետերն էիր մշակում: Ուզո՞ւմ ես՝ հիասթափեցնեմ քեզ, դու երբեք այստեղից չես կարող փախչել: Հանգիստ եղիր:
Այս ասելով՝ տղամարդը մոտեցավ պատին փակցված միակ լուսանկարին, ինչը երիտասարդը մինչ այդ չէր նկատել: Լուսանկարում սև, երկարամազ, կանաչ աչքերով երեսուն տարեկան կնոջ պատկեր էր: Տղամարդը սկսեց շոշափել լուսանկարը ու խորը հոգոց քաշելով՝ նայեց երիտասարդին:
— Գիտես՝ լուսանկարում պատկերվածը կինս էր: Նա միշտ այնքան սրտացավորեն էր մոտենում ինձ, դա սիրո լավագույն դրսևորումներից մեկն էր ինձ համար: Նա լավ գիտեր՝ ինչ եմ սիրում, ինչից եմ զզվում, բնավորությանս վատագույն կողմերը միշտ արդարացնում էր: Իսկ մի անգամ ես ապտակեցի նրան, նույնիսկ չեմ հիշում, թե ինչը ստիպեց ձեռքիս՝ նման մեղք գործել այդ սուրբ կնոջ հանդեպ: Հիշում եմ՝ նա բարձրացավ հատակից, թափ տվեց շորերը ու հարցրեց. «Քաղցած չե՞ս», ես գլխով դրական նշան տվեցի, նա թույլ ժպտաց ու գնաց խոհանոց: Հաջորդ օրը կատարվեց մի բան, որը փոխեց իմ ողջ ապրելակերպն ու աշխարհայացքը… — տղամարդու ձայնը դողաց, ու երիտասարդի արյունը սառեց երակներում, երբ տղամարդը բռունցքն ուժգին հարվածեց սեղանին: Երիտասարդը մի պահ մտածեց, որ դա վերջն էր, որ այլևս փրկվելն անհնարին էր, բայց հույսն առավել շատ կտրեց, երբ տղամարդու թունոտ, բարկությամբ լի աչքերը խաչվեցին իր աչքերի հետ: Դա իսկապես սարսափելի էր: Երիտասարդը թուքը կուլ տալ չէր կարողանում, մի խանգարող ոսկոր կար կոկորդում՝ անցյալում կատարած գիտակցված արարքը, որը նա մինչ այդ չէր հասկացել, այդ պատճառով էլ չէր կարողանում հիշել, թե որտեղ էր հանդիպել տղամարդուն:
— Արի մի քիչ զրուցենք, ես քեզ հենց դրա համար չեմ սպանում,- տղամարդը հանկարծակի փոխվեց: Կարծես երկատված մեկը լիներ, որում ապրող մարդիկ, մեկը-մեկից հոգնելով, փոխվում էին:
— Ինչի՞ մասին,- երիտասարդը դժվարությամբ էր խոսում ու անընդհատ փորձում էր որսալ լուսանկարում պատկերված կնոջ դեմքը (շատ ծանոթ էր թվում ու շատ օտար):
— Դոստոևսկու…,- տղամարդը նստեց երիտասարդի դիմաց:
— Կա…Կարելի է:
— Վախենո՞ւմ ես:
— Ոչ:
— Իսկ ինչի՞ ես կակազում: Դեռ ժամանակը չէ վախենալու: Պիտի վախենայիր այն ժամանակ, երբ գործեցիր վատագույն մեղքերից մեկը:
— Ի՞նչ մեղք:
— Կասեմ: Մի՛ շտապիր:
Տղամարդը մոտեցավ սեղանին, բացեց օղու շիշն ու լցնելով բաժակների մեջ՝ մոտեցրեց երիտասարդին։ Երիտասարդին մի պահ թվաց, որ տղամարդը վաղուց էր պատրաստվել այս արարողությանը… Իրեն նկուղում փակելու արարողությանը:
— Միայն չասես, որ կհրաժարվես ինձ հետ մի բաժակ խմելուց,- տղամարդը դատարկեց իր բաժին օղին, իսկ երիտասարդինը մոտեցրեց շրթունքներին: Ծարավից երիտասարդը չհրաժարվեց իր բաժին օղուց ու միանգամից ամբողջը խմեց:
— Գիտեմ, որ ընկերներիդ հետ խնջույքներում և ընդհանրապես ալկոհոլ չես օգտագործում: Ինչ խոսք, գովելի է, նույնիսկ կասեի՝ հարուստ ընտանիքից դուրս եկած երիտասարդի համար ալկոհոլ չօգտագործելը խրախուսելի է մնացածների համար: Մենք Դոստոևսկուց պիտի խոսեինք:
— Ինչի՞ եմ կապված:
Տղամարդը մի պահ գլուխը կախեց՝ փորձելով հավաքել մտքերը:
— Դու շատ լավ գիտես, թե ինչու ես այստեղ,- տղամարդու ձայնում գաղտնիություն կար, որի բացահայտման բանալին դեռևս միայն նրան էր հասանելի:
— Ես չեմ հասկանում:
— Դոստոևսկին միակներից էր, որը արդարացնում էր մարդասպաններին՝ կերակրելով նրանց զղջման համեղ պատառները: Նրա հերոսները սպանում էին, իսկ հետո զղջում այդ արարքի համար, բայց սարսափելի պատիժը ոչ թե մարդասպան լինելու գիտակցումն էր, այլ՝ արարքի իրագործման իրական լինելը: Սպանվածին հարություն տալ չես կարող, իսկ այդ անտե՜ր գիտակցումը գալիս է միայն, երբ սպանել ես արդեն:
Երիտասարդի մտքերն այնքան խառնվեցին, որ նույնիսկ սրտխառնոց առաջացավ: Երևի վախից կամ չհասկանալուց ասաց.
— Երբ հայրս իմանա, որ նկուղում փակել ես ինձ, Դոստոևսկու պատմությունները կարող են իրական դառնալ:
— Հա, ես գիտեմ, որ հայրդ իր հարստությանը անմեղների գլուխները ճզմելով է տիրացել, որ քեզ նման լպրծունին էլ է փորձում այդպես դաստիարակել: Խոստովանիր: Որ ինքդ էլ ես ճզմել ՄԵԿԻ գլուխը:
Երիտասարդն ընկավ մտքերի մեջ: Տղամարդը թույլ ժպտաց ու երիտասարդին մոտեցավ այնքան, որ զգաց նրա անհանգիստ շնչառությունը:
— Երևի լուսանկարը մոտեցնեմ, որ լավ հիշես:
Տղամարդը մոտեցավ լուսանկարին ու պատից հանելով՝ շոյեց, ապա մոտեցրեց երիտասարդին:
— Լավ նայիր նրան, հիշո՞ւմ ես:
— Չէ, նա կապ չունի ինձ հետ:
— Այո, նա կապ չունի քեզ հետ: Բայց դու կապ ունես նրա մահվան հետ: Իսկ ես հետո կապ կունենամ քո մահվան հետ,- տղամարդը ծանր հոգոց հանեց, ապա սկսեց դանդաղ ու շշուկով խոսել:- Մեկ տարի առաջ, ձյուն էր գալիս: Ամանորի նախօրեին ես ու կինս պատրաստություն էինք տեսնում: Որոշեցինք միասին խանութներով շրջել…
Մեկ տարի առաջ
— Որ ասում եմ ՝ հայրս շռայլ մարդ է,- Արենը նստեց իր նոր մեքենայի մեջ ու երջանկորեն սկսեց շոյել մեքենայի կաշվե սալոնը:- Վերջին մոդելներից է:
— Մենակ ցույց տալով չէ, պիտի հասկանանք՝ իրոք վերջիններից է, թե հներից,- ընկերները սկսեցին ծիծաղել, իսկ Արենը բարկացած դուրս եկավ մեքենայից:
— Իսկ եթե ապացուցեմ, որ հզոր շարժիչներ ունի, ի՞նչ կանեք:
-Մի-մի բաժակ կթռչենք մեքենադ,- Արենը գիտեր, որ ընկերները կատակ էին անում, բայց դեռևս քսանմեկամյա նոր հասունացող հոգեվիճակն անընդունելի էր համարում այդ կատակները: Արենը նստեց ղեկի դիմաց, իջեցրեց ապակին, գլխով հասկացրեց ընկերներին, որ տեղավորվեն մեքենայի մեջ: Երբ բոլորը նստեցին, Արենը երաժշտությունը այնքան բարձրացրեց, որ հազիվ էր լսում ընկերների քրքիջը ու չէր հասկանում՝ ինչը ստիպեց նրանց կրկին ծաղրել Արենին ու իր մեքենան:
— Բան չենք լսում, ձայնն իջեցրու:
Արենը սա չլսեց ու ոտքը սեղմելով արագարարին՝ մեքենան պոկեց տեղից: Ընկերները հիացմունքով ինչ-որ բաներ էին խոսում, բայց Արենը մի նպատակ ուներ՝ ապացուցելու իր «տգետ» ընկերներին, որ հայրը ոչինչ չէր խնայել որդու համար: Նա շատ լավ հասկանում էր, որ ընկերները նախանձախնդրությամբ ընդունեցին Արենի ամանորյա նվերը: Քիչ հետո կողքին նստեղ ընկերը երաժշտության ձայնը իջեցրեց.
— Մեքենադ լավն էր, բայց վարորդը ախմախի մեկն է,- այս ծաղրանքը ստիպեց Արենին արագացնել մեքենայի ընթացքը: Այդ ժամանակ զանգահարեց բջջայինը: Զանգին պատասխանելու համար Արենը փորձեց դանդաղեցնել արագությունը ու գրպանից հանելով բջջայինը՝ նայեց էկրանին: Հայրն էր:
— Արեն, զգու՜յշ:
Արենը ոտքը հազիվ էր սեղմել արգելակին, երբ նրա դիմաց հայտնված կինը բախվեց մեքենայի դիմապակուն: Բոլորն ապշահար նայեցին կնոջը: Գիշեր էր, և փողոցում շատ քիչ մարդիկ էին նկատվում: Արենը փորձեց դուրս գալ մեքենայից, օգնել կնոջը, բայց ընկերներից մեկը բռնեց նրան:
— Հո հիմար չես: Պիտի փախնենք: Շո՜ւտ արա:
— Բայց էդպես չի լինի:
— Քեզ համար ի՞նչն է կարևոր՝ քո՞, թե՞ սրա կյանքը:
Արենը լուռ էր: Հեռվից նկատվում էին երկու-երեք մարդ, որոնք մոտենում էին արդեն իսկ մահացած կնոջը:
— Քշիր հենց հիմա, թե չէ թաղումդ էս կնոջ թաղումից ավելի շուտ կսկսվի,- կողքին նստած շեկ ընկերոջ աչքերը փայլում էին նոր հասունացող կոնֆլիկտից:
Արենը քարացել էր: Նա գիտեր, որ ընկերները երբեմն կարող էին քարսիրտ լինել, բայց նման չարությունը բացահայտում էր նրա համար: Արենի աչքերը թրջվեցին, բայց նա փորձեց թաքցնել դա ընկենրերից ու մեքենան պոկեց տեղից այն ժամանակ, երբ մի տղամարդ անցնում էր ճանապարհը կնոջը մոտենալու նպատակով:
— Մի զռռա, չենք մեռել,- շեկ ընկերը սկսեց բարձր ծիծաղել, ինչին հաջորդեց մնացածների ծիծաղը ևս:- Լավ էր, որ գոնե մեքենայի համարները դեռ չես տեղադրել:
— Թե չէ՝ нам хона,- ետնատեղում նստած ընկերոջ արտահայտությունը ստիպեց Արենին դուրս քշել նրանց մեքենայից: Բայց ընկերներին դա չտխրեցրեց, նրանք ավելի բարձր սկսեցին ծիծաղել, հետո ընկերներից մեկը մեքենայի հետևից բղավեց.
— Տես՝ չխորտակվես ողբիդ մեջ:
Ավտովթարից րոպեներ առաջ.
— Լիլիա, մոմերի կարիք չունենք: Կարծում եմ՝ տան մոմերը բավական են, որ սեղանը զարդարեն:
— Չես պատկերացնի՝ ինչ սիրուն ոսկեգույն մոմեր էին: Շատ եմ ուզում վերցնել դրանք:
— Որտե՞ղ ես տեսել,- տղամարդը թույլ ժպտաց՝ հասկանալով կնոջ մեջ չխամրող մանկականությունը:
— Կողքի շենքում բնակվող խանութից: Ես շուտ կգամ: Դու վերցրու այստեղից՝ ինչ մեզ պետք է:
— Ես ավելի լավ է դրսում ծխեմ:
— Դու գիտես:
Նրանք դուրս եկան խանութից: Ու կինը մանր քայլերով շտապեց ոսկեգույն մոմերի ետևից՝ մտքում կրկնելով. «Միայն թե վաճառած չլինեն»: Տղամարդը վառեց ծխախոտն ու հայացքով ուղեկցեց կնոջն այնքան ժամանակ, մինչև կինը կորավ տեսադաշտից: Րոպեներ անց, երբ տղամարդը հանգցրեց ծխախոտն ու մարմնում դող զգալով որոշեց մտնել խանութ, բղավոցներ լսեց: Փողոցում իրարանցում չկար, մարդիկ գրեթե չէին նկատվում, այդ պատճառով բղավոցները շատ պարզ էին լսվում: Տղամարդը վազեց այնտեղ, որտեղից լսվում էին բղավոցները ու հանկարծ նկատեց գետնին ընկած կնոջ: Արյունոտ ձյունը հեռվից աչք էր ծակում: Տղամարդը մոտեցավ, իսկ կնոջ մեռած բաց աչքերը դիմավորեցին նրան:
Երկխոսություն փակ ավարտով
— Երդվում եմ, ես ուզում էի դուրս գալ ու կնոջդ հիվանդանոց տանել: Ես մտադրություն չունեի փախչելու:
— Իզուր չէ, որ անունդ Արեն է: Նման է դիցաբանական հերոսներից՝ Արեսի անվանը: Գիտե՞ս դա ով է:
— Հերիք է ինձ հետ հանելուկներով խոսես,- Արենը այնպես բղավեց, որ տղամարդը սկսեց նյարդային շարժումներ անել, բայց հետո հավաքեց իրեն ու հանգիստ տոնով շարունակեց:
— Արեսը Զևսի և Հերայի որդին էր, որը նրանց համար անիծված երեխա էր, քանի որ մահ ու արյուն էր բերում:
Արենը լռեց: Տղամարդը սեղանից վերցրեց ներարկիչն ու մոտեցավ նրան:
— Սրա մեջ մկնդեղի լուծույթ է: Մի վախեցիր, շատ չես տանջվի:
— Ինչպե՞ս ես իմացել, որ ղեկին ես էի:
— Դա կարևոր չէ, կարևորը արդյունքն է: Արդյունքը մահն է:
— Նրանք դավաճանել են ինձ, չէ՞: Նրանք են, չէ՞, պատմել քեզ:
— Շնորհակալ եմ, որ լսեցիր ինձ, որ կիսվեցի իմ դժբախտությամբ: Ես ավելի մեծսիրտ կգտնվեմ քո հանդեպ ու… Չեմ սպանի քեզ:
Արենը քարացավ: Տղամարդը վերնաշապիկի տակից հանեց ատրճանակն ու ասաց.
— Իմ կյանքն այլևս իմաստ չունի: Դու խլեցիր այն ինձնից, ինչպես հայրդ՝ բյուջեի գումարները, բայց ես քեզ այլ ձևով կսպանեմ:
Տղամարդը ասեղը մտցրեց Արենի պարանոցին: Արենը ցավից սկսեց բղավել:
— Ես չգիտեմ՝ ինչ կլինի քեզ հետ մկնդեղի լուծույթից հետո: Դու ևս չգիտես: Չիմացությունն էլ կսպանի քեզ: Հանկարծ նկուղի դուռը սկսեցին ուժգին բախել: Տղամարդն այլևս չսպասեց, նա ատրճանակն ուղղեց գլխին, և երբ դուռը ջարդեցին, տղամարդը կրակեց:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն